Նախագահական ընտրութիւնները ԱՄՆ-ում եւ մենք

Այս աշխարհում` աղքատները քիլոմեթրերով քայլում են կերակուր գտնելու,

իսկ հարուստները` կերակուրը մարսելու համար:

 

Դպրոցում ուսանելու տարիներից սկսած, իսկ համալսարանում առաւել եւս, կոմունիստական գաղափարախօսութիւնը մեզ ուսուցանում էր, որ մարդկային զանգուածներն են կերտում պատմութիւնը, իսկ անհատներն ընդամէնը դրա կամակատարներն են: Տարիների ընթացքում կուտակածս գիտելիքներն ու կեանքի կենսափորձն ապացուցեցին, սակայն, որ բոլոր հասարակութիւններում նրա շարժիչ ուժը եղել են ու կան խելացի եւ խիզախ անհատները (չնայած պահանջուած լինելուն դրանք մեզանում ցաւօք այսօր չկան): Հզօր անհատականութիւնները վճռական դերակատարութիւն են ունեցել եւ ունեն պատմութեան ձեւաւորման գործում: Իսկ երբեմն ուղղակի նրանք են վերաձեւում այդ ընթացքը, աւելին, ուղղորդում են այն: Օրինակներ` ինչքան ուզէք, ուղղակի դրանց թուարկելը հատորներ կը զբաղեցնի: Խօսենք մեր օրերից…

Վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրութիւններում յաղթեց եւ ԱՄՆ 47-րդ նախագահ դարձաւ Տոնալտ Թրամփը: Այդ ընտրութիւնները ցոյց տուեցին, որ քաղաքականութիւնը խարիզմա է սիրում, յանդգնութիւն է սիրում, հաշւարկ է սիրում, մշակուած ու խելառ մարտավարութիւն ունեցողներին է սիրում, քաղաքական կենդանիներին է սիրում: Միեւնոյն ժամանակ` քաղաքականութիւնն ատում է իրաւաբանութիւնն ու գրուած կանոնները, ատում է կրկնութիւնն ու տաֆտալոգիան, ամբոխավարութիւնն ու միջակութիւնը: Նա անողոք է կանխատեսելիների նկատմամբ եւ բարեհաճ յամառ համբերատարների: Վերջապէս, քաղաքականութիւնն իրեն սիրողներին է սիրում, այլ ոչ թէ իրենով զբաղւողներին: Այս յետնախորքի վրայ աշխարհի թիւ մէկ քաղաքական պրագմատիկը կարծես դառնում է Վիկտոր Օրբանը, իսկ թիւ մէկ «քաղաքական կենդանին»  կրկին Տանալտ Թրամփը:

Ամբողջ աշխարհը շունչները պահած` սպասում էին ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքին: Այսօր էլ` Թրամփի կառավարման մեկնարկին: Ակնյայտ է, որ ԱՄՆ նախագահական ընտրութիւնները կարեւոր էին աշխարհի բոլոր երկրների համար, յատկապէս այն ճակատագրական կը լինի Ուքրանիայի ու նաեւ մեր համար: Մի բան յստակ է, որ այս ընտրութիւնները տեղի ունեցան աշխարհաքաղաքական բացառիկ բարդ իրավիճակում` ռուս-ուքրանական պատերազմ, մերձաւորարեւելեան պատերազմ, պայքար ազդեցութեան ոլորտների ճշգրտման համար եւ այլն: Թէեւ մեծ են սպասելիքները, սակայն կարծում եմ, որ այս դէպքում քիչ բան կը փոխուի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնում: Թրամփը խոստացել է շատ կարճ ժամանակում դադարեցնել ուքրանական հակամարտութիւնը, որը կարծում ենք, այնքան էլ հեշտ չի լինի: Արդէն այդ խնդրի պատճառով Եւրոպան միակարծիք չէ: Դժուար է նաեւ միանշանակ պնդել, որ Մերձաւոր Արեւելքում իրավիճակն արագ կը կարգաւորուի: Հասկանալի է, որ ԱՄՆ-ում չեն կարող անտեսուել նաեւ սոցիալական խնդիրները:

Թրամփի կողմից պատերազմներն աւարտելու հնարաւորութեան հարցն այսօր համաշխարհային քննարկման առարկայ է: Հետաքրքիր է, որ նա աւելի շատ խօսում է ռուս-ուքրանական պատերազմի դադարեցման մասին, քան` իսրայէլա-պաղեստինեան: Այս դէպքում կարեւոր է, որ նա եթէ փորձի երկուսն էլ դադարեցնել, ապա ակնյայտ է, որ առաջինի դէպքում նա պէտք է պաշտպանի ռուսներին, երկրորդի դէպքում` հրեաներին: Ինչու՞, քանի որ`

  1. 1. Թրամփը չի կարող ստիպել ռուսներին կանգ առնել, իսկ դա կը նշանակի շարունակել Պայտընի կուրսը: Այսինքն` շարունակել զինել Ուքրանիային: Բայց նա դրան դէմ է արտայայտուել եւ հաստատ ուքրանացիներին չի աջակցի: Իսկ ռուսները կը դադարեցնեն, եթէ Ուքրանիան կատարի իրենց պահանջները` հրաժարուի իրենց գրաւած տարածքներից, համաձայնուի դառնալ չէզոք պետութիւն, չանդամակցի ՆԱԹՕ-ին եւ այլն: Սրան էլ Ուքրանիան չի համաձայնուի: Այս դէպքում Թրամփը նրան չի օգնի, որն էլ կը յանգեցնի նրա կապիտուլեացիային: Թրամփը նոյնիսկ կարող է Եւրոպային էլ ստիպել գնալ իր հետեւից, հակառակ դէպքում սպառնալով դուրս գալ ՆԱԹՕ-ից, որը մահացու կը լինի Եւրոպայի համար: Պատահական չէ, որ վերջերս Թրամփի աւագ խորհըրդական Պրայեան Լանզան

BBC-ին հետեւեալն է ասել. «Թրամփի վարչակազմը Զելենսքիին կը խնդրի արտայայտել խնդրի լուծման իր տարբերակը: Դա ոչ թէ յաղթանակի, այլ խաղաղութեան տեսլական պէտք է լինի եւ եթէ Ուքրանիայի առաջնահերթութիւնն է հետ վերցնել Ղրիմը եւ ստիպել ամերիկացի զինուորներին կռուել դրա համար, այդ դէպքում թող ինքնուրոյն գործի»: Իսկ սա նշանակում է Ուքրանիայի փաստացի կործանում: Դժուար է ասել նաեւ, որ Ուքրանիան կամ Ռուսաստանը կը համաձայնուեն շրջանառուող ապառազմականացուած գօտի ստեղծելու տարբերակին: Քանի որ, ինչպէս ասել է Պիսմարկը, ռուսներն ինչ էլ որ լինի մինչեւ վերջ կը գնան իրենց կորցրած փողերի հետեւից: Արեւմուտքն էլ հազիւ թէ գերադասի Ուքրանիայում կռուի շարունակութիւնը, քան ՆԱԹՕ-ի փլուզումը: Հաւանական է, որ շէն երկիրը ՙմայդաններով՚ քանդողներն էլ ստիպուած կը զոհաբերեն Զելենսքուն:

  1. Թրամփն ընդդէմ Իսրայէլի երբեք չի գնայ, քանզի այս երկիրն ԱՄՆ-ի հետ փոխկապակցուած է գործում: Աւելին, ԱՄՆ-ը չի կարող շեղուել Մերձաւոր Արեւելքում իր երկրի աւանդական քաղաքականութիւնից:

Թրամփի ընտրուելը մեզ ոչինչ չի տալու: Մինչ այդ էլ ԱՄՆ-ը մեզ օգնել է զուտ մարդասիրական առումով, բայց ոչ երբեք` քաղաքական: Այսինքն` մենք պէտք է պատրաստ լինենք, որ Ռուսաստանն յառաջիկայում կը վերադառնայ այս տարածաշրջան, կը պահանջի, որ արեւմտեան դիտորդները հեռանան եւ Ատրպէյճանի հետ պայմանագիր կնքել կը տայ իրեն ձեռնտու տեսքով: Այնպէս որ, պատմական փորձն էլ է յուշում, որ ռուսները եթէ գնան էլ, էլի հետ են գալու, ինչպէս 1918-ին. գնացին, 1920-ին հետ եկան: Իսկ մենք կորցրեցինք Կարսը, Նախիջեւանը, Իգդիրը, Պայազետը եւ այլն: 2022-ին էլ գնացին, կորցրեցինք Արցախն ու այլ տարածքներ: Այսինքն` այդպէս էլ մեր գլխի տէրը չդարձանք: Ապաւինում ես մէկին, կռուի առարկայ ես դառնում: Այդ են վկայում նաեւ գնալով թախծոտ երանգ ստացող մեր արեւմտամէտների ՙերգացանկը՚: Մէկ ընդ միշտ պիտի հասկանանք, որ մեր քաղաքական չարչրկուած սայլը մենք պիտի քաշենք: Այս առումով կարծես ճիշդ են կողմնորոշուել Հայ դատի գրասենեակները, որոնք նախկինում մեծ գումարներ էին ծախսում, որ ԱՄՆ նախագահը ընտրուելուց յետոյ արտասանէր ցեղասպանութիւն բառը: Պայտընն ասաց, բայց ոչինչ չփոխուեց: 44-օրեայի ժամանակ մեզ սպիտակ ֆոսֆորով էին գընդակոծում, Թրամփը լռում էր: Լաչինի միջանցքը փակւում էր, Արցախը հայաթափւում, Պայտընը միայն յայտարարութիւններ էր անում: Իսկ հիմա Թրամփը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացաւ ընտրուելու դէպքում աջակցել արցախահայերին: Ցեղասպանութեան շահարկումից պրծան, հիմա Արցախի հարցն են շահարկում: Այնպէս որ, պիտի հասկանանք, որ մեր գործը չէ, թէ ով ընտրուեց, քանզի պատմութեան ընթացքում ինչ յաղթանակ որ տարել ենք, մենք ենք տարել եւ բոլոր հզօր ՙպապաներին՚ մենք շատ քիչ ենք հետաքրքրում:

Այս պարզ ճշմարտութիւնը չըմբռնելով` այսօր էլ Հայաստանում բուռն զարգացում է ապրում Թրամփագիտութիւնը: Ծիծաղելի եւ զուարճալին այն է, որ մեր արեւմտամէտ հատուածը, մինչեւ ընտրութիւնները Թրամփի քաղաքական վախճանի ժամերն էին հաշւում, իսկ հիմա ծղրտալով մանրամասն նկարագրում են նրա բոլոր քայլերը: Անկեղծ ասած այսպիսի թրամփագէտների հեղեղ չէի պատկերացնում: Մտածում էի, որ ամերիկագէտ հակառուս կանխագուշակներն այսուհետ կը լռեն, բայց սխալուեցի: Եթերը պայթում է Թրամփագէտ/ամերիկագէտների յանուն հայ ժողովրդի բարգաւաճման ԱՄՆ-ի կողմից արուելիք քայլերի կանխատեսումներով ելոյթներից:

Ամփոփենք: ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւններն աւարտուեցին: Մեր համեստ դիտարկումների արդիւնքում դրանք առանձնացան մի քանի կարեւոր հանգամանքներով`

ԱՄՆ-ի ամբողջ պատմութեան ընթացքում երկրորդ դէպքն է, որ նախկինում պաշտօնավարած նախագահը պարտուելով մի ընտրական փուլի պայքարում` յաղթում է յաջորդում եւ երկրորդ անգամ դառնում նախագահ:

Բոլոր նախկին նախագահների հանդէպ ունեցած խորին յարգանքովս հանդերձ նշեմ, որ Թրամփն ընտրուեց ոչ որպէս հերթական կուսակցական ղեկավար, այլ այս անգամ` որպէս առաջնորդ:

ԱՄՆ երկկուսակցական համակարգի առանձնայատկութիւններից մէկը. նախագահական ընտրութիւններում պարտուած կուսակցութիւնը ոչ յետին պլան է մղւում, արհամարւում եւ յայտնւում է լուսանցքում, այլ շատ յաճախ վերականգնում է իր դիրքերը Կոնգրէսում վերահսկողութիւն հաստատելով պալատներից մէկի, երբեմն նոյնիսկ երկուսի վրայ էլ: Երկրի նախորդ քաղաքական պատմութիւնը դրա վառ վկայութիւնն է:

Որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ շարքային հայ մարդ առիթն օգտագործելով ցանկանում եմ մեր քաղաքագէտների ուշադրութիւնը հրաւիրել յատկապէս այս վերջին հանգամանքի վրայ եւ կոչ անել այսուհետեւ իրապէս քաղաքական պայքար մղել իշխանութեան եւ ոչ թէ լինել-չլինելու համար:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրոֆէսոր

Երեւան

17.11.2024

«Պայքար» շաբաթաթերթ