Անցնող 10 օրերին համաշխարհային կարեւորագոյն խնդիրը Լիպիայից, Իրաքից եւ յատկապէս Սիրիայից հարիւրհազարաւոր փախստականների ներխուժումն էր եւրոպական տարածքներ: Բացի սոցիալական, քաղաքական, անգամ ապահովական հարց դառնալուց, կրակից, սովից ու ահաբեկչութիւնից փախչող մարդկային այդ զանգուածներին ընդունել-չընդունելու հարցը ներքին հակասութիւնների սրման հասցրեց մինչ այդ կուռ ամբողջութիւն համարուող Եւրոմիութեանը: Նոյնիսկ սպառնալիք ստեղծուեց Շենկենեան համաձայնութեան հետագայ գոյութեան համար, նկատի ունենալով, որ այդ համաձայնութիւնը ապահովում է Եւրոմիութեան բազմաթիւ երկրների միջեւ ազգային սահմանների վերացումը՝ տնտեսական եւ այլ կարգի օգտաւէտ պայմաններ ստեղծելով անդամ երկրների համար, վերջնանպատակ ունենալով եւրոպական տարածքի ամբողջական մէկութեան գաղափարը:
Եւրոպա մուտք գործելով հիմնականում Յունաստանից եւ Իտալիայից, փախստական զանգուածները, որոնց գլխաւոր նպատակակէտը միշտ մնում են Գերմանիան, Աւստրիան ու Շուետիան, օրերով մնացին ու դեռեւս մնում են եւրոպական միւս երկրների սահմանագծերին, ինչը ուղղակի հակասում է Շենզենեան համաձայնութեան սկզբունքներին, որի դիմաց որոշ երկրներ, ինչպէս Հունգարիան, Սլովենիան, Ալպանիան, եւ այլ, իրաւամբ մեղադրում են եւրոպական մեծերին՝ Ֆրանսային, Բրիտանիային ու Գերմանիային, Հիւսիսային Աֆրիկայում ու Սիրիայում իրենց իսկ հրահրած «գարնանային» պատերազմների հետեւանքները միւս երկրների հետ կիսելու պարտադրանքի համար:
Համենայնդէպս փախստականները, որոնց թիւը հասնում է արդէն 5 միլիոնի, մինչ եւրոպական «դռնբացէքի» գործընթացքը հիմնականում «տեղաւորուած» էին գլխաւորաբար 5 երկրներում՝ Թուրքիա, Լիբանան, Յորդանան, Իրաք եւ Եգիպտոս (նկատի ունեցէք՝ Արաբական ծոցի հարուստ երկրներից եւ ոչ մէկում եւ ոչ մի հատ):
Այս բոլորի մէջ մեզ առաւել շահագրգռողը մեր սիրիահայ հայրենակիցների վիճակն է, որոնց թիւը Հայաստանում, ըստ արտգործնախարար Է. Նալբանդեանի վերջերս արած յայտարարութեան, հասնում է 15 հազարի: Բաւական պատկառելի այս թիւը, որն ի դէպ աւելի մեծ է, քան ողջ Եւրոպայում մինչեւ վերջին իրադարձութիւնները ապաստան գտած սիրիացիների ընդհանուր քանակը, ամենայն հաւանականութեամբ դեռ երկար կը մնայ, քանի դեռ իրավիճակի հանդարտեցման եւ բնականոն կեանքի վերադարձի նշոյլ չի երեւում հորիզոնում: Հետեւաբար արժանի է մեր պետութեան սեւեռուն ուշադրութեանը: Ճիշդ է, սիրիահայերը Հայաստանում ո’չ վրանաբնակ են (անշո’ւշտ), ո’չ էլ սովալլուկ գաղթական (շնորհիւ իրենց անձնական ու համանքային հրաշալի յատկանիշների), սակայն նրանցից շատերն արդէն կարիքաւոր են, եթէ նոյնիսկ չեն սիրում բարձրաձայնել այդ մասին: Նրանց վերաբնակեցումը, ինթեկրումը, աշխատանքով ապահովումը, կրթութիւնն ու վերաորակաւորումը օրախնդիր հարցեր են, որոնք պէտք է լուծուեն պետականօրէն եւ միջազգային մակարդակով:
Վերջին օրերին մեզ չյաջողուեց համապատասխան գերատեսչութիւններից պարզել, թէ ցարդ միջազգային որքան օգնութիւն են մեր կառավարութիւնն ու հասարակական կազմակերպութիւնները սիրիահայութեան համար ապահովել միջազգային կազմակերպութիւններից (դրանք միշտ «փակ» տեղեկութիւններ են համարւում մեր երկրում): Սակայն ինչ էլ եղած լինի այն, հիմա իսկական ժամանակն է միջազգային մեծածաւալ օգնութիւն պահանջելու եւ ստանալո’ւ:
Հիմա’ երբ եւրոպական երկրներն ու Միացեալ Նահանգները ստիպողաբար սկսել են շահագրգիռ մօտեցում ցոյց տալ փախստականների վիճակին:
«ԱԶԳ»