Հայերի նկատմամբ գործադրած մեթոդիկ ջարդերը մեզ հարկադրում են Եւրոպայի սահմաններից անհետացնել այդ տգէտ եւ անառողջ աւազակախմբերին` թուրքերին: Հայաստանին պէտք է տրուի այն, ինչի նկատմամբ նա պատմական իրաւունք ունի: Նա Թուրքիայից աւելի իրաւունք ունի գոյատեւելու, որովհետեւ ինքն իրեն աւելի լաւ կարող է կառավարել:
Վուտրօ Ուիլսըն
Հայ ժողովրդի պատմութիւնը շարունակ եղել է իրար խաչաձեւող ոյժերի եւ հոսանքների բախման հետեւանքը: Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում գտնուող մեր հայրենիքում ներքին եւ արտաքին ոյժերի բախման հետեւանքով գրեթէ խաղաղութիւն չի եղել: Մեր կենսունակ, առաջադէմ եւ կորովի ժողովուրդը ոյժերի լարումով կրելով այդ աննպաստ պայմանների ծանրութիւնը, միշտ ձգտել է իր ազգային եւ քաղաքական անկախութեան: Սակայն Արեւելեան հարցի բաղկացուցիչ մաս կազմող Հայկական հարցը շնորհիւ եւրոպական դիւանագիտութեան աններդաշնակ, նենգ, ոչ բարոյական եւ ամէն ինչում սեփական շահը փնտռելուն միտուած քաղաքականութեան՝ այն այդպէս էլ անլուծելի մնաց: Վրայ հասած Առաջին աշխարհամարտի ժամանակ էլ միամիտ հայութիւնը՝ յուսալով, որ Անտանտի երկրները կ’օգնեն, իր ոյժերը նուիրաբերեց ի նպաստ նրանց յաղթանակին: Պատերազմի աւարտից յետոյ էլ ցեղասպանուած հայութիւնը մեն մենակ յայտնուելով իր դարաւոր թշնամուն դէմ յանդիման՝ ուժերի գերլարումով ոչ միայն կարողացաւ Պաշ Ապարան ու Սարդարապատ կերտել, այլեւ վերականգնեց բաղձալի պետականութիւնը: Սակայն այն երկար կեանք չունեցաւ: Ցաւօք, այսօր էլ է այն վտանգուած եւ դրա պատճառները հասկանալու համար փորձենք հասկանալ, թէ ինչու 1920 թ. կորցրեցինք Հայոց պետականութիւնը:
Հարցին ճիշդ պատասխանելու համար կարեւոր է հասկանալ, թէ տարածաշըրջանում կարեւոր դերակատարութիւն ունեցողներն ինչ նպատակներ էին հետապնդում եւ որոնք էին նրանց դիրքորոշման փոփոխութեան պատճառները: Նրանցից Անգլիան լուրջ վերլուծութիւններից յետոյ, յանգել էր այն եզրակացութեան, որ՝ ա) Արեւելեան Անատոլիայում, եթէ հայերն ու քրդերը սահմանների հարցում ընդհանուր յայտարարի գան, հնարաւոր է ձեւաւորել երկու անկախ պետութիւն’ Հայաստան եւ Քիւրտիստան: Հակառակ դէպքում, տարածաշրջանը կրկին կ’անցնի Թուրքիային, բ) Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հնարաւոր կը լինի կայուն խաղաղութիւն հաստատել, եթէ Նախիջեւանն ու Շարուրը տրուեն Հայաստանին, իսկ Ղարաբաղը’ Ատրպէյճանին: Զանգեզուրի խնդիրը լուծուէր բանակցութիւնների ընթացքում։ Հակառակ դէպքում, ողջ Այսրկովկասը կը յայտնուէր Ռուսաստանի վերահսկողութեան տակ, գ) այս խնդիրների շուրջ բանակցութիւնների ձգձգումը ձեռնտու էր Ռուսաստանին եւ Թուրքիային: Ելնելով սրանից՝ 1919 թ. բանակցելով հայերի, ատրպէյճանցիների եւ քրտերի հետ՝ անգլիացիները եզրակացրին, որ՝ ա) Հայերի շրջանում «թաքնուած» կողմնորոշում կայ դէպի Ռուսաստան, իսկ ատրպէյճանցիների՝ դէպի Թուրքիա: Այսինքն՝ այդ երկու ժողովուրդների համար ընդհանուր յայտարարի գալն անչափ դժուար կը լինի, բ) Հայ – քրտական դաշինքը եւս գրեթէ անհնարին էր: Ելնելով դրանից՝ անգլիացիները եզրակացրին, որ այս ժողովուրդների հանդէպ խնամակալի դեր կատարելն ստանձնելն անշնորհակալ գործ է եւ որոշեցին դուրս գալ խաղից եւ տարածաշրջանում խնամակալի դերը հաճոյքով զիջել ԱՄՆ-ին: Յետոյ էլ Իրաքում անգլիացիները լուրջ շահեր ունէին, եւ նրանց Թուրքիայի՝ արագ վերածնունդը ձեռնտու չէր: Նրանք նոյնիսկ 1919 թ. Սեպտեմբերին անյաջող մահափորձ կազմակերպեցին Քեմալի դէմ, իսկ 1920 թ. երբ քեմալականների ճնշման տակ Ստամբուլում թուրքական պառլամենտն ընդունեց Թուրքիայի անկախութեան հռչակագիրը’ «Ազգային ուխտը», անգլիական զօրքերը մտան քաղաք եւ ցրեցին պառլամենտը եւ Քեմալին օրէնքից դուրս յայտարարեցին:
Հասկանալով, որ միմիայն Հայաստանի ջանքերով հնարաւոր չէ չէզոքացնել քեմալականների վտանգը, 1920 թ. Ապրիլի 19-26-ը կայացած Անտանտայի գոնֆերանսում անգլիացիները հայերին խնդրեցին հրաժարուել «չափից դուրս մեծ փառասիրութիւններից», միանալ քրտերին՝ ընդդէմ թուրքերի: Սակայն՝ ապարդիւն։ Հայերը յոյսը դրել էին Վուտրօ Ուիլսընի վրայ: Իսկ Սան-Ռեմոյում Անգլիայի վարչապետ Լլոյդ Ճորճը, որը նոյնպէս հայամէտի համբաւ ունէր, արդէն զգուշացնում էր դաշնակիցներին. «Մի խաբէք հայերին, նրանք ի վիճակի չեն լինի սեփական ոյժով պաշտպանելու իրենց սահմանները, եւ ո՛չ մի գերտէրութիւն, չի աջակցի նրանց»: Իսկ հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացուեց, Լլոյդ Ճորճը նշեց. «Հայերը դարձան միջազգային դիւանագիտութեան զոհը»:
1919թ. Մայիսի 14-ին Փարիզի գոնֆէրանսում այսպէս կոչուած «4-ի խորհուրդը» որոշեց Հայաստանի կառավարման մանդատը յանձնել ԱՄՆ-ին, որտեղ Հայկական հարցի շուրջ երկու տեսակէտ կար՝ ա) ԱՄՆ-ը պէտք է ամբողջովին աջակցի «Մեծ Հայաստանի» ստեղծմանը, եւ դա կը լինի համաշխարհային գերտէրութիւն դառնալու’ ԱՄՆ-ի նորամուտը: Այս տեսակէտին կողմնակից էր դեմոկրատական կուսակցութեան մեծ մասը եւ միջին արեւելեան նաւթով շահագրգռուած տնտեսական վերնախաւը, որի ներկայացուցիչն էր ԱՄՆ նախագահ Վուտրօ Ուիլսընը, բ) ԱՄՆ-ում կային նաեւ այս ուղենիշի ընդդիմախօսներ, որոնք դէմ էին, որ ԱՄՆ-ը ռեսուրսներ ծախսի Եւրոպայում եւ Արեւելքում: Այդ հակասութիւնների հարթեցման նպատակով 1919 թ. ամրանը տարածաշրջան ուղարկուեց գեներալ Ճէյմս Հարպըրտի գլխաւորած յանձնախումբը, որը կազմուած էր 50 մասնագէտներից: Հաւաքելով հսկայական տեղեկութիւն՝ յանձնախումբը եզրակացրեց՝ «Ծովից ծով Հայաստանի» մանդատը վերցնելը հնարաւոր կը լինի այն դէպքում, եթէ ԱՄՆ-ի մանդատի տակ յանձնուի նաեւ ողջ Անդրկովկասը եւ Թուրքիան՝ Պոսֆորով ու Կոնստանդնուպոլսով: Համարուեց, որ դրա իրականացման համար անհրաժեշտ կը լինի մեծ գումարներ եւ մօտ 200 հազարանոց բանակ, որից 60 հազարը՝ «Մեծ Հայաստանի» սահմանները պաշտպանելու նպատակով: Հայաստանի մանդատի հարցով ԱՄՆ-ի որոշումը կախուած էր նաեւ միջազգային իրադրութիւնից: 1920 թ. գարնանը խորհրդային զօրքերը գրաւել էին Ատրպէյճանը, իսկ քեմալականները Թուրքիայում վերահսկում էին երկրի մեծ մասը: Այդ ամէնը հաշուի առնելով՝ ամերիկեան վերնախաւը եզրակացրեց, որ ԱՄՆ-ը չի կարող Հայաստանի խնամակալի դերն ստանձնել, քանզի դրա համար պիտի պատերազմէր պոլշեւիկների եւ Թուրքիայի հետ: Այս եզրակացութեան հիման վրայ էլ ԱՄՆ-ի Սենատը Հայաստանի նկատմամբ 1920թ. Յունիսի 1-ին մերժեց ԱՄՆ-ի մանդատը: Այս առիթով Լլոյտ Ճորճը նշեց. «Մեծ Հայաստանի գաղափարը դարձաւ անյուսալի եւ ոչ իրատեսական նախագիծ»: Սա ԱՄՆ-ի եւ Անգլիայի վերջին «մեսիճն» էր Հայաստանի այն ժամանակուայ քաղաքական վերնախաւին:
Տարածաշրջանի միւս դերակատարը վիրաւոր արջի նման ծանր վիճակում գտնուող, սակայն՝ դեռեւս անչափ վտանգաւոր Թուրքիան էր, որտեղ 1919թ. գարուն-ամառ ժամանակահատուածում առկայ էր երեք հիմնական քաղաքական հոսանք՝ 1. անգլիացիների դրածոյ Մեծ Վեզիր Տամատ Փէրիտ փաշան, որը ներկայացնում պարտուած Թուրքիան եւ վաւերացնում էր անգլիացիների բոլոր: Վերջինիս կառավարութիւնը դատական գործընթացներ սկսեց երիտթուրքերի նկատմամբ եւ 1919 թ. դատարանի վճռով Թալէաթը, Էնվէրը, Ճեմալը, Նազըմը եւ երիտթուրքերի այլ ղեկավարներ հայկական կոտորածներ կազմակերպելու համար մահուան դատապարտեց: Տամատ Փէրիտ փաշայի կառավարութիւնը չնչին հեղինակութիւն ունէր Թուրքիայի ներսում, սակայն նրան ջերմօրէն աջակցում էին Լոնտոնում, Փարիզում, Հռոմում եւ այլուր: Եւ ինչքան շատ էին նրան յարգում Թուրքիայից դուրս, այնքան նրա վարկն աւելի շատ էր ընկնում Թուրքիայի ներսում: Ի դէպ, հէնց վերջիններս 1920թ. Օգոստոսի 10-ին կնքեցին Սեւրի պայմանագիրը՝ ճանաչելով «Մեծ Հայաստանը», արաբների ինքնորոշման իրաւունքը եւ «Մեծ Յունաստանը»: 2. Երիտթուրքերը, որոնք հեղինակութիւն չէին վայելում թուրքերի շրջանում: 3. Մուսթաֆա Քեմալ փաշայի գլխաւորած «Գուվալլի-միլլի» շարժումը, ըստ որի իր պարտուողական քաղաքականութեամբ Տամատ Փէրիտ փաշան եւ «Մեծ Թուրանի» ցնդաբանութեամբ երիտթուրքերը՝ մեծ վնաս հասցրին Թուրքիային: Վերջինս փանթուրքիզմի հնամաշ գաղափարը փոխարինեց թուրքիզմի մոտեռնացուած գաղափարախօսութեամբ, ըստ որի՝ ա) Թուրքիայում թուրքերից բացի այլ ազգութիւն չպէտք է ճանաչուէր, իսկ քրտերը պէտք է ձուլուէին, բ) էապէս պէտք է նուազեցուէր կրօնի դերը, գ) Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները պէտք է անցնէին մինչ 1878թ. ռուս-թուրքական պատերազմը եղած գծով, դ) ոչ մի թիզ հող չպէտք է զիջուէր յոյներին եւ այլն: Քեմալականները փորձեցին լուծել երկու խնդիր՝ առաջ քաշել թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գաղափարը, թշնամանք հրահրել քրդերի եւ հայերի միջեւ եւ այդ նպատակով փորձեցին կապեր հաստատել հայերի եւ քրտերի հետ:
Անգլիական նախագծով Էրզրումի եւ Տրապիզոնի վիլայէթները պէտք է յանձնուէին հայերին, Տիարպէքիրի եւ Խարբերդի վիլայեթները՝մնային քրտերին, Վանի ու Պիթլիսի հարցը վիճելի էր մնում: Այսինքն, Տիարպէքիրի եւ Խարբերդի քրտերը կողմ էին հայերի հետ դաշինքին, իսկ Էրզրումի քրտերը՝ բացասաբար էին տրամադրուած հայերի նկատմամբ: Այս իրավիճակից ելնելով՝ 1919թ. Յուլիսի 23-ին հէնց Էրզրումում Քեմալը անցկացրեց «Արեւելեան վիլայեթների պաշտպանութեան ընկերութեան» Գոնկրէսը: Իսկ Սեպտեմբերի (4 -11)-ը Սեբաստիայում անցկացուեց «Անատոլիայի եւ Ռումելիայի պաշտպանութեան ընկերութեան» Գոնկրէսը, որում մերժուեցին յունական եւ հայկական պահանջները: 1920թ. Յունուարին, Քեմալի ճնշմամբ, Իսթանպուլում թուրքական փարլամենթն ընդունեց Թուրքիայի անկախութեան հռչակագիրը’ «ազգային ուխտը», որը կրկնում էր Էրզրումի եւ Սեբաստիայի Գոնկրէսի որոշումները: Իհարկէ, անգլիական զօրքերը մտան Իսթանպուլ եւ ցրեցին փարլամենթը, իսկ Քեմալին յայտարարեցին օրէնքից դուրս, սակայն չկարողացան կանգնեցնել օրէցօր աճող թուրքական ազգայնական շարժումը: Ցրուած փարլամենթը Քեմալը հաւաքեց Անգարայում եւ 1920թ. Ապրիլի 23-ի առաջին նիստում վերահաստատեց իր բոլոր որոշումները։ Փարլամենթը վերանուանուեց Թուրքիայի Մեծ ազգային ժողով։ Քեմալը դիմեց Խորհրդային Ռուսաստանի օգնութեանը եւ ինքն էլ պոլշեւիկներին գործուն աջակցութիւն ցոյց տուեցին Ատրպէյճանի խորհրդայնացման հարցում:
Բնականաբար կարեւոր էր նաեւ հայերի դերակատարութիւնը: Հայաստանում վիճակն իսկապէս կաթուածահար էր, քանզի. ա) առանց այն էլ թոյլ զարգացած տնտեսութիւնը Ռուսական Կայսրութեան կործանման եւ չորս տարի տեւած տարբեր պատերազմների հետեւանքով փլուզուել էր դ) գրեթէ բացակայում էր երկաթուղային հաղորդակցութիւնը ե) պարէնի պաշարները թալանուած էին, զ) առկայ էր շուրջ 300 հազար գաղթականութիւն, որ կազմում էր ողջ բնակչութեան 30-35%-ը, է) երկրի պիւտճէի սղաճը կազմում էր 250 %, ը) համատարած սով էր եւ հիւանդութիւններ, որից, վեց ամսուայ ընթացքում մահացաւ աւելի քան 150 հազար մարդ, այդ թւում նաեւ Հայաստանի Հանրապետութեան կերտող գործիչներից’ Արամ Մանուկեանը: Այս ամէնին գումարւում էին մահմետականների չընդհատուող խռովութիւնները եւ Ատրպէյճանի հետ չյայտարարուած պատերազմը: Բարոյահոգեբանական այս մթնոլորտում բոլորը յոգնել էին պատերազմից, իսկ փախստականներն էլ ուզում էին «Էրգիր» վերադառնալ:
Երեւան
«ՊԱՅՔԱՐ» շաբաթաթերթ