Թրամփի նշանակումների հնարաւոր ազդեցութիւնները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան վրայ

Չնայած Թրամփն իր պաշտօնավարութիւնը որպէս նորընտիր նախագահի ստանձնելու է միայն յաջորդ տարուայ Յունուարի 20-ից սկսած, իր կատարած նշանակումներն արդէն իսկ բաւական արժէքաւոր նիւթ են տալիս հասկանալու, թէ ինչ ուղղութեամբ է գծագրուելու եւ հետագայում զարգանալու Մ. Նահանգների արտաքին քաքաղաքականութիւնը: Մինչ նա դեռ հնաւորութիւն կունենայ պարզաբանելու իր դիրքորոշումը ինչպէս լրագրողների հետ հարցազրոյցների, այնպէս էլ իր հանդիսաւոր երդմնառութեան ընթացքում, նախնական տեղեկութիւնները թոյլ են տալիս մեզ գաղափար կազմելու, թէ ինչ մօտեցում է նա դրսեւորելու համաշխարհային մասշտապի խնդիրներին:

Իրականում Թրամփի նոր վարչակազմը շատ արագ է ձեւաւորւում: Արդէն իսկ նշանակուած են արտաքին քաղաքականութեան գլխաւոր պաշտօններն զբաղեցնողները: Տարբեր պաշտօններում առաջադրուած անձնաւորութիւններն ու նրանց անցեալի արտայայտութիւնները միջազգային այս կամ այն խնդրի վերաբերեալ, թոյլ են տալիս մեզ յստակ պատկերացնել, թէ ինչ հնարաւոր առաջնահերթութիւններ է որդեգրելու նոր կապինէտը:

Սկսենք գլխաւոր դիւանագէտից, որ յաջորդ տարի կը փոխարինի ներկայիս պետքարտուղար Պլինքէնին: Այդ պաշտօնում նշանակուած է Մարքօ Ռուբիոն, որ յայտնի է իր հակաչինական տրամադրուածութեամբ, Իսրայէլի նկատմամբ աներկբայ պաշտպանութեամբ ու հաւատարմութեամբ եւ հայկական համայնքի հետ սերտ յարաբերութեամբ: Ըստ իր Twitter-եան գրառումների, նա հետեւողականօրէն կոշտ քաղաքականութիւն է վարել Թուրքիայի եւ Ատրպէյճանի նկատմամբ: Մինչ այս հանգամանքը գուցէ ուղղակիօրէն էական ազդեցութիւն չունենայ հայկական համայնքի կամ նրա կազմակերպութիւնների վրայ, այդուհանդերձ Չինաստանի, Իրանի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի որոշ երկրների հանդէպ նրա կոշտ դիրքորոոշումը կարող է ձեւաւորել ամբողջ վարչակազմի ընդհանուր մօտեցումները:

Փիթ Հեկսէթը առաջադրուած է ստանձնելու պաշտպանութեան քարտուղարի փորթֆէլը: Նա յայտնի է Իրանի եւ Չինաստանի նկատմամբ իր կոշտ եւ անսասան դիրքորոշմամբ, ինչպէս նաեւ միջինարեւելեան հակամարտութեան հարցում իսրայէլամէտ քաղաքականութեամբ: Նա յաճախ է զգուշացրել, որ Չինաստանի ռազմական առաջխաղացումերը կարող են լուրջ մարտահրաուէր լինել ամերիկեան գերիշխանութեան հաստատման համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Հեկսէթը նշել է. «Չեմ ցանկանում, որ Ամերիկան այն աստիճան ներգրաւուած լինի Եւրոպայում, որ Ռուսաստանին մղի միջուկային զէնք օգտագործելու անհրաժեշտութեանը»: Նա ժամանակին քննադատել է Մ. Նահանգների շռայլ ծախսերը Աֆղանստանում եւ Իրաքում եւ զգուշացրել, որ նման շռայլումներ չը կատարուեն Ուքրաինայի հարցում:

Կոնգրէսական Մայք Ուոլցը նշանակուել է Ազգային Անվտանգութեան խորհրդական: Այս անձնաւորութիւնը եւս վճռական է տրամադրուած Չինաստանի նկատմամբ, մինչդեռ Ջոն Ռադկլիֆը, որն ստաձնելու է ԿՀՎ-ի պետի պաշտօնը, առաջնահերթ է համարում Չինաստանին հակադարձելը, որպէս արտաքին քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւն:

Ամերիկեան քաղաքականութեան մէջ ակնյայտ հայամէտ դիրքորոշում ունեցող Տուլսի Բաբբարդը, որն Արցախ է այցելել 2017-ին եւ նուիրատուութիւն է կատարել Համահայկական հիմնադրամին, առաջադրուել է ղեկավարելու Ազգային Հետախուզական Ծառայութիւնը (NIS): Այդ պաշտօնում նա վերահսկելու է 18 հետախուզական գործակալութիւններ եւ ծառայելու է նախագահին որպէս հետախուզութեան գծով նրա առաջին խորհրդականը:

Մէկ ուրիշ ակնյայտօրէն հայամէտ անձնաւորութիւն՝ Ռոբերտ Քենետին էլ հաւանաբար կը գլխաւորի Առողջապահութեան եւ հումանիտար ծառայութիւնների դեպարտամենտը:

Յիշատակուած նշանակումները նոր հնարաւորութիւններ են բացում Ամերիկայի հայկական համայնքների եւ կազմակերպութիւնների առաջ, որպէսզի նրանք ակտիւ կերպով համագործակցեն Թրամփի հանրապետական վարչակազմի հետ. մի բան, որ նրանք փորձում էին իրականացնել նրա նախորդ պաշտօնավարութեան ժամանակ:

Չնայած այդ վարչակազմի որոշ անձնաւորութիւններ, ինչպիսիք են Վիվէք Ռամասուամին, ուղղակիօրէն առնչութիւն չունեն արտաքին քաղաքականութեան հետ, նրանց պաշտպանութիւնը, այնուամենայնիւ, կարող է նշանակալիօրէն նպաստել առաջ տանելու հայկական որոշ հարցերի լուծումը:

Գալով Հայաստանին եւ նրա անվտանգութեան հետ կապուած խնդիրներին, անհրաժեշտ է հաշուի առնել մի քանի քրիթիկական գործօններ եւ սցենարներ: Եթէ Թրամփին չյաջողուի վերջ դնել Ուքրաինայի պատերազմին եւ Մ. Նահանգներ-Ռուսաստան յարաբերութիւնները է՛լ աւելի վատթարանան, ու միաժամանակ ճնշումներն Իրանի դէմ սաստկանան, կամ որ աւելի վատ է, Ամերիկան ուղիղ ռազմական գործողութիւններ ծաւալի նրա դէմ, ապա հետեւանքները խիստ աղէտալի են լինելու Հայաստանի համար: Հայաստանի շահերը պահանջում են աւելի սերտացում Մ. Նահանգներ-Ռուսաստան յարաբերութիւններում եւ առաւել թուլացում, ինչպէս Օպամայի նախագահութեան ժամանակ, Մ. Նահանգներ-Իրան լարուածութեան:

Հաշուի առնելով Թրամփի թիմակիցների քաղաքական հայացքներն ու նրանց գործողութիւնները, մեծ է հաւանականութիւնը, որ Իսրայէլին թիկունք կանգնելն ու Իրանի դէմ կոշտ քաղաքականութիւն վարելը կը լինեն առաջնահերթութիւններ: Իսկ Չինաստանի հարցում կարծեմ արդէն «կոնսենսուս» գոյացել է թիմի ներսում որդեգրելու կոշտ դիրքորոշում:

Համենայնդէպս, Թրամփի նախագահութեան ընթացքում ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների հնարաւոր բարելաւումը կարող է «նոր հեռանկարների պատուհան» բաց անել Հայաստանի առաջ: Մնում է պարզել, թե Թրամփն իրօ՞ք հանդէս է գալու որպէս խաղաղարար եւ գործարար, ինչպէս խոստացել է ընտրարշաւի ժամանակ, թէ՞ առաւել հակուած է լինելու Իսրայէլին անսակարկ թիկունք կանգնելու գաղափարն իրականացնելու իր նախկին խոստումներին:

 

ՍՈՒՐէՆ Ա. ՍԱՐԳՍեԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականութեան փորձագէտ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՅԱԿՈԲ ԾՈՒԼԻԿԵԱՆԸ

 

(The Armenian Mirror-Spectator)