Վարազդատ Աւոյեանը Ուաշինկթընում խօսում է ՌԱԿ-ի Հայաստանեան գործունէութեան մասին

Զրուցեց Արամ Արքունը, «Armenian Mirror Spectator» Թարգմ. Հ. Ծուլիկեան

Վարազդատ Աւոյեանն անդամակցեց ՌԱԿ-ին 1991-ին եւ շատ շուտով դարձաւ ամենաաչքի ընկնող առաջնորդներից մէկը Հայաստանի խորհրդարանում: Շիրակի մարզում ծնուած հայորդին անձնական մեծ կորուստ կրեց 1988-ի երկրաշարժի ժամանակ, բացի հետագայում իր կեանքը նուիրեց իր ծննդավայրի վերակառուցման աշխատանքներին:

Աւոյեանը ծնուել է Մեծ Սարիար գիւղում 1947-ին, մասնագիտանալով ուսուցչութեան եւ հոգեբանութեան ոլորտներում: 1970-ից սկսած աշխատել է որպէս լրագրող, Մանկավարժական ինստիտուտի կոմերիտմիութեան քարտուղար, Կոմունիստական կուսակցութեան քաղաքային խորհրդի անդամ եւ Գիւմրիի քաղաքային խորհրդի մշակոյթի բաժնի տնօրէն: Քաղաքական ասպարէզում առաջ գնալով 1985-90 թթ. Նա դարձաւ Հայաստանի կոմկուսի «Մոսկովեան» շրջանային կոմիտէի նախ երկրորդ, յետոյ առաջին քարտուղարը:

1988-ին, Դեկտեմբերի 7-ի աղէտաբեր երկրաշարժի ժամանակ նա կորցրեց իր կողակցին, որից յետոյ առանձին մեծացրեց իր միակ դստերը:

Վերջերս Ուաշինկթըն կատարած իր այցելութեան ժամանակ նա ասաց, որ «1980-ականների դէպքերը եւ յատկապէս ղարաբաղեան շարժումը նոր լիցք հաղորդեցին մեր ազգային գաղափարախօսութեանը: Միաժամանակ նախկին վարչակարգի գլխաւոր դէմքերը բոլորի հետ կիսեցին այն մտահոգութիւնը, որ Խորհրդային Միութեան փլուզման ընթացքում Հայաստանը չմնայ փլատակների տակ: Այդ ժամանակ չափազանց զգուշաւոր եւ շրջահայեաց քաղաքականութիւն էր անհրաժեշտ վարել Հայաստանի անվտանգութիւնը ապահովելու համար եւ պէտք է ասել, որ ընդհանուր առմամբ դա մեզ յաջողուեց»:

1990-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի ընտրութիւնների ժամանակ, որը դառնալու էր անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը, գործընկերները առաջադրեցին Աւոյեանի թեկնածութիւնը եւ նա պատգամաւոր ընտրուեց Գիւմրիի «Վերածնունդ» 91-րդ ընտրատարածքից: Նա առաջին պատգամաւորներից էր, որ անդամակցեց ՌԱԿ-ին հէնց որ կուսակցութիւնը պաշտօնապէս գրանցուեց երկրում որպէս քաղաքական միաւոր:

Հէնց հնարաւոր եղաւ ազատօրէն քաղաքականութիւն քննարկել Հայաստանի Ազգային ժողովում, սկսեցին կազմուել ֆրակցիաները եւ Հայաստանի Գրողների Միութեան նախկին նախագահ Վարդգէս Պետրոսեանն ու Վարազդատ Աւոյեանը երդուեցին անդամակցել ՌԱԿ-ին: ՌԱԿ ֆրակցիան շուտով խորհրդարանում ունեցաւ 10 ներկայացուցիչ, եւ այնուհետ այդ թիւը հասաւ 18-ի: «Մօտ մէկ տարուայ ընթացքում ՌԱԿ-ը դարձաւ առաջին խորհրդարանի երկրորդ ամենակարեւոր քաղաքական ուժը, ակտիւ գործունէութիւն ծաւալելով տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բնագաւառներում: Դա ՌԱԿ-ի յաջողութիւնների շրջանն էր: իր 130 տարուայ փորձառութեամբ, ՌԱԿ-ի գաղափարախօսութիւնն այն է, որ Հայաստանը պէտք է լինի ազատ ու անկախ պետութիւն, ազատ շուկայով, ազատ տնտեսութեամբ եւ մարդկանց անհատական իրաւունքներով», յայտնեց Աւոյեանը:

Հայաստանի անկախացման տարիներին Աւոյեանը ընտրուեց Հանրապետութեան Գերագոյն Խորհրդի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անդամ, իսկ 1992-ին՝ խորհրդարանի քարտուղար եւ այդ բարձր պաշտօնում մնաց մինչեւ 1995 թուականը, երբ աւարտուեց առաջին խորհրդարանական գումարումը: «Այդ ընթացքում մենք պէտք է հասարակութիւնը կառավարելու օրէնքներ մշակէինք: ՌԱԿ-ն իր առաջարկներով լուրջ ներդրում ունեցաւ քննարկումների եւ յատկապէս տնտեսութեան եւ մարդու իրաւունքների ու ազատութիւնների վերաբերեալ որոշակի օրէնքների ընդունման ժամանակ: Մենք, ՌԱԿ-ի անդամներս, մշակեցինք որոշ օրէնքների բանաձեւերը: Որպէս կուսակցութիւն մենք կապեր էինք հաստատել ազատական գաղափարախօսութեան ջատագով աշխարհի տարբեր մասերում գործող քաղաքական կուսակցութիւնների հետ եւ մասնակցում էինք խորհրդարանական զարգացմանը նուիրուած ամէնատարբեր ժողովների», յիշեց Աւոյեանը, որ պատգամաւոր վերընտրուել էր արդէն Ազգային Ժողով վերանուանուած խորհրդարանի երկրորդ գումարմանը, որը տեւեց մինչեւ 1999 թուականը: Այս երկրորդ շրջանում, Աւոյեանը միակ ՌԱԿ ներկայացուցիչն էր խորհրդարանում: Պատճա՞ռն, իր խօսքերով, «դժբախտաբար, ներքին երկպառակութեան եւ արտաքին միջամտութեան հետեւանքով կուսակցութեան մասնատումն էր, որը նաեւ հեղինակազրկեց նրան»: Աւոյեանը, սակայն, մնաց խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբում մինչեւ 1998 թիւը, երբ անցաւ Երեւանի ջրամատակարարման համակարգի ծրագրերը ղեկավարելու աշխատանքին, որը տեւեց մինչեւ 2012 թուականը: Այդ ընթացքում նա Համաշխարհային բանկի ֆինանսաւորած մունիսիփալ զարգացման ծրագրի ղեկավարը դարձաւ:

Նա շարունակեց մնալ ՌԱԿ-ի անդամ եւ ներկայիս ՀՏՀ-ի Ռամկավար Ազատական Կուսակցութեան Հանրապետական վարչութեան ամենաակտիւ անդամներից է:

Կուսակցութիւնը վերակազմաւորելու եւ վերակենդանացնելու ջանքերը յանգեցրին դրան, որ հինգ տարի առաջ գումարուած համագումարի ընթացքում միաւորուեցին Արմենական եւ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցութիւնները: 2015 թուի Հոկտեմբերին տեղի ունեցաւ ՌԱԿ-ի 23-րդ ներկայացուցչական ժողովը (2-րդը վերակազմաւորումից յետոյ), որի ընթացքում յստակեցուեցին կուսակցութեան ապագայ նպատակներն ու ծրագրերը: Ժողովի, որին մասնակցում էին նաեւ Սփիւռքի ՌԱԿ ներկայացուցիչները, նախագահ ընտրուեց Աւոյեանը:

Կուսակցութիւնը պատրաստւում է ակտիւօրէն մասնակցել կառավարական մարմինների տեղական ընտրութիւններին նպատակ ունենալով որոշակի պաշտօններ զբաղեցնել 2017-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում: «Մեր յաջողութիւնը մեծապէս կախուած է մի շարք գործօններից, որոնք անհրաժեշտ են կուսակցութիւնը Հայաստանում ամրապնդելու համար», ասում է Աւոյեանը: Կուսակցութիւնը պէտք է միասնաբար գործի եւ միջոցառումներ կազմակերպի: Նա կոչ արեց կուսակցութեան բոլոր մարմիններին, հայրենիքում թէ սփիւռքում, միաւորուել, աւելացնել անդամների քանակը եւ կենտրոնանալ Հայաստանի վրայ: «Հաւատացած եմ, որ նոր մարտահրաւէրների առաջ ենք կանգնած եւ այն կուսակցութիւնը, որ ճիշդ ուղիով կը կարողանայ քարոզչութիւն առաջ տանել, նա էլ յաջողութեան կը հասնի», նշեց նա, շեշտելով, որ ՌԱԿ-ը պետութեան եւ հայրենիքի կողքին է միշտ, բայց ոչ անպայմանօրէն իշխող ուժի կողքին: Այդ պատճառով էլ, ընդհանուր առմամբ հաւանութիւն է տալիս պետութեան արտաքին քաղաքականութեանը, պաշտպանում է այն հայրենիքում եւ սփիւռքում, չնայած երբեմն կարող է նաեւ հնչեցնել որոշ մտահոգութիւններ: Երբ սահմանադրական փոփոխութիւններն էին առաջ քաշւում, կուսակցութիւնն, օրինակ, ըստ Աւոյեանի, մտահոգուած էր մասնաւորապէս երկրի անվտանգութեան հարցերի վերաբերեալ կէտերով, որոնցից մէկը պատերազմական իրավիճակում ընդհանուր հրամանատարի պաշտօնակատարի խնդիրն էր: Արդիւնքում փոփոխութիւններ մտցուեցին վերջնական փաստաթղթում: Աւոյեանը մաս էր կազմում ՌԱԿ պատուիրակութեանը, որն անցեալ տարուայ Սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցաւ նախագահ Սերժ Սարգսեանի հետ:

Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, «իրականում չենք կարող ասել, թէ Հայաստանում տնտեսական յարաբերութիւնները ազատ են», հաւաստեց Աւոյեանը, աւելացնելով. «Մոնօփոլիան խեղդում է փոքր պիզնէսին: Անձնական շահը գերակշռում է տնտեսութեան հաւասար բաշխմանը: Օրէնքի պաշտպանութիւնը, հասարակութեան միջին խաւի ձեւաւորումը եւ փոքր պիզնէսների կայացումը երկրում պէտք է բարձրաձայնի իր մտահոգութիւնները:

«Սա մեր գլխաւոր խնդիրներից մէկն է, որն առաջ պէտք է տանենք որպէս քաղաքական ուժ, նոյնիսկ մէկուսացուելու սպառնալիքի առաջ պէտք է տանենք որպէս քաղաքական ուժ, նոյնիսկ մէկուսացուելու սպառնալիքի առաջ կանգնելով: Եթէ այլ քաղաքական կուսակցութիւններին ղեկավարում են անհատները, ապա ՌԱԿ-ին ղեկավարում են մտաւորականները, որոնք հեղինակութիւն են վայելում«, նշեց նա:

Կուսակցութեան գաղափարախօսութիւնը չափազանց կարեւոր է, քանի որ առանց գաղափարախօսութեան կուսակցութիւնները գերակշռում են Հայաստանում: «Ազատական մտածողութիւնը հեշտօրէն ընդունելի չէր նորանկախ Հայաստանում: Նախկին սոցիալական վարչակազմի հոգեբանական ազդեցութիւնը շատ մեծ էր եւ դժուարութիւններ էր յարուցում շուկայի ազատականացման խնդրում: Բոլոր կուսակցութիւնները սոցիալական խնդիրները լուծելիս դիմում էին սոցիալիստական մեթոտներին: ՌԱԿ-ը անյողդողդ մնաց իր սկզբունքներին», յայտարարեց Աւոյեանը:

Քսանհինգ տարիներ անց նոր սերունդ է աճել Հայաստանում եւ ճիշդ ժամանակն է քարոզել ազատական գաղափարները: Դրա համար ՌԱԿ-ը պէտք է ընդլայնի իր քարոզչութիւնը հեռուստատեսութեան, համացանցի ու տպագիր մամուլի միջոցով: Աւոյեանի մեկնաբանութեամբ սոցիալ-տնտեսական շատ բարդ իրավիճակ է իշխում ներկայիս Հայաստանում: Գլխաւոր խնդիրը շրջափակումն է: Դժուար է արտաքին շուկաների (ինչպիսին Եւրոպան է, օրինակ) հետ առեւտուր կազմակերպել: Եւրասիական տնտեսական միութիւնն էլ նոր է կազմաւորուած: Հայաստանի մաքսային օրէնքներն էլ որոշ դժուարութիւններ են յարուցում, մինչ մոնոփոլիաներն ու կաշառակերութիւնը չեն նպաստում երկրի համընդհանուր բարգաւաճմանը: Գործազրկութիւնը շատ բարձր է, առնուազն 30 տոկոս ընդհանուր առմամբ, իսկ Գիւմրիում 40-45 տոկոս: Արցախի պաշտպանութիւնը կարեւոր է Հայաստանի անվտանգութեան համար, բայց դա ազդում է տնտեսութեանը:

2012-ից սկսած Աւոյեանն իր ուշադրութիւնը սեւեռեց Շիրակի մարզի խնդիրների վրայ: Նա ընտրուեց «Շիրակի Հայրենակցական Միութեան» (ՇՀՄ) նախագահ: Շահ չհետապնդող այս կազմակերպութիւնը հիմնուել էր 2000 թուականին եւ առաջին նախագահ էր ընտրուել Հայաստանի եւ Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիաների անդամ Սերգէյ Համբարձումեանը: Շուտով աւելի քան հազար հոգի միացել էին կազմակերպութեանը եւ 10-ը յանձնախմբեր էին ստեղծուել, որոնք զբաղւում էին Շիրակի մարզի մարդկանց մտահոգութիւններով:

«Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցներին մասնակից դարձնել մեր գործունէութեանը: Նոր հայրենակցական միութիւններ եւս կարող են ստեղծուել եւ համախմբել մարդկանց, ինչպէս անցեալում անում էին սփիւռքում», բացատրեց Աւոյեանը:

Կազմակերպութեան գլխաւոր նպատակն է վերականգնել արդիււնաբերութիւնն ու առեւտուրը Շիրակի մարզում եւ նրա մայրաքաղաք՝ Գիւմրիում, բարելաւել գիւղատնտեսական աշխատանքները եւ բնակչութեան սոցիալ-տնտեսական վիճակը: Երկու տասնամեակից էլ աւելի ժամանակ է անցել երկրաշարժից ի վեր, սակայն գործազրկութիւնը, աղքատութիւնը եւ անապաստան մարդկանց թիւը չի նուազում, որի հետեւանքում արտագաղթը շարունակւում է: «Տեղական կառավարութիւնը այդքան միջոցներ չունի զբաղուելու այս բոլոր հարցերով», նշեց նա: Արտագաղթը Շիրակի բնակիչներին ստիպել է ցրուել աշխարհով մէկ, Մ. Նահանգներից սկսած մինչեւ Եւրոպա եւ Ռուսաստան: Դիմելով Շիրակից հեռացողներին Աւոյեանը կոչ արեց. «Ձեր ծննդավայրը թողնելու պարագայում անգամ, դուք իրաւունք չունէք մոռանալ այն: Նիւթական օժանդակութիւն ցուցաբերելը գլխաւոր նպատակ չպէտք է լինի: Սփիւռքը «փողի տրցակ» չէ միայն: Եթէ ձեր ծննդավայրի դպրոցին կարող էք օգնել, օգնեցէք, ինչ որ գործով ապացուցէք ձեր նուիրուածութիւնը: Եթէ չէք կարող, գոնէ ձեր զաւկին կամ ազգականին ուղարկէք այցելելու հայրենիքը եւ դրանով զօրացնելու այն»:

Իր կարծիքով սխալ է մտածել, որ յոռետեսական իրավիճակ գոյութիւն ունի Հայաստանում: «Սփիւռքը պէտք է իմանայ, որ Հայաստանը կայ, գոյութիւն ունի, ապրում է: Հակառակ դժուարութիւններին առողջ ուժերն այնքան հզօր են, որ կարողանալու են, թէկուզ դանդաղ, հզօրացնել մեր հայրենիքը: Պէտք է լաւատես լինել», հաղորդեց Աւոյեանը, աւելացնելով, որ քննադատութիւնը պէտք է զուգակցուի երկրի զարգացմանը մասնակից դառնալուն:

Զրոյցի վերջում Աւոյեանը, որպէս ՇՀՄ-ի նախագահ, եւ ՌԱԿ-ի գործունեայ ղեկավար, կոչ արեց բոլոր հայկական կազմակերպութիւններին, բարեգործական միութիւններին եւ քաղաքական կառոյցներին նեցուկ կանգնել կարեւորագոյն այս ծրագրին: