ԿՐՔԵՐԸ ԿՐԿԻՆ ԹԷԺԱՆՈՒՄ ԵՆ

Երէկուայ օրը պատմութիւն է, վաղուանը` հանելուկ,

իսկ այսօրուանը` պարգեւ:

Էլիս Մորէ Էրլ

 

Հայաստանը եւ յատկապէս մայրաքաղաք Երեւանը, կրկին ալեկոծուած է: Այդ անհասկանալի իրավիճակը` անկախ բնակուելու վայրից, տարիքից, կարգավիճակից ու այդ իրադարձութիւններին ունեցած վերաբերմունքից, յուզում ու անհանգստացնում է ողջ հայութեանը: Անհասկանալի, որովհետեւ Տաւուշի անունով շարժում սկսած մարդիկ` գնալ ու տաւուշցիներին օգնելու փոխարէն, հասան Երեւան ու վարչապետի հրաժարականի պահանջը դարձրին իրենց գլխաւոր օրակարգային հարցը: Այդ ամէնն էլ յանգեցրեց մի իրավիճակի, որ օդում կախուած է մէկ գլխաւոր հարց` ի՞նչ է լինելու յետոյ…

Իշխանական թիմն իր կողմնակիցներով առերեւոյթ հանգիստ է ձեւանում: Իրենց այդ պահուածքով նրանք փորձում են ցոյց տալ, որ ամենեւին էլ անհանգստացած չեն եւ տարատեսակ լրատուամիջոցներով յայտարարում են, որ իրենք ժողովրդի մեծամասնութեան քուէով են երկիրը կառավարում: Իսկ «Յանուն Տաւուշի» անունով սկսուած եւ ընթացքում «Սրբազան» վերանուանուած շարժումը նրանց կարծիքով, մեծ համարում չունի եւ աստիճանաբար կը մարի-կը վերջանայ: Ասում են, թող ասեն, իրենց իրաւունքն է, բայց որ դա ընդգծուած սարկազմով ու հեգնանքով են անում, այդքան էլ պարկեշտ չի:

Ընդդիմութեան ճամբարում անհասկանալի եւ դժուար ըմբռնելի վիճակ է: Խնդիրն այն է, որ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը թէեւ ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր դաշտին չի պատկանում, բայց արի ու տես, որ չի կարողացել այդ ամէնից զերծ, երբեւէ քաղաքական գործընթացների հետ առնչութիւն չունեցած մարդկանց հրապարակ բերել, այլ թողել է, որ իր շրջապատում լինեն նաեւ նախկին իշխանութեան ճամբարին պատկանող դէմքեր: Լաւ, միթէ դժուար է հասկանալ, որ Հայաստանում ընդամէնը երկուսուկէս միլիոն մարդ է ապրում եւ նրանց մեծ մասն այսպէս թէ այնպէս արդէն առնչուել են քաղաքական գործընթացներին: Հետեւաբար դա մատի փաթաթան դարձնել ու շարժումը վարկաբեկելն իմ կարծիքով այնքան էլ պարկեշտ չի: Դրա փոխարէն երկուստեք անհամեմատ դրական արդիւնքներ կարող էին ունենալ, եթէ յայտարարէին համազգային համերաշխութեան, ատելութեան քարոզը մերժելու, փոխադարձ վստահութեան միջավայր ստեղծելու, եղած բոլոր հնարաւորութիւններն ու գատրերին համախմբելով ազգային համաձայնութեան կառավարութիւն կազմելու մասին: Հակառակ դէպքում, եթէ այսպէս շարունակուի, ապա Ատրպէյճանի նուաճեալ հակումներն օրէցօր աւելի կ’ընդլայնուեն եւ նրա յաջորդ պահանջը կը լինի իրենց բոլոր փախստականների վերադարձն նախկին բնակավայրերը: Մեր իշխանութիւններն էլ լաւ չպատկերացնելով, որ Պաքուից եւ Ատրպէյճանի տարբեր վայրերից կէս միլիոնից աւել հայերից ոչ մէկը ոչ մի պարագայում ետ չի վերադառնայ, Արեւմուտքի ժողովրդավարներին դուր գալու համար, չեն մերժի, իսկ սեփական քաղաքացիներին «անմեղօրէն» կը հարցնեն` ուզում է՞ք, որ 90-ականների մութ ու ցուրտ ժամանակները կրկին հետ վերադառնան: Ժողովուրդն էլ բնականաբար կ’ասի` ոչ եւ կը համակերպուի այդ պահանջին, իսկ արդիւնքում Հայաստանն այլեւս հայկական չի մնայ: Յիշեցի, որ երբ Ատրպէյճանի երկրորդ` 1992-1993 թթ. նախագահ Էլչիպէյը հանդիպեց Թուրքիայի ութերորդ նախագահ Թուրգուտ Օզալին եւ հպարտօրէն յայտարարեց իրենց երկիրը հայերից մաքրելու իրողութեան մասին եւ սպասում էր գովասանքի` Օզալն ընդհակառակը, կշտամբանքով ասաց, թէ որքան անհեռատես են եղել իրենք.

– Չէ որ դուք ձեր քանակական աճով արդէն Հայաստանը գրաւել էիք, ինչու այդ սխալը թոյլ տուեցիք:

Վտանգը լիովին ըմբռնելու համար մէկընդմիշտ պիտի գիտակցենք, որ Արեւմուտքի ծրագրերում Հայաստան պետութիւն երբեք էլ գոյութիւն չի ունեցել եւ չունի, քանզի այն անգլոսաքսոնահրէական էլիտայի համար ոչնչով հրապուրիչ չէ եւ աստուածատուր խելքով օժտուած իր հայ ժողովրդով աւելորդ գլխացաւանք է: Մեր տարածաշրջանում նրանց ակտիւացումն ընդամէնը մէկ նպատակ է հետապնդում. ամէն ինչ ու այնպէս անել, որ Ռուսաստանի եւ Իրանի դերակատարութիւնը տարածաշրջանում պակասի, զրոյանայ: Եւ ընդհակառակը` ուժեղացնել իրենց նուիրուած ու հաւատարիմ Թուրքիայի եւ նրա կցորդ Ատրպէյճանի դերակատարութիւնն ուժեղանայ ու վճռական գործօն դառնայ: Իսկ մեր կարճատես իշխանութիւններն իրենց պահուածքով անընդհատ նրանց թելն են թելում: Գոնէ այս դէպքում օրինակ վերցնենք հարեւան Վրաստանից: Վերջինս, հասկանալով եւ իրատեսօրէն գնահատելով, որ վաղ թէ ուշ մեր տարածաշրջանում տնօրինելու են ռուսները, ամէն ինչ անում է նրանից ամբողջովին երես չդարձնելու համար, որպէսզի կարողանայ իր պետականութիւնը պահպանել: Ակամայ յիշեցի, թէ ինչպէս դեռ ժամանակին Քաջազնունին էր շեշտում, որ վրացիները մեզանից այդ առումով խելացի են եւ աւելի ճկուն ու հեռատես:

Իրադարձութիւնների ընթացքը ցոյց է տալիս, կասկածից էլ դուրս է, որ արդէն մեր վարչախումբն Արեւմուտքի իր սինեօրներին Ալիեւի քայլերի դէմ բողոքել է եւ ասել, որ եթէ ինքը փորձի մեր սահմանադրութիւնը փոխել, ապա անկասկած ժողովուրդը ոտքի կ’ելնի ու իրեն կը հեռացնի իշխանութիւնից: Այդ ամէնն էլ լաւ հասկանալով, Ալիեւն էլ ամէն ինչ անում է, որ մինչեւ ռուսների այստեղ վերադառնալն ու զսպաշապիկի իրենց դերակատարումը վերականգնելը ինչ ու որքան հնարաւոր է պոկի Հայաստանից: Իսկ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանն ընդամէնը հարկաւոր է իր հիբրիդային պատերազմն առաջ մղելու համար: Նրան շատ քիչ է հետաքրքրում, թէ Ռուսաստանի դէմ ովքեր են կռւում ու զոհւում` ուքրաինացիները, վրացիները, թէ հայերը: Պատմական փորձն էլ է ցոյց տալիս, որ ԱՄՆ միշտ ուրիշի ձեռքերով է կրակից շագանակ հանում: Այդպէս եղաւ, օրինակ, նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ աշխարհի այդ հզօր ու հակահիթլերեան խմբաւորման լիտըր ԱՄՆ գրեթէ նոյնքան զոհ տուեց, որքան նոյնիսկ պետականութիւն չունեցող Հայաստանը (ԱՄՆ 450 հազար, իսկ հայ ժողովուրդը 300 հազար զոհ տուեցին): Նրան այսօր էլ քիչ է հետաքրքրում, որ Ուքրաինան արդէն 500 հազար զոհ է տուել ու այդ տխուր գործընթացը դեռ շարունակւում է:

Անկասկած «Յանուն Տաւուշի» «Սրբազան» շարժումը համաժողովրդական պոռթկում է, քանզի ժողովուրդը հասկացել է, որ ներկայ վարչախումբը Արեւմուտքին դուր գալու եւ իր իշխանութիւնը պահելու համար, անընդհատ զիջումների գնում: Իշխանութեան գալու սկզբում այդ նոյն վարչախումբը յայտարարում էր, որ ինքը պայքարում է նախկին իշխանութիւնների դէմ: Իսկ քանի որ ժողովուրդն իսկապէս զզուած էր նրանցից ու թէեւ եկողներն էլ մի առանձնապէս բարձր ռեյթինկ չունէին, յաջողում էին: Քանի որ 2018-ին սկսուած ժողովրդի պայքարը նախկինների դէմ էր, բայց ոչ յանուն նորերի: Ուղղակի վերջիններս կարողացան ճիշդ ըմբռնել պահի նշանակութիւնը, օգտուել այդ իրավիճակից եւ տէր դառնալ իշխանութեան: Սակայն տարատեսակ հարցախոյզերը ցոյց են տալիս, որ այսօր արդէն ակտիւ թէ պասիւ, ժողովրդի մեծ մասը դէմ է օրուայ վարչախմբին եւ վերջինս արդէն լեգիտիմ չի եւ իշխանութեան է մնում միայն դրսի ուժերի շնորհիւ: Այսինքն, այսօրեայ շարժումը բացայայտեց, որ ներկայ վարչախումբը ռեյտինգ չունի, ուստի մնում փոխել այն, իսկ փոխելու բազմաթիւ ձեւեր ու մեթոդներ կան: Ժողովրդի գուցէ ոչ ամբողջը, բայց մեծ մասն ինտուիտիւ զգում եւ հասկանում է, որ այս վարչախումբը հակուած է միայն զիջելու: Այսինքն, փաստօրէն իր այդ զիջողականութեամբ անընդհատ տալու ֆունկցիայ է կատարում, որ հաճոյանայ ու ծառայի Արեւմուտքին:

Մի կարեւոր դիտարկում էլ: Սրբազանի ելոյթով փաստօրէն առանց այդ էլ մեր գոյութիւն չունեցող քաղաքական դաշտը մերկացուեց ու զրոյացաւ: Քաղաքական դաշտ, որն ըստ էութեան երբեք էլ գոյութիւն չի ունեցել, քանզի 30 տարի շարունակ, առաջնորդուելով կոլտնտեսային հոգեբանութեամբ` մենք զբաղուած ենք եղել ինչ որ կերպ ու ինչ որ հնարքներով մաս կազմել իշխանութեանը եւ օգտուել դրա կերակրատաշտից: Ալտերնատիւ քաղաքական միտք թէ՛ իշխանութեան թէ՛ ընդդիմութեան մէջ մեզանում չի եղել ու չկար: Հէնց այդ պատճառով էլ ստիպուած հոգեւորականը մտաւ քաղաքական դաշտ: Սրբազանն ըստ էութեան պարզաբանել է այդ տխուր իրողութիւնը, մերկացրել իշխանութեան սնանկ գործելակերպը, բայց ակներեւ է նաեւ, որ խնդիրներն ամբողջութեամբ լուծելու ձեւերն ու մեթոդները չգիտի: Նրան խորհուրդ տուողներն էլ իրականում չեն կարողանում յստակ նշել առաջընթացի ուղիները: Տարբեր կողմերից տարբեր խորհուրդներ լսող Սրբազանն էլ յաճախ խճճւում է, մոլորւում: Ի հարկէ, ազնիւ լինելն առաջին քայլն է, իսկ յաջորդը` ճիշդ խորհուրդներով առաջ ընթանալը: Իշխանութիւնը փոխելու մի քանի ձեւեր կան, սակայն ակներեւ է, որ Սրբազանի խորհրդատուները դրանց չեն տիրապետում: Լաւ կը լինի, որ ուսումնասիրեն օրինակ, թէ ինչպէս փոխեցին Էլչիբէյը:

Չնայած տեսանելի է, որ Ալիեւը փաստօրէն թելադրում է նաեւ մեր ներքին օրակարգը, սակայն ճիշդ չի անում, որ պահանջում է փոխել մեր սահմանադրութիւնը, քանզի դա կարող է ոտքի հանել ողջ ժողովրդին, որն էլ վերջակէտ կը դնի նրա թելադրողի կարգավիճակին: Սակայն միեւնոյն ժամանակ ցաւալի է, որ մեր վարչախումբն այս իրավիճակում էլ է անում ամէն ինչ նրան հաճոյանալու ու չզայրացնելու համար: Աւելին, այլ ելք չտեսնելով վարչախումբն սկսել է ահաբեկել ժողովրդին, ասելով, որ եթէ ես գնամ, նախկիններն են գալու: Լաւ է, որ Սրբազանը նախկին չի եւ այդ առումով մաքուր է: Մնում է ելք գտնել, թէ`

ա) ինչպէս փոխել իշխանութիւնը,

բ) ինչ երաշխիքներ տալ ժողովրդին,

գ) միջանցք ապահովել պետական ապարատին` իրենց պարտականութիւնները կատարողներին հնարաւորութիւն տալ էլի կատարեն, իսկ բոլոր պատեհապաշտները` պատժուեն:

Չեմ կարող չնշել, որ այս վարչակարգը վնասակար քաղաքականութիւն է իրականացնում նաեւ տնտեսութեան բնագաւառում: Անընդհատ աւելացնում է յարկերն ու տուրքերը եւ դրանով խրտնեցնում ներդրողներին ու թուլացնում փոքր ու միջին բիզնեսին: Դրա արդիւնքում այսօր տապալուեց մեքենաների ներկրման գործընթացը, որը հսկայական հոսքեր էր ապահովում դէպի պիւտճէ: Պարզից էլ պարզ է, որ հարկաւոր է մեզանում աւելի ցածր մաքսատուրքեր եւ յարկեր սահմանել, քան օրինակ հարեւան Վրաստանում են գործում, քանզի նրանք ծով ունեն եւ անհամեմատ աւելի շահեկան ու գրաւիչ վիճակում են: Չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ նաեւ, որ աշխարհում եթէ որեւէ պետութիւն չի կարողանում կառավարել օլիգարխիային, ապա գոնէ անում է ամէն ինչ փոքր ու միջին բիզնեսին չվնասելու համար: Մեզանում լրիւ հակառակն են անում, որի արդիւնքում, անկասկած, տնտեսութիւնը կը տապալուի եւ վերջնարդիւնքն էլ կը լինի այն, որ գործարար մարդիկ կը հեռանան աւելի նպաստաւոր բիզնեսդաշտ ունեցող երկրներ: Այսինքն, նորից արտագաղթ, որն այս անգամ կը յանգեցնի երկրի վերջնական դատարկմանը, իսկ այդ դէպքում էլ ինչ պետութեան ու պետականութեան մասին կարող է խօսք լինել: Տխուր պատկեր է՞, բայց սա է իրականութիւնը, ուստի բոլորիս սթափուել է պէտք:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

12.06.2024