Ուրիշների հետ յարաբերուելու համար նախ հարկաւոր է ներքին հարցերը կարգաւորել

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

 

Հասարակութեան համախմբման համար պէտք է ոչ միայն գաղափարական այլեւ կազմակերպական հիմք, այսինքն ինքնակազմակերպում: Յետոյ էլ դրսի հետ յարաբերուելու համար նախ հարկաւոր է ներքին հարցերը կարգաւորել:

Նախապէս զգացւում էր, իսկ Սեպտեմբերի 19-ի ատրպէյճանական յարձակման ժամանակ, ակնյայտ երեւաց, որ Արցախը միայնակ էր մնացել: Պաշտպանութեան բանակը թէեւ փորձեց քաջաբար ինքնապաշտպանուել, բայց քանզի պարզ երեւաց, որ ռազմաճակատից առաջ, դիւանագիտական դաշտում արդէն պարտուել էինք, իսկ ռուս խաղաղապահ ոյժերն էլ վերածուել  էին անտարբեր ու անզօր դիտորդի, ստիպուած վայր դրեց զէնքը: Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ Արցախի անօգնական մնալն ու պարտութեան վերջին արարը սկսեց խմբագրուել այն պահից, երբ Հայաստանի վարչապետը խրոխտաբար յայտարարեց, թէ Արցախը Ատրպէյճանի մաս է կազմում: Այս դժուարին պահին էլ ՀՀ ղեկավարութիւնը սաստիկ զբաղուած է «Հայաստանը ժողովրդավար երկիր է», «Հայաստանը խաղաղութեան խաչմերուկ» քարտէզներով եւ աւելորդ է համարում նոյնիսկ տեսակցել Արցախի ղեկավարների հետ: Այդ տեսակ վերաբերմունք է դրսեւորւում նաեւ կեանքի շատ բնագաւառներում: Մասնաւորապէս, վերախմբագրուել են հայոց պատմութեան դասագիրքերը, որոնց մէջ արդէն Արցախը նոյնիսկ հնագոյն դարաշրջանների քարտէզների վրայ տեղ է գտել գոյութիւն չունեցող Ատրպէյճանի կազմում: Աւելին, արւում է ամէն ինչ պետականութեան պահպանութեան փոխարէն վարչախմբի անվտանգութիւնն ապահովելու համար:

Ի հարկէ, որոշ քայլեր արւում են արցախահայութեանն այս դժուարին պահին օգնելու ուղղութեամբ, սակայն արդէն նկատւում են նաեւ անցանկալի երեւոյթներ: Օրինակ` Հայաստան բռնագաղթելուց յետոյ արցախցիներից ըստ էութեան վերցւում է Հայաստանի հպատակի իրաւունքը: Այս ամէնին զուգահեռ կարծես մոռացութեան են տրւում նաեւ Պաքուի բանտերում նախկինում գերեվարուած մեծաթիւ հայորդիներին գումարուած Արցախի տասնեակ ղեկավարները: Յիրաւի, ստեղծուել է մի իրավիճակ, երբ անորոշութիւնից ու ինֆորմացիայի չգոյութիւնից շփոթուած են թէ իշխանութիւնը, թէ ընդդիմութիւնը, Սփիւռքն ու եկեղեցին` բոլորը: Հարց է առաջանում. ու՞մ է սա ձեռնտու: Ակնյայտ է, որ նախ` Ատրպէյճանին, որը լծուած է Արցախում հայկական հետքերը վերացնելու գործին: Տպաւորութիւն է նաեւ, որ մեր վարչախումբն ու ընդդիմութիւնն էլ է ձգտում օր առաջ օձիքն ազատել արցախեան թնջուկից: Զարմանալիօրէն հանգիստ են նաեւ արցախցիները: Հետաքրքիր է ինչի՞ ենք սպասում ազգովի եւ արդեօ՞ք նմանօրինակ թմբիրը, անհոգութիւնն ու համազգային ողբերգութեան նկատմամբ այսպիսի արհամարհանքը ներելի է: Արդեօ՞ք ճշմարիտ է այն յայտնի խօսքը, թէ Աստուած դիմելով հայ ժողովրդին` ասում է, որ ձեր յամառութեան պատճառով էք դուք կոտորւում, այդ պատճառով ես ձեզ կը հանեմ այս դժոխքից եւ կ’ապրեցնեմ Աւետեաց երկրում…

Վերաանկախացմանը զուգընթաց մենք վիթխարի ձեռքբերումներ ունեցանք: Ամենակարեւորն Արցախն էր: Ուստի պարտաւոր էինք այնքան թանկ գնով նուաճած Արցախը գուրգուրել ու փայփայել էնպէս, ինչպէս գուրգուրում եւ սիրում են որբութիւնից վերագտնուած զաւակին: Բայց, ցաւօք, դա չարեցինք ու դրանից վրդովուած Սօս Սարգսեանը գրում էր. թէ ի՞նչ«ղարաբաղեան կլան» ի՞նչ «սահման»: «Ղարաբաղեան կլան» ասողը «թուրք է»: Հայեր, «սահման» բառը մի՛ օգտագործէք, մեր հողերն են, ի՞նչ սահման… Իմ մտքում «սահմանն» էդտեղ չէ: Սահմանը մեզ համար շատ խորքերում է: Հա, ես էլ կ’ուզեմ, որ առեւտուր, փոխյարաբերութիւններ լինեն թուրքի հետ, բայց ես միշտ եմ կոչ անում` զգո՜յշ եղէք, ուշադիր եղէք, թուրքի հետ գործ ունէք: Այնպէս որ, սահմանները բացելը սխալ արտայայտութիւն է: Իմ երկրի մի մասից միւս մասը` մտքումս, հոգումս սահման չի՛ կարող լինել: Իմ Արարատի սիրտը կիսել ես` ասում ես այստեղ սահման է: Չե՛մ ընդունում էդ քո սահմանը…: Չհասկացանք ցաւօք եւ հերթական անգամ մեր ներսում նոր սահմանագիծ ծնուեց:

Յիշում եմ, 1988թ. հանրահաւաքներից մէկի ժամանակ, ի պատասխան հանրութեան պահանջին, Դէմիրճեան Կարէնն ասաց, որ «Ղարաբաղը գրպանումս չի, որ հանեմ եւ տամ»: Այն ժամանակ նման արտայայտութիւնը հանրութեան կողմից վիրաւորական որակուեց եւ Դէմիրճեան Կարէնի վարկանիշի սրընթաց անկման առիթ հանդիսացաւ: 34 տարի անց, 2022թ մեր վարչապետը փաստացի կրկնեց Դէմիրճեան Կարէնի բառերը: Դա նշանակում է, որ 34 տարի շարունակ մեզ բոլորիս խաբել են: Արցախի իրաւական կարգավիճակը 34 տարի շարունակ որեւէ կերպով չի փոխուել: Արցախն այնպէս, ինչպէս 34 տարի առաջ մնում էր ինչ-որ մէկի գրպանում եւ դա, ըստ ամենայնի, ռուսի գրպանն էր: Համոզուած եմ, որ Դէմիրճեան Կարէնի` գրպանի վերաբերեալ «եզրահանգումները»  հասանելի էին Տէր-Պետրոսեան Լեւոնին, Քոչարեան Ռոպէրթին, Սարգսեան Սերժին եւ ՀՀ այսրոպէական ղեկավարին: Աւելին` Դէմիրճեան Կարէնի` Արցախի վերաբերեալ «եզրահանգումները» չեն հերքուել վերջիններից եւ որեւէ մէկի կողմից: Իսկ դա, իր հերթին նշանակում է, որ, առանց բացառութեան, ՀՀ բոլոր ղեկավարներն Արցախի վերաբերեալ հանրային ծրագիր ներկայացնելիս ստում էին: 34 տարի մենք ստի մէջ ենք ապրել: Հիմա էլ այդ ստի արդիւնքում Արցախը հեշտ ու հանգիստ, սկուտեղի վրայ յայտնուեց Ատրպէյճանի գրպանում:

Հնում թագաւորներն իրենց համար նախատեսուած ճաշից սկզբում այն եփած խոհարարին էին ուտեցնում, որպէսզի այն թունաւորուած չլինէր, կամուրջ կառուցած ճարտարապետին իր ընտանիքի անդամների հետ կանգնեցնում էին իր կառուցած կամրջի տակ, կամրջի վրայ կանգնեցում էին բեռնուած բազում սայլեր եւ այդպէս կատարւում էր կամրջի փորձարկումը: Իսկ մենք հասանք այն հանգրուանին, որ նախ` յանձնենք Արցախը, իսկ յետոյ Հայոց պատմութեան դասագիրք ուղարկենք դպրոցներ, որոնցում տեղ գտած քարտէզներում Քրիստոսից առաջ առաջին դարում Հայաստանի հարեւան պատկերուած լինի Ատրպէյճանը` Արցախով հանդերձ: Իսկ «իր եփած ճաշով իր զաւակներին չկերակրող»ԿԳՄՍ նախարարը յայտարարի` ծնողները չպէտք է որոշեն, թէ ինչ դասագրքերով պէտք է սովորեն իրենց երեխաները: Հերթական անգամ ակամայ հաստատւում է, որ հայը ցանելու համար նախատեսուած սերմերի միջից ամենալաւն ու որակեալն է ընտրում, որ յաջորդ բերքը աւելի լաւը լինի, քան նախորդը: Թուրքն ու ազիկը գիտեն հայի այս բնաւորութիւնը: Այդ պատճառով ազգի սերմից ոչնչացրին ամենա-ամենաազգային` առողջ, խելացի, հայրենասէր, սեւ, խոշոր խաղողահատիկ աչքերով մեր սերմնացան տղաներին:

Չեմ ուզում հաւատալ, բայց արդէն ակնյայտ իրողութիւն է, որ նախապէս Արցախի ղեկավարութիւնը տիրապետելով հանդերձ ողջ ինֆորմացիային, թէ ինչ է սպասւում Արցախին եւ Արցախահայութեանը, խիստ զբաղուած էին փաստաթղթերի ոչնչացմամբ: Սակայն տեղեկատուական արտահոսք է տեղի ունենում, արցախցի տղամարդկանց ողջ տուեալները ինչ որ կերպ փոխանցւում են ատրպէյճանցիներին, բայց իրենք աշխատասենեակներում փակուած այլ փաստաթղթեր էին մոխրացնում: Արցախում սովից մարդիկ էին մահանում, բայց իրենք պահեստներում իրենց ընտանիքների համար կուտակած ամէն բան ունէին: Մարդիկ դեղորայքի կարիք ունէին, բայց իրենք կարմիր խաչի օգնութեամբ Երեւանից ֆիլլերներ (գեղեցկամիջոցներ) էին պատուիրում իրենց պերճաշուք ու պճնամոլ կանանց համար: Բացի հասարակ ժողովրդից բոլոր թալանչի սրիկաները ելք ու մուտք էլ են ունեցել ինչ որ կերպ, առք ու վաճառքով էլ են զբաղուել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Կապիտուլեանտ ղեկավարութիւնը լաւ գիտէր, որ բենզալցակայանի պայթիւնի հետեւանքով մարդիկ են զոհուելու: Կարո՞ղ էր չէ մարդկանց բենզին յատկացնել ժամանակին, նախքան պետական դաւաճանութիւն կատարելը: Կարող էր չէ՞ զէնքը ոչնչացնելու հրաման տալ թշնամուն նուիրելու փոխարէն: Թէ՞ ասել էին Մարտի 1-ի հետքերով տանկերից ազատուէք, դուք էլ ոգեւորուած ամբողջ զէնքից ազատուեցիք ու, ոչինչ, որ անպաշտպան գիւղացին ցեղասպան եղաւ: Իսկ ձեր պէս վիժուածքները հաստ վզերը վերցրած Երեւան եկան ու հիմա էլ գումար են ուզում, աշխատավարձ են ուզում եւ նման բաներ: Ուզում եմ նախապէս տեղեկացնել, որ դուք այսուհետ թեւակոխում էք պատմական նոր ժամանակաշրջան, որտեղ եթէ երկնքից անգամ մանանայ թափուի, գրպաններդ չի լցուի, բայց որ անտառից գերան պոկուի հաստատ գլխներիդ կ’ընկնի: Սա վերաբերւում է Արցախի կապիտուլեանտ իշխանութիւններին եւ մնացած բոլոր մեղաւորներին:

Ուզում եմ նաեւ հաւատալ, որ եթէ Արցախն զգար, որ հայրենիքն իր թիկունքին կանգնած է, երբեք չէր լքի, բայց որբ ու անտէր էինք թողել…: Յայտնի է, որ մարդիկ սովորաբար հարբում են տխուր եւ ուրախ առիթներով: Սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ մենք, 19-րդ դարի վերջից սկսած, անընդհատ հարբած էինք տխուր առիթներով: 1990-ականներին եղաւ պատերազմ, եղան յաղթանակներ ու մենք հարբեցինք արդէն ուրախ առիթով` վստահ, որ «անհնար է հայոց ոգին ընկճել»:

Ուզում եմ նաեւ իմանանք, որ Աստուած բոլորին ամէն ինչ տալիս է: Աստուած հէնց դա է նշանակում: Դա տրւում է ի սկզբանէ եւ ընդմիշտ, բայց եթէ ճիշդ չես վարւում քեզ տրուածի հետ, Աստուած պատժում է եւ որքան շատ է եղել տրուածը, այնքան դաժան է լինում պատիժը: Միամտութիւն է դժգոհել աստծուց կամ սիրաշահել նրան եկեղեցիներ կառուցելով: Սրբութիւնը մարդու հոգում պիտի լինի, ոչ թէ քարակերտ շինութիւններում: Մեր ժողովուրդն իր տունը սարքելու փոխարէն Աստծոյ համար եկեղեցիներ է կառուցում եւ զարմանում, թէ ինչու՞ է իր Հայրենիքը ամպի նման ծուէն-ծուէն վերանում: Թուրքը մեր թշնամին չէ, նա աստծոյ մտրակն է, որ ամէն անգամ շառաչում է մեզ պատժելու համար: Քարկոծելուց առաջ եկէք մտածենք, գուցէ Աստուած մեզ աւելի լաւ է ճանաչում…:

Երեւան

5.11.2023