ՏԱԳՆԱՊԱԼԻ ՕՐԵՐ

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, պ.գ.դ

Հանրապետութիւնում ստեղծուած այս վիճակն իսկապէս մտահոգիչ է, աւելին` տագնապալի: Որպէս հասարակ մահկանացու, այս երկրի քաղաքացի ու դրա վաղուայ գեղեցիկ օրուայ ջատագով, ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ, ինչի՞ համար եւ ինչպէ՞ս հասանք այս տխուր հանգրուանին…

Մէկ բան յստակ է, մէկ օրում ու մի դիպուածի արդիւնքում չէ, որ եղաւ այս ամէնը, այլ, իմ խորին համոզմամբ, դրա հիմքերը դրուեցին դեռեւս ԽՍՀՄ-ի փլուզման ու անկախութեան նուաճման գործընթացներին զուգընթաց: Բոլոր պատճառները մէկ թերթային յօդուածում լուսաբանելը հնարաւոր չէ, ուստի կը փորձեմ լինել համառօտ:

Որպէս երկու (խորհրդային եւ նորանկախ հանրապետութեան) համակարգերում ապրած եւ դրանք կամրջող սերնդի ներկայացուցիչ վստահ կարող եմ ասել, որ անկումն սկսուեց հոգեւոր-մշակութային դաշտից: Խորհրդային ժամանակներում կուսակցանոմենկլատուրային համակարգի պարտադրանքով պատանեկան տարիքից սկսած սերունդները դաստիարակւում էին հոկտեմբերիկ-պիոներ-կոմերիտական անվրէպ գործող շղթայով: Լա՞ւ էր դա, թէ՞ վատ, այլ խօսակցութեան թեմա է: Բայց ի՞նչ արեցինք անկախութեան տարիներին: Մերժելով այդ ամէնը, նետեցինք դրանք պատմութեան աղբարկղ, բայց, ցաւօք, տեղը ոչինչ չդրեցինք: Փոխարէնը մատաղ սերնդի ներաշխարհի դռները լայն բացեցինք տարաբնոյթ աղանդաւորական հեղեղի առջեւ, որը սովորաբար աշխուժանում է բոլոր այն դէպքերում եւ այն տեղերում, որտեղ առկայ են սոցիալ-քաղաքական եւ, ամենակարեւորը, դրանցով պայմանաւորուած հոգեբանական դժուարութիւններ: Մեր անհեռատես ու նիւթապաշտ ընթացքով ստեղծեցինք անարժէք արժէքների, սնամէջ հոգեկերտուածքի երկիր: Իսկ դատարկ ու անիտէալ հասարակութիւնը հոգեպէս աղքատ է դառնում, փլւում են հոգեւոր արժէքները, որոնց տեղը հզօր թափով գալիս է լրացնելու մարդկային ցեղի ամենավտանգաւոր բարդոյթներից մէկը` նիւթապաշտութիւնը:

Մեր այս անարժէք արժէքների երկրի ստեղծման գործում, համոզուած եմ, մեղքի բաժին ունեն բոլորը եւ, առաջին հերթին, մեր քառորդդարեայ իշխանութիւնները, որոնք իրենց կրթական, մշակութային, հոգեւոր ու սոցիալ-տնտեսական անհեռատես քաղաքականութեամբ, մարդ արժէքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, իրենց անհանդուրժողականութեամբ, պատեհապաշտութեամբ ամէն օր մեր երկրի մարմինը սարսափելի հիւծեցին: Մենք էլ տարբեր կարգավիճակներում, ոմանք ընդդիմութեան, ոմանք` վերջին ազատախոհի, ոմանք` նուիրեալի, ոմանք`ազգային հերոսի, ոմանքՙ հանդուրժողի դերում տարբեր չափերի մասնակիցն ու դերակատարը եղանք այդ նողկալի գործընթացներին: Հէնց այս պաշարով էլ մենք հասանք վստահութեան այն մեծ ճգնաժամին, որի արդիւնքում առաջնագիծը տեղափոխել ենք երկրի մայրաքաղաքի կենտրոն: Առաջնագիծ, որի կողմերում, համոզուած եմ, թշնամիներ չկան: Սակայն իւրաքանչիւր կողմ, խումբ, անհատ ունի իր տեսակէտը: Բոլորն են մտահոգ, բոլորն են քննարկում ստեղծուած բարդ իրավիճակը: Իսկ որպէս կանոն, հայկական քննարկումներում իւրաքանչիւրն իր անվերապահ ճշմարտութիւններն ունի, իր անբեկանելի ճշմարտութիւնները:

Մէկ Աստծոյ գործերն են անքննելի, մէկ էլ` հայի ճշմարտութիւնները: Այո, եթէ արդարադատութիւն լինէր, եթէ զարգանայինք մշակութապէս, եթէ կրթուէինք, եթէ թալան, գողութիւն, քայքայում, զոռբայութիւն չլինէր, եթէ իշխանութիւնն իշխանութիւն լինէր, ընդդիմութիւնը` ընդդիմութիւն, եթէ քաղաքական համակարգը աւերուած չլինէր, եթէ երեսպաշտութիւն չլինէր, եթէ ազնւօրէն գնահատուած լինէին երկրին նուիրեալ ծառայութիւններ մատուցած բոլոր մարդիկ, եթէ արժանապատիւ ապրէին, եթէ արժանի մարդը վտարուած չլինէր, եթէ համբակները մշտապէս չլինէին թամբին, եթէ անարդարութիւններից ու վաղուայ օրուայ նկատմամբ անվստահութեան զգացողութիւնից զայրացած ու զզուած չարտագաղթէինք, եթէ մի բան փոխուէր երբեւէ…: Այո, սա էլ գիտենք բոլորս, սրա արմատներն էլ խորն են. խորհրդային հասարակութիւնից մինչեւ անկախ Հայաստանի հիմքեր, մինչեւ դրանք հետեւողականօրէն խարխլած անգէտներ, մինչեւ զանազան մակարդակների ընտրական ցուցակների տիրակալներ, մինչեւ մենք, ինքներս, որովհետեւ «…բոլորն ուզում են աշխարհը փոխել, ոչ ոք չի ուզում սկսել իրենից…»:

Իմ սերնդակիցները լաւ են յիշում. ստեղծուել է գրեթէ նոյն իրավիճակը, որն առկայ էր 1990 թ. Օգոստոսին, երբ ՀԱԲ-ը յայտարարեց խորհրդարանը ռմբակոծելու իր մտադրութեան մասին, 1997 թ. Հոկտեմբերի 27-ին, մարտիմէկեան դէպքերի ժամանակ: Համոզուած եմ, եթէ այդ բոլոր իրադարձութիւնների հետ կապուած բոլոր հարցերը անպատասխան չմնային, գուցէ թէ այսօրեայ ցաւալի իրավիճակն էլ չլինէր: Ուրեմն ի՞նչ, մի՞թէ շատ չէ սա մի ժողովրդի ու ընդամէնը 25-ամեայ պետութեան համար: Այն պետութեան, որը պատերազմի մէջ է եւ որի անվտանգութիւնն` ակներեւ վտանգուած է, այն պետութեան, որը շրջափակման, գրեթէ բոլոր կարեւոր ճիւղերի ու բնագավառների մոնոպոլիզացման ամենաբարձր աստիճանի է հասել, որտեղ հարցերը լուծւում են, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եղանակներով, որտեղ վերից-վար իշխանութիւնների կրողները խուսափում են ականջալուր լինել հասարակ մահկանացուներիս խօսքին:

Ո՞րն է ելքը: Հարց, որը կախված է օդում, մտել է բոլորիս տներն ու բակերը, հասել Լոս ու Փարիզ, Ավստրալիա ու Լատինական Ամերիկա: Նախ հարկավոր է ծայրաստիճան լրջախոհ մոտեցում: Սթափվենք բոլորս, գնահատենք պահի լրջությունն ու անկանխատեսելի հետեւանքները, ձերբազատվենք «կողմ»-երի բարդույթից ու միմյանց մեղադրելուց: Չէ որ կասկածից դուրս է` անարյուն, ողջախոհ, ինչու չէ, նաեւ արդարացի լուծում է անհրաժեշտ, որին պիտի հաջորդի նաեւ երկրում կուտակված ու ժամ առաջ լուծում պահանջող բյուր հարցեր: Այս անգամ գոնե լինենք հետեւողական, այս անգամ գոնե իշխանությունները թեթեւացած շունչ չքաշեն ու շարունակեն իրենց շատ դեպքերում անարդարացի գործելաձեւերով կառավարել: Լուծում, որի քննարկմանն ու ուղիների որոնմանը մասնակից դառնան ժողովրդական լայն շրջանակները, թե չէ միայն ծափահարողներով, որոնք միշտ արջի ծառայություն են մատուցում, կամ հայհոյողներով առաջ չենք գնա, լուծումը ամենալավը չի լինի:

Համոզված եմ, ավելի քան անհրաժեշտ ու կարեւոր է հանրապետության նախագահի ուղերձը ժողովրդին: Չէ որ ի վերջո նա է երկրի կարեւորագույն հարցերի ու բոլոր քաղաքացիների անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Կարծում եմ նաեւ, որ համապատասխան վերաբերմունք պիտի դրսեւորեն Ազգային ժողովը (որն անմիջապես պիտի ետ կանչվի արձակուրդից. եթե ոչ այս, ապա ուրիշ ո՞ր դեպքերի համար է նախատեսված ազգընտիրների անդորրը խանգարել), կառավարության, Սահմանադրական դատարանի եւ այլ կարեւոր մարմինները: Լավագույն լուծումներ գտնելուն կնպաստի նաեւ հասարակության բոլոր շրջանակներից ընտրված խմբի (կամ խմբերի) մասնակցությունը հարցերի քննարմանը եւ այլն: Ավելացնեմ, որ շատ հեռու եմ ասածներս հարցի լուծման լավագույն տարբերակներ համարելուց, առավել եւս վերջնական խոսք ասելու հավակնություն չունեմ (եթե նկատեցիք, ավելի շատ հարցեր են, քան դրանց պատասխանները), բայց իսկապես սիրտս ցավում է, իսկապես անհանգստացած եմ եւ շատ եմ ցանկանում բոլոր խնդիրները շուտափույթ լուծված տեսնել:

22.07.2016