Շնորհաւոր Տարեդարձդ, ՌԱԿ

Սուրէն Թ. Սարգսեան, Պատմաբան, ՌԱԿ Հանրապետական վարչութեան ատենադպիր

1921 Թ. Հոկտեմբերի 1-ին հիմնադրուեց Հայ անդրանիկ Արմենական կազմակերպութեան լաւագոյն աւանդոյթների կրող ու ժառանգորդ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը: ՌԱԿ-ի ծնունդը արդիւնք էր երկարատեւ եւ յամառ ջանքերի:

1885 թ. Վանում հիմնադրուած եւ զգալի յաջողութիւններ արձանագրած Արմենական կուսակցութիւնն իր պանծալի առաջնորդ՝ Մկրտիչ Աւետիսեանի առաջնորդութեամբ փայլուն իրականացնելով 1896 թ. հերոսական ինքնապաշտպանութիւնը՝ հետագայում զոհ գնաց թուրքական խարդաւանքներին եւ խիստ թուլացաւ: Վերակազմակերպուելու եւ ուժերը համախմբելու գործունէութիւն ծաւալած արմենականները քաղաքական նոր իրավիճակում միաւորուելով այլ ուժերի, 1908 թ. Հոկտեմբերի 31-ին ստեղծեցին Հայ Սահմանադրական-Ռամկավար կուսակցութիւնը:

Տուրք տալով ազատութեան մասին երիտթուրքերի հռչակած կեղծ յայտարարութիւններին՝ ՀՍՌԿ-ն հրաժարուեց արմենականութեան ռազմավարութիւնից ու մարտավարութիւնից եւ իր նպատակը համարեց երիտթուրքերի հռչակած սահմանադրութեան աւելի դեմոկրատացումը: Սակայն շատ շուտ յայտնի դարձան 1908 թ. «յեղափոխութեան» խաբկանքը եւ երիտթուրքերի իրական՝ հայերի բնաջնջելու եւ հայրենազրկելու նպատակները, որը սթափեցրեց ՀՍՌԿ-ին եւ ստիպուած այն շուտով հրաժարուեց «Սահմանադրական» եզրից: Միաժամանակ յստակ դարձաւ, որ բարեշրջումների միջոցով հայութեան ազատութեան հասնելու նրա ծրագիրն այլեւս ժամանակավրէպ էր: Հասունանում էր նաեւ նոր կուսակցութիւն ստեղծելու գաղափարը:

Կուսակցութեան Հայաստանի շրջանակը 1919 թ. իր համագումարում ընդունեց Հայ Ռամկավար կուսակցութիւն անուանումը, իսկ Ամերիկայի շրջանակը նոյն 1919 թ.՝ հիմնեց Ազգային Ռամկավարական կուսակցութիւնը:

Զուգահեռաբար նմանատիպ գործընթաց էր տեղի ունենում նաեւ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան ներսում: Կուսակցութեան Ամերիկայի հատուածը 1918 թ. կոչուեց Հայ Ազատական կուսակցութիւն: Ակնյայտ էր, որ նոր անուանումների որոնումներն արդէն վկայում էին արմատական փոփոխութիւնների մասին, քանի որ ստեղծուել էին նոր պայմաններ եւ նրանց հիմնական առաքելութիւնը Եղեռնից հրաշքով փրկուած ժողովրդին սատարելն էր, այլ խօսքով՝ հայապահպանութիւնը: Նպատակ, որը իրարից անկախ տեղ գտաւ երկու կուսակցութիւնների ծրագրերում էլ: Կեանքի կոչուեց քաղաքական մի հաւատամք, որը դարձաւ ապագայ ՌԱԿ-ի գաղափարախօսութեան եւ գործունէութեան հիմնաքարը՝ Հայաստան եւ Հայ ժողովուրդ: Այսինքն՝ հայութեան գոյապահպանութիւն հայրենիքում եւ սփիւռքում:

Ազատականների եւ ռամկավարների ծրագրերի համահունչ լինելը թելադրում էր նրանց մէկ կուսակցութեան մէջ միաւորելու անհրաժեշտութիւնը: Մի խումբ նշանաւոր կուսակցութիւնների 1919 թ. Փարիզում տեղի ունեցած խորհրդակցութեան արդիւնքում կազմւում է «Հայ Ազգային Ազատական միութիւն» անունով Գործադիր մարմինը եւ ՀՍՌԿ-ի ու վերակազմեալ Հնչակեանների կողմից նշանակւում են երեքական լիազօր ներկայացուցիչներ սկսուած միաւորման բանակցութիւնները տրամաբանական աւարտին հասցնելու համար:

Ի վերջոյ 1921 թ. Կ. Պոլսում գումարուած կուսակցութեան անդրանիկ համագումարը հռչակում է Ռամկավար Ազատական կուսակցութիւնը: Ընդունւում է ծրագիր, որը թիւ մէկ խնդիր էր համարում հայապահպանութիւնն ու հայութեան հզօրացումը, «ՌԱԿ-ը պիտի ջանայ մասնաւորապէս, որ ազգայնական գաղափարը զօրանայ, մեծնայ եւ տարածուի հայ ժողովուրդին սիրտին մէջ»:

Շուրջ մէկ դար ՌԱԿ-ը ամէն ջանք գործադրեց իր պատուաւոր առաքելութիւնը կեանքի կոչելու համար: Արեց ամէն ինչ, որ հայութեան աշխարհասփիւռ հատուածները համագործակցեն, սատարեն միմեանց ու հայրենիքին: Որ Հայաստանը վերածուի կենտրոնաձիգ մագնիսական ուժի ամբողջ հայութեան համար: Նոյնիսկ Սառը պատերազմի դժուար տարիներին, երբ հայութեան երկու հատուածները երկաթեայ վարագոյրով պատնեշուած էին միմեանցից, ՌԱԿ-ը մշակութային, եկեղեցական, սպորտային եւ այլ խողովակներով պահպանեց կապը հայրենիքի հետ՝ սփիւռքում մշտապէս սերմանելով, որ վարչաձեւերն անցողիկ են, իսկ Հայաստանը հայութեան միակ հայրենիքն է:

Շնորհաւորելով բոլոր ռամկավարներին յոբելեանի առթիւ, ցանկանում եմ այսուհետ աւելի հզօր, համախմբուած ու միակամ տեսնել կուսակցութիւնս: Մաղթել, որ ներկայ որոշ տարաձայնութիւններն առյաւէտ վերանան եւ հպարտ, արմենականութեան հերոսական ու զուլալ ակունքներին, Թէքէեանների, Տամատեանների, Չոպանեանների, Ահարոնեանների եւ միւս մեծերի պատգամներին ու աւանդոյթներին վայել պահուածքով, հզօր ու լաւատես շարունակել մեր անխախտ յառաջընթացը եւ արձանագրել յաջողութիւններ քաղաքականութեան մէջ:

«Նոր Կեանք-Արօր» թիւ 1, 22.10.1921: