Մտորումներ Հայ-Թրքական Հաշտեցման Մասին

Սուրէն Թ. Սարգսեան

 

 

«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդայ հային նախատինք». Աւետիս Ահարոնեան

Մարդկային հասարակութեան փորձը ցոյց է տալիս, որ երբ որեւէ երկիր պատմnւթիւն չnւնի՝ սկսnւմ է կեղծել փաստերն ու nւրանալ nւրիշ երկրների պատմական ինքնnւթիւնը: Օրինակ Ալիեւն ասnւմ է, որ հայերը գաղթել են Իրանից, որին իրանցի փnրձագէտ Էհսան Սnլթանին «ցնդաբանութիւն» դիպnւկ պատասխանով ուղղակի լաւ դաս տուեց: Իսկ ՌԴ Պետտnւմայի պատգամաւnր Կnնստանտին Զատnւլինը պարզապէս նշեց. «Չգիտեմ, թէ նա nրտե՞ղ է պատմnւթիւն սnվnրել, բայց Խnրհրդային միnւթիւնnւմ դպրոցում եւ ԲՈՒՀ-nւմ պատմnւթիւն սnվnրած ցանկացած անձ գիտի, nր Ատրպէյճանը ստեղծուել է 20-րդ դարnւմ եւ նրան չեն կարnղ պատկանել երեքհազարամեայ Հայաստանի տարածքները»: Իսկ աւելի անկեղծ, nրպէս պատմաբան, Ալիեւի այդ տեսակ ելnյթները զարմացնnւմ ու զայրացնում են ինձ։ Միայն վերջին մի քանի տարում եմ սկսել լսել, nր 20-րդ դարnւմ ձեւաւnրուած Ատրպէյճանը երեքհազարամեայ Հայաստանnւմ պատմական հnղեր nւնի։ Ծիծաղելի է, ակնյայտ յիմարnւթիւն եւ նոյնիսկ պատասխանի արժանի էլ չի, որ ասւում է, թէ պատմական ատրպէյճանական տարածքներ են հանդիսանnւմ Երեւանը, Զանգեզnւրն nւ Սեւանը։

Ինչպէս ժամանակին գտնում էր բարձրակարգ իրաւաբան Անատոլի Սոպչակը, ցանկացած որոշում պէտք է օրինական եւ արդարացի լինի: Հետեւապէս ԽՍՀՄ-ի հիմնադիր հանրապետութիւններն այն բանից յետոյ, երբ 1992ին չեղեալ համարեցին ԽՍՀՄ կազմաւորելու մասին 1922ի պայմանագիրը, պէտք վերադառնան այն սահմաններին, որոնք գործում էին այդ միութեան մէջ նրանց մտնելու պահին: Այնինչ այսօր ռուսական վերնախաւը Փութինի ու Մատւիէնքոյի բերանով Ատրպէյճանին խոստանում են սահմանագծումն իրականացնել խորհրդային «ճշգրիտ» քարտէզների հիման վրայ: Այսինքն, եթէ առաջնորդուենք Սոպչակի միանգամայն իրաւացի եւ կուռ տրամաբանութեամբ, ապա առնուազն Նախիջեւանն ու Արցախը պէտք է վերադարձուեն Հայաստանին:

Յետոյ էլ, կարծում եմ, որ չնայած հաշտութեան մասին այս քաղցր-մեղցր խօսքերին, ցեղասպանութեան վտանգը չի վերացել: Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ Թուրքիան իր ժխտողական քաղաքականութեամբ մնում է ցեղասպան երկիր: Դրա ականատեսը եղանք նաեւ արցախեան վերջին պատերազմի ընթացքում: Աւելին, երկար ժամանակ Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան, դրա հետեւանքների վերացման ու հատուցման մասին խօսելը դիտարկուել է որպէս վտանգաւոր խնդիր եւ այն կա՛մ շրջանցուել է, կա՛մ աւելի մեղմ ու հանգիստ պահանջներ են առաջ քաշուել: Այսօր թրքական կողմը ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, այլեւ անամօթաբար հայերին է մեղադրում ցեղասպանութեան մէջ։ Իսկ թրքական կողմից եկած այս մեղադրանքների մէջ լուրջ ենթաթեքսթ կայ` Թուրքիան ամէն կերպ փորձում է լռեցնել եւ օրակարգից հանել տարածքային խնդիրները:

Կարծես թէ սա ոչ թէ կարգաւորում է, այլ կարգաւորման անուան տակ Թուրքիայի բոլոր պահանջների ի կատար ածում: Այն պահանջները, որոնք Թուրքիան 100 տարի պնդել է, որոնք ԽՍՀՄ տարիներին սառեցուել էին, անկախութեան տարիներին նորից առաջ եկան: Եւ այդ ամէնը հանգեցնում է երեք հիմնական պայմանի՝ ա) հայկական կողմից բոլոր պահանջներից հրաժարում՝  տարածքային, գոյքային եւ այլ իրաւունքներ, բ) բոլոր մակարդակներում ցեղասպանութեան հարցից հրաժարում, գ) Արցախի հարցը, որն արդէն «լուծուած է»: Հետեւաբար` մնում են լուծելու միւս երկուսը: Իսկ եթէ դրանք էլ այնպէս լուծեն, ինչպէս Արցախի հարցը, կը նշանակի թրքական վերջնագրի ընդունում, որը չեմ կարծում թէ խաղաղութեան հանգեցնի:

Գաղտնիք չի, որ այս տեսակ կարգաւորման օգտին ժամանակին ասում էր Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ «եթէ մենք չունենանք Ատրպէյճանից պահանջներ, այսինքն՝ Արցախից հրաժարուենք, Ատրպէյճանը մեզ հետ պատերազմելու պատճառ չի ունենայ»:

Այսինքն՝ տալիս ենք Արցախը՝ խաղաղութիւն ենք ստանում, որն իրականում չստացանք: Նոյնը Թուրքիայի դէպքում՝ «եթէ հրաժարւում ենք ամէն ինչից, ապա անհաշտութեան որեւէ պատճառ կամ առիթ չի լինելու»: Յիշեցնք, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները շատ սերտ էին, բայց երբ պահը եկաւ, Թուրքիան օգտուեց առիթից ու զօրքեր մտցրեց Սիրիա: Հետեւաբար, Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարելի է կանոնակարգել միայն այն դէպքում, եթէ դու ունես համապատասխան հնարաւորութիւններ եւ ուժ: Իսկ Հայաստանը դա կարող է ունենալ, եթէ ունենայ ուժեղ դաշնակից:

Ակնյայտ է, որ Թուրքիան միշտ բարդութիւնների առջեւ է կանգնել յատկապէս՝ տարածքային հատուցումների մասով: Որպէս հիմնախնդրի լուծման տարբերակ կրկին հայութեան առջեւ ծառանում համլէթեան ձեւակերպումով հարցը, որն արդէն երկու հարիւր տարուց աւելի շրջում է հայոց մէջ. Ի վերջոյ մենք մեր տարածքային խնդիրները պէտք է լուծենք ռուսների, թէ թուրքերի բարեհաճութեամբ: Հարցն իհարկե նոր չէ։ Բայց մեր նորագոյն պատմութեան մէջ այդ հարցը ճակատագրական շեշտադրումով եւ իր կամքից անկախ հայ ժողովուրդի առջեւ դրուեց, երբ պետականութիւն ունեցանք։ Հայ ժողովուրդը վճռականօրէն որոշեց յօգուտ ռուսական կողմնորոշման: Սակայն, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մի փոքր խումբ, որը սակայն լծակների էր տիրապետում, անգամ հայութեան ֆիզիքական գոյութեան գնով, նախընտրեց Թրքականը:

Մինչեւ անգամ համաշխարհային պատերազմի օրերին այդ ուժը չկարողացաւ ժողովրդին յայտնել, որ ինքն իր գլխի ճարը տեսներ, թէ չէ արեւմտահայութիւնն այդպէս հլու-հնազանդ չէր մորթուի:

Յիմարութիւն է նաեւ պնդել, որ Հայոց ցեղասպանութեան պատճառը արեւելահայերի ռուսամէտ դիրքորոշումն էր: Դա պետականօրէն, նախապէս ծրագրուած քաղաքականութիւն էր` Հայկական հարցը թրքավարի (չկայ մարը` չկա խնդիրը) լուծելու համար:

Արդէն շուրջ երեք հարիւր տարի է, որ երբ հայ ժողովուրդը նեղ վիճակում է յայտնուել, դիմել է Ռուսաստանի օգնութեանը: Չեմ ժխտի, որ միշտ չէ, որ ռուսների պահուածքը հայանպաստ է եղել: Սակայն յստակ է նաեւ, որ մեր հարեւաններից միայն ռուսների պետական շահը կարող է ինչ որ տեղ համընկնել կամ գոնէ գործել յօգուտ մեր շահերի:

Այնպէս որ, չի կարելի բարեկամութիւն հաստատել առանց նախապայմանների, դա հակասում է փոխշահաւէտութեան սահմանադրական սկզբունքին, իսկ Հայաստանի շահը պարտադրում է, որպէսզի Թուրքիայի գործադիր իշխանութիւնն առնուազն չանտեսի իր իսկ երկրի դատական ատռանների դատավճիռներով արդէն իսկ հաստատուած Հայոց Եղեռնը, ընդունի դրայ իրաւական հետեւանքները, ներողութիւն խնդրի 44-օրեայ պատերազմում իր անմիջական, մեղմ ասած, անթոյլատրելի մասնակցութռան համար (յատկապէս՝ զինուած ահաբեկիչների ներդրման մասով) եւ պատրաստակամութիւն յայտնի փոխհատուցելու պատճառած վնասը եւ երբեք չփորձի միջամտել Արցախի միջազգային կարգավիճակի խնդրի լուծմանը։ Եթէ Թուրքիան պատրաստ չէ սրան, ապա պէտք չի յոյս ունենալ, որ պատրաստ կլինի աջակցելու մեր հզօրացմանը…: Այս ամէնով հանդերձ, Թուրքիայի հետ բարեկամանալու խաբկանքը, ցաւոք, դարձել է օրակարգային թիւ մէկ խնդիրը։ Եւ դա հրամցւում է իբրեւ հրատապ հարց՝ տառացիօրէն 44-օրեայ պատերազմի բարբարոսութիւններից անմիջապէս յետոյ։

Բարեկամութեան քարոզիչներն իրենք են մոլորեալներ, թող որեւէ մէկին չթուայ, թէ այդ բարեկամութիւնը իր ու իր սերունդների համար ապահովելու է կայուն ու երկարատեւ բարեկեցիկ կեանք։ Արդեօ՞ք մենք Զօհրապից, Սեւակից, Վարուժանից եւ միւսներից աւելի խելացի ենք: Յիշենք, որ, նրանք էլ էին միամտաբար հաւատացած թրքական հեքիաթներին, բայց յետոյ նրանցից Ռուբէն Սեւակը դառնացած գրեց. «Աստուած էշերը ստեղծեց անարգուելու համար, Հայերը՝ ջարդուելու: Թուրքիոյ մէջ ռեժիմ պիտի փոխուի, հայերու ջարդ: Սուլթանը պիտի գահակալէ, Հայերու ջարդ: Շէրիաթ պիտի հաստատուի, Հայերու ջարդ: Բայց այս բոլորը այնքան տարօրինակ չէ մեզի համար, որքան այն յուսահատեցուցիչ խելոքութիւնը, որով հայերը կ’ողջունեն այս ջարդերը: Ե՞րբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկօրէն կատղիլ… »:

Ցաւոք` չսովորեցինք: Չհասկացանք նաեւ, որ ցեղասպանութիւնը միայն էթնիկ յատկանիշներով մարդկանց բռնութեամբ ոչնչացնելը չէ, բնաջնջել կարելի է նաեւ ժամանակակից քաղաքակիրթ հնարքներով: Բաւական է միայն թիրախաւորես հաւատքը, մշակոյթն ու ազգային ինքնութիւնը, որպէսզի էթնիկ զտումները ինքնաբերաբար աւարտին հասցուեն՝ անգամ առանց մէկ փամփուշտ արձակելու։

Ի դէպ, առիթը ներկայացել է, ասեմ, որ չարաչար սխալւում են նրանք, ովքեր դարեր շարունակ մեր կրած կորուստներն ու տառապանքները վերագրում են քրիստոնէութեան ընդունմանը: Յստակ է, որ իւրաքանչիւր անհատ, ազգ, ժողովուրդ հիմնականում ինքն է մեղաւոր իրեն պատուհասած ձախորդութիւնների ու արհաւիրքների համար, այլ ոչ թէ կրօնը կամ եկեղեցին: Մշտապէս տուժել եւ տուժելու են ապիկար, իրենց Աստծոյ ողորմածութեանը յանձնած ծոյլերը վախկոտներն ու տկարամիտները, նաեւ նրանք, ովքեր սեփական ժողովրդի անվտանգութեան, ազգի ու պետութեան հզօրացման օգտին գործնականում ոչինչ չանելով, սոսկ եսասէր փառատենչ նկրտումներով, իրենց ամբողջ ժամանակն ու միջոցները վատնում են ազգակործան ու պետականքանդ քարոզչութեան, կամ էլ եկեղեցաշինութեան ու կեղծ հաւատացեալի դիմակով կրօնական ծիսակատարութիւններին մասնակցութեան մէջ:

Կեղծ ու ոչ մի տեղ չտանող այս սիրախաղի առիթով ցանկանում եմ մեջբերել Մուսթաֆա Քէմալ Աթաթուրքի (թուրքերի հայր) «Պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ» գրքից մի հատուած.

«… Բացարձակապէս անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապէս եւ նիւթականապէս կործանուի եւ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանաւորուած մեր նահանջը քննարկման առարկայ չի կարող լինել։ Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պէտք է ուղղուած լինեն ոչ թէ մեր Հայաստանից հեռանալուն,֊ այլ Եւրոպայի առջեւ խաղաղ երեւալուն եւ հայրերին մոլորեցնելուն։ Խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զօրացրումը եւ զինամթերքի առգրաւումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցուածքի վերականգնումը։ Երկաթուղիները պահպանելու եւ մահմետական բնակչութեան իրաւունքները պաշտպանելու պատրուակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողութիւնը եւ այդպիսով վերահսկել նաեւ Թուրքիան Ազերպայճանի հետ կապող բոլոր ճանապարհները։ Այդ նպատակին պէտք է հասնել թաքնուած եւ փափուկ ձեւով, ինչպէս խաղաղութեան պայմանագրի թեքսթում, այնպէս էլ դրանից բխող գործողութիւններում։ Գլխաւոր պայմանն այն է, որ այն հայութեան աչքում միշտ ներկայացուի որպէս խաղաղ»:

Ինչպէս ասում են նման դէպքերում, խօսքերն աւելորդ են…