Կիպրոսի 50-ամեայ թնճուկը, կամ՝ բաց գիրք բոլորիս համար

Ինքնասեւեռուած հայաստանեան մեր լրատուամիջոցները, ներառեալ մեր թերթը, չյիշեցինք Օգոստոսի 14-ը, ճիշդ այն օրը, 50 տարի առաջ, երբ թուրքական բանակը ներխուժեց յունական դիցաբանութեան ամենահմայիչ՝ սիրոյ ու գեղեցկութեան աստուածուհի Ափրոդիտէի հայրենիք՝ Կիպրոս կղզի, հրամանով Թուրքիայի Հանրապետութեան ամենագրագէտ նախագահը համարվող Պիււլէնթ Էջեւիթի: Թուրք ասկեարները անշուշտ սիրախաղի համար չէին մտել Սիրոյ կղզի, այլ՝ բռնաբարելու Սէրն ու Գեղեցկութիւնը: Նրանք ընդամէնը 2-3 օրում առանց որեւէ դժուարութեան գրաւեցին Միջերկրական ծովի ընդամէնը 9250 ք.կ. տարածքը զբաղեցնող կղզու հիւսիսային հատուածը՝ 3800 ք.կ. ծաւալով, ներառեալ Ֆամագաստա պատմական նաւահանգիստը, հարեւանութեամբ գտնուող յունա-հռոմէական յուշարձաններն ու նորակառոյց եկեղեցիները, ինչպէս նաեւ մօտակայ բլրի վրայ հայկական Լուսինեան թագաւորական տոհմի կողմից կառուցուած Մակարավանքն իր յարակից տարածքով, որը 1923 թ.-ից որպէս ամառանոց ծառայում էր Մելգոնեան կրթօճախի սաներին:             Ասկեարները գրաւեցին նաեւ մայրաքաղաք Նիկոսիայի օդակայանը՝ ընդհուպ մօտենալով մեր նոյն կրթօճախին, որը թէեւ մի քանի ռումբ ստացաւ, բայց փրկուեց: Թուրքերը չհասցրին գրաւել այն, նրա փակման պարտականութիւնը թողնելով մեր յայտնի կազմակերպութեան ղեկավարների վրայ…

Ագրեսոր պետութիւնների համար միշտ էլ պէտք է casus belli ունենալ, պատերազմի պատճառ, այս պարագայում՝ պատրուակ: Անգարան ստացաւ այդ պատրուակը, որը Յունաստանում յեղաշրջմամբ իշխանութեան եկած գնդապետների խունտան նուիրեց նրան: Խունտան առանց Կիպրոսի նախագահ Մակարիոս Սրբազանի հետ համաձայնեցնելու եւ հակառակ նրա կամքին, յայտարարեց Յունաստանի ու Կիպրոսի միացումը, միութիւնը՝ Enosis-ը, մինչդեռ կղզում ապրում էր, յոյների հետ թուով 1-4-րդ յարաբերութեամբ, թուրք փոքրամասնութիւն, որի կրօնի, լեզուի, պետական մարմիններում ներկայացուցչական իրաւունքը Կիպրոսի կառավարութեանը պաշտպանում էր զգուշութեամբ, մանաւանդ 1878 թ.ից հայ ժողովրդի հաշուին Կիպրոսին «տէր» դարձած բրիտանացիների ուշադիր հայեացքի ներքոյ: (Յիշեցման կարգով բացատրենք. վերոյիշեալ թուականին Պեռլինում տեղի ունեցած վեհաժողովում քննարկուող հարցերի շարքում 16-րդը Արեւմտահայաստանում հայերին բարեփոխումներ խոստացող կէտն էր, որը Կիպրոս կղզին Թուրքիայից ստանալու դիմաց կնքուած գործարքի հետեւանքով վերածուեց անհետեւանք 61-րդ կէտի: Աւելացնենք նաեւ, որ Միացեալ Թագաւորութիւնը մինչեւ օրս կղզում պահպանում է իր ընդարձակ ռազմաբազան, որը թուրքական ներխուժման ժամանակ ոչինչ չարեց ագրեսիան արգելելու համար):

Եւ այսպէս, արդէն 5 տասնամեակ Հիւսիսային Կիպրոսը գտնւում է թուրքական գրաւման տակ, հակառակ ՄԱԿ-ի, միջազգային տարբեր կազմակերպութիւնների բազում որոշումների առկայութեանը, հակառակ Կիպրոսի Հանրապետութեան Եւրոմիութեան անդամ եւ Յունաստանի ՆԱԹՕ-ի անդամ հանդիսանալուն եւ հակառակ փաստին, որ, բացառութեամբ Թուրքիայի, ոչ մի երկիր չի ճանաչել, նոյնիսկ Ատրպէյճանը, կղզու թուրքական հատուածի ինքնահռչակ կառավարութեանը: Անցնող տարիների միակ «առաջադիմութիւնը» եղել է երկու հատուածների միջեւ ՄԱԿ-ի խաղաղապահների հսկողութեամբ գործող միջանցքը (ա՜խ այս միջանցքները), որտեղով ամէն օր հազարաւոր թուրք-կիպրացիներ անցնում են յունական հատուած՝ ծառայական աշխատանքի, նկատի ունենալով պաշտօնապէս հաստատուած փաստը՝ յունական կողմում անձ գլուխ (per capita) ՀՆԱ-ն կազմում է 20,300 տոլար՝ թուրքական հատուածի 7,135 տոլարի դիմաց:

Եւ շարունակւում է թնճուկը, շարունակւում է թուրքական աշխարհակալական ագրեսիան, ու կշարունակուի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի գերհզօր երկրները շարունակում են հանդուրժել թուրքական ռազմաքաղաքական խժդժութիւնները ողջ տարածաշրջանում, պատճառաբանելով, ինչպէս օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլէյքն էր պնդում, թէ «Թուրքիան անփոխարինելի գործընկեր է իր աշխարհագրական դիրքի կարեւորութեամբ»:

Այդ ե՞րբուանից է «աշխարհագրականօրէն կարեւոր» երկրներին կարելի անել ամէն ինչ, որ ուզում են՝ գրաուել, սպանել, ցեղասպանել՝ անմիջականօրէն Մ. Նահանգների ոստիկանը չհանդիսացող, նրա պաշտպանութիւնը չվայելող ժողովուրդներին, երկրներին, ԱՄՆ-ի եւ միւս գերտէրութիւնների ներկայացուցիչները կարո՞ղ են մեզ բացատրել։

 

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ