Հայոց Ցեղասպանութեան թեման գերմանիայի թուրք գրողների ստեղծագործութիւններում

ՆԱՅԻՐԻԱ ՊՕՂՈՍԵԱՆ

Յօդուածում ներկայացուած են գերմանաբնակ մի շարք թուրք գրողների կողմից Հայոց ցեղասպանութեան թեմայի անդրադարձերը: Յօդուածը հրապարակուել է «Արեւելագիտութեան հարցեր» պարբերական ժողովածուի 9-րդ համարում, որը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Այն «Armeniangenocide100.org»-ը ներկայացնում է մի շարք կրճատումներով:

Ինքնութեան փնտռտուքների խաչմերուկներում, որքան էլ զարմանալի թուայ, Գերմանիայի թուրք գրողների համար, թերեւս ինչ-որ ծինային յիշողութեան կանչով, ուսումնասիրման եւ քննարկման առարկայ է դառնում Հայոց ցեղասպանութեան հարցը: Այս թեմային ծաւալուն անդրադարձերի ենք հանդիպում յատկապէս Գերմանիայի թուրք գրողների` 1990-ականների կէսերին գրուած ստեղծագործութիւններում: Անշուշտ, ժողովրդավարական ու ազատական եւրոպական հասարակութիւնը պարարտ հող էր ստեղծում պատմական իրողութիւնները բազմակողմանի ուսումնասիրելու եւ դրանց առարկայական գնահատականներ տալու համար: Արդէն եւրոպական կանոններով մեծացած Գերմանիայի թուրք գրողների համար թերեւս փոքր-ինչ աւելի հեշտ էր կոտրել Թուրքիայում այդ ժամանակ դեռ խստագոյնս պահպանուող Ցեղասպանութեան թապուն:

Հարկ ենք համարում նշել, որ թուրքական իշխանութիւնները մշտապէս փորձել են երկրից դուրս բնակուող քաղաքացիների շրջանում պահպանել իրենց ձեռնտու ընկալումները այնպիսի արտաքին եւ ներքին քաղաքական հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, քրտական հարցը, Կիպրոսի խնդիրը, Հայոց ցեղասպանութեան ժխտումը: Այդ նպատակով Թուրքիայի դիւանագիտական ներկայացուցչութիւնները, իսկ աւելի ուշ նաեւ պաշտօնական Անգարայի կողմից ֆինանսաւորուող ամենատարբեր հասարակական կազմակերպութիւնները բաւական աշխուժ գործունէութիւն են ծաւալել Գերմանիայում թուրքական համայնքի սկզբնաւորման առաջին տարիներից:

Միջանկեալ շեշտենք, որ Թուրքիայի կառավարութեան 2010 թ. որոշմամբ արտերկրում բնակուող թուրքերի եւ ազգակից հասարակութիւնների վարչութեան ստեղծումից յետոյ այս գործունէութիւնը սկսեց աւելի համակարգուած եւ ուղղորդուած բնոյթ կրել եւ ներկայում իրականացւում է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաեւ կրթական ու մշակութային մակարդակով: Բնական է, որ բոլոր այս մակարդակներում գործող ամենատարբեր թուրքական կազմակերպութիւնների թիրախային կէտերից մէկն էլ մշտապէս եղել է Հայոց ցեղասպանութեան մերժողականութեան ամրապնդումը եւ հակահայկական լոպիինկը (փոփոխական յաջողութեամբ):

Այս պայմաններում, պարզ է, որ Հայոց ցեղասպանութեան ոչ թուրքական տարբերակը ներկայացնող ստեղծագործութիւնները հիմնականում անընդունելի են թուրքական համայնքի համար: Սրան աւելացնելով Թուրքիայից անխուսափելիօրէն եկող բացասական անդրադարձը` կարող ենք փաստել, որ նոյնիսկ Եւրոպայում բնակուող թուրք գրողի համար Ցեղասպանութեան թեմային անդրադարձ կատարելը բաւական համարձակ քայլ է, որն արժանի է ուսումնասիրման եւ արժեւորման:

Գերմանաբնակ թուրք գրողների շարքում Հայոց ցեղասպանութեան թեման վեր են հանել` Զաֆեր Շենոճաքը, Էմինէ Սեւկի Օզտամարը, Քեմալ Եալչընը: Ընդ որում, եթէ Ք. Եալչընի ստեղծագործութիւնները որոշ չափով յայտնի են հայ ընթերցողին, իսկ նրա «սիրտս քեզնով է խայտում» գիրքը նոյնիսկ հասանելի է հայերէնով, ապա Է. Ս. Օզտամարի եւ Զ. Շենոճաքի անունները Հայաստանում գրեթէ արծարծուած չեն: Մինչդեռ նրանց ստեղծագործութիւններում Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող ակնարկները, առաջին հայեացքից հպանցիկ թուացող յիշատակումները բաւական ուշագրաւ են:

Ցեղասպանութեան թեմային փոքրիկ ակնարկով անդրադարձել է նաեւ աւելի վաղ սերնդի գրող Նիհաթ Պեհրանը: Նրա «Օտարութիւն» գրքի հերոսներից մէկը` Մուսան, իր որդուն` Վէյսելին, քառասունքից դուրս գալուց յետոյ ուղարկում է Կարսի մօտակայքում գտնուող հայրենի գիւղում ապրող իր տարեց քրոջ մօտ: Քոյրը երեխային չորս տարուայ ընթացքում, հեքիաթի փոխարէն, անընդմէջ 1910-ականների հայկական դէպքերն է պատմում. «Կարպիսեանը 30 մարդով Ուզունմինարէն գրաւեց: Իմամ Սէյիտը մինարէի վրայ երեկոյեան էզան էր կարդում: Ապպաս պէյը ձիով դուրս եկաւ Միրզա պէյի մօտ: Լուր տարաւ: Ճիմշիթը Պէօյիւք Տէրէյում էզանի աւարտին էր սպասում: Հորթերը սկսեցին բառաչել, ոչխարները` մկկալ: Ագռաւները զգացին արեան հոտը: Գիւղը տակնուվրայ եղաւ: Ստուերները սեւ ամպերի նման կախուեցին երկրի վրայ: Ձագերը կաղկանձում էին, շները` ոռնում:… Ձիերը խրտնել էին, թխսկան հաւերը, ձագերին հաւաքելով, բներն էին քաշւում: Նազարեանը` դանակը կոկորդում, ընկաւ Ասլան պէյի դրան մօտ: Զարկերակից հոսող արիւնը ձեռքից շուտ հասաւ դրան բռնակին… Երեսը մրջիւնները պատեցին: Ձայնը խռպոտեց, խեղդուեց»:

Զ. Շենոճաքի «Վտանգաւոր բարեկամութիւն» վէպը թուրքական միջավայրում Հայոց ցեղասպանութեանը անդրադարձող առաջին ստեղծագործութիւններից է: 1998 թ. գրուած այս վէպով ամբողջանում է աւելի վաղ տպագրուած «Ներքնաշապիկով մարդը» եւ «Պրերիա» ստեղծագործութիւնների գլխաւոր հերոսի` Սաշայի կեանքը: Մեծ ճանաչում չվայելող գրող Սաշան փորձում է սեփական եսը գտնել գերմանական հասարակութեան ոլորաններում: Թուրք հօրից եւ գերմանացի-հրեայ մօրից սերող Սաշան ինքն իրեն հասկանալու համար նոյնիսկ մեկնում է Միացեալ Նահանգներ, սակայն այնտեղ էլ չգտնելով իր հարցերի պատասխանը` վերադառնում է Գերմանիա:

«Վտանգաւոր բարեկամութիւն» վէպը սկսւում է տխուր իրողութեան փաստմամբ. Սաշայի` տարիներ առաջ բաժանուած ծնողները նրա համար անհասկանալի պատճառով նոյն ինքնաշարժով վթարի են ենթարկւում եւ զոհւում: Որպէս միակ ժառանգորդ` նա ստանում է բաւական լուրջ կարողութիւն: Սակայն երբեւէ գումարի կարիք չունեցած Սաշայի համար առաւել մեծ կարեւորութիւն է ներկայացնում հօրից մնացած արծաթեայ տուփը, որտեղ պահուած են դեռեւս 1936 թ. ինքնասպանութիւն գործած պապի օրագրերը: Գուցէ այս «մոխրագոյն կազմով, սովորական ֆրանսական» տետրերի արաբատառ եւ ռուսատառ գրութիւնները՞ լոյս կը սփռեն պապի տարօրինակ ինքնասպանութեան պատմութեան վրայ եւ կ՛օգնեն հերոսին աւարտի հասցնել իր կեանքի փնտռտուքները: Գրականագէտ Ճէյմս Ճորտընը գրում է. «Սաշան յոյս ունի, որ գոյութիւն ունի բացայայտման կարօտ յստակ ինքնութիւն, եւ որ ընտանիքի անցեալը պարզելուն պէս բոլոր կապերն ինքնըստինքեան կը հաստատուեն»:

Տետրերն այնքան կարեւոր են թւում հերոսին, որ նա նոյնիսկ չի ուզում դրանց ոեւէ մէկին ցոյց տալ. որոշում է ինքնուրոյն սովորել թուրքերէն եւ համադրելով արաբերէնից իր ունեցած սակաւ գիտելիքները` վերծանել գրութիւնները, ապա դրանց հիման վրայ պապի մասին վէպ գրել: Որոշ ժամանակ անց, սակայն, Սաշան հասկանում է այս աշխատանքի ապարդիւնութիւնը եւ դիմում թարգմանչի օգնութեանը: Մի քանի ամսուայ ընթացքում մաս-մաս թարգմանուող տետրերից նա անսպասելի բացայայտումներ է անում:

Գրքի 35 գլուխները յստակ տրամաբանական կապ չունեն, իրար յաջորդելով ու միախառնուելով` քննութեան են առնւում պապի ինքնասպանութիւնից մինչեւ Պերլինի պատի քանդման պատճառներն ու հետեւանքները ներառող հարցեր: Գրքի ողջ ընթացքում պապը, որի անունն այդպէս էլ յայտնի չի դառնում, բայց որը փաստօրէն կարեւորագոյն գործող անձ է, միայն հպանցիկ է յիշատակւում: Այստեղ-այնտեղ թաքնուած փաստերն ի մի բերելով` հասկանում ենք, որ Սաշայի պապը ծագումով Կարսից է (այստեղից էլ ռուսերէն տառերի իմացութիւնը): 1914-1918 թթ. օսմանեան բանակի զինուոր է եղել: Բաց գոյնի մաշկ ունենալու եւ հայերէնին ու ռուսերէնին լաւ տիրապետելու շնորհիւ հետախուզական աշխատանքով է զբաղուել:

Պատերազմի տարիներին հայերի անուններով առաջին ցուցակը նա է կազմել: Այդ ցուցակում 500 անուն պէտք էր լինէր: Մէկը դուրս է մնացել ցուցակից: Մի կնոջ անուն: Բայց ինչո՞ւ: Այս հարցն ամենասկզբից յուզում է Սաշային: Յատկանշական է, որ նրան չի հետաքրքում, թէ 500 անուն ներառող ցուցակն ինչ նպատակով է կազմուել: Այսինքն ի սկզբանէ հեղինակը նպատակ չի դնում ներկայացնել Հայոց ցեղասպանութիւնը: Այն աւելի շուտ խորապատկերին երեւոյթ է, քան` հիմնական թեմա: Ուստի զարմանալի չէ, որ հեղինակը որեւէ բացատրութիւն չի էլ տալիս: Միայն պապի օրագրից 1921 թ. փետրուարի 21-ին արուած մի գրութիւն է մէջբերում. «Մեր մշակոյթում մեղաւորութիւն եզրը չկայ: Մենք միայն մեղք գիտենք: Մեղքը մեր կրօնական, աստուածային գոյութեան առջեւ ունեցած պատասխանատուութեան սահմաններն է շրջագծում: Սակայն երբեւէ ինքներս մեր առջեւ պատասխանատուութիւն չենք զգում: Մեղաւորութիւնը մադկային հարց է: Մարդն իր մեղքի հետ միշտ դէմ-դիմաց է: Մենք միայնակ մնալուն սովոր չենք»: ….Սակայն մեղքի զգացման կամ հայերի ցուցակների մասին մտորումներից յանկարծակի անցում է անում, օրինակ, պատերազմից յետոյ այրիացած գերմանացի կանանց խնդիրներին:

***

Գրքում զարգանում է փոքրիկ երկրորդ նիւթային գիծ, որն անմիջական կապ ունի հայերի հետ: Սաշայի կինը` գերմանուհի Մարին, վաւերագրական շարժապատկեր է նկարահանում Թալէաթ փաշայի մասին: Թալէաթի կերպարի վերաբերեալ Մարիի դիրքորոշումն յստակ է. հարիւր հազարաւոր անմեղ զոհերի մարդասպանը արդարացում չունի: Սակայն այս փաստը զարմանալիօրէն տհաճ է Սաշային: Որքան էլ նա հեռու է իր թուրքական արմատներից, այնուամենայնիւ, նա ըմբոստանում է Թալէաթ փաշայի ցեղասպան, վայրենի թուրքի կերպարի դէմ: Նա նոյնիսկ կնոջը մեղադրում է Թալէաթի կերպարը միայն եւրոպական աղբիւրների հիման վրայ ձեւաւորելու մէջ եւ առաջարկում նրան ծանօթանալ Թալէաթի գործունէութեանը նուիրուած թուրք հեղինակների անդրադարձներին` միակողմանի կարծիքից խուսափելու համար:

ժխտելով հայերին կոտորելու թուրքերի միտումը, միաժամանակ պատմութիւնից օրինակներ բերելով` Սաշան ուզում է ցոյց տալ, որ նոյնիսկ եթէ հայերի զանգուածային սպանութիւններ են եղել, դա դեռ տագնապ բարձրացնելու առիթ չէ. «Ֆրանսացիներն էլ Ալճերիայում են կոտորած կազմակերպել, իսկ բրիտանացիներն ընդհանրապէս աշխարհի կէսը կողոպտել են, սակայն նրանց Եւրոպական Խորհրդից եւ Եւրոպայի Միութիւնից չեն հանել»: Մարին մեկնում է Սալոնիկ, ապա Թուրքիա` նոր նիւթեր հաւաքելու: Ընթերցողը չի իմանում, սակայն, թէ ինչեր է նա այնտեղ բացայայտում իր համար, նոր տեղեկութիւններն ամրապնդո՞ւմ են նրա կարծիքը, թէ՞ գուցէ ստիպում հրաժարուել կտրուկ գնահատականներից: Կարծես հեղինակը չի ուզում կարծիք պարտադրել, միայն մտածելու համար հիմք է ստեղծում:

Սաշայի մէկը միւսին հետեւող մտքերի յորձանուտում պապի մասին տրուող ցաքուցրիւ տեղեկութիւններն ամբողջանում են գրքի վերջին գլխում: Տետրերն կարդացուած են, պապի ու, հետեւաբար, նաեւ ամբողջ ընտանիքի պատմութեան մի մեծ գլուխ` բացայայտուած: Փաստօրէն, Ա. Համաշխահային պատերազմի տարիներին որպէս օսմանեան զինուոր` պապը մասնակցել է հայերի տեղահանութեանը: Արդէն յիշատակուած ցուցակի նպատակը կազմակերպուած աքսորն էր: 500 հոգուց միայն մէկի անունն է ջնջել, մնացածներից եւ ոչ մէկին չի խղճացել, ոչ մէկի հանդէպ մեղքի զգացում չի ունեցել: Աւելի՛ն. չնայած երկիրն աղքատացել է, բայց նա կարողացել է երկրի արեւելքում ստեղծուած կողոպուտի հնարաւորութիւններն օգտագործել եւ տեղահանուածների «լքեալ գոյքի» հաշուին հարստանալ, քանի որ, իր իսկ վկայութեամբ, «նրանց վերադարձը բացարձակապէս անհնարին է: Դրա համար անհրաժեշտ ամէն ինչ արուած է»:

Պապն էլ, չնայած յաղթանակել է, հերոս է հռչակուել, բայց կորցրել է իր կեանքի կնոջը, իր կեանքի իմաստը: Ճակատագրի հեգնանքով այդ կինը հայուհի է: Նրա անունն է ջնջել տխրահռչակ ցուցակից: Ընթերցողի համար, սակայն, անյայտ մնացող պատճառներով այդ կինն էլ է տարագրուել:

1936 թ. անցեալից ստացուած մի նամակ տակնուվրայ է անում պապի կարծես թէ յաջողուած կեանքը: Նամակից ընդամէնը մի քանի տող մէջբերելով` հեղինակը ներկայացնում է մի ամբողջ կործանուած կեանք: Կինը գրում է. «Մեր աղջիկը քեզ չի ճանաչում: Մինչդեռ արդէն 20 տարեկան է: Կարծում է` հայրը մահացել է: Այնքան էլ հեռու չի ճշմարտութիւնից, այնպէս չէ՞: Թէ ինձնից անտեղեակ դեռ ապրում ես: Եթէ այլեւս չկարողանանք միասին լինել, կեանքիդ վերջ ես տալու, չէի՞ր խոստացել… Փախուստի ճանապարհին հազար անգամ յարձակումների ենթարկուեցի: Գուցէ մեր երեխան էլ քեզնից չի, դէմս դուրս եկած մորթարարներից եւ զինուորական համազգեստով վիժուածքներից է»: Պապի դասաւորուած կեանքը մի ակնթարթում տակնուվրայ է լինում: «Դողում էր,- պատմում է թոռը,- կեանքի միակ սիրած կինը նա էր: Ինչպէ՞ս էր այսքան տարի առանց նրա ապրել: Ինչպէ՞ս էր կարողացել ուրիշ կնոջից երեխայ ունենալ»: Նա այլեւս չի կարող սպասել: Նա իրագործում է իր խոստումը:

Գիրքը նման վերջաբան ունի: Ոչ մի մեկնաբանութիւն: Ին՞չ է զգում Սաշան: Ինչպէ՞ս է փոխւում նրա աշխարհայեացքը: Զոհի ու դահիճի արիւնը կրելու գիտակցութիւնը ինչի՞ կը յանգեցնի: Ոչ մի յստակ պատասխան: Ցեղասպանութիւնը գրքի նիւթի առանցքային մասն է կազմում, սակայն կարծես չշօշափուած է մնում: Չկան մանրամասն նկարագրութիւններ, փաստեր, թուեր: Ինչո՞ւ, ինչպէ՞ս եւ ո՞ւր են ուղարկել հայերին, ի՞նչ է պատահել նրանց հետ: Այս հարցերի պատասխաններն ամփոփուած են վերը նշուած հակիրճ նախադասութիւններում: Հայերը տեղահանուել են, սպաննուել, կողոպտուել, ունեզրկուել: Աւելի՛ն. երիտթուրքերն ու քեմալականները գրեթէ նոյնականացուած են` պապի անցումը մի թեւից միւս թեւ հեշտ ու բնականոն է թւում: Այս ամէնը, սակայն, պարզ գրուած չէ, այս ամէնը պէտք է տեսնել տողատակերում:

Գրականագէտ Լ. Ատելսոնը գրում է. «Գրութիւնը (ի նկատի ունի Զ. Շենոճաքի «Վտանգաւոր բարեկամութիւնը») երբեք յստակ չի ներկայացնում 1915 թ. Հայոց ցեղասպանութիւնը: Սակայն այն առաջինն է ներկայացնում հայերի տեղահանութեան ցուցակները»:

Այսպիսով, Զ. Շենոճաքի «Վտանգաւոր բարեկամութիւն» վէպը իւրօրինակ անդրադարձ է Հայոց ցեղասպանութեան թեմային: Գրքում թէեւ քօղարկուած, բայց ներկայացուած են Հայոց ցեղասպանութեան հիմնական պատկերները: Գրքում չկայ որեւէ քննադատութիւն, բացասական վերաբերմունք, բայց ստայօդ ժխտողականութիւն ու խեղաթիւրում էլ չկայ: