Այն ինչ խելքով, հոգով ու սիրոյ լոյսով է արարւում եւ սրտի միջից լոյս աշխարհ գալիս, դա արարչային սիրոյ, մե’ծ շնորհ է:
Ուղիղ 25 տարի առաջ այս օրը` Հոկտեմբերի 27-ին, օրը ցերեկով, աշխարհի աչքի առաջ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանում մի քանի ստահակներ գնդակահարեցին Հայաստանի ազգային հերոսներ սպարապետ Վազգէն Սարգսեանին, Կարէն Դէմիրճեանին եւ եւս հինգ պատգամաւորների: Մինչ այդ չեղած ու չտեսնուած մի արարք էր դա, որ նոյնիսկ աֆրիկեան ամենայետամնաց երկրներում, որտեղ զինուած յեղաշրջումները յաճախակի են լինում, չէր եղել: Չէր էլ կարող, քանզի ամէնուր եւ ամէն ինչում հայերն առաջինը պիտի լինեն:
Այդ օրուանից էլ փաստօրէն սկսուեց Հայաստանի անկումը, որը շարունակւում է եւ դեռ յայտնի էլ չի որքան կը շարունակուի: Յստակ է, որ դա այսօրեայ վտանգալեցուն իրավիճակի առաջին փուլն էր, որը մեր կայուն ու անսասան, անկախութեան պայքարում եւ Արցախեան պատերազմում թրծուած կամքի առկայութեան պայմաններում թշնամիների համար չստացուեց: Երկրորդ փուլը տեղի ունեցաւ 2008թ. Մարտի 1-ին: Սակայն այդ անգամ էլ կամքի ուժն ու սթափ մտածողութիւնը յաղթեցին: Բայց գիտէ՞ք ինչու տեղի ունեցան
«Մարտի 1», « ՊՊԾ գունդ» եւ Նոյեմբերի »-ը, որովհետեւ, «Հոկտեմբերի 27»-ը չպատժուեց: Աշխարհի հզօրները կատաղեցին այդ անյաջող փորձերից եւ ձեռնարկեցին երրորդ` վճռական փուլը` Արցախեան 2018-ի պատերազմը: Որը ոչ միայն մեզանից խլեց մի ողջ սերունդ, այլեւ ի դժբախտութիւն հայ ժողովրդի, թուլակամ, փառամոլ ու ծախուած տականքների անհասկանալի ու չգիտես ակամայ թէ դիտմամբ կատարուած մէկը միւսին գերազանցող անբացատրելի արարքների միջոցով երկրի մի մեծ հատուած ընծայուեց թրքաթուրանահպատակ անգլոհրէասաքսերին: Իսկ այսօր ամէնուր հեքիաթնե՜ր են հնչում: Հեքիաթնե՜ր, անվերջ հեքիաթներ ու արդարացումներ, որոնք նոյնիսկ տարրական գիտելիքներ եւ հայրենասիրութիւն ունեցող մարդկանց մօտ անգամ զրոյի արժէք չունեն, որովհետեւ դրանք անհիմն են, չպատճառաբանուած, խիստ կամայական եւ ըստ էութեան որեւէ քննութիւն չեն բռնում ոչ մի մակարդակում:
Բոլոր դէպքերում մեզ յուսադրում է, պատմութիւնն էլ ուսուցանում է, որ հայ ժողովուրդը փիւնիկի նման յառնելու է դեռ, որ Հայոց լեռներում «Հարսանիք լեռներում-երկուս» է լինելու, որ հայը չի’ կարող, իրաւունք չունի’ ընդմիշտ կորցնելու հայկական Արցախն ու իր արժանապատուութիւնը, որ ոչինչ յաւերժ է: Հետեւաբար պահպանենք մեր երկիրը, կայունացնենք եւ ուժեղացնենք, որպէս պետութիւն, սիրենք, նուիրուենք նրան…
Յայտնի խօսք է` ծնողներին եւ հարեւաններին չեն ընտրում: Իսկ մեր ամենամօտ ու պոտենցիալ դաշնակից հարեւան Վրաստանն ալեկոծւում է այսօր: Եղելութիւնն այն է, որ Արեւմուտքի կողմից տարիներ առաջ այնտեղ իշխանութեան բերուած դրածոն` Միխէիլ Սահակաշվիլին փորձեց Վրաստանը դուրս բերել Ռուսական ազդեցութիւնից եւ առաջնորդել Արեւմուտք: 2008 թ. նոյնիսկ ռուս-վրացական պատերազմ տեղի ունեցաւ, որի արդիւնքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարաւային Օսէթիան: Այդ ընթացքում Արեւմուտքի հետ յարաբերութիւններն այնքան ջերմացան, որ նախատեսւում էր Վրաստանին ընդունել եւրոընտանիք եւ նոյնիսկ` ՆԱԹՕ: Սակայն տարիներ յետոյ, յատկապէս ռուս-ուքրանական պատերազմի ընթացքում, վրաց ժողովուրդը հասկացաւ, որ եթէ շարունակի այդ ընթացքը, ապա պետականութիւնը կը կորցնի: Իշխանութեան եկած «Վրացական երազանք» կուսակցութիւնը միլիառատէր Բիձինա Իւանաշվիլիի գլխաւորութեամբ, ճիշդ ըմբռնելով ստեղծուած կացութիւնը, շրջադարձ կատարեց դէպի պետականութեան պահպանման ուղի: Այսօր խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում, որոնք քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում գերակշռող կարծիքների համաձայն որոշիչ նշանակութիւն ունեն Հարաւային Կովկասում Ռուսաստան-ԱՄՆ/ԵՄ աշխարհաքաղաքական մրցակցութեան եւ ազդեցութեան գօտիների տիրապետման առումով, վրացի ժողովուրդն ապացուցեց, որ, եթէ պայքարես, ապա նոյնիսկ «արտաքին մեծ ուժերին» կարող ես պարտութեան մատնել: Կարճ ասած, կեցցէ՛ վրացական իրատես իշխանութիւնը եւ նրա ժողովուրդը, որը մերժեց Արեւմուտքի ժողովրդավարութեան քօղի ներքոյ արուած թելադրանքները եւ ցոյց տուեց, որ անկախ պետութիւն է եւ իր ճակատագրի տէրը: Այլ կերպ ասած` թասիբը, ազգայինը, աւանդականը յաղթեց Վրաստանում:
Կարծում եմ, որ ռուսակենտրոնութիւնը, որը վերագրւում է Վրաստանի ազգային ուժերին, այդ խնդիրը չունեն: Նրանք ուղղակի վրացակենտրոն են, ճիշդ են գնահատում հեռանկարը որ Վրաստանում արեւմուտքի դրածոյ նախագահը կը փորձի «Մարտի 1-ի» սցենար գործարկել: Բայց յոյս ունեմ, որ մեր հարեւաններն աւելի խելամիտ կը լինեն ու չեն տրուի սադրանքին: Իսկապէս, այնպիսի իրավիճակ է ստեղծուել, որ եթէ Վրաստանում ընդդիմութիւնը յաղթէր` ընդհարում կը լինէր: Իշխանութիւնն է յաղթել, վայ թէ էլի ընդհարում լինի: Ճիշդ է, վրաց էլիտան խելացի է, բայց ամբոխն էլ շա՜տ է: Այնպէս որ, «Վրացական Երազանք» կուսակցութեանը շատ ծանր մենամարտ է սպասւում: Երկրում գործող հազարաւոր հասարակական կազմակերպութիւնները, որոնք ֆինանսաւորւում են արեւմտեան դրամաշնորհներով, բաւականին մեծաքանակ ընտրազանգուած ունեն: Իսկ արեւմտամէտ հատուածն անձամբ գլխաւորող նախագահ Սալոմէ Զուրաբիշվիլին, գործի կը դնի իր ձեռքում գտնուող բոլոր հնարաւոր լծակները:
Հնարաւոր է, որ արեւմտամէտ բեւեռի պարտութիւնը Վրաստանին տանի ռուսական ազդեցութեան գօտի, բայց դա այնքան էլ միանշանակ չի: Ուղղակի աւելի շուտ վրացիները խելացի են, ճիշդ պահին ճիշդ հաշուարկներ են կատարում եւ սիրաշահելով` օգուտներ են ապահովում բոլոր կողմերից: Իսկ Ատրպէյճանն արդէն Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցման քայլերով գնում է դէպի ռուսակենտրոն եւրասիական կառոյցներ: Կարծում եմ, որ նման քաղաքական դասաւորումների պայմաններում Հայաստանը նոյնպէս պէտք է յստակեցնի իր արտաքին քաղաքական դիրքորոշումները: Ուզում եմ դիմել մեր իշխանութիւններին ու ասել, որ դասեր քաղեն պատմութիւնից եւ օրինակ վերցնեն վրացիներից: Աւելի հաշուենկատ լինեն, տէր դառնան իրենց արժանապատուութեանը եւ իրենք տնօրինեն իրենց ապագան, որ յետոյ ուշ չլինի: Ակնյայտ է, որ Վրաստանում յաղթեցին տղամարդ տղաները, եկեղեցին եւ ընտանեկան սրբութիւնները: Տարոսը Հայաստանին. չէ որ մեզ համար էլ է ընտանիքը սուրբ: Եւ ինչպէս նշանաւոր գրող-թատերագիր Պերճ Զեյթունցեանն էր յուշում.«եթէ ուզում ես վրէժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենայ հեռանալ»: Թէ չէ կրակոտ ճառերով հայրենիք չես կը շէնացնի եւ ոչ էլ կը կարողանաս պահպանել:
Այս ակնյայտ իրողութիւնների համատեքստում ուղղակի զարմանում ես, թէ ինչպէս են ոմանք առանց խորամուխ լինելու հարցի էութեան մէջ, հրճւում, աւելորդ թշնամանքի տեղիք տալիս, երբ որեւէ հակառուսական արտայայտութիւն են լսում: Այս առիթով մի հարց պարզաբանեմ: Ռուսաստանի Դաշնութեան (ՌԴ) ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն օրերս յայտարարեց, որ «եթէ արեւմտեան երկրները սկսեն օգտագործել ՌԴ սառեցուած գումարները, ապա մենք նոյնը կ’անենք: Մենք էլ ունենք ոչ բարեկամ պետութիւնների սառեցուած գումարներ, որոնք պահում ենք մեր հաշիւներում եւ կ’օգտագործենք այդ ակտիւների շահոյթները»: Գուցէ բոլոր երկրների արեւմտականները կարծում են, թէ Ռուսաստանը սգում է իրենից վերցուած գումարների համար, բայց պիտի նկատենք, որ ընդհակառակը, դա Վլատիմիր Փութինի երազանքն է: Ինչո՞ւ: Քանի որ, ինչպէս լուսաբանեց բանկային գործի լաւագոյն մասնագէտ բարեկամս, կայ մի պարզ հաշուարկ. Արեւմուտքը սառեցրել է մօտ 300 միլիառ գումար, հիմնականում դա Ռուսաստանի Կեդրոնական պանքի ռեզերվներն են, մի 5-6 պետական միլիառ էլ մնացել է ամերիկեան ֆետերալ արժէթղթերում: Գարնանը Փութինի հրամանագրով սառեցուեց 217 միլիառ տոլար, որը գեներացուել էր Ռուսաստանում գործող ոչ բարեկամ երկրների ընկերութիւնների կողմից, իսկ այդ ընկերութիւնների շուկայական արժէքը, գերազանցում է երկու տրիլիոնը: Ստացւում է, որ եթէ Արեւմուտքը Ռուսաստանից 300 միլիառ խլի, ապա կը կորցնի երկու տրիլիոնից մեծ գումար: Յետոյ նաեւ այդ ընկերութիւնների սեփականատէրերին արեւմտեան կառավարութիւնները պատասխան են տալու, թէ ինչու նրանք զրկուեցին իրենց հսկայածաւալ ակտիւներից: Յաւելեմ նաեւ, որ Ռուսաստանի արտաքին պարտքը կազմում է մօտ 300 միլիառ, որը, բնականաբար, նա այդ դէպքում չի վերադարձնի: Հասարակ հաշուարկ է. հիմա, ո՞վ է աւելի շատ տուժում արեւմտեան սանկցիաներից: Ակնյայտ է, որ Փութինն Արեւմուտքից այսօրուայ դրութեամբ խլում է առնուազն 10 անգամ աւելի գումար: Էլ չխօսեմ Ռուսաստանի տնտեսութեան փլուզման մասին, որի վրայ այդքան յոյս էին դրել Արեւմուտքում, բայց որն այդպէս էլ երազանք մնաց: Աւելին, այս ընթացքում, ինչպէս տեղեկանում ենք ԱՄՆ Կեդրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) կայքից, Ռուսաստանի տնտեսութիւնն աշխարհում վեցերորդից դարձաւ չորրորդը, երկու տարում` առաջ անցնելով Ճապոնիայից ու Գերմանիայից: Նոյն ԿՀՎ կայքն ասում է, որ 2023-ին Ռուսաստանի տնտեսութիւնը գրանցել է 3.6 տոկոս աճ, այնինչ արեւմտեան հզօրները գրեթէ զրոյական աճ են գրանցել: Կարճ ասած, Արեւմուտքն իր ձեռքով Փութինին 2 տրիլիոնից աւելի գումար է նուիրում` խլելով նրանից ինչ-որ 300 միլիառ: Կարծում եմ, նա չի հրաժարուի նման նուէրից: Պակաս կարեւոր չի նաեւ այն, որ արեւմուտքում դժգոհութեան ալիքներ կը բարձրանան իրենց կառավարութիւնների դէմ եւ այդ ալիքը դժուար կը լինի կանգնեցնել:
Իւրաքանչիւր քաղաքակրթութիւն ձեւաւորուել է իր գոյութիւնը արդարացնող աշխարհաճանաչումով: Եւ ամէն մի աշխարհաճանաչում ստիպուած է սահմանել ճշմարտութեան եւ բացարձակ ճշմարտութեան` ճշդի նկատմամբ իր տեսակէտը: Իսկ ի վերուստ մեզ տրուած կեանքն այնքան էլ կարճ չէ: Այդ մենք ենք այն կրճատում` յաճախակի անիմաստ բաների վրայ վատնելով: Իսկապէս, Ճշմարիտ խօսքն էլ դեղի նման դառն է, բայց բուժիչ է, հետեւապէս ճիշդ եւ ճիշդ ժամանակն է միմեանց ունկնդիր լինելու, իրար կարծիք հաշուի առնելու, աշխարհն աւելի ընդհանրական ու բովանդակալից ընկալելու եւ ճիշդ եզրակացութիւններ կատարելու: Քանի որ փակուղում յայտնուելու համար ընտրած արահետը մեղք չունի, քանի որ էլ չեմ ուզում, որ երգում` ծովից ծով, քարտէզին մի բուռ իմ երկիրը շարունակ տանջուի լոկ սուտ յոյսերով, որ մենք տալիս ենք միայն երգելով: Այլ միակամուի, բռունցք դառնայ, արժանապատիւ ու համաքայլ ընթանայ ազգերի մեծ ընտանիքում:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան, 27.10.2024
«Պայքար» շաբաթաթերթ