ՀԱՅՐԵՆԱՓՐԿՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱՆՔ ԲՈԼՈՐՍ

Բազմիցս ենք ասել, որ մեր անյաջողութիւնների պատճառներից մէկը, եթէ ոչ ամենագլխաւորը, ազգային գաղափարախօսութեան չգոյութիւնն է: Այսինքն, մենք այդպէս էլ չորոշեցինք մեր հիմնանպատակը` թէ ուր եւ յանուն ինչի ենք գնում: Այդտեղից էլ մեր անորոշ վիճակն ու բոլոր անյաջողութիւնները: Եւ փոխանակ ազգովին մշակենք այն, մատաղ սերնդին դաստիարակենք ու պատրաստենք ազգային հիմնանպատակն իրականացնելու ոգով, զբաղուած ենք չգիտեմ ինչերով: Գաղտնիք չի, որ անկախութիւնից ի վեր մեզանում գաղափարաքաղաքական դաստիարակութեան աշխատանքներն անկում են ապրել, իսկ խորհրդայինի պաշարն էլ արդէն վատնել ենք: Եւ երբ ազերիներն իրենց նախապատրաստում էին պատերազմի, մենք այդ ամբողջ ընթացքում հակառակն էինք անում: Կարծում եմ սխալ է նաեւ մեզ անհասկացողի տեղ դնելը, այն լաւ տեղ չի տանի: Այլ պէտք է նախ վերականգնել խորհրդային տարիներին գործող լաւագոյն աւանդոյթները եւ յետոյ` արդիական պահանջներին համապատասխան նորացուած շնչով կրթել նոր սերունդները:

Հայ ժողովրդի էութիւնն իմ պատկերացմամբ քարէ գմբէթի տեսք ունի: Ժողովուրդ, որն իր մէջ կրում է քարեդարեան դարաշրջաններից մինչեւ գալիք ապագան տանող պատմական տարածքները: Մեր ժամանակների այն սակաւաթիւ ժողովուրդներից ենք, որ գալիս է մարդկութեան պատմութեան խորքից եւ ձգտում է դէպի ապագայի ամենաբարձր հորիզոնները: Պատահական չի, որ դանիացի գրականագէտ, հրապարակագիր եւ տեսաբան Գէորգ Բրանդեսն ասում է. «Հայերը քաղաքակիրթ ժողովուրդ են` հողագնդի հնագոյն ազգերից մէկը: Հայերը 4000 տարուայ պատմութիւն ունեն եւ թէ իրենց երկրում, թէ իրենց երկրից դուրս նրանք քաղաքակրթութեանը մեծ ծառայութիւններ են մատուցել»: («Սեւ գիրք» Երեւան 2011, խօսքերը Գէորգ Բրանդեսի, էջ 87): Թէեւ ցաւոտ է, սակայն այսօր եւ ապագայում հայ դատը չի դադարելու լինել մեր յարատեւ ընթացքի ուղեկիցը, քանի դեռ չի հասել հատուցման ժամը, դա միշտ թող յիշեն բոլոր նուաստ հակահայերը: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու հատուցումը միշտ է եղել հայ ժողովրդի ազգային օրակարգում: Պատմական յիշողութիւնը ոչ մի րոպէ չի լքել հայ մարդու ազգային գիտակցութեան տիրոյթը: Տասնամեակներ շարունակ Սփիւռքը, որը ձեւաւորուել է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով` որպէս պատմական իրողութիւն, պայքարել է, որ պետութիւնները ճանաչեն մարդկութեան դէմ գործուած այդ մեծագոյն ոճիրը, որը 20-րդ դարի ամբողջ ընթացքում կատարուած միւս յանցագործութիւնների նախերգանքը դարձաւ: Մշտապէս պայքար է եղել, որ պետութիւնները թուրքերի կողմից հայ ժողովրդի իր իսկ Պատմական Հայրենիքում իրականացուած հայրենազրկումն ու ոչնչացումը կոչեն իր անունով` ցեղասպանութիւն: Այնինչ, թուրքերի չստացուած կրկնօրինակ Ալիեւը լկտիաբար յայտարարում է. «Հայերը պէտք է փոխեն իրենց Սահմանադրութիւնը: Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում են խառնուել այլ երկրի ներքին գործերին: Ես դա ասում եմ, որովհետեւ Հայաստանի Սահմանադրութեան տեքստում յիշատակուած է Անկախութեան հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրուած է, որ այսպէս կոչուած Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: Ինչպէ՞ս մենք կարող ենք խաղաղութեան պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրութեան մէջ նման յիշատակում ունեն: Այնպէս որ, երբ ես ասում եմ, որ նրանք պէտք է փոխեն Սահմանադրութիւնը, ոչ թէ որովհետեւ ես կոպիտ եմ եւ ամբարտաւան, այլ որովհետեւ դա նախապայման է»: Այս ամէնում միակ դրականն այն է, որ ինքն էլ է գիտակցում իր որպիսին լինելը:

Այսօր կեանքի ու մահուան կռիւ ենք տալիս, պայքարում Հայրենիքի ու հողի համար: Բայց արդեօ՞ք բոլորն են պատրաստ պայքարելու այս սուրբ գործի համար: Թէ՞ ինչպէս միշտ, կռուի պահին քաղաքում ցոյց ենք անելու, առեւտրական հոգով հզօր, յաղթանդամ տղերքը իրենց խանութներում, մեկամոլում, փեթակում, սուրմալույում եւ այլ վայրերում հայրենասիրութեան կռիւ են տալու, շատերն էլ տանը բազմոցներին պառկած զոհերից եւ վիրաւորներից են խօսելու: Յաղթանակն ու նպատակը եւ պայքարը նման դէպքերում անիմաստ է, չկայ միասնութիւն, չկայ համախմբուածութիւն, չի լինի այն ինչ դարերով ենք երազում: Ամէն մէկը հրամանատար է, իրարից անկախ, անկազմակերպ, տարբեր տեղերում միայն խօսքեր են, ուրիշ ոչինչ: Եթէ նոյնիսկ մէկ մարդ էլ այլ մտածելակերպ ունի, յաղթանակի մի սպասէք: Յետոյ էլ նեղւում ենք, թէ ինչու ենք այս վիճակում ու անզօրութիւնից խօսում հայի ետին խելքի մասին: Հետաքրքիր է, տեսնես ո՞վ եւ երբ է արտաբերել այս, թեւաւոր խօսքի վերածուած, արտայայտութիւնը: Մեր մեծերը դա վերագրել են ինչ-որ թուրքի, ով իբրեւ թէ ասել է. «Հայի ետին խելքը իմը լինէր, ուրիշ ոչինչ չէի ուզի»: Ոմանք սա մեկնաբանում են իբրեւ թուրքի կողմից հայի բացառիկ խելացիութեան խոստովանութիւն եւ գովասանք: Մինչդեռ իրականում այդ «գովասանք»-ով, աւելի շուտ, ակնարկւում է հայի անխելքութիւնը: Պարզորոշ հասկացւում է, որ ի տարբերութիւն իր սխալներն ու բացթողումները յստակ գիտակցող, սակայն դրանցից շահեկան հետեւութիւններ չանող հայի, ինքը, եթէ օժտուած լինէր հայի ետին խելքով, այլ կերպ կը վարուէր:

Իսկապէս, մեր ազգի բազմահազարամեայ պատմութիւնը բազմիցս ապացուցել է վերը յիշատակուած ասոյթի ցաւալի ճշմարտացիութիւնը: Մասնաւորապէս, մեր իսկ սխալների հետեւանքով պարբերաբար կորցնելով պետականութիւնը, ժամանակներ անց ենք ուշքի եկել: Ետին խելքի ուժով գիտակցել ենք մեր կորցրածի արժէքը, ողբացել դրա համար, ծանր ու երկարատեւ պայքարի գնով վերականգնել ենք անկախ ապրելու մեր իրաւունքը, բայց այնուհետեւ կրկնել ենք միեւնոյն սխալներն ու նորից յայտնուել անտերունչի կարգավիճակում: Մենք այդպէս էլ չենք սովորում օգտուել ետին խելքի ընձեռած աստուածաշնորհ հնարաւորութիւնից` գիտակցում, ընդունում ենք մեր սխալները, բայց դրանցից դասեր քաղելու փոխարէն, նորից եւ նորից կրկնում ենք դրանք: Երբեմն էլ այնքան ուշ ենք խելքի գալիս, որ սխալների շտկումը դառնում է գործնականում դժուար յաղթահարելի: Վերջինի դասական ապացոյցներից է հայ-ռուսական շփումների պատմութիւնը: Մի՞ թէ պարտադիր երեք հարիւր տարի էր պէտք հասկանալու համար, որ Ռուսական կայսրութիւնը ազատարար ու փրկիչ չէ, այլ ընդամէնը ծաւալապաշտ, նուաճող, փոքր ժողովուրդների հաշուին սեփական շահերն սպասարկող բռնակալ: Մինչդեռ դա պարտաւոր էինք հասկանալ եւ համապատասխան հետեւութեան գալ դեռ 18-րդ դարասկզբին, երբ ռուս կայսր Պետրոս 1-ինը` հայ ժողովրդին թուրք-պարսկական լծից ազատագրելու վերաբերեալ բազմակի տուած իր խոստումները կատարելու փոխարէն, 1724 թ, Յուլիսի 12-ին, Կոստանդնուպոլիսում դաշինք կնքեց թուրքերի հետ` ճանաչելով Թուրքիայի տիրապետութիւնը Իրանի հարաւկովկասեան տիրոյթների նկատմամբ (ներառեալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջեւան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը): Նորագոյն ժամանակաշրջանում էլ վերը ասուածի աներկբայ վկայութիւնն է նորանկախ Հայաստանի հետ կատարուածը: ԽՍՀՄ-ի փլուզումը մեր ժողովրդին ընձեռեց ռուսական կախուածութիւնից ձերբազատուելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու հնարաւորութիւն: Սակայն, մենք ոչ միայն չօգտուեցինք ճակատագրի ընձեռած այդ եզակի բարենպաստ առիթից, այլեւ էլ աւելի խորացրեցինք մեր կախուածութիւնը Ռուսաստանից: Իսկ աւելի ուշ վերածուեցինք Ռուսական կայսրութեան հարաւային դարպասը հսկող «ֆորպոստի»:

Խոստովանենք, որ մենք` հայերս, հակասական ժողովուրդ ենք. բազմաթիւ դրական ու ընդօրինակելի առաքինութիւնների (խելացի. աշխատասէր, խաղաղասէր, արդարամիտ, մարդասէր եւ այլն) կողքին, ցաւօք, ունենք նաեւ որոշ արատաւոր յատկութիւններ, որպիսիք են սեփականամոլութիւնը, չափից դուրս հանդուրժողականութիւնն ու յարմարուողականութիւնը, եսապաշտութիւնը եւ, որ ամենահիմնականն է` անմիաբանութիւնն ու միայն «դանակը ոսկորին հասնելու» պարագայում միաւորուելու դատապարտելի աւանդոյթը: Բնականաբար հարց է առաջանում, թէ ինչու՞ մեր հայրենիքի տարածքը 300 հազար քառ. քմ-ից վերածուեց 29.800 քառ. քմ, ինչու՞ է հինգ հազար տարեկան մեր ազգի թուաքանակն այսօր 100 փոխարէն 10 միլիոն, ինչու հայերի աւելի քան երկու երրորդը հայրենիքից դուրս բնակւում: Հարցեր, որոնց սպառիչ պատասխաններն առ այսօր չունենք: Հաւանական պատճառը մեր ազգային հիւանդագին ինքնասիրութիւնն է, որի թելադրանքով փորձում ենք մեզ պատուհասած արհաւիրքների համար մեղադրել մեր հարեւանններին, կամ պայմանաւորել մեր վատ աշխարհագրական դիրքով: Այնինչ անկեղծ գտնուելու դէպքում ստիպուած ենք լինելու խոստովանել, որ այդ ամէնի գլխաւոր մեղաւորը մենք ենք` մեր ապիկարութեամբ, մեր վախերով ու սին պատրանքներով, մեր «որտեղ հաց` այնտեղ կաց» ամօթալի ու ազգակործան մտածողութեամբ եւ մեր ներսում բնաւորուած տականքի հանդէպ մեր յանցաւոր հանդուրժողականութեամբ: Անվերապահօրէն համաձայնում ենք մեր մեծութիւնների`«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը, քո հաւաքական ուժի մէջ է» կամ «Հայեր, բաւ է ցրուած մնաք մատներիս պէս, բռունցքուելն է յաւերժութիւնն Հայաստանի» եւ նման բովանդակութեամբ այլ կոչերին: Համաձայնում եւ ցրւում ենք աշխարհով մէկ: Եւ յետոյ մեզ մխիթարում ենք նրանով, որ «Որտեղ էլ եղել` կամուրջ ենք շինել, կապել ենք կամար, ամէն տեղ հերկել բերք հասցրել, ամէնքին տուել միտք, առած, երգեր` պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից, ամէն տեղ թողել մեր աչքից ցոլանք, մեր հոգուց մասունք եւ նշխար սրտից»: Լաւ, ե՞րբ ենք հասունանալու այն աստիճան, որ ո՛չ միայն բարձրագոչ յայտարարութիւններով, այլ մեր ներկայութեամբ լինենք տէրը մեր երկրի, որ լինենք նախ մեր համար ու յետոյ միայն աշխարհի, որ մեր ստեղծագործ մտքի արգասիքները մեր հայրենիքից դէպի աշխարհ սփռուեն, այլ ոչ թէ հակառակը:

Հայի տականքն էլ է անկրկնելի. այն ազգ, հայրենիք, պետութիւն չճանաչող շահամոլ, փառատենչ, նախանձ, եսակենտրոն, բարոյազուրկ, երբեմն էլ` սրբապիղծ մարդակերպ արարածների հաւաքածու է` մեր ազգի ամենաոխերիմ թշնամին ու մեր պատմութեան անբաժան ուղեկիցը բոլոր ժամանակներում: Հայկական գրեթէ բոլոր պետականութիւններն աւելի շատ կործանուել են ոչ թէ օտար նուաճողի, այլ օտարի օգնութեամբ սեփական հայրենադաւ տականքի ձեռքով:

Պատմութիւնը կրկնւում է: Այսօր, երբ մենք, անգնահատելի ու անդառնալի կորուստներից յետոյ, հերթական անգամ ազգովի, գերագոյն ճիգ ու ջանք ենք գործադրում վերագտնելու մեր ազգային ինքնիշխան պետականութիւնը, կրկին գլուխ է բարձրացրել ներքին թշնամին` անկրկնելի տականքը, որը օտարի թելադրանքով ոչնչի առաջ կանգ չառնելով ջանում է յետ պտտել պատմութեան անիւը` վերստին մեզ նետել ռուս-թուրքական բռնատիրութեան ճահիճը: Կը յաջողուի՞ դա, թէ՞ ոչ` մեզանից, մեր մէջ բնաւորուած այդ չարիքը հիմնովին ոչնչացնելու մեր վճռականութիւնից է կախուած:

Հայրենիքն ունի կարեւոր մի առանձնայատկութիւն. Հայրենիքի ցանկացած բեկոր (Արցախ, Կիրանց, Ոսկեպար, թէ մէկ այլ մաս) Հայրենիք է: Այսօր իմ պատկերացմամբ Պետութիւն եւ Հայրենիք գաղափարների հակադրութիւնն անգամ ոչ մի կերպ չի կարող արդարացուել: Եթէ կորցրեցինք մեր հայրենիքը` չենք կարողանալու ապրել նաեւ Սփիւռքում: Հետեւապէս պէտք է կազմակերպուենք եւ հայրենափրկութեան մասնակիցը դառնանք բոլորս անխտիր:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

28.07.2024