Եթէ գայլը յարձակւում է քո վրայ, դու ես մեղաւորը, քանի որ քեզ ոչխարի պէս ես պահել…
Էռնեսթօ Չէ Կեւարա
Ամառ է, շոգ: Քաղաքն էլ մի քիչ բեռնաթափուել է ու երբեմն մեքենայ կայանելու տեղ է գտնւում: Քաղաքական դաշտում էլ է տապային վիճակ: Կրքերը թէեւ չեն խաղաղուել, բայց հանդարտուել են: Վիճակը նման է, երբ հակառակորդ գիշատիչներն սկսում են գազանային ոռնոցներով իրար վախեցնել, երբ արուները խաչասերման շրջանում հետհետ են գնում, որ արագ ու աւելի ուժեղ հարուածեն մրցակցին: Եւ այդ վիճակում շարունակում է օդում կախուած մնալ մի հարց` յետոյ ինչ եւ ինչպէս է լինելու…
Յաճախ կարելի է լսել, թէ հայը ճակատագրով է դատապարտուած: Սակայն դա այնքան էլ ճիշդ չէ: Հայը միշտ տուժել է իր ճակատագիրը ճիշդ չտնօրինելու, պատմութիւնից դասեր չքաղելու, սխալ սխալի հետեւից կրկնելու եւ այդ ամէնը վատ ճակատագրին վերագրելու պատճառով: Մենք միշտ առերեսւում ենք իրականութեան, բայց ոչ ճշմարտութեան հետ: Սա է մեր անյաջողութիւնների բուն պատճառը: Նաեւ այն, որ չիմացաք Հայրենի հողի արժէքը, անկեղծ չսիրեցիք, միայն վերցրինք նրանից, դաւեցիք, վաճառեցինք ու լքեցինք այն: Ու հենց այդ պատճառով էլ Ազգովի այս վիճակում յայտնուեցինք: Մեզ բնորոշ է նաեւ այն, որ հաշուի չառնելով թէ քանի սար է մնացել Հայաստանում, միշտ վստահեցինք նրանց, ովքեր ոսկի սարեր խոստացան: Պատմութեան միակ դասը, որը սերտեցինք. «Պատմութիւնից ոչինչ չսովորելը՛» եղաւ:
Ֆրանսացի աշխարհագրագէտ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ, անարխիզմի տեսաբաններից Էլիզէ Ռեկլիւն` դիմելով մարդկութեանը, հարցնում էր, թէ «աշխարհի երեսին կա՞յ արդեօք մէկ այլ երկիր, որի անունը մեզ աւելի յուզի, քան Հայաստանինը: Հետեւապէս չպիտի մոռանանք, որ մարդկութիւնը միշտ պիտի պահի ինքնաբուխ յարգանքի այն զգացումը, որը մեզ կտակ է թողել հնագոյն Ասիան: Մեր հոգու աչքերի առջեւ միշտ պիտի վեր յառնի Մասիսի` մեր պատմական եւ աւանդական Արարատի, գերապանծ ու այնքան հրաշալիօրէն կանոնաւոր պատկերը» (Էլիզէ Ռեկլիւ, «Սեւ գիրք» Երեւան 2011, էջ 178): Շատերն են հիացել, հպարտացել, որ տեսել են, ճանաչել հային ու Հայաստանը, իսկ մենք մսխել ու մսխում ենք այն անհասկանալի անտարբերութեամբ: Ե՞լքը: Վերադարձը մեր արմատներին, Վահագնին, Արամազդին, Տիրին, Խորենացուն, Նարեկացուն, Պապին, Վարդանին, Անդրանիկին, 1990-ականների ազատատենչ ոգուն, հաշուարկուած ու գիտակցուած պայքարին:
Ամենայարգուած մարդը Հայաստանում պէտք է լինի ուսուցիչը, ում անփոխարինելի դերը պէտք է մեզանում նորովի կ’արեւորուի: Նա է հիմնաքարերի տեղադրողը եւ հասարակութիւնը միասնական է, երբ ուսուցիչն իր տեղում է, գնահատուած, յարգուած ու մեծարուած: Թէ չէ հասել ենք մի հանգրուանի, երբ հասարակութիւնը միասնական է լոկ իրեն արդարացնելիս եւ անհատականութիւններին քարկոծելիս…
Վստահ կարող եմ ասել, որ աշխարհը չափելու իմ չափը Հայաստանն է: Մարդուն բնութագրելու իմ չափանիշը հայ մարդու նկարագիրը վերարտադրելն է: Ուստի միայն թշնամի պետութեանս կը ցանկանամ, որ ազգայնական իշխանութիւն չունենայ, որ իշխանութիւն-հասարակութիւն տարածքում գերիշխող դառնայ միմեանց չհասկանալն ու իրար չհանդուրժելը: Յայտնի ճշմարտութիւն է, որ յեղափոխութիւնը մտածում են հանճարները, իրագործում` ֆանատները, վայելում են` տականքները: Համաձայնենք, որ հայի տականքը, իր բոլոր ցաւոտ հետեւանքներով, անմրցելի է: Վստահ եմ` ամաչելու՛ ենք մի օր, որ հենց ա՛յս օրը` չե՛նք ամաչել…
Ժամանակները փոխուել են եւ մեր օրերում Մարդը պէտք է լինի իր ճակատագրի գրողը, այլ ոչ թէ, ուրիշի ընթերցողը, որ նախորդ խօսքը յաջորդով հերքողը` ո՛չ նախորդին տէր կը կանգնի, ո՛չ յաջորդին: Որ, ինչպէս ասում է լիբանանցի ակնարկագիր, մաթեմատիկոս եւ առեւտրական Նասիմ Թալեպը, խելագարներին աւելի հեշտ է հետեւորդներ գտնել, քան մտածող մարդուն: Կարճ ասած` կեանքը` մահից վերցրած արձակուրդ է, եկէք ճիշդ ապրենք, սիրենք ու պահպանենք մեր հայրենիքը եւ վայելենք այն: Թէ չէ օրն օրուայ վրայ դարսելով` խտանում են ու տարի են դառնում: Իրիկունները վերածւում են կարմրաշէկ առաւօտների` ու ափսոսանքի արցունքները փայլփլում են արեւի շողերի տակ: Իսկ ժամանակը դաւաճանի պէս հարուածում է թիկունքից: Ամէն ինչ փոխւում է, միայն հաւատարիմ գրիչս է դարձեալ կառչած մնում բառ ու տողին: Այս տագնապալի ու տխուր օրերն ինձ աւելի շատ են դուր գալիս, երբ շուտ լքում, հեռանում են: Յանուն հայրենիքի սիրոյ ու անհասկանալի կարօտի տարիները մաշւում են եւ իրենց թեւերին տանում են իմ ուրախութիւններն ու տխրութիւնները: Այս օրերին շարունակ մի հարց է տանջում` գտնու՞մ եմ, թէ՞ կորցնում, հարստանու՞մ եմ, թէ՞ աղքատանում, լցւու՞մ եմ, թէ՞ դատարկւում…: Միայն վստահ եմ մի բանում` քրօնիկ անամօթութեան վրայ ոչ մի արժեհամակարգ չի ազդի…
Մեծ հաշուով այս իրավիճակում յանուն հակառուսական ու հակաիրանական իր ծրագրերի Արեւմուտքը մանրադրամ է դարձնում Հայաստանը: Իսկ շահող կողմ են դառնալու ԱՄՆ-ը, Թուրքիան, Ատրպէյճանը: Իսկ մեր վարչակարգը կարծես համաձայնել է սպասարկել ժողովրդավարութեան քօղի տակ մատուցուող այդ ծրագիրը: Այնինչ, իսկական ժողովրդավարութիւնը ոչ միայն կրօնների ազատականացումն է, զանազան հետաքրքրութիւններ ունեցող հանրութիւնների իրաւունքների պաշտպանութիւնը կամ նրանց հեգեմոն դերն ապահովելը, այլ մարդուն տրուած ազատ կամքի գիտակցումն է եւ դրա անկախ արտայայտման կենսագործումը: Յամենայն դէպս, այն գլխաքանակի անմիտ հաշուառում չէ, այլ իւրաքանչիւր անհատի համար իր հնարաւորութիւնների դրսեւորման լաւագոյն միջավայրի ապահովումն է: Լինելով ժողովրդավարութեան հիմնադիրներից` մենք` հայերս, նաեւ այն պահպանողը, նրա խորքային զարգացումն ապահովողն ու տարածողն ենք: Ցաւօք, հիմա շատ ենք հեռացել մեր այս կարեւոր դերակատարութիւնից, եւ գուցէ հէնց այդ պատճառով էլ աշխարհում ժողովրդավարութեան ճգնաժամ է:
Ժողովրդավարութիւնը իւրովի է ընկալող Ատրպէյճանի միանձնեայ ղեկավար Իլհամ Ալիեւի քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ եւ ընդհանրապէս բոլոր ուղղութիւններով ու ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելն այդքան էլ դժուար չէ: Որովհետեւ նա մեծամասամբ յստակ եւ առանց վարանումների, բացայայտ ասում է այն ինչ ինքը մտադիր է անել եւ նոյնքան յստակ ձեւակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները: Մեզ մնում է միայն ոչ թէ արհամարհել եւ հերոսանալ, այլ սթափ գնահատել դրանց հնարաւոր հետեւանքները: Դա յստակ երեւաց ղարաբաղեան հակամարտութեան այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանութեան ղեկն իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, քանզի հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիօրէն բսնեց եւրոսիրողների հանրաքուէի առաջարկը եւ դարձաւ «թիւ մէկ» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում: Քանի որ Ալիեւը նաեւ հմտօրէն օգտւում է ցանկացած քաղաքական իրադրութիւնից եւ շատ արագ ու նպատակասլաց քայլերով հասնում է յաջողութիւնների: Օրինակ` ՀՀ իշխանութիւնների սէրն առ Արեւմուտք շատ նպաստաւոր է Արեւմուտքի հետ պատերազմի եւ դիմակայութեան մէջ գտնուող ՌԴ-ի հետ «բարեկամական» հարթութեան վրայ համագործակցութեան զարգացման համար: Այժմ նա բացայայտօրէն պահանջում է, որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հաւասար: Արեւմտեան դեմոկրատները եւս դրա կողմնակիցն են: Առաջին հայեացքից թւում է, թէ յատկապէս արցախահայութեան վերադարձի պահանջի իրականացման հետ կապուած, շատ լաւ է: Սակայն այս մարդասիրական եւ արդարացի նախաձեռնութիւնը կարող է դառնալ հայկական պետականութեանը տրուող վերջին մահաբեր հարուածը: Պարզ է, որ Արցախ կը վերադառնան կամ չեն վերադառնայ մի քանի հազար մարդ, Ատրպէյճանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանուած հայեր վերադարձողների մէջ ընդհանրապէս չեն լինի, իսկ «Արեւմտեան Ատրպէյճան», այսինքն Հայաստան, շատ արագ եւ բարեյաջող կը վերադառնան մօտաւոր հաշուարկներով 300-320 հազար մարդ: Եւ դա ամենայն հաւանականութեամբ ներկայ չպարզաբանուած խաղաղութեան պայմանագրի յօդուածներից մէկը կարող է լինել: Բրիւսէլից եւ Վաշինգտօնից 24 ժամեայ ռեժիմով ողջունում են սպասուող պայմանագիրը, Մոսկուայից լուռ են, ինչ են մտածում, դժուար է ասել: Գուցէ եւ արեւմտեան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարեւորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է:
Հազարամեակներ են անցել եւ կատարուեց այն, ինչ ասել էր Հայրը: Անխելք որդու զաւակները կորցրին իրենց հայրական տունը եւ ամբողջ հարստութիւնը: Խելացի որդու ժառանգները գնացին շահի հետեւից եւ ուրացան իրենց խոստումը: Նրանք շատ հարստացան, շատ հալածուեցին ու թշնամացան իրենց հարազատների հետ: Կամակոր որդու ժառանգները օգտագործուեցին խելացիների կողմից անխելքների դէմ եւ սկսեցին պաշտել ուժը: Կամակորները բաւարարուեցին իշխանութեամբ, խելացիները հարստութեամբ, իսկ անխելքները յարմարուեցին իրականութեան հետ: Բոլորը կարծես գոհ էին, բայց խելացիները ուզեցին իմանալ տիեզերքի գաղտնիքները եւ անխելքներից խորամանկութեամբ ստացան գիտելիքի սնդուկը: Նրանց ուրախութիւնը կարճ եղաւ, երբ պարզուեց, որ չկայ սնդուկի բանալին: Խելացիները անխելքներին շատ ոսկի խոստացան բանալու դիմաց եւ անխելքները տարբեր բանալիներ բերեցին: Ոչ մի բանալի չբացեց սնդուկը եւ խելացիները կամակորների միջոցով սկսեցին բնաջնջել անխելքներին, կարծելով, որ նրանք թաքցնում են գիտելիքի սնդուկի բանալին: Անցան հազարամեակներ եւ արեան գետեր հոսեցին: Անխելքների քանակը փոխւում էր, մերթ աւելանում, մերթ պակասում, բայց բանալին չկար ու չկար: Կամակորները խելացիների իշխանութիւնը իրականացնում էին ու պատժում բոլոր անխելքներին առանց իմանալու, թէ ինչու՞ են անում դա: Ասում են մինչեւ հիմա խելացիները փնտռում են գիտելիքի սնդուկի բանալին ու չեն գտնում: Կամակորները պատժում են անխելքներին չիմանալով ինչու՞, իսկ անխելքներն ունեն փնտռուող բանալին, բայց ոչ ոք աշխարհում, նոյնիսկ այդ բանալին կրող անխելքները, չգիտեն այդ մասին: Մեծ ցաւով պիտի արձանագրենք, որ թէեւ մեզ շատ խելացի ենք համարում, սակայն մենք խելացիների շարքերում չենք եղել ու չենք…
Մեր տեղն ու կերպը հակասութիւնների բովում է: Այսպէս, «Լինում է մարդուն տալիս ես քո ողջ ովկիանոսը, բայց նա քեզանից թաքուն, լողում է ուրիշի առւում»: Այո, ուրիշի առւում, որովհետեւ նա իրենը չունի, նա սովոր է ուրիշներինը իրենով անելուն: Նմանների համարձակութիւնը հերիքում է միայն առուներ ու կեղտաջրեր գրաւելուն, քանի որ ովկիանոսի ալիքների հետ կռիւ տալը ուժեղներին է յատուկ, ոչ թէ հեշտին վազող թոյլ ու անկայուն վախկոտներին: Ծովերն ու ովկիանոսները լողորդների համար են, ոչ թէ առուներում ու կեղտաջրերում թաւալուողների…
Լինում է մարդուն տալիս ես քո ներսի ողջ լոյսն ու ջերմութիւնը, բայց նա քեզանից թաքուն, ուրախանում է յատակը շօշափելով գտած, հազարների ոտքի տակ տրորուած, ուրիշի լուցկու յատկի` կէս րոպէ տեւող լոյսով: Նմանները սովոր են խաւարին, որովհետեւ խաւարը ծածկում է ամէն տեսակ կեղտ ու գարշանք, իսկ լոյսը ջրի երես է հանում մեղքը: Նմանները երբեք էլ չեն հասկանայ, որ լոյսն ու ջերմութիւնը արեւից էր, ոչ թէ փայտից: Նրանք սիրում են ցոյց տալ իրենց անճարութիւնն ու խղճահարութիւն առաջացնել այ միամիտների մօտ, ովքեր չգիտակցելով որ ճահճում են յայտնուելու, գալիս են փրկելու իբր խաւարից դուրս գալ ցանկացող խաւարասէրին, մինչդեռ խաւարասէրը ոչ թէ լոյսին է ձգտում, այլ փախչում է դրանից…
Լինում է մարդուն տալիս ես թռիչքին պատրաստ թեւերդ, որ թռչի ու հասնի իր երազանքին, բայց նա իր եսի մկրատով կտրում է այդ թեւերն ու իր վրայ յարմարեցնում այնպէս, որ սողալու պահին իրեն չխանգարի: Նմաններին` ապրելու համար ոչ թէ տեւական թռիչք, այլ մարմնական հաճոյք է հարկաւոր ու ներշնչանքի չափաբաժինը չխախտելու համար ժամը մէկ օրգազմ: Այսպիսի մարդիկ մեր կեանք են գալիս հաստատելու այն պնդումը, որ նա, ով սովոր է սողալուն, միշտ է սողալու, եթէ անգամ թեւերով է ծնուել: Նա, ով սովոր է ցեխի մէջ թաւալուելուն, միշտ է թաւալուելու, եթէ անգամ նրան ոսկեզօծ գորգին դնես: Նա, ով սովոր է մեղքի մէջ ապրելուն, մեղքի մէջ էլ ապրելու է, եթէ նոյնիսկ օրը երեք անգամ գլխին աւետարան կարդաս: Նմանների հաւատքը լեզուի վրայ է, աղօթքը` միայն բառերով, պաշտամունքը առարկայական…: Վերջապէս, կոյրերը «տեսնում» են, երբ ուզում են տեսնել, մեղաւորները փրկւում են, երբ զղջում ու ապաշխարում են, Աստծոյ լոյսին արժանանում են, երբ հաւատում են: Իսկ բոլոր նրանք ովքեր առարկում են, թող նայեն մարդու արարքներին, ոչ թէ պարապութիւնից ծնուած դատարկ ու անկշիռ խօսքերին: Ժողովուրդների դէպքում էլ է այսպէս, միայն աւելի մեծ չափերով: Շատ, անչափ շատ է կարեւոր, որ խելքի գանք վերջապէս, միակամուենք, հզօրանանք, յաղթենք մեր մէջ եղած տականքին եւ այսուհետ աշխարհին ներկայանանք ոչ թէ զոհի ու մատաղացու գառի, այլ մեր ինքնասիրութեանը տէր կ’անգնողի եւ գալիք սերունդների աչքերի մէջ համարձակ նայելու իրաւունքը վաստակածի կեցուածքով:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
10.07.2024
Երեւան
«Պայքար» շաբաթաթերթ