Լոյս է տեսել Գարեգին Ա. Հայրապետի «Կարմիր Գիրքը»

ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ

«Մեծ հայ էր վեհափառը, մեծ մարդ էր վեհափառը, ով հսկայական հետք թողեց», այս խօսքերով բնութագրեց երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսին նախագահ Արմէն Սարգսեանը` վեհափառի վախճանման 20-րդ տարելիցին իր սրտաբուխ ելոյթում:

Այո՛, մեծութիւն էր Գարեգին կաթողիկոսը, իր արտասովոր նկարագրով` բոլորից զանազանուող. ունէր առ Աստուած, առ հայութիւն եւ առ մարդկութիւն անմնացորդ ինքնանուիրում, մտաւոր հսկայ ներուժ, վեհ առաքինութիւն, անսպառ եռանդ, հռետորի բացառիկ կարողութիւն, մտաւորականի աննախադէպ կերպար ու նաեւ` յատուկ նախասիրութիւններ:

Դեռեւս վարդապետական տարիներից վեհափառը սովորութիւն ունէր գրառել յայտնի մարդկանց, մտածողների մտքերը, ծաղկաքաղ անել նրանց ստեղծագործութիւններից: Գրառումներն արւում էին իր իսկ կողմից կազմուած կարմիր թաւշէկազմ մի ստուարաթերթ նոթատետրում, որը նա աւելի ուշ անուանելու էր «Կարմիր գիրք»: Եւ որտեղ էլ որ ծառայելիս լինէր իր ժողովրդին, Անթիլիասի դպրեվանքում, Իրանում կամ Միացեալ Նահանգներում, իբրեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս կամ Ամենայն Հայոց հայրապետ, «Կարմիր գիրքն» իր մշտական ուղեկիցն էր: Ուղեւորութիւններից առաջ նա պիտի յիշեցնէր իր օգնականին. «Իմ կարմիր գիրքը վերցրե՞լ ես»: Իսկ գրառումներն այնտեղ կատարւում էին իւրաքանչիւր պատեհ առիթով, նոյնիսկ` արտերկրեայ գրախանութներում. գնումներին զուգահեռ, վեհափառը չէր զլանում գրքեր թերթել, ընտրել հաւանած մտքերն ու նաեւ այս ճանապարհով հարստացնել իր «Կարմիր գիրքը»:

Ձեռագիր այս ժողովածուն ներկայումս գտնւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Առաջին» գիտական կենտրոնում: Այն 22×18 սմ չափերիէ, կազմին ստորագրուած` «Գարեգին Բ.» (Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս), որի 310 մագաղաթանման էջերին զետեղուած են հիմնականում հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով արուած վեհափառի ձեռագիր գրառումները:

Շատերը կը կամենային հաղորդակցուել մարդկային մտքի շողարձակումների այս հաւաքածու-ժողովածուին, որի հեղինակի հոգեմտաւոր հարուստ ժառանգութիւնից ինքնին օգտւում ենք մենք: Եւ ահա, բոլորովին վերջերս Ս. Էջմիածնի Վանորէից տեսուչ Արտակ եպս. Տիգրանեանի հոգածութեամբ եւ օրհնութեամբ, լիբանանահայ տէր եւ տիկին Սահակ եւ Վիքթորիա Աճեմեան ամուսինների մեկենասութեամբ «Իմ կարմիր գիրքը» խորագրի ներքոյ տպագրուեց Գարեգին հայրապետի գրառումների հաւաքածուն:

Գրքի շուրջ 300 էջերին նրա ձեռագիրը վեր է ածուել տպագիր տեքստի, բայց երբեմն դրանք ներկայացուած են հէնց ձեռագիր տարբերակով: Հատուածները ներկայացուած են մօտ 100 իմաստային խմբերով, որոնք ունեն համապատասխան վերնագրեր` «Աստուած».  «Եկեղեցի», «Աղօթք», «Ազատութիւն», «Հայութիւն», «Անմահութիւն»,  «Երջանկութիւն» եւ այլն` պահպանելով բուն ժողովածուի իմաստային խմբերի յաջորդականութիւնը:

Ինչպէս նշում են հրատարակիչները նախաբանում, գիրքը խիստ օգտակար կարող է լինել քարոզների պատրաստման, զանազան յօդուածներ շարադրելիս կամ բանասիրական ուսումնասիրութիւններ կատարելիս: Այն յոյժ շահաւէտ կարող է լինել նաեւ մտաւոր առումով զինուելու, բառապաշարը հարստացնելու համար, որով ընթերցողը կը վեհանայ, կը վայելի իմանալու հաճոյքը եւ կը գտնի դէպի Աստուած` դէպի Լոյսի աղբիւրը տանող ճանապարհը:

«Կարդացէք իմաստնութեան այս ընտրանին, նրանում ամփոփուած գաղափարներն ու ճշմարտութիւնները միախառնէք ձեր ապրումներին եւ ձեր աղօթաձայն մրմունջների մէջ օրհնութեամբ յիշէք ժողովածուն կազմողի` Գարեգին Առաջին հայոց հայրապետի անշիջելի անունը»: Այս նախադասութեամբ է աւարտւում նախաբանի խօսքը:

Ինչպէս արդէն վերեւում նշուեց, «Իմ կարմիր գիրքը» տպագրուել է Արտակ եպս. Տիգրանեանի հոգածութեամբ, ով եղել է Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական քարտուղարն ու գաւազանակիրը եւ վեհափառի կաթողիկոսութեան բոլոր չորս տարիներին մշտապէս գտնուել է նրա կողքին, եղել նրա ուղեկիցն ամէնուր:

Կարդանք նրա խօսքը գրուած գրքի առաջաբանում, որը, վստահ եմ, մարմնաւորում է նաեւ իր բոլոր այն սերնդակիցների կարծիքն ու զգացմունքները, որոնք դեռ տակաւին երիտասարդ լծուեցին հոգեւոր սպասաւորութեան գործին` աշակերտելով վեհափառին:

Կարդանք, որպէսզի մեր աչքերի առջեւ կրկին յառնի Գարեգին վեհափառի անկրկնելի կերպարը:

 

*********

 

Իմաստուն Եւ Նուիրեալ Հայրապետը

 

«Հետքով անցնիլը ունի մէկ անուն.
Սրտապինդ, ոգեշունչ եւ բարձրահայեաց` անմահութիւն»:

ԳԱՐԵԳԻՆ Ա.

 

Բարձրահայեաց անմահութեան հետքով անցաւ հոգելոյս Գարեգին Ա. հայրապետը իր երկնային կեանքի 67-ամեայ ճանապարհը, որ իւրայատուկ, անձնադրոշմ կեանքով զգաց, խորհեց եւ գործեց Աստծոյն եւ հայութեան համար:

Որպէս Ամենայն Հայոց կաթողիկոս` կարճատեւ գահակալութեան շրջան ունեցաւ Ս. Էջմիածնում: Այդ կարճ ժամանակահատուածում արդիւնաւէտ գործունէութեամբ շէնացրեց Հայ առաքելական եկեղեցու անդաստանը, նոր կեանք ու լիցք հաղորդեց  նրան` դառնալով մեր միասնութեան, մեր համերաշխութեան, մեր փոխըմբռնման ու համեղբայրութեան, մեր կիսատ երազների իրականացման առաքեալը:

20-րդ դարավերջի հայ երեւելի հոգեւորականն ու մեծ մտաւորականն անժամանակ արժէքների մի արտացոլում էր ժամանակի մէջ, որի լոյսը որքան հեռանում, այնքան ահագնանում ու զօրեղանում է: Մեր իմաստուն ու նուիրեալ հովուապետն աշխարհի երեւելիներից մեծարանքի արժանացաւ ու աշխարհի գիտունների հետ բանավէճի մէջ մտաւ:

Բարձրեալն Աստուած կաթողիկոսների դարատրոփ երթում նրան ռահահորդի յաղթական քայլք շնորհեց, ով կորուսեալ երկրի աստանդական աթոռին 18 տարի գահակալութիւնից յետոյ հայրենի հողի վրայ միւռոն օրհնեց եւ այն հռչակեց «Անկախութեան միւռոն»:

Նրա իմաստնութիւնը սոսկ տեսական չէր, գիտելիքների հանրագիտարանային պաշարը` ոչ թանգարանային: Անսակարկ նուիրումով ու անսպառ եռանդով նա կեանքի էր կոչում իր ամբարած իմաստութիւնը: Իր կեանքն ինքնին իմաստնութեան ու նուիրումի համագոյակցում էր. անսահման նուիրումի խօսուն վկաները նրա կատարած գործերն են, իսկ հզօր ճարտասանութիւնը` իմաստնութեան արտայայտման ձեւը: Նուիրումը նրա էութեան ներքին կոչնակն էր, որ տրուած էր ի վերուստ, իմաստութիւնը` այդ նուիրումի պտուղը:

Անմեկնելի ներշնչանք ունէր, հզօր երեւակայութիւն: Անձնապաշտ չէր եւ անքանքարաթաքոյց կերպով ու իր անսպառ իմացութեամբ հարստացնում էր մեր ներաշխարհը, պայծառացնում մեր միտքը: Թումանեանական զօրութիւն կար նրա մէջ. մեր ազգային զգացումների, յոյզերի ու խոհերի, ժողովրդական իմաստնութեան խտացում էր:

Երբեք չհեռացաւ իր արմատներից, չդաւաճանեց ազգային ոգուն: Աշխարհում ամենասիրած վայրը Գալատուրանում Ծովի թաղի իր այգին էր` թզենու հովը, մտերմիկ զրոյցի սրտամօտ միջոցը` քեսպնօքը` Քեսապի բարբառը, սիրտը հովացնող ջուրը` Կասիոս լեռն ի վար Սուսլիի աղբիւրը, մշտահունչ խրատատուն` դպրեվանքի վերտառութիւնը` «Խորհէ՛ եւ մտիր»:

Արեւմուտքում անցնելով հոգեւոր եւ իմացական կեանքի դպրանոցները` Արեւելքը կրեց իր մէջ, յղկեց ազգային «պրիսմակով»` դառնալով արեւմտեան եւ արեւելեան արժէքների կատարեալ համադրութիւն, ներդաշն հոգեւոր-բարոյական, իմացական կառոյց: Որքան յստակ էր միտքը, այնքան ջերմ էր սիրտը: Հաղորդական էր, մատչելի, պարզ, սակայն միաժամանակ վեհ եւ անհասանելի` իր անսպառ ու խորախորհուրդ էութեամբ: Որպէս աստուածային բարձրարուեստ ստեղծագործութիւն` «աչքի պէս պարզ էր ու աչքի պէս բարդ»:

Հոգեւորականի կատարեալ տիպար էր, որ անձնականի դիմաց գրել էր` բացակայ: «Ես հովիւ եմ», ասում էր նա եւ անանձնական նուիրումով մղւում դէպի իր հօտը: Որպէս ճշմարիտ վարդապետ` Յիսուսի օրինակով ելաւ ժողովրդի մէջ, քարոզեց նրա համար, խօսեց նրա հետ, սիրեց նրան` մօտիկից ապրելով նորանկախ հանրապետութեան տարտամ գոյները: Որպէս յորդահոս ջրտուք` ուզեց թափանցել անհաւատութեան երկարամեայ թմբիրի մէջ, կամեցաւ փխրեցնել աստուածամերժ հոգիները: Ջրտուքը շռնդալից էր ու ասպասելի, կորդացած հոգիները` անպատրաստ ոռոգման: Սակայն այսօր շատերի հոգիներն են աստիճանաբար ներծծւում կենսապարգեւ զօրութեամբ այդ եւ ըմբռնում անժամանակ իրողութիւնների իսկական արժէքը:

Մեզ բախտ վիճակուեց ծնրադիր աշակերտելու նրան, նրա միւռոնաբոյր մատների միջով զգալու աստուածային օրհնութեան ու հոգեւոր տուչութեան բերկրանքը, ապրելու հաւատքի ուխտի վերանորոգութիւնը: Նրա հետ իւրաքանչիւր հաղորդակցութիւն կեանքի մեծագոյն դաս էր ուսեալի համար: Նա վերարթնացրեց Էջմիածնադիր ուխտը մեր, վերարժեւորեց անաստուածութեամբ կողպուած լուսաւորչատուր հաւատքը:

Նա Աւետարանի թարգմանն էր, Ս. Մեսրոպի սուրհանդակը, ոսկեղենիկ մեսրոպեան լեզուի գանձապետը, որ լաւագոյնս հնչեցրեց այն աշխարհի տարբեր ծագերում: Ոսկեբերան քարոզիչ էր, որ իր խօսքը` որպէս պատարագի նշխար, բաժանեց ամէնքիս: Ինչպէս Մովսէսը 40 տարի շարունակ խօսեց եւ առաջնորդեց իր ժողովրդին դէպի Աւետեաց Երկիր եւ Մովաբի լերան վրայ մի վերջին հայեացք գցելով Աւետեաց Երկրի հորիզոնին` փակեց աչքերը, այդպէս էլ Գարեգին Առաջին հայրապետը 40 տարի աշխարհին խօսեց քրիստոնեայ Հայաստանի 1700-ամեակի մասին` սեւեռելով բոլորի ուշադրութիւնը ի Հայաստան ի բեթղեհէմեան միածնաէջ մայրամսուրը հայոց, սակայն իր աչքերը փակեց այդ մեծ տօնակատարութեան նախաշեմին, Ս. Էջմիածնում, դեռեւս չբոլորած իր 67 տարին:

Սիրում էր վեհափառը օշականեան սրբավայրը եւ յաճախ իր այցելութիւններով իմաստաւորում էր մեր օրը, երջանկութիւն պարգեւում մեզ: Իսկ իւրաքանչիւր այցելութիւն նրա համար մի մտմտուք էր` ամենահայ հայի գերեզմանը բարեզարդելու, մեսրոպեան ոսկեդարը մեր օրերում վերարթնացնելու մտահոգութեամբ: Ջերմեռանդութեամբ բարենորոգեց սրբարանը, հիմնեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրատունը: Որպէս սրտացաւ տանտէր` ուրախանում էր աշխատանքների յաջողութիւններով: Մեր երազներից, խոհերից ու խոկումներից, անքուն օրերի խոնջանքից ծնուած այդ դպրատան կամարների տակ այսօր մենք տեսնում ենք Գարեգին հայրապետին, զգում նրա կենդանի շունչը:

Օշականում նրա` որպէս ընդհանրական հայրապետի անդրանիկ այցելութեան առիթով մի յուշակոթող ենք կանգնեցրել, որի բացման արարողութեան ժամանակ ասաց. «Այս քարը այլեւս դադարում է քար լինելուց, այն խօսում է, որովհետեւ անլռելի զանգակատուն է»: Այսօր Սուրբ Էջմիածնի զանգակատան կողքին գտնուող նրա լուսայորդ շիրիմը դադարում է քար լինելուց: Մեզ համար այն անլռելի զանգակատուն է, եւ այդ զանգակատան կոչնակները պիտի հնչեցնենք մենք` նրա անմահութեան վկաները, նրա երախտագէտ ժառանգորդները:

«Արդ, որտե՞ղ հանդիպենք նրան», կը հարցնենք, եւ նա կը տայ իր պատասխանը.

«Ես հո՜ն եմ, Օշականի մէջ, իմ արժանի առաքեալին եւ իմ Աւետարանին հայերէնախօսութեան սկզբնածին վարդապետին մեսրոպաբոյր ու յաւերժաբարբառ շիրիմին մօտ»:

 

ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ