ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԷՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ

Սուրէն Թ. Սարգսեան փրոֆէսոր

 

Վերջերս իշխանական բոլոր լծակներով լուսաբանւում եւ մեր, առանց այն էլ, թմբիրի մեջ գտնուող հասարակութիւնում ներբեռնւում է հայ-թրքական անխուսափելի մերձեցման, հաշտուելու անհրաժեշտութեան եւ նոյնիսկ դարերից եկող բարեկամութեան եւ այլ համանման գաղափարներ: Պատուէրով այդ համերգի տարատեսակ ու բազմագոյն գրչակները քափ ու քրտինքի մէջ գրում ու «ապացուցում են», որ արդէն մի քանի հարիւրամեակ օտարներն են իրենց շահերից ելնելով թշնամացրել մեզ` երկու բարեկամ ժողովուրդներին ու հասունացել է ժամանակը հաշտուելու եւ երանելի ժամանակներին վերադառնալու համար: Իրենց` թուրքերի մէջ էլ երբեմն յայտնւում են «իրատես» մտաւորականներ, որոնք «անկեղծօրէն» ցաւում են անցեալում տեղի ունեցած անցանկալի իրադարձութիւնների համար (այդպէս են բնորոշում ցեղասպանութիւն եզրոյթը) եւ հիմնախնդրի վերաբերեալ տարատեսակ յայտարարութիւններ անում: Դրանք էլ առիթ են դառնում, որ օր օրի նոր խնդիր հասունանայ այդ երկրում:

 

Օրերս “The Yerevan-post”-ը ներկայացրեց մի քանի այդ տեսակ հրապարակումներ, որտեղ թուրք որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպէս նաեւ հրապարակախօսներ գտնում են, որ թուրքերը պիտի ներողութիւն խնդրեն եւ փոխհատուցում տան հայերին: Օրինակ է բերւում թուրք քաղաքական գործիչ, Մէճլիսի պատգամաւոր  Ուֆուք Ուրասը, որ գտնում է, թէ հարկաւոր է ստեղծել իրաւական եւ քաղաքական այնպիսի պայմաններ, ըստ որոնց Սփիւռքում բնակող Թուրքիոյ նախկին քաղաքացիներ (դա նորութիւն չէ, թուրքերը աշխարհասփիւռ հայութեանն ու նրանց ժառանգներին իրենց Սփիւռքն են համարում) հայերի ժառագները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք ու հանգիստ ապրեն այնտեղ: Որ հայ- թրքական յարաբերութիւնները պիտի մի օր անպայման կարգաւորուեն, իսկ «Թուրքիոյ սահմանադրութիւնն էլ պիտի հնարաւորութիւն տայ, որ փոխհատուցուեն հայերի նախկինում կրած բոլոր վնաuները»: Ուրասի ասելով՝ թուրքերը ոչ միայն պիտի ներողութիւն խնդրեն, այլեւ փոխհատուցումն էլ պէտք է տան առանց որեւէ նախապայմանների:

 

Յայտնի լրագրող, հրապարակախօս Օրհան Քէմալ Ճէնկիզն էլ է գտնում, որ Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան համար պէտք է ներողութիւն խնդրի ու հայերին նիւթական փոխհատուցում տալու համար օրենսդրական ճանապարհներ ստեղծի: Միեւնոյն ժամանակ նա շեշտել է, որ որեւէ դատարան Թուրքիային այսօր դատել չի կարող, քանի որ 1915-ի մեղաւnրներից ոչ մէկն այլեւս կենդանի չէ: Նա առաջարկել է խնդրի լուծման իր տարբերակը` «Թուրքիան կարող է ասել, որ 1915-ի դէպքերը մարդկութեան մեծ nղբերգnւթիւններից են եւ մենք ընդունում ենք այն: Մենք դատապարտում ենք դրա կազմակերպիչ «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան եւ այդ nղբերգական իրադարձութիւններին զnհ դարձած մեր հայ եղբայրներից եւ նրանց ժառանգներից ներողութիւն ենք խնդրում»: Լրագրող- հրապարակախօսը պնդում է նաեւ, որ Թուրքիան միայն ներողութիւն խնդրելով չի կարող բաւարարուել, եւ նիւթական փոխհատուցում տալու ճանապարհները նոյնպես պիտի գտնուեն. «Ուստի առաջարկում եմ, հայերի կրած վնաuների հատուցման համար իրաւական ճանապարհներ ստեղծել: Այդպիսով կը լուծուի փոխհատուցման թէ՛ բարոյական, թէ՛ նիւթական կողմը»,- նշել է Ճէնկիզը:

 

Հետաքրքրական է նաեւ այն իրողութիւնը, որ հայ- թրքական մերձեցման գործընթացը ողջունում են ԱՄՆ-ը, Եւրոմիութիւնը եւ նոյնիսկ ղազախական ներխուժման աղմուկը չմարսած Ռուսաստանը: Բոլորն էլ տարբեր մակարդակներով ու տարբեր շուրթերից ընդգծում են այդ քայլի շրջադարձային լինելու հանգամանքը եւ այնպիսի շեշտադրումներով, որ կարծես աշխարհիս ապագան միայն դրանից է կախուած:

 

Ակամայ հարց է առաջանում. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ կողմից է սա արւում եւ ո՞ւմ է ձեռնտու այս ամէնը: Հասկանում եմ, յաւերժ թշնամի մնալն էլ մի բան չի, բայց որ արդէն Ցեղասպանութեան զոհերի յիշատակի վրայով են փորձում անցնել, ինձ համար անհասկանալի ու անընկալելի է: Ականջդ կանչի Շահան Նաթալի. «Եւ, իսկապէս, մարդասպանը միշտ էլ պատեհութիւն կարող է ունենալ յանցանքից ազատուելու, որովհետեւ ապրում է, իսկ ամէնից անմեղ սպանուողն անգամ, հակառակ բոլոր վճիռներին, մեռաւ գնաց»: Մարգարէական խօսքեր…

 

Ակամայ յիշեցի զօրավար Անդրանիկին . «Դուք հաշտուեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թոյլ տուէք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտուիլ մինչեւ իմ մահը: Բայց ես ձեզ գուշակութիւն մը կ’ուզեմ ընել եւ կ’ուզեմ որ լսէք: Եթէ այս յեղափոխական կոչուած թուրքերը օր մը ձեզ չկախեցին, ես մարդ չեմ: Օր պիտի գայ, որ այս յեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պէս գազան մը եւ բոլորիդ ալ պիտի յօշոտեն…»: Զօրավարը ծնուել ու ապրել, սեփական մաշկի վրայ էր զգացել թուրքի ով լինելը, ու թէեւ մարգարէ չէր, սակայն կեանքը ցոյց տուեց, որ միանգամայն իրաւացի էր:

 

Լաւ, դրանք մեր մեծերն են: Իսկ մեծ մտածող ու համաշխարհային գրականութեան մեծ երախտաւոր Էռնէսթ Հէմինկուէյն ինչու էր ասում. «Եթէ ուզում եք ինձ սպաննել, պարզապէս ինձ թուրք անուանէք եւ ես կը մեռնեմ ամօթից»: Թուրքերն էլ լաւ տեղեակ են այդ ամէնին, սակայն քանի որ հրաշալի դիւանագէտներ են, յարմար նկատելով պահը` փորձում են կրկնակի շահած դուրս գալ: Նախ, որ պարտուած Հայաստանն իր անփորձ վարչախմբով նորութիւններ բերելու մարմաջով պատրաստ է գնալ ցանկացած զիջումների, յետոյ էլ շահերի բախումների ու նոր աշխարհակարգ ձեւաւորելու շեմին կանգնած մեր մոլորակի հզօրներն օր առաջ ուզում են որեւէ կերպ լուծել մեր տարածաշրջանի անհանգստութիւնները, որպէսզի կարողանան աւելի մեծ խնդիրներին ուշադիր լինել: Հերն էլ անիծած, թէ այդ ընթացքում քանի անմեղ երիտասարդներ կը մատաղուեն, քանի ընտանիք չի կազմուի, քանիսը անտէր կը մնայ…

 

Արդէն զաւեշտի է վերածուել. մի ձեռքով «հաշտութիւն» ենք բանակցում, միւսով հերթական անմեղ զոհերին ենք հողին յանձնում: Ինձ շատ մօտ արիւնակից հարազատներից մէկն էլ է մասնակցել ամսի 11-ի մարտերին, որոնք ամենալուրջ միջադէպէրն էին նախորդ տարուայ Մայիսի 12-ից յետոյ, երբ ատրպէյճանական զինուած ոյժերը ներխուժեցին ՀՀ տարածք: Ամէն ինչ սկսուել էր այն բանից յետոյ, երբ ատրպէյճանական զինոյժը կրակ էր բացել դիրքերի միջեւ գտնուող ճանապարհների ձիւնը մաքրող հայկական քարշիչի (թրաքթորի) ուղղութեամբ։ Դրանից յետոյ հայկական ոյժերն անմիջապէս պատասխանե էին եւ ատրպէյճանցի զինուոր էր սպաննուել: Ըստ հաւաստի տեղեկութիւնների՝ Յունուարի 11-ին Վարդենիսում պայթեցուել էր հակառակորդի չորս յենակէտ եւ ռազմամթերքի պահեստ: Ատրպէյճանական զինոյժը տուել էր 18 զոհ, մենք` երեք: Ատրպէյճանը կիրառել է ԱԹՍ-ներ, հրետանի, իսկ «պայրաքթարով» հայկական դիրքը խոցելուց յետոյ նոյն ուղղութեամբ նաեւ նռնականետների մօտ 30 հարուած է հասցրել, ինչը փաստում է, որ նրանք ռազմական բախումների հարցում լուրջ են տրամադրուած:

 

Այդ ռազմական գործողութիւնների մասնակից ազգականս մարտական ուղի անցած սպայ է, պինդ ու զուսպ: Չի խօսում, չի պատմում, սակայն էս անգամ երկու օրով տուն էր եկել ու…մատաղ արեցինք: Մեր շնորհակալութիւնն յայտնեցինք Բարձրեալին, որ հրաշքով փրկել է նրան. տարիքն առած ծնողների, մինչեւ վերջին բջիջը նրան նուիրուած կնոջ ու երկու դեռահաս երեխաների յենարանը պահպանել էր: Իսկապէս` այդպէս: Քանի որ անգամ իրավիճակին փոքր ինչ ծանօթ ոեւէ մարդ այլ կերպ չի գնահատում տեղի ունեցած հրաշքը: Հասկանալի պատճառներով աւելին ասել կամ գրել չի կարելի, սակայն այս առիթով մի դիտարկում եմ ուզում կատարել:

 

Երկար ժամանակ է մեզանում մի տխուր աւանդոյթ է ձեւաւորուել` մարդը պիտի զոհուի կամ առնուազն հաշմուի, որ նրա մասին խօսուի, գրուի: Իսկ եթէ հրաշքով կենդանի է մնացել, դրա մասին քիչ թուով մարդիկ կ’իմանան: Որքան կարողացայ ճշդել, նոյնիսկ անուն-ազգանունն ասելը ցանկալի չէ: Ինչո՞ւ, նա մեղաւո՞ր է, որ իր պարտականութիւնները փայլուն կատարել է, բայց չի զոհուել: Առանց այդ մարտական գործողութիւնների էլ նրանք ամէն օր հերոսանում են,  ձիւնի, ցուրտի մէջ աշխարհից կտրուած կենցաղով ապրելն ու մարտնչելու  հերոսութիւնը նրանց համար կենցաղ է, ուստի նաեւ ամենայն մեծարանքի ու խոնարհման արժանի: Մեր ամէն ինչից անտեղեակ, սեփական կամ վարձակալած ինքնաթիռով տաք երկրներ գնացող-եկող հասարակութիւնն էլ սկսել է «յոգնել ու ձանձրանալ», որ նրանք երբեմն իրենց թոյլ են տալիս անձայն տրտնջալ:

 

Ժամանակին միանգամայն իրաւացիօրէն ասւում էր, որ եթէ Հայաստանը կորցնի Արցախը, ապա Ռուսաստանը կը կորցնի Հայաստանը: Հայերը միակն են, որոնք կամաւոր մտել են ՌԴ-ի կազմ: Հեռաւոր 1721-ին Արցախի Գանձասար տաճարում կայացած հայ իշխանների համաժողովում նշուել է, որ Պետրոս առաջինից դիմում կայ, որով խնդրում էր հայերին ընդունել Ռուսաստանի քաղաքացիութիւն: Այդ ժամանակից ի վեր, անցած 300 տարիների ընթացքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը միշտ եղել է , Ռուսաստանին աջակցող

ամենայուսալի յենակէտը Անդրկովկասում:

 

Հայաստանը ՌԴ-ին տուեց ականաւոր շատ պետական գործիչներ, զինուորականներ, գիտնականներ: Միայն Լորիս-Մելիքովն արժէ ամէն բան, իսկ Լազարեւը, մարշալ Բաղրամեանը, ծովակալ Իսաքովը… Նրանք շատ են ու բոլորը հայեր էին, որոնք հաւատով ու ճշմարտութեամբ ծառայեցին Ռուսաստանին: Սակայն այսօր Գանձասարն ու Շուշիի Ղազանչեցոց տաճարը պարզապէս կարող են ռմբակոծուել կամ սրճարանի վերածուել թուրքերի կողմից: Այդ տեսակ կառոյցների թիւը հարիւրաւոր է Արցախում: Իսկ ազերիները պարզապէս յայտարարում են. «Մենք միշտ եղել ենք այստեղ, սա մեր հողն է, որ հայ եկուորները զաւթել են այն. սա հայկական ճարտարապետութիւն չէ, այլ ալպանական: Հայերը էստեղ տեղափոխուել են ռուսների միջոցով»:

 

Պատմաբանիս կարծիքով, այն, ինչ այսօր կատարւում է Հայաստանի հետ, շատ նման է 1939-ի Սեպտեմբերին Լեհաստանում տեղի ունեցածին: Նոյն տարածքային հարցը, ոյժերի նոյն բացարձակ անհաւասարութիւնը` յարձակման մի կողմից, ոչ թէ մէկ այլ 2 երկիր, միջազգային ահաբեկչական կազմակերպութիւններ: 3 հզօր ոյժեր ընդդէմ երեք միլիոնանոց Հայաստանի: Ես պարզապէս չեմ հասկանում, թէ ինչ է կատարւում, եւ «հաւասարաչափութեան» յայտարարուած քաղաքականութիւնն ու խաղաղութեան բանակցութիւնները` հերթական անյաջող փորձ` մեր վաղեմի թշնամու անյագ ցանկութիւններին յագուրդ տալու հնարաւորութիւն: Դա պէտք է լաւ ըմբռնի իւրաքանչիւր հայ, ռուս ազգային եւ իշխանական նախընտիրքը, մեր միւս հարեւանները, քանի որ Հայկական հարցը վաղուց արդէն միայն հայկական չէ…