Նունէ Սարգիսեանի անգլերէն լեզուով «Կախարդական կոճակները» գրքի
շնորհահանդէսը տեղի ունեցաւ «Լինլի Լոնտոն» կենտրոնում, 10 Դեկտեմբեր
2015-ին, «Լորտ Լինլիի եւ Քորթեթ» հրատարակչատան տնօրէն Նայիմ
Աթթալանի հրաւէրով:
«Կախարդական կոճակները» մանկագիր Նունէ Սարգիսեանի անգլերէն առաջին
գիրքն է, որը հրատարակել է «Քորթեթ պուքս» հրատարակչատունը:
Շնորհահանդէսի բացումը կատարելով` ներկաներին ողջունեց Լորտ Տէյվիտ
Լինլին եւ գնահատանքի ջերմ խօսքեր հասցէագրեց Նունէ Սարգիսեանին:
Յանուն «Քորթեթ պուքս» հրատարակչատան` ելոյթ ունեցաւ Նայիմ Աթթալան,
որը բարձր գնահատեց «Կախարդական կոճակները» գրքի գրական արժէքն ու
նրա բերած նպաստը` անգլիական մանկական գրականութեան:
Խօսելով իր նորատիպ գրքի մասին` Նունէ Սարգիսեանը շեշտեց, որ իր այս եւ
նախորդ գրքերի պատմութիւններն ու հեքիաթները ձգտում են երեխաներին
սովորացնել ո՛չ միայն կեանքի բարոյական արժէքների նկատմամբ ունենալ սէր ու
յարգանք, այլ նաեւ լինել քաջ ու հնարամիտ` պաշտպանելու համար այդ
արժէքները:
Նունէ Սարգիսեանը ծնուել է Երեւանում: Բարձրագոյն ուսումը Երեւանի
պետական համալսարանի ռոմանօ-գերմանական բաժնում ստանալուց յետոյ
պաշտօնավարել է Մատերադարանում: 1991-ին Նունէ եւ Արմէն
Սարգիսեանները իրենց երկու որդիների` Վարդանի եւ Հայկի հետ բնակութիւն են
հաստատել Լոնտոնում: 1992-93 տարիներին Նունէն հետեւել է Լոնտոնի
համալսարանի Կոլտսմիթ քոլեճի արուեստաբանութեան բաժնի
դասընթացքներին եւ ստացել` մագիստրոս արուեստից (MA) գիտաստիճանը:
Նունէ Սարգիսեանը նոր չէ, որ մուտք է գործում մանկական գրականութեան
ասպարէզը: Նրա հեքիաթները սկսել են հրատարակուել խորհրդային մանկական
ամսագրերում, երբ նա դեռ նոր էր ընդունուել համալսարան:
Թէեւ «Կախարդական կոճակները» Նունէի անգլերէն առաջին գիրքն է, սակայն
հայ մանուկները մեծ հաճոյքով կարդացել են նրա 2005-2010 թ.ին
հրատարակուած գրքերը, ինչպէս` «Սադափ», «Հերոսներ», «Երեք վիշապ»,
«Վիշապ Նեսի», «Նռան հատիկները», «Թագաւորն ու վիշապը», «Քաչալ ոզնին»,
«Թէ ինչպէս փղիկը ճիշդ շնչել սովորեց», «Կափիշկա» եւ «Դաւիթ, Հայկ եւ
Բազիլիսկուս»:
Որպէս մանկագիր` Նունէ Սարգիսեանը սիրուած հեղինակ է նաեւ
Ռուսաստանում եւ Ուքրանիայում: Նրա «Հերոսներ», «Նռան հատիկները» եւ
«Թագաւորն ու վիշապը» գրքերի ռուսերէն թարգմանութիւնը մեծ հաճոյքով
կարդում են ռուս եւ ուքրանացի մանուկները:
«Կախարդական կոճակները» գիրքը առինքնող մի պատմութիւն է, գրուած`
պատմելու վարպետութեամբ, վառ երեւակայութեամբ, մանուկների
հոգեբանութեան թափանցելով` նրանց հետ մտերմիկ հաղորդակցութեան մէջ
մտնելու ունակութեամբ օժտուած, ստեղծագործ ու տաղանդաւոր մի գրողի
կողմից: Գրքի պատմութիւնը հիւսուած է խափանարարութեան ենթարկուած
կախարդների եւ վհուկների միջազգային համագումարի շուրջ… Իզզի Պըրթընը
համագումարի մասնակից կախարդների եւ վհուկների գաղտնիքները, ներառեալ
«Կախարդական կոճակները» գողանալով խուճապ է առաջացնում ամէնուր:
Գրքի հերոսուհին Փըրլ անունով մի փոքրիկ աղջիկ է: արդեօք նա կը կարողնա՞յ
գտնել գողացուած կոճակները եւ փրկել մեծ հօրն ու բազմաթիւ ուրիշների, որոնց
Իզզի Պըրթընը վարակել է «Կապոյտ հիւանդութեամբ»:
Տաղանդաւոր գրող Նունէ Սարգիսեանը գիտի ընթերցողին պահել սպասողական
լարուած վիճակում: Չափահաս մարդն անգամ գիրքի որոշ մասերը կարդում է լաւ
գրուած լրտեսական վէպի պարտադրած լարուածութեամբ:
Ինչպէս նախորդ գրքերում` այնպէս էլ «Կախարդական կոճակները»-ում,
հեղինակը, բացի իր մանուկ ընթերցողների մտքում բարութեան, արդարութեան,
ազնուութեան եւ բարեկամութեան հունտեր սերմանելուց, հարստացնում է նաեւ
նրանց գիտելիքները: Օրինակ` երբ Փըրլըիզզի Պըրթընին գտնելու նպատակով
հասնում է Փարիզի Լուվր թանգարանը, որտեղ վերջինս գնացել էր Մոնա Լիզան
գողանալու, Նունէն իր ընթերցողներին կարեւոր ծանօթութիւններէ տալիս
Լէոնարտօ Տա Վինչիի եւ Մոնա Լիզայի մասին:
Փըրլը վերջապէս գտնում է Իզզի Պըրթընին եւ համոզում նրան, որ աշխարհում
բարեկամութիւնից աւելի լաւ բան չկայ: Երբ աղջնակը Իզզի Պըրթընին
ծանօթացնում է իր բարեկամներին, նա առաջին անգամ լինելով ժպտում է,
ուրախանում եւ անդրադառնում, որ իր բոլոր չար արարքները բարեկամ
չունենալու հետեւանք են եղել: Ազդուած փոքրիկ աղջկայ վերաբերմունքից` նա
կախարդական կոճակները տալիս է Փըրլին:
Նունէ Սարգիսեանը իր հայերէն գրքերով նոր շունչ ու կենսունակութիւն բերեց
հայ մանկական գրականութեան, իսկ «Կախարդական կոճակները»-ով
յաղթական մուտք գործեց անգլիական գրականութիւնից ներս` որպէս
տաղանդաւոր մանկագիր:
Մանուկների նկատմամբ Նունէ Սարգիսեանի ունեցած անսահման սէրն ու
գուրգուրանքը գրական վրձինով վարպետօրէն գեղանկարուել են նրա բոլոր
գործերում: Նրա պատմութիւնները կարդալիս ընթերցողը երբեմն ունենում է այն
խաբկանքը, որ նա ոչ թէ գիրք է կարդում, այլ ըմբոշխնում է վարպետ նկարչի
վրձինով շնչաւորուած կախարդական գոյների հմայքը:
Իմ միակ դիտողութիւնը վերաբերւում է գրքի ձեւաւորմանը: Հրատարակիչները
կարող էին ընտրել աւելի գրաւիչ տառատեսակ եւ նկարների գոնէ մի մասը տպել
գունաւոր:
Լոնտոն, Յունուար 2016
Նունէ Սարգիսեանի հայերէն եւ ռուսերէն գրքերը գնելու համար դիմել`
www.foyles.co.uk կայքէջին, իսկ «The Magic Buttons»-ի համարը`
www.amazon.co.uk-ին: