ԴԺՈՒԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է, ԲԱՅՑ` ՅԱՂԹԱՀԱՐԵԼԻ

Ունէինք աչք… ու չուզեցինք տեսնել: Երբ տեսանք չուզեցինք հաւատալ: Մորթւում էինք, բայց չէինք ուզում սովորել ողջ մնալու ճամբան: Թող մի անգամ հայը լինէր բարբարոս ու գազան…

Շահան Նաթալի

 

Բարբարոս ու գազան չեղանք, բայց յաղթող եղանք: 1990-ականներին հոգեբանական, ներքին ու նաեւ արտաքին ճակատներում փայլուն յաղթանակներ ունեցանք: Մեզ հետ սկսեցին յարգանքով խօսել, սկսեցին մեր ու մեր կարծիքի հետ հաշուի նստել: Ի հարկէ, կորուստներ էլ ունեցանք, բայց յաղթանակը սպեղանի եղաւ, դիմացանք: Իսկ, այ, յաղթողի հոգեբանութիւնը չիւրացրինք, չմարսեցինք, այն մերը չդարձաւ: Չսովորեցինք յաղթող լինել, կարծես դա մերը չէր: Իսկապէս էլ, որ թերթատում ես մեր անցեալը, ապա որոշ լուսաւոր կէտերից բացի, վերջին երկու հազարամեակում մեզ աւելի բնորոշ է եղել պարտուելն ու կորցնելը, աղերսելն ու խղճմտանք յարուցելը: Բացի ինքներս մեզնից, աջ ու ձախ բոլորին մեղադրելը, սուգ ու շիւան կապելն ու խնդրել-աղաչելը: Այսօր փաստօրէն ամէն ինչ վերադարձել է «ի շրջանս իւր» եւ իր տեղն է ընկել:

Այս իրավիճակում մեր երկիրը առաջնահերթ ոչ թէ ժողովրդավարութեան այլ ազգային ամուր հիմքերի վրայ պիտի կայանայ, գնահատի, կարեւորի եւ պահպանի նախ եւ առաջ ազգային արժէքները: Ու թէեւ մարդիկ կեանքում ձգտում են պահպանել մարդ մնալու տեսակը, սակայն, նիւթը շեղում է նրանց եւ քչերին է այն յաջողւում: Ին՞չ ենք մենք սերմանում մեր վարքով, հայեացքով, հագուկապով, մեր խօսքով եւ, ընդհանրապէս, կեանքով: Սրա պատասխանից է կախուած այն ապագան, ինչ ունենալու ենք մենք ու մեր զաւակները, քանի որ սերմանածը (ուզենք թէ չուզենք) պտուղ է տալու առաջին հերթին մեր միջավայրում: Արդ, լինենք այնքան լաւ, որ ներենք մարդկանց, բայց չլինենք այնքան յիմար, որ նորից վստահէք նրանց: Այս առումով վտանգաւոր են այն մարդիկ, որոնք համոզուած են, թէ փողով կարելի է ամէն ինչ անել: Իսկ իրականում այդպէս չէ եւ առաւել վտանգաւոր են նրանք, որ յանուն փողի ընդունակ են ամէն ինչ անելու:

Փոխուել են ժամանակները: Սթափուել է պէտք: Այնպիսի տպաւորութիւն է, որ յատկապէս Վրաստանի ընտրութիւններից յետոյ մեր իշխանութիւնը շփոթուած է ու հոգեվարքի մէջ է: Թւում է նոյեմբերի 5-ին` ԱՄՆ ընտրութիւնների աւարտից յետոյ, մնալու են անտէր: Բայց չէ որ կեանքը շարունակւում է ու ժամանակն է վերջ տալ օտարների հետ յոյսեր կապելու եւ էլի ու էլի կորցնելու պրակտիկային: Չէ որ էլ կորցնելու բան էլ չի մնացել: Օրինակ` ես էլ չեմ ուզում, որ Հայաստանում հզօրութիւնը լինի սոսկ երգի ու տաղերի տեսքով: Չեմ ուզում միայն երգերում «Մըր էրգի» գնանք, իսկ իրականում` երկրից գնանք: Չեմ ուզում այս վիճակը, երբ որքան շատ ենք մօտենում պայծառ ապագային, այդքան սարսափելի է դառնում արխիւներ բացելն ու իսկութիւնն իմանալը: Յետոյ էլ ինձ համար անհասկանալի է մեր իշխանութիւնների նոր ռազմավարութիւնը. չեմ հասկանում, ինչպէ՞ս է հնարաւոր լինել Երկիր առանց յիշողութեան: Չէ որ երկար տարիների ընթացքում Հայաստանը որպէս պետութիւն ու ազգ յայտնի է յիշողութեան ու ինքնութեան պահպանման համար բազմադարեայ պայքարի վրայ հիմնուած մշակութային արժէքների նուիրուածութեամբ: Սակայն, իշխանութիւնների, յատկապէս վարչապետի ու արտաքին գործերի նախարարի յայտարարութիւններն ու որոշումները ազդարարում են ազգային քաղաքականութեան բացայայտ փոփոխութիւններ, ինչը անհանգստութիւն է առաջացնում ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ դրա սահմաններից դուրս:

Խօսքերն այն մասին, որ հայկական ալկոհոլային արտադրանքը չի կարելի կոնեակ անուանել, քանի որ դա «Ֆրանսիայի ոչ նիւթական արժէքն է», իրենից ներկայացնում է բազմամեայ բրենդից հրաժարուելու քայլ, որը տասնամեակներ շարունակ միջազգային ասպարէզում նոյնացւում է Հայաստանի հետ: Իր որակով յայտնի հայկական կոնեակը դարձել է այն քիչ մշակութային ապրանքներից մէկը, որ յայտնի է ամբողջ աշխարհում եւ խորհրդանշում է Հայաստանը: Այն ՙբրենդի՚ անուանելու պահանջը փաստացի հայկական գինեգործութիւնը զրկում է յատուկ մշակութային արժէքից ու իւրօրինակութիւնից դարձնելով խմիչքը միայն արտահանման ապրանք առանց խորհրդանշական ու պատմական կապի: Ընդ որում, մնացած երկրները, չեն անհանգստանում, որ կարող են վիրաւորել ֆրանսիացիների զգացմունքները: Ատրպէյճանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը եւ շատ այլ երկրներ բաւականին յաջող շարունակում են հէնց կոնեակ արտադրել, այլ ոչ թէ բրենդի: Կոնեակն արդէն վաղուց դարձել է խմիչքի տեսակն անուանող հասարակ անուն: Ինչպէս դա տեղի է ունեցել «քսերոքսի» հետ, այդպէս են այժմ անուանում ցանկացած պատճէնահանող սարք կամ «ջիպի» հետ’ բոլոր ամենագնացների համար: Հետեւաբար իսկապէս հարկաւոր չէ Հռոմի պապից աւելի կաթոլիկ լինելու այս ձգտումը: Իսկ Արտաքին գործերի նախարարութեան վերջերս կատարած յայտարարութիւնն այն մասին, որ «հայերի ցեղասպանութեան ճանաչման հարցն առաջնահերթ չէ» արտաքին քաղաքականութեան մէջ, ազդարարում է առաջնահերթութիւնների էլ աւելի խորը վերագնահատում: Թուրքամէտ շրջանակների յայտարարութիւններին համահունչ այդ հռետորաբանութիւնը հարցեր է առաջացնում Հայաստանի արտաքին քաղաքականութեան հետագայ ուղղութեան վերաբերեալ: Յատկապէս, որ արտգործնախարարը պնդում է, թէ «պատմիչները պէտք է զբաղուեն պատմութեան ողբերգական էջերով»` քաղաքական գործիչների վրայից հանելով այդ յանցագործութեան միջազգային ճանաչման պատասխանատուութիւնը: Այդպիսի մօտեցումը նոր չէ եւ դէմ է ոչ միայն երկրի հին դիրքորոշմանը, այլ նաեւ խարխլում է պատմական արդարութեան համար պայքարի եւ ինքնութեան հիմքերը: Նման դէպքերի համար է ասուած` դու մերժել ես արեգակի կենարար լոյսը եւ ապաւինել մոմի ճրագին, ապա ինչու՞ ես բողոքում խաւարից:

Ինքնագովութիւն չլինի, սակայն այս ամէնի յետնախորքի վրայ ես աւելի շատ եմ սիրում իմ տեսակը, քանզի այն չի վաճառւում ոչ փողով եւ ոչ էլ մարդկային կեղծ վերաբերմունքով: Իսկ եթէ մի փոքր աւելի շրջահայեաց լինենք, ապա կը տեսնենք, որ` եթէ Ռուսաստանում ապրես ու ռուսին դաւաճանես` դիակդ չեն գտնի: Իրանում ապրես ու իրանցուն դաւաճանես` հրապարակօրէն կը կախեն: Չինաստանում ապրես ու չինացուն մի փոքր վատութիւն անես` գերդաստանով կը կորցնեն: Հայաստանում ապրես ու հային դաւաճանես` պաշտօն ու աթոռ կը ստանաս: Յիրաւի ցաւալի է, բայց տեսանելի իրողութիւն:

Համբերութիւնը հիանալի զգացում է, բայց կեանքը չափազանց կարճ է անընդհատ դիմանալու համար: Իսկ մեր ժողովուրդն այնպէս է յարմարուել ստին եւ կեղծիքին ու համբերում է, որ ճշմարտութիւնն ու անկեղծութիւնն այլեւս խորթ է թւում իրեն: Խորթ, որովհետեւ օրակարգից  լաւ կրթութիւնն ու կիրթ մարդու պահանջարկը դուրս է մղուել, կարծես աւելորդ դարձել: Շատ կայացած, մեծ հեղինակութիւն վայելող մարդիկ Հայաստանում, երբ լսում են, որ, օրինակ, մեր ընթերցանութեան մակարդակը ցածր է, բացի մի քանիսից մնացած գրադարանները մեռել են կամ դպրոցների հետազօտութիւնները վատ թուեր են ցոյց տալիս, ապա հաւանաբար արժանապատուութիւնից ելնելով սկսում են փնտռել որեւէ երկիր, որտեղ աւելի վատ պատկեր է եւ դրանով ու իրենց հեղինակութեամբ թոյլ չեն տալիս, որ ախտորոշուի հանրային հիւանդութիւնը եւ փորձ արուի բուժել այն: Դրանով հանրային փոքր բշտիկը դառնում է ուռուցք, ուռուցքը` քաղցկեղ: Մօտաւորապէս սա այն բժիշկներին է նման, որ հարազատներին ասում են քաղցկեղ է, հանգստացնում են հիւանդին, որ լաւ կը լինի եւ ուղարկում են տուն մեռնելու: Ի հարկէ, ոչ ոք չի բացառում պլացեբոյի էֆեկտը (առանց ակնյայտ բուժիչ յատկութիւնների նիւթ, որն օգտագործւում է որպէս բուժիչ միջոց, որի բուժական ազդեցութիւնը կապուած է հէնց հիւանդի դեղի ազդեցութեանը հաւատալու ներշնչանքի հետ), բայց չէ՞ որ մեր օրերում բազմաթիւ նոր տեխնոլոգիաներ եւ նոր մեթոդներ են ստեղծւում, որոնք երկարացնում են կեանքը եւ նոյնիսկ` լիովին բուժում: Հանրային հիւանդութիւնները նոյնպէս բուժւում են, միայն թէ ժամանակին ախտորոշուեն: Ու որքան շուտ կ’ախտորոշուեն, այնքան բուժումը գնի եւ ժամանակի տեսանկիւնից, էժան կը լինի: Ամենակարեւորը` շուտ ախտորոշուածը կը բուժուի, ուշը` քիչ հաւանական է:

Ուզում եմ մէկ անգամ էլ յիշեցնել, որ հայ ժողովուրդը աշխարհի այն բացառիկ ժողովուրդն է, որը կարող է խօսել աստուածաշնչեան Արարատի ու իր անցեալի նոյնութեան մասին: Եւ այստեղ պատմականութիւնը որեւէ կապ չունի երեւոյթի հետ, խօսքը գաղափարական ոլորտի մասին է: Ու հիմա պատրաստւում են սա փոխել, ընդ որում ակնյայտօրէն թշնամական ճնշման արդիւնքում, իսկ դա էլ արդարացնում են նրանով, թէ, տեսէք-տեսէք, Հայաստանը ջրի տակ է: Ես ուղղակի մէկ բան կ’ասեմ, ընդամէնը մէկ բան.

– Եթէ հայերի մեծամասնութիւնը բնական կը համարի, որ իր պատմութեան հետ անխզելիօրէն կապուած Նոյի, ջրհեղեղի ու Արարատ լերան յիշատակումը վերանայ մեր զինանշանից, ուրեմն հայերն իրօք արժանի չեն այդ զինանշանին` իր Նոյով, ջրհեղեղով ու Արարատ լեռով: Ես արժանի եմ, որովհետեւ դրան դէմ եմ, բայց, եթէ մեծամասնութիւնը կողմ է, ուրեմն, ցաւօք, հայերի մեծամասնութիւնը, իսկ արդիւնքում էլ հայերն ընդհանրապէս արժանի չեն դրան, այդ թւում նաեւ ես: Ակամայ մտածում ես, որ մեր ժողովուրդը ծերացել է, իսկ երբ ծերանում են` խեղճանում են, ամէն տարի ներքուստ փոխւում, ամէն ինչից յոգնում են: Փոքրիկ բանից բռնկւում են, երբեմն անպատճառ նեղանում են: Յաճախ մտածում են. էս ոնց ժամանակը թռաւ, երիտասարդութիւնն աննկատ անցաւ, ամբողջ ուժերը կեանքը տարաւ ու էլ երբեք ոչինչ ետ չի գալու, այլ բոլորը հերթով գնալու են հեռու-հեռու…

Իսկ ես` անուղղելի լաւատեսս, համոզուած եմ, որ չգիտեմ երբ, չգիտեմ ինչպէս, բայց Հայաստանը փիւնիկի նման յառնելու է, իսկ հայութիւնը` համախմբուելու է եւ իր անթարթ հայեացքը մշտապէս յառելու է իր խարիսխ-Հայաստանին` մշտապէս փայփայելով վերադառնալու նուիրական բաղձանքը:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

3.11.2024

«Պայքար» շաբաթաթերթ