ՅԱՒԵՐԺԻՆ Կ’ՈՒՂՂՈՒԻ ՀԱՅԻ ՀԱՅԵԱՑՔԸ

Մշակոյթը ոչնչացնելու համար կարիք չկայ գրքեր այրել:

Պարզապէս ստիպէք մարդկանց դադարեցնել կարդալ:

Ռեյ Պրետպըրի

 

Աննախադէպ զով ամառը վերջանում է, սակայն մեր քաղաքական այրերը մեզ տաք աշուն են խոստանում: Թէ որքան այն տաք կը լինի կամ` զով, չգիտեմ, ուղղակի վստահ եմ, որ մեր ժողովուրդն արդէն յոգնել է պարբերաբար կրկնուող այդ քաղաքական կլիմայափոխութիւններից: Յոգնել է նաեւ ստեղծըւած այն արտառոց վիճակից, երբ անկախ տարիքից, սեռից ու մասնագիտութիւնից, ազգովի պատմաբան ու քաղաքագէտ ենք դարձել, մեղմ ու կրակոտ ճառեր ենք ասում, բայց անգամ մէկ զանգ կախող չկայ: Մոռանում կամ չտեսնելու ենք տալիս, որ յատկապէս հայրենիքին դաւաճանածները հայ ազգի հերոսական անցեալից շաղակրատելու իրաւունք չունեն, որովհետեւ հէնց նրանք հայ ժողովրդին վերածեցին խայտառակ ներկայ ունեցող էթնոսի: Անտեսում ենք այն մեծ խորհուրդ-ճշմարտութիւնը, որ շատ յաճախ միջմարդկային յարաբերութիւններում յաջողութեան հասնելու համար` լռելու ամենապերճախօս լեզուին է պէտք տիրապետել: Հասկանալ, որ հայն արտաքին թշնամուն գրեթէ միշտ է յաղթել, բայց շնորհիւ ներքին թշնամու` պարտուել է յաճախ: Եւ բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, թէ ինչ է կատարւում, թէ որքան է վտանգուած Հայոց պետականութիւնը եւ մնում են անտարբեր, իրականում, անկախ ամէն տեսակ հանգամանքներից, մեծ մեղք են գործում:

Մեր պարտութիւնների հիմնապատճառներից մէկն էլ յարմարուողականութիւնն է` մեր ազգի վտանգաւոր արատներից ամենավտանգաւորը: Վստահ եմ, երբ հասնի հատուցման ժամը, դրանք արժանին կը ստանան: Դաժան է, սակայն միայն եգիպտացիները լաւագոյն պատկերացումներ ունէին մաքրագործման մասին: Դրա համար փարաւոնի ողջ շքախմբին իր հետ միասին թաղում էին (մաքրագործումն օրէնսդրական սահմանափակում է, որը կիրառւում է իշխանափոխութիւնից յետոյ` նախկին իշխանութեան կողմնակիցների իրաւունքների սահմանափակման համար): Քանզի շատ քիչ են այն մարդիկ, ովքեր ստանալով թագը, մարդ են մնում: Իսկ երբ ժամը գայ` ժամանակն ամէն ինչ իր տեղը կը դնի:

Յստակ է, որ Հայաստանի Հանրապետութեան ներկան, ապագան եւ ընդհանրապէս զարգացման ու գոյատեւման պայմանները մեծապէս կապուած ու պայմանաւորուած են հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւններով, հարաւկովկասեան եւ մերձաւորարեւելեան տարածաշրջանային զարգացումներով: Հետեւաբար ճիշդ արտաքին քաղաքական որոշումների ընդունումը հրամայաբար պահանջում է հաշուի առնել այս հանգամանքները: Հիմա Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը կարծես թէ ցանկանում են հաստատակամ տանել արեւմտեան ուղղութեամբ, դէպի Պրիւքսէլ եւ Ուաշինկթըն: Ի հարկէ, եթէ Հայաստանը լինէր օրինակ արեւելեան կամ կենտրոնական Եւրոպայում, կամ լինէր մերձբալթեան պետութիւն, պարզ է, որ ապուշութիւն կը լինէր այլ ճանապարհ ընտրելը, որովհետեւ արեւմտեան քաղաքական համակարգերն ու տնտեսութիւնները այսօր զարգացման ամենաբարձր մակարդակն ունեն եւ օրինակելի են բոլոր ազգերի համար: Սակայն արտաքին քաղաքական ուղու յաջողութիւնը առաջին հերթին պայմանաւորւում է աշխարհագրութեամբ, իսկ այդ գործօնի անտեսումն անկասկած նոր մարտահրաւէրներ եւ կորուստներ կը բերի:

Առաւել իրատես լինելու համար անկասկած կարեւոր է նորովի դիտարկել եւ իրատեսօրէն գնահատել մեզ շրջապատող պետութիւնների վերաբերմունքը Հաւաքական Արեւմուտքի նկատմամբ: Ւրանը եւ Ռուսաստանը Արեւմուտքի հետ կոշտ ռազմաքաղաքական դիմակայութեան մէջ են, որի համար էլ ենթարկըւում են դրակոնեան պատժամիջոցների: Թուրքիան եւ ողջ արաբական աշխարհը Գազայի հատուածում ընթացող պատերազմի պատճառով խիստ ընգծուած բացասական վերաբերմունք ունեն: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիտանն օրերս յայտարարեց, որ Արեւմուտքն այլեւս ոչ մի բարոյական իրաւունք ունի խօսելու մարդու իրաւունքներից եւ արժէքներից: Ատրպէյճանը, ռազմաքաղաքական ինտէգրման մէջ է Թուրքիայի հետ եւ միաժամանակ հմտօրէն մանեւրում է Ռուսաստանի ու Իրանի մէջտեղում, հիմա նոյնպէս բացասական է ընդունում Հայաստանի վրայ ԱՄՆ եւ ԵՄ ազդեցութեան տարածման իրողութիւնները: Եւրոդիտորդների ներկայութեանը բացասական գնահատականներ են տրուել ե՛ւ Մոսկուայի, ե՛ւ Թեհրանի ե՛ւ Պաքուի կողմից: Մնաց Վրաստանը, որտեղ օտարերկրեայ ազդեցութեան մասին օրէնքի ընդունումից յետոյ, յարաբերութիւնները Ուաշինկթընի եւ Պրիւքսէլի հետ գլխիվայր են շրջըւել, դադարեցուել են արեւմտեան օգնութիւնները եւ նոյնիսկ պատժամիջոցների մասին են խօսում արդէն: Այստեղ պատճառն ի հարկէ հասկանալի է, Վրաստանը չմիացաւ հակառուսական պատժամիջոցներին: Սրանք փաստարկներ են, որոնք անքննելի ճշմարտութիւններ են եւ այստեղ նորոյթ յայտնագործուած չէ: Պարզապէս համոզուած եմ, որ այս ամէնը գիտեն, գուցէ ինձնից էլ շատ աւելի լաւ բոլոր նրանք ովքեր սկսել են եւրոինտեգրման հանրաքուէի կազմակերպման եւ անցկացման աշխատանքները: Եւրոինտեգրմանը ոչ ոք էլ դէմ չէ, բայց հաշուի չառնել այս իրողութիւնները շատ վտանգաւոր է: Այնպէս որ, փաստօրէն, ճակատագիրն էլ հաստատուն չէ, այլ կախման մէջ է մարդու քաղաքական ընտրութիւնից…

Տարիների փորձը ցոյց տուեց, որ Հայաստանի ղեկավարներին երբեք պէտք չեն եղել եւ ձեռնտու չեն եղել մտածող, խելացի, սկզբունքային մասնագէտներ: Նրանց մշտապէս պէտք են եղել անասնական բնազդով տականքներ, որպէսզի հեշտ կառավարեն: Այնինչ, ճիշդ հակառակն է` խելացիների հետ ամէն ինչ աւելի հեշտ է, իսկ աշխատանքն աւելի արդիւնաւէտ:

Սովորաբար ծաղիկը պիտի լինի իր թփի վրայ, ոչ թէ խանութում: Յամենայն դէպս, ես դեռ ծաղկամաններում ժպտացող ծաղիկներ չեմ տեսել: Թուրքերն ի սկզբանէ դա լաւ գիտէին ու լաւ հասկանալով, որ հայերին կռուով չեն յաղթի, նրանց ծնկի բերեցին թրքաբարոյ` ներքին թշնամու միջոցով, որին օգտագործելով կարողացան ոչ միայն ցեղասպանել ու հայրենազրկել, այլեւ ժամանակի ընթացքում հիմնականում արմատախիլ անել ու դուրս մղել նաեւ բոլոր հայաշատ հայաստանամերձ (Սիրիա, Լիբանան) երկրներից: Իսկ մենք, Հայաստանում կարծում էինք, որ սփիւռքը մեր ռեսուրսն է, մկաններն ու երկրորդ, գուցէ աւելի ուժեղ բազուկը: Արդեօք այսօ՞ր էլ ենք այդպէս մտածում: Եթէ անգամ այո, ապա առնուազն յետոյ աւելացնում ենք, որ չգիտենք, թէ ինչպէս այդ ռեսուրսն օգտագործել: Այսինքն` պատերազմից յետոյ սփիւռքը առկայից դարձաւ պոտենցիալ ռեսուրս: Պատահական չի, որ հայաստանաբնակներիս մտքում ապրող սփիւռքի հանդէպ այս յուզական սառնութիւնն իր եղեամն է կապում 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ:

Վերջերս Երեւանում տեղի ունեցաւ Հայաստան-Սփիւռք 11-րդ կրթական խորհրդաժողովը, որի ընթացքում Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսեանը յայտարարեց, թէ սփիւռքում իրականացուող կրթական ծրագրերը պէտք է առաւելագոյնս համահունչ լինեն Հայաստանում կրթական բովանդակութեանը: որպէսզի սփիւռքում ապրող հայրենակիցները երբ իրենց ընտանիքների հետ վերադառնան հայրենիք, երեխաներն աւելի հեշտ կարողանան ինտէգրուել տեղի կրթական համակարգին: Հետաքրքիր է, հաշուի առնելով սփիւռքի բազմաշերտ եւ բազմալեզու լինելը, ինչպէ՛ս է նման սիրողական մակարդակի ծրագիրը կեանքի կոչուելու: Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ արդէն որերորդ ՀՀ-Սփիւռք հանդիպումը մետիադաշտում գրեթէ աննկատ է անցնում: Կարծում եմ` բազմապիսի այլ պատճառներից զատ, այստեղ մենք ունենք մէկ հիմնարար խնդիր. Հայաստանի հասարակութիւնը հաւաքական սփիւռքի նկատմամբ այլեւս նախկին ոգեւորութիւնը չի զգում: Իսկ այս սառցէ պատը սփիւռքի եւ Հայաստանի միջեւ ամենայն հաւանականութեամբ սկսեց կարծրանալ 2020 թուականի պատերազմի ժամանակ: Երբ Սերժ Թանկեանն իր տեսաուղերձում յայտարարեց` ի հարկէ պարտուել ենք, բայց կարեւորը` ունենք դեմոկրատիա: Իրականում պատերազմից յետոյ Հայաստանի ու սփիւռքի յարաբերութիւնները սառել են, որը, կարծում եմ, այլեւս դժուար է հերքել: Խօսքը Հայաստանի հասարակութեան լայն ընկալումների, իսկ աւելի ճիշդ` պայմանական սփիւռքի հետ յուզական կապի աղճատման մէջ է:

Մենք, իսկապէս կարծում էինք, որ սփիւռքը մեր ռեսուրսն է: Մեր մկաններն ու երկրորդ, գուցէ աւելի ուժեղ բազուկը: արդեօք այսօ՞ր էլ ենք այդպէս մտածում: Եթէ անգամ այո, ապա առնուազն յետոյ աւելացնում ենք, որ չգիտենք, թէ ինչպէս ռեսուրսն այդ օգտագործել: Այսինքն` պատերազմից յետոյ սփիւռքն առկայ ռեսուրսից դարձաւ պոտենցիալ ռեսուրս: Իսկ պոտենցիալը… Եթէ ջրում լողացող ձուկն էլ է պոտենցիալ կեր, հողը չդրուած սերմն էլ է պոտենցիալ թզենի եւ այլն: Կարծում եմ, որ մեզ երբեմն շատ է խանգարում այն մեծ միֆը, որով միշտ պարուրուած է եղել սփիւռքը: Մեզ թւում է, որ եթէ էլի երկրաշարժ լինի, Շառլ Ազնաւուրները կ’օգնեն, եթէ կռիւ լինի` Մոնթէ Մելքոնեանները կը գան, Միշուստինն ու Լաւրովը եթէ մերն են, սփիւռքը չի թողնի, որ մեր մէջքը կոտրեն: Պատերազմն սկսուեց: Մոնթեները չեկան: Լաւրովն էլ, պարզուեց, ընդամէնը ռուսաստանցի էր: Շատ չմանրամասնենք, քանզի անտանելի ցաւոտ թեմա է: Այնքան ցաւոտ, որ յար եւ նման է ծնողի ու որդու խռովելու, իրար չհասկանալու երեւոյթին: Իսկ իմ կեանքում սփիւռքի հետ կապուած շատ պահեր կան, որ չեն մոռացւում, ինչպէս որ կեանքում, որտեղ մարդիկ էլ կան, որ չեն մոռացւում ու նրանց ոչ ոք չի փոխարինում: Յետոյ էլ ինձ համար խորթ է եւ վստահ եմ, որ դա լաւ տեղ չի տանի, բայց շատերը շուրջը չեն նայում, այլ ուրիշների կեանքը մեկնաբանում են ըստ իրենց ինքնակենսագրութեան: Իսկ կեանքի աւարտ մահը մեր ցանկութեամբ չէ, այլ Աստծոյ, որովհետեւ այնտեղ այլեւս տականքները տեղ չունեն, եւ ինչպէս կարդացի վերջերս, մահն այնքան էլ վատը չի, ինչպէս մենք ենք պատկերացնում: Յաւերժութեանն ուղղուած հայեացքն էլ ճանապարհին կանգ չի առնի այնպիսի մանրուքների վրայ, ինչպիսին են նախանձն ու չարակամութիւնը, այլ հանդարտ ու հաստատակամ կը հարթի իր ճանապարհը: Յուսամ հայի հայեացքն էլ ի վերջոյ կ’ուղղուի յաւերժին…

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

26.08.2024

«Պայքար» շաբաթաթերթ