ՀԱՅԸ ԱԶԱՏ, ԹԷ ՈՉ ԱԶԱՏ ԱԶԳ Է

Ով իր անցեալը չի յիշում, նա ապագայ չունի

Ժողովրդական

 

Գերմանացի փիլիսոփայ Հեգելը ազգերը բաժանում էր` ազատ եւ ոչ ազատ տեսակների: Հետաքրքիր է, հայն իր հաւաքականութեան մէջ, հոգեւոր առումով ազա՞տ ազգ է, թէ ոչ: Հարցի միանշանակ ու սպառիչ պատասխանը յստակ չգիտեմ: Կարծում եմ` ոչ ոք չգիտի եւ հէնց դա է պատճառը, որ արդէն քանի հազարամեակ փորձելով գտնել դրա պատասխանը` յաճախ յայտնուել ու յայտնւում ենք խիստ հակասական իրավիճակներում: Այսօր էլ այդ փնտռտուքը շարունակւում է եւ պարզ չի, թէ վերջին մի քանի տարիներին ինչ է կատարւում Հայաստանում եւ յանուն ինչի: Կարճ, ի հարկէ, կարելի է այն բնութագրել խառնաշփոթի, մեծաքանակ անհասկացողութիւնների, մարդկային հազարաւոր ու տարածքային անչափելի կորուստների, յաճախ ոչնչով չպատճառաբանուած, սակայն «բաժանիր, որ տիրեսի» սկզբունքով դրսից ներդրուած-թելադրուած եւ սեւերի ու սպիտակների տարաբաժանմամբ ներքին թշնամանքի, հիմնականում իներցիայի ուժով առաջ ընթացող անորոշ ներքին եւ անպտուղ արտաքին քաղաքականութեան, մարդկային ու ազգային արժանապատուութեան աննախադէպ կորստի ու նման այլ ցաւագին ժամանակահատուածի:

Հէնց այդ ամէնի անմիջական հետեւանքով եւ Տաւուշում սահմանագծման առիթով երկիրը կրկին յայտնուել է ալեբախումների յորձանուտում: Մի բան, որն անկասկած ցաւալի է եւ մեր թշնամիների դրսեւորած վարքագծից ելնելով` խիստ մտահոգիչ ու վտանգաւոր: Հասել ենք մի վիճակի, երբ հասարակութիւնն այսօր, ուզենք թէ չուզենք, բաժանուած է երկու հիմնական շերտի. ոգեղէն` որոշակի արժէքներով ապրող, եւ` ոչ: Հէնց այդ երկուսի վրայ էլ, ինչպէս խամաճիկի, այսօր խաղում են արտաքին ուժերի երկու կողմերը եւ նախկին ու ներկայ դէմքերը: Իսկ արտաքին եւ ներքին յայտնի այդ ուժերը` մոռանալով, որ Հայրենիքը որբի գլուխ չի, որ ով ոնց ուզենայ եւ ինչ ուզենայ անի, իրենց այնպէս անվերադարձ են հեղինակազրկել եւ ամէն բան փչացրել, որ արդէն ոչինչ հաւատ չի ներշնչում: Աւելին, ճշմարիտ, հաւասարակշռուած խօսքը, բոլորի հանդէպ հայրական հոգատարութիւնը երբեմն հունից հանում, կատաղեցնում է շատերին: Քանզի նրանք ամենօրեայ ստոր ստերից, հայհոյախօսութիւնից ու բանսարկութիւնից հետ են սովորել այդ ամէնից:  Ուստի այժմ շատ կարեւոր է դիմանալ այս ամէնին, տեղի չտալ, անյողդողդ ու անկոտրում կամք դրսեւորել, պահպանել տիեզերական հանդարտութիւնը, համբերատարութիւնն ու հաւասարակշռուածութիւնը, քանզի միայն այս որակները եւ ամէն ինչում յստակութիւնը կը հասցնեն յաղթական հանգրուանի: Ստացւում է, որ 2300 տարի առաջուայ Մակեդոնացու ամէն շարժը յայտնի է, Աւարայրի ճակատամարտի ամէն գնդի ու վաշտի հրամանատարներն ու նրանց մարտավարութիւնը գիտենք, Լիւդովիկոս 13-րդի շան կերածն էլ գիտենք, Բութանի հազար տարի առաջ տեղի ունեցած պատերազմների մանրամասներն էլ յայտնի են, բայց արի ու տես Շուշիի գրաւումը, որ երեք տարի առաջ է եղել` ոչ մէկը չգիտի ոնց է եղել, ոչ մի նախկին կամ չէզոք գործիչ, ոչ մէկը չի ուզում խորանայ ու ժողովրդին պատմի ոնց է եղել:

Այսօր էլ խիստ կարեւոր է, որ իրական պետական, գաղափարական եւ  քաղաքական գործիչը, ոչ թէ պէտք է ձգտի անպայման ներկայացնել մեծամասնութեանը, այլ, որ աւել կարեւոր է` ձգտի ձեւաւորել արժէքային, պետական, գաղափարական եւ քաղաքական մեծամասնութիւն: Իսկ այդ ճանապարհին` առանց հոգեւոր եւ բարոյական ուղեկցութեան, հասնել հնարաւոր չէ: Հէնց այս հիմքով պէտք է շարժուենք դէպի այս առաքելութեան իրականացում: Այդ դէպքում կարիք չկայ անհամբեր լինել, ամէն ինչից շուտ հիասթափուել, այլ անհրաժեշտ է տոկուն, խոհուն, ուժեղ ու համբերատար լինել եւ ամուր կամք դրսեւորել: Իսկ մեզանում, աւաղ, այդպէս չէ: Մեր քաղաքական դասը ամուլ է, որի պատճառը սիրոյ պակասն է: Իսկ յայտնի է, որ ատելութիւնից մանուկներ չեն ծնւում: Աւելին, այսօր մեզանում ձեւաւորուել է մի հասարակութիւն, որտեղ թաղման արարողութիւնն աւելի կարեւոր է, քան ինքը հանգուցեալը: Հարսանեկան արարողութիւնն աւելի կարեւոր է, քան ամուսնութեան խորհուրդն ինքը: Նիւթից կառչելը, երկրի վրայ կուռքեր սարքելն ու դրանց պաշտելը դարձել են ապրելու մշակոյթ: Հէնց դա է պատճառը բոլոր այն փորձութիւնների, որոնք տրւում են հետագայ աղէտից խուսափելու համար:

Գաղտնիք չի, որ քաղաքականութիւնը թակարդների արուեստ է: Իսկ ինչպէ՞ս խուսափել խայծերից կամ, ժողովրդական լեզուով ասած, նենգաբար մատուցուած «կուտը չուտել»: Ցաւօք, այս կարեւոր հարցի մասին չի խօսւում: Մինչդեռ մեր հաւաքական ինքնութեան տեսանկիւնից արժէ աստուածային լոյսի ներքոյ այս հարցը քննարկել, բայց չբարդացնելու համար` քաղաքական ու ժողովրդական լեզուով: Նախ յիշենք յայտնի բանաձեւը. «Միթէ՞ կարող է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն»: Այս դէպքում ի՞նչ կուրութեան եւ ինչ փոսի մասին է խօսքը: Երկիրը նստած է հայրենասիրութեան վրայ: Ամէն մի քաղաքական գործիչ, երբ պատրաստւում է ստել, երդւում է իր հայրենասիրութեամբ: Ամէն մի պնակալէզ, երբ պատրաստւում է փող պոկել իշխանութիւններից, պատմում է տէրութեան հանդէպ իր սիրոյ մասին: Ամէն մի գող բացատրում է, թէ ինչքան է սիրում հայրենիքը եւ ինչ է պատրաստ գողանալ յանուն այդ սիրոյ եւ այդպէս շարունակ: Իսկ հեթանոսների հայրենասիրութիւնը ձուլուած էր նրանց կրօնի հետ, ծառայել պետութեանը նշանակում էր ծառայել ազգային աստուածներին, կատարել նրանց կամքը: Հին աստուածները կրքոտ հայրենասէրներ էին, նրանք պաշտպանելով իրենց էթնոսը եւ աստուածութիւնը` պաշտպանում էին իրենց: Կարծում եմ, որ «Հայրենասիրութիւնն» իր բոլոր երանգներով հանդերձ ունի հեթանոսական` անտիկ ծագում եւ տարածւում է աշխարհիկ արժէքների տարածման հետ: Գովելի է, որ Հայ Առաքելական եկեղեցին էլ  է կառչել հայրենասիրութեան եւ ազգայնականութեան աշխարհիկ արժէքներից: Դրանք օգնում են նրան գոյատեւել իբրեւ քաղաքական ուժերի ֆակուլտատիւ:

Երբ մի անգամ Տուպայի հիմնադիր Շէյխ Ռաշիտին հարցրին, թէ ինչպէս է նա տեսնում իր երկրի ապագան, նա պատասխանեց. «Պապս ուղտ է քշել, հայրս էլ, ես Մերսեդես եմ քշում, տղաս Լենտ Ռովեր, թոռս էլի Լենտ Ռովեր կը քշի, բայց ծոռս երեւի էլի ուղտ կը քշի…: Քանզի կան որոշ յաւերժական սկզբունքներ, որոնք կառավարում են կեանքում ամէն ինչ: Իսկ կոնկրետ ասած, դժուար ժամանակները ստեղծում են ուժեղ մարդկանց, ուժեղ մարդիկ ստեղծում են լաւ ժամանակներ, լաւ ժամանակները ծնում են թոյլ մարդկանց, իսկ թոյլ մարդիկ ստեղծում են դժուար ժամանակներ: …մեր երկիրն այժմ բարգաւաճում է եւ դա շատ լաւ է: Շատերը չեն հասկանայ, բայց բարգաւաճումը յաճախ նաեւ պարազիտներ է արտադրում եւ ոչ թէ աւելի լաւ կեանքի համար պայքարողներ…»: Իսկապէս, փայլուն է ասել եւ սովորելու շատ բան կայ:

Բացի Հայամէտից մեզանում ամենինչամէտ կուսակցութիւն հիմնեցին: Ժամանակին էլ օտարները մեր վզին փաթաթեցին քրիստոնէութիւնը: Ցայսօր հարցը թէ ինչի՞ էր ծանր յօդուածով հետախուզւում Խորենացին եւ թէ ինչու՞ են ուզում վերացնել Հայկական բարոյական նորմերը, մնացել են անպատասխան: Մարքսն իր «Կապիտալը» գրելուց, երբեմն ուշագնաց լինելու աստիճանի, ուսումնասիրել է պաւլիկեանների, թոնդրակեանների շարժումները, եւ ընդհանրապէս հայկական շատ երեւոյթներ Փոքր Ասիայի տարածաշրջանում, իսկ մենք մեր մասին չգիտենք: Հարց է առաջանում. գուցէ իսկապէ՞ս մենք վտանգ ենք ներկայացնում գոյութիւն ունեցող վաշխառուական աշխարհակարգին: Թուաքանակով հաստատ վտանգաւոր չենք, պետութիւնով ծիծաղելի վիճակում ենք, մնում է մէկ գործօն` Հայկական բարոյական նորմերը, Հայկական մարդկային յարաբերութիւնները, Հայկական ազնիւ ու ջինջ զգացմունքները: Այսինքն, ժամանակն է, որ ինքներս սկսենք մեզանից, դուրս մղենք մեր մէջից ամէն տեսակ արհեստական «զարգացած» վարքի «նուաճումները»: Մեզանից շատերին հարկաւոր է ազնուանալ եւ ձգտել ինքնակատարելագործման բարոյապէս, առանց որի չկայ լաւ ապագայ: Թէ չէ վերջերս Ատրպէյճանի նախագահի մօտ շրջապատի անդամ, վերլուծաբան Ալի Հաջիզադէն առանց այլեւայլութեան յայտարարեց, որ «Հայաստանում քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը, հաշուի առնելով աշխարհագրական մերձութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում կայունութեան կարեւորութիւնը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զօրակազմ ուղարկելու հարցը` օրինական կառավարութեանն աջակցելու համար»:

Իսկապէս սթափուելու եւ ճիշդ եզրայանգումներ կատարելու հրամայականի առջեւ ենք գտնւում:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

27.05.2024

«Պայքար» շաբաթաթերթ