ՈՒՂԻՂ ՆԱՅԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ՈՐ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿԵՐՏԵՆՔ

 

Հողը հարուստներն են տնօրինում,  իսկ հայրենիքի տէրն ու պաշտպանը աղքատներն են:                                                                                          

Հին արեւելեան ասացուածք

 

Մեր քաղաքական դերակատարները միաբերան թէժ աշուն էին կանխատեսում, սակայն Սեպտեմբերը կիսուեց, իսկ անակնկալ անորոշութիւնները դեռ առջեւում են: Գուցէ ինքս եմ կեանքից յետ մնացել. շշմած կանգնել եմ ժամանակների մեծ խաչմերուկում, որտեղ ներկան շրջուեց եւ անցեալը սուրաց` ապագան հեծած: Ակամայ մտածում եմ՝ մի՛ հետեւիր մեծամասնութեանը, միշտ չէ որ նա իրաւացի է, աւելի լաւ կը լինի հետեւել ճիշդ ճանապարհին, քանզի ազնւութիւնը` կեանքում միակ բանն է որը երբեք չի արժեզրկւում: Կեղծաւորներին էլ հանդուրժում են, բայց չեն սիրում: Դա պէտք է ամէն ոք իմանա՛յ: Հիմա էլ հին ու նոր դէմքեր դէպի եւրոմիութիւն գնալու հարցով հանրաքուէի կոչեր են հնչեցնում: 200 տարի առաջ էլ հայերի տափակ ուղեղներում կաթեցրին այն միտքը, որ աւելի լաւ է Ռուսաստանի գուբերնիա դառնայ, քան՝ թուրքական վիլայեթ ու այդ ժամանակներից ռուսն ու թուրքը պարբերաբար վնասում, կոտորում ու վտարում են մեզ մեր հայրենիքից: Իսկ ես մտածում եմ, որ Հայաստանը ինքնիշխան պիտի մնայ, տէր կանգնի իր հայրենիքին ու արժանապատուութեանը: Իսկ որ ոմանք ահաբեկում են, թէ Հայաստանն ինքնաբաւ չի եւ չի կարող ինքնուրոյն լինել, ապա յստակ է, որ մեր օրերում ոչ մի երկիր էլ բացարձակ ինքնաբաւ չի: Հետեւաբար, որպէս մեր մոլորակի ժողովուրդների ընտանիքից, մենք պիտի կարողանանք դրա արժանապատիւ անդամներից մէկը լինել, արձագանգել այդտեղ ընթացող գործընթացներին, փորձել բարեկամանալ բոլորին եւ դրանից օգուտներ քաղել ի շահ ժողովրդի:

Ուքրաինական բանակի յարձակումը ՌԴ Կուրսկի մարզում, անսպասելի եւ անկանխատեսելի էր բոլորի համար: Սակայն խնդիրը ոչ թէ անսպասելիութեան եւ անկանխատեսելիութեան մէջ է, այլ ռուս-ուքրաինական պատերազմի յետագայ ընթացքի եւ հնարաւոր հետեւանքների գլոբալ ազդեցութեան: Ի հարկէ, տեսակէտներն ու տեղեկատուութիւնն այնքան իրարամերժ են եւ հակասական, որ կռահել դէպքերի ընթացքը դառնում է բաւականին դժուար: Արեւմտեան կենտրոնները փառաբանում են ուքրաինական բանակի գործողութիւնները, յայտարարում, որ ռուսները հիմա պիտի մտահոգուեն ոչ միայն ազգային անվտանգութեամբ, այլեւ անվտանգ ազգութեամբ: Ռուսական աղբիւրներն այն համարում են ահաբեկչութիւն եւ արկածախնդրութիւն, որն աւելի է բարդացրել Քիեւի վարչակարգի դրութիւնը: Կուրսկի համար մղուող պայքարի յետնախորքի վրայ շատերի ու նաեւ մեր համար զարմանալի էր Փութինի այցը Պաքու: Բայց այստեղ զարմանալի ոչինչ կայ: Կուրսկում ուքրաինական կամ աւելի ճիշդ ՆԱԹՕ-ի առաջխաղացումը կրում է ժամանակաւոր բնոյթ: Ինչքան էլ տեղիս գրանդակերները ուքրաինացիների գովքն անեն, որի առաջխաղացումը մեզ համար կամ եղած կամ չեղած, Արեւմուտքն ընդհանուր առմամբ տանուլ է տալիս:

ԱՄՆ-ն էլ շահագրգռուած չէ Իսրայէլի կողմից շարունակուող պատերազմի ընդլայնմամբ եւ մեսիջներ է ուղարկում Իրանին` Իսրայէլի վրայ հնարաւոր յարձակման բացառման ցանկութեամբ: Իսրայէլը հասկանալով, որ ԱՄՆ-ը կողմ է Գազայում զինադադարին, Ատրպէյճանից իր ուժերն է քաշում, որպէսզի սիրաշահի Իրանին: Զանգեզուրի «միջանցքի» պահանջի հարցով Արեւմուտքն Ատրպէյճանին ստիպում է խնդիրն ապագային թողնելու մասին յայտարարութեամբ հանդէս գալ: Էրտողանն էլ իր եղբայր Ալիեւին հասկացնում է, որ առանց իրեն գրեթէ ոչինչ է, նոյնիսկ Արցախի գրաւումը իր հետ կապելով եւ այլն: Կարծում եմ այս իրավիճակը յանգեցրեց նրան, որ փորձուած Փութինը շտապ սկսում է խփել Արեւմուտքի խաղաքարտերը: Ատրպէյճանն այս պարագայում կրկին համաձայնւում է հայերի հետ հաշտութեան հարցը տեղափոխել կրկին «ռուսական հարթակ»: Մեր վերնախաւին էլ հասկացրին, որ`

  1. Հայաստանը կրկին պէտք է վերադառնայ «ռուսական» հարթակ:
  2. Զանգեզուրեան ճանապարհը ինքն է վերահսկելու եւ եթէ հայերը ճիշդ գործեն՝ չի լինելու որեւէ արտատարածքային միջանցք: Ատրպէյճանն այս առումով խօսք չունի: Սահմանազատման հարցն էլ իր քաւորութեամբ է լինելու:
  3. Յոյս մի կապէք Ռուսաստանի փլուզման հետ: Ուքրաինացիները չունեն մարդկային ռեսուրսներ, Արեւմուտքը Ուքրաինայի տեղը յաւերժ չի կռուելու:
  4. Զելենսքին արդէն հասկանում է, որ Արեւմուտքն իրեն կը զոհաբերի, դրա համար ներխուժեց Կուրսկ, հիմա նրա ճակատագիրը ռուսների ձեռքում է: Նա համակողմանի խփուած խաղաքարտ է:

Մեր գրածն ի հարկէ, ռուսասիրութիւնից չի բխում: Այդպէս կարող են մտածել յիմարներն ու ծախուները: Մենք ելնում ենք այն իրողութիւնից, որ փոխելով հարթակը՝ տուեցինք Արցախը՝ դիմացը միայն կեղծ դատավճիռներ շահելով: Կորցրեցինք տաւուշեան գիւղերը, որոնք եթէ սահմանազատում էլ չլինէր, ապա նախկին կարգավիճակում էին այսօր: Ատրպէյճանը երբեք չէր համարձակուի առաջ գալ: Արեւմուտքը մեզ գցեց: Ռուսներն էլ հնարաւոր է մեզ աւելի փոքրացնեն, եթէ ճիշդ չհասկանանք իրավիճակը: Յիշենք, թէ ինչ է ասել նոյն Փութինը` «Քաղաքականութիւնը փոխզիջումների մշակոյթ է»: Եթէ սա հասկանանք, մեզ կը սկսեն յարգել: Իսկ մնացածը պատուախնդրութիւն դաշտից է: Ինքնավստահ Իլհամն համարեա ծնկաչոք է:

Ինչ ենք կորցրել, ինչի հետեւից ենք գնում: Կարեւորը տեսականօրէն դեռ ոտքի վրայ ենք:

Այսօր խիստ կարեւոր է չվախենալ եւ ամէն ինչ սկսել նորից: Հարկաւոր է ըմբռնել, որ վերջակէտ դնելուց յետոյ մեծատառով է սկսւում ամէն նորը: Յիշել, որ հայի համար գիտելիքը զէնք է, ինքնահաստատուելու եւ ինքնապաշտպանուելու զէնք: Դէ ուրեմն գիտելիքներով զինուենք ազգովի: Թէ չէ ժողովրդավարութեան քօղի ներքոյ դարձել ենք ծայրայեղ բամբասող եւ զրպարտող հասարակութիւն. Մէկի վրիպակը միւսի աչքին գերան է, իսկ սխալը` աչք հանող չօփ: Իսկ դա ծանր մեղք է: Պիտի սթափուենք եւ պայքարենք այս կործանարար չարիքի դէմ, իւրաքանչիւրս մեզ հաշիւ տանք մեր արածների համար, դառնանք ճշմարտախօս: Ըմբռնենք, որ նրբանկատութիւնը՝ երբեմն յիմարին յիմար անուանելու մեծ գայթակղութեանը դիմանալն է…

Մարդն ընդհանրապէս չի կարող մոռանալ լեզուի պատճառած վէրքերը: Կտակարանը պատուիրում է ներել անգամ թշնամուն: Բայց թշնամու վէրքն այնքան մեծ սպի չի թողնում, որքան բարեկամինը: Ամէն անգամ` առիթը հանդիպելիս, կամա-ակամայ գիտակցութեանդ մէջ կրկին արթնանում է յիշողութիւնը, եւ սիրտդ ճմլւում է ցաւագին: Ուրեմն` մարդն ի զօրու չէ ներելու այդ բառի քրիստոնէական իմաստով, քանզի հոգու մէջ խրուած մեխը, որ ներելու մեծագոյն ցանկութեամբ դուրս է քաշել, իր հետքը, այնուամենայնիւ, թողել է: Նա ոչ թէ ներել է, այլ ուղղակի քինախնդիր չի եղել: Դա էլ մեծ առաւելութիւն է: Այդքանն էլ բաւական է մարդուն` հասկանալու, որ իր վիրաւորանքն էլ ուրիշի սրտում կարող է նոյն հետքը թողնել, ուստի պիտի կարողանայ համբերատար լինել, խօսելուց առաջ ծանրութեթեւ անել ասելիքի հետեւանքները, լաւ մտածել արձակած նետի պատճառելիք վէրքի խորութեան մասին: Սակայն ամէն ոք չէ, որ կարող է մինչեւ վերջ հաւատարիմ մնալ իր սկզբունքներին: Ամենահեշտը դիւրին եւ նպաստաւոր պահերին սրտաճմլիկ բառերով հաւատարիմ ձեւանալն է: Իսկ թէ ինչու՞ է այսպէս, որովհետեւ ամէն պահը փոփոխական է եւ անկրկնելի, բայց յաւերժի մէջ չի փոխւում ոչի՜նչ…: Ազգերի դէպքում էլ նոյնն է:

Նախկինում մարդիկ իրար հետ շփւում էին, գիւղամէջ ու հրապարակ էին դուրս գալիս տեղեկատուութիւն ստանալու, հեղինակաւոր մարդկանց լսելու համար, հիմա սոցցանցեր մտած երկիր ենք փրկում: Իսկ արդիւնքում Արցախից մնացին դրօշն ու արցախցին, Հայաստանից էլ՝ հնդիկը, թուրքն ու այս վարչախումբը: Կեանքս էլ գերի մնաց գրին ու կորստի անբուժելի ցաւին: Ուզում եմ գոռալ՝ փնտռող ու չգտնող ազգ իմ, սիրտս էլ տողերիս հետ գերի մնաց քո վէրքերին: Եւ այս համատեքստում ուզում եմ ողջ պետական կառավարման համակարգի ուշադրութիւնը հրաւիրել հետեւեալի վրայ: Շատերին թւում է, թէ ապագայ մարտական գործողութիւնները հնարաւոր է լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրեայ իրականութեան մէջ բազմաթիւ են նախադէպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ եւ ենթակառուցուածքներ են խոցում միմեանց թիկունքում: Այնպէս որ, բացի հեծանիւ քշելուց եւ խորոված ու խաշլամայ ուտելուց, պետական կառավարման ողջ համակարգը՝ սկսած ուժային կառոյցներից, վերջացրած տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով, պէտք է պատրաստ լինի նաեւ այդօրինակ սցենարներին:

Համոզուած եմ, որ Սփիւռքը Հայաստանի հետ մի հզօր երկիր կը լինի, աշխարհ կը կառուցի: Յաճախ է ինձ մօտ հարց առաջանում՝ էս վարչախումբն ինչի՞ մաս-մաս ժողովրդին, իրենից վանեց սփիւռքը, եկեղեցին…: Ու այսօր անգրագիտութիւնն ամէն ճեղքով սողոսկում է մեր կեանք ու դառնում անճոռնի առօրեայ, ոչնչութիւնը մեղաւոր փնտռելով լցնում է իր դատարկ տարածութիւնը: Ակնյայտ է, որ անհաւասար կարգավիճակում մարդիկ եւ պետութիւնները որպէս հաւասարը հաւասարի չեն կարող յարաբերուել: Ուստի մեր հասարակութեան եւ պետութեան մակարդակի բարձրացման մասին մտածել եւ գործելն է ճիշդը, թէ չէ մեր անելիքը թողած մեղաւորներ ենք փնտռում շարունակ: Ու այդ անվերջ գործընթացում դեռ քանի՜ խոստովանութիւն կուլ կը գնայ անվստահութեանը, մինչեւ ճշմարտութիւնը ջրի երես դուրս կը գայ, որովհետեւ ստախօսների յենարանը տգէտների լսարանն է: Երբեմն նոյնիսկ ծիծաղելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտութիւնը: Բայց չես էլ ուզում ընդհատել մարդուն, չէ որ տանջւում` յօրինում է: Յետոյ էլ քանի նախանձում ես ուրիշի յաջողութեանը, քո սեփական յաջողութիւնը չես ունենայ: Յաջողակներին ոչ թէ նախանձում են, այլ նրանցից սովորում են: Հետեւապէս մեզ ինչ է մնում, ի հարկէ՝ սովորել, բացառելով հները՝ նոր սխալներ թոյլ չտալ, պատմութիւնը սերտել եւ դասեր քաղել անցեալից: Օրինակել լաւին, ուժեղին, հեռատեսին, ուղիղ նայել իրականութեան աչքերին եւ յաղթանակներ կերտել:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

18.09.2024

«Պայքար» շաբաթաթերթ