ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՍՏԵՂԾԵԼ Է ՈՉ ԹԷ ԿԻՐԹ, ԱՅԼ ՄՏԱՒՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺՈՂՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Թուրքերը երբեք չեն գալիս «ձեր հետ», 

այլ միշտ գալիս են «ձեր տեղում» ապրելու..                                                                                                                                  

Ժողովրդական

 

Շուրջ եօթանասունամեայ կենսափորձս յուշում է, որ ամէն ինչի իմաստը, գերագոյն արժէքն ու սրբութիւնների սրբոցը հայրենիքն է: Ես երջանիկ եմ, որովհետեւ ապրածս տարիներին եղել է յանուն հայրենիի գործի պաշտամունք, եղել է խորքային համոզմունք, որ օգտակար գործ ենք անում: Սակայն ամէնքս էլ կեանքում ինչ-որ բան կիսատ ենք թողնում: Կարեւորը պատգամն է սերունդներին, որ նրանք չընկրկեն եւ շարունակեն կռիւը: Քանզի մենք արմատի խնդիր ունենք ու անընդհատ պիտի մտածենք, թէ ի՞նչ անենք, որ այդ արմատը չչորանայ յանկարծ: Պատասխանը մէկն է. պէտք է սնուցել բոլոր ազգային ուժերը, որոնք կը վերակենդանացնեն, կը վերականգնեն մեր ազգային նկարագիրը: Իսկ այսօր, ցաւօք, պարադոքսալ վիճակ է` կարծես պետականութեան ու հայրենիքի կորստին ենք համակերպուել, իսկ հարկերի շարունակական ծանրացմանը` ոչ: Համոզուած եմ, որ սա էլ պատմական, ազգային հին բնաւորութիւն է:

Արդէն տարիներ են անցել, բայց դեռ շատերն են աղաղակում, թէ իբր դաւաճանները պատժուելու են, չեն մարսելու: Բայց` ե՞րբ…: Երբ իրենց սեւ գործն անեն պրծնե՞ն, երբ որ էլ պետականութիւն չունենա՞նք: Ենթադրենք մի քանի տարի յետոյ ինչ որ մէկը կամ մի քանիսը պատժուեն, դրանից ի՞նչ կը ստանանք, սրտներս կը հովանա՞յ: Կասկածում եմ, բայց եթէ արուի էլ, ապա զրոյ օգուտ կը լինի դրանից: Մօտաւորապէս նոյնը կը լինի, որ քո երեխային կծած թունաւոր օձին սատկացնես, որն արդէն կծել, թունաւորել ու սպանել է երեխայիդ, այսինքն, մինչ դա էր պէտք անել: Այս առումով սակայն մենք մենակ չենք աշխարհում: Ամերիկեան լրագրող, «The New York Time»-ի լրագրողների թիմի երկարամեայ անդամ, Պուլիտցերեան մրցանակի դափնեկիր Քրիս Հեջդեսը նշում է, որ ներկայումս մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բժիշկները աւերում են առողջութիւնը, համալսարանները` գիտութիւնը, մամուլը` տեղեկատուութիւնը, իրաւաբանները` արդարադատութիւնը, կրօնը` բարոյականութիւնը, իսկ բանկերը` տնտեսութիւնը: Ուղղակի մեզ` հայերիս, անհրաժեշտ է առաւել խելացի ու հաշուենկատ լինել, կրակից ոչ այնքան հեռու լինել, որ մրսենք ու ոչ այնքան մօտ, որ վառուենք: Նոյն սկզբունքը լիովին պիտի վերաբերի նաեւ մեր ոխերիմ բարեկամներին…

Սա է մեր գոյատեւութեան կարեւոր բանաձեւերից մէկը:

Գաղտնիք չի, որ առանց Ռուսաստանի աշխարհի գոյութիւնը անիրական է, եւ համոզուած եմ, եթէ Ռուսաստանը արդէն զգայ, հասկանայ իր պարտութիւնը, նա կը պայթեցնի Երկիր մոլորակը, քանի որ ռուս ժողովուրդն իր գոյութեան ընթացքում դեռ ոչ մի ազգից ոչ մի պարտութիւն չի կրել: Միակ բացառութիւնը XIII դարի սկզբներին` թաթար մոնղոլների արշաւանքի ժամանակ է եղել, երբ ռուսները դեռեւս ամբողջական ժողովուրդ ձեւաւորուած չէին: Դրա խօսուն վկայութիւնն են այն իրողութիւնները, որ Իւան Կալիտայի (1288-1340) իշխանութեան ժամանակներից Ռուսաստանը միշտ յաղթել է իր հակառակորդներին, անընդհատ ընդարձակուել է եւ իր ունեցած անծայրածիր տարածքով դարձել աշխարհի ամենամեծ տէրութիւնը: Լաւ կը լինի, որ Արեւմուտքը (նաեւ մեր ամենագէտները) վերջապէս հասկանան դա, ճիշդ ըմբռնեն այդ վտանգի կարեւորութիւնն ու վերջ տան այս անմիտ, վտանգներով լի պատերազմին: Թէ չէ Ռուսաստանի եւ հաւաքական Արեւմուտքի միջեւ մերօրեայ փաստացի լայնածաւալ պատերազմը` չտեսնուած պատժամիջոցների եւ ռազմական գործողութիւնների ծաւալմամբ, աշխարհի տարբեր տարածաշրջաններում աստիճանաբար յանգեցնում է նոր մասնակիցների ընդգրկման: Կազայի եւ Կարմիր ծովի շրջաններում տեղի ունեցող բախումներն ու պատերազմները դրա վկայութիւնն են: Դրանում ներքաշուած է նաեւ Եմէնը: ՌԴ-ի հետ սերտ համագործակցում են Հիւսիսային Քորէան եւ Իրանը:

Ի՞նչ նոր զարգացումներ կը լինեն մեր տարածաշրջանում հարցին արեւմտամէտ եւ ռուսամէտ շրջանակները պատասխանում են կանխակալ եւ խտացուած գոյներով: Ում ինչ ձեռնտու է, բաւականին«լուրջ» փաստարկներով հիմնաւորում են: Ոմանք ողջունում են ռուսներից ազատագրման դարակազմիկ պահը եւ ֆրանսիական նաւերի հայկական լեռները «բարձրանալու» փաստը: Հակառակ կողմը, նշելով, որ Ռուսաստանը եթէ լաւ ու հաւատարիմ բարեկամ չի, բայց շատ վտանգաւոր ու յիշաչար հակառակորդ է: Զգուշացնում են նրա հետ դաշնակցային կապերի զրոյացման քաղաքականութեան կործանարար հետեւանքներից, որի վերջակէտը Ալեքսանդրոպոլ-2 պայմանագրի կնքումը կը լինի եւ 10-15 հազար քառ. քմ. տարածքով դինամիկ զարգացող արեւմտեան (որի ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է) կառոյցներում ինտէգրուած «երջանիկ» ժողովրդավար Հայաստանը: Շրջանառւում է նաեւ Հարաւային Կովկասի երկրների երկրորդ «խորհրդայնացման» սցենարը, երբ քաղաքացիական (ուքրաինական) պատերազմը դրական արդիւնքներով աւարտած«կարմիր» բանակը կրկին կը բարձրանայ լեռները, որի արդիւնքում կը վերականգնուի ռուսական բացարձակ գերիշխանութիւնը: Կարծում եմ, որ երկու սցենարներն էլ 50%-ով իրականանալու շանսեր ունեն: 100% կանխատեսումն ուղղակի անհնար է: Ինչպէս եղաւ օրինակ, Սեւրի պայմանագրի կնքման օրը, երբ ոչ մէկի մտքով չէր անցնում կանխատեսել, որ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը կը կնքուի:

Թէ դեռ որքա՞ն Արեւմուտքը կը շարունակի ռազմական մատակարարումները, տնտեսական ի՞նչ հետեւանքներ կ’ունենան պատժամիջոցները, արդեօ՞ք Կրեմլը կը դիմի ջերմամիջուկային զէնքի կիրառման, արդեօ՞ք կ’երկարաձգուի ռուս-թուրք-ատրպէյճանական համագործակցութեան ձեւաչափը եւ այսպիսի շատ հարցերը դեռեւս չունեն յստակ պատասխաններ: Բացառուած չի եւ աւելի հաւանական է, որ պատերազմի աւարտից յետոյ Քրեմլն ու Արեւմուտքը «ջենտլմենական» ստուերային համաձայնութիւն կայացնեն եւ ազդեցութեան գօտիների նոր վերաբաժանում կատարեն: Եթէ մինչ այս դէպքերը Հայաստանը ռուսական ազդեցութեան գօտի էր, Վրաստանը` արեւմտեան, Ատրպէյճանը թուրքական, ապա հնարաւոր է նոր վերաձեւում: Հայաստանը ո՞ր գօտում կը մնայ, սա հարց է, որի լուծումը դեռ տրուած չէ: Մի բանում եմ համոզուած, որ այսպիսի անկայուն միջազգային պայմաններում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը յղի են նոր վտանգներով եւ այժմ հարկաւոր է «իջնել ջրի յատակը մինչեւ անցնի վտանգը»: Այդպիսի փայլուն օրինակ է Վրաստանի կառավարութեան հաւասարակշռուած եւ շրջահայեաց դիրքորոշումը: Յիրաւի պետականամէտ եւ ազգանպաստ գործունէութեան օրինակ, երբ յաջողուեց ի հակառակ Արեւմուտքի ճնշման, խուսափել Ռուսաստանի դէմ պատժամիջոցներից եւ նոյնիսկ ձեռք բերել ԵՄ անդամութեան թեկնածուի կարգավիճակ:

Պատմութիւնն ուսուցանում է, որ պարտուած ժողովուրդների մէջքին հասնող մտրակի հարուածները դառնում են վերելքի նոր աւետիսներ…այնինչ այսօր ֆիզիքական Հայաստանն օրըստօրէ մեռնում է, քանզի այլեւս մեռած է հոգեւոր Հայաստանը: Ո՞վ կարող է վերջին հինգ տարիներին նշել որեւէ նշանակալից մշակութային իրադարձութիւն, բացի էն նշանաւոր արտասահմանցի ռեփերի չկայացած համերգից: Հայաստանում անտեսուած է թէ՛ գրողը, թէ՛ երաժիշտը, թէ՛ երգիչը, թէ՛ պարողը, թէ՛ նկարիչը, թէ՛ թատրոնը, թէ՛ կինօն, թէ՛ գիտութիւնը, թէ՛ կրթութիւնը եւ թէ՛ գիտութեան ու արուեստի գործիչները: Ո՞վ կը պատկերացնէր… Չնշուեց անգամ Պարոյր Սեւակի 100-ամեակը… Գագիկ Սարոյեանը լաւ է ասում.

Հոգեւորս մեռաւ.

Իսկ ես դեռ մեռնում եմ…

Այս ամէնը նրանից է, որ հայերն ամէն ինչ փչացնելու աշխարհի մաշտապով չեմպիոններ են: Պատմութեան ընթացքում հարիւրաւոր անգամներ ունեցել են ոսկեայ պահեր, երբ ոտքի են կանգնել, հզօրացել են կամ ազատագրուել, բայց յետոյ իրենք իրենց ձեռքով ամէն ինչ հարամել են ու իրենց արածը զրոյի հաւասարեցրել: Յիշէք Տիգրանին, ստեղծեց կայսրութիւն ու ինքն էլ իր ձեռքով Քլէոփաթրա, Միհրդատ Պոնտացի խաղացնելով էշ-էշ վերացրեց իր ստեղծածը: Արշակունիները յիմարաբար ձեռնոց նետեցին աշխարհակալ Պարսկաստանին, իրար միս կերան ու կործանուեցին: Բագրատունիները գերի դարձան իրենց անիրական նկրտումներին, մանրացան ու փոշիացան: Դաւիթ բէկը Մխիթարի հետ հզօր Օսմանեան եւ Պարսկական կայսրութիւնների արանքում ստեղծեցին Սիւնիքի անկախ պետութիւն, որի գոյութեան հետ արդէն թշնամիները յարմարուել էին, բայց հայերը կտրեցին իրենց անկախացնողի գլուխը ու տարան Պարսից շահին նուէր: Բա էսպիսի անասունութիւն էլ ո՞վ կ’անէր բացի հայերից: Հոկտեմբերի 27-ին էլ նոյն հայերը մտան ու սպանեցին լաւից վատից, բայց այն երկու անհատներին ովքեր որոշ չափով մեզ անկախ էին պահում ու լրիւ չէին կռանում թշնամու առաջ: Այնպէս որ, խոստովանենք, անձնական նախանձը ազգի ու պետութեան ապագայից առաւել կարեւոր համարող անյաջող ժողովուրդ ենք:

Հայերի էս վիճակը նաեւ նրանից է, որ չեն սիրում լսել դիմացինին, որ իրենց թւում է, թէ ամէն ինչ գիտեն ու միշտ ամէն ինչում իրենք բոլորից խելացի են: Օրինակ` ռուսի կամ թէկուզ թուրքի հետ էլ որ մի թեմայով բանվիճում ես` իրենք քեզ լսում են եւ որեւէ բան, որ դուռները չի էլ գալիս, կեղտոտ բերանները չեն բացում, այլ փորձում են հակառակն ապացուցել: Այսինքն, ցանկացած ազգի հետ ստացւում է բանավիճել, նոյնիսկ մեզ թշնամի ազգերի հետ, բայց հայերի հետ անհնար է…օրինակներն այնքան շատ են, որ դրանք վկայակոչելն անգամ աւելորդ է: Հաւանաբար այսպիսի իրավիճակները նկատի ունենալով է Թոմ Նիկոլսը գրել «Վտանգաւոր ամենագէտները» գիրքը, որտեղ ցոյց է տալիս, թէ ինչպէս ենք հասել այսօրուայ մտահոգիչ վիճակին: Երբ ցանցային ամենագէտները դարձել են հանրային գլխացաւանք, իսկ փորձագիտական միտքը, գիտելիքը, մասնագիտական բանավէճն իրենց տեղը զիջել են ցանցային ամենագէտներին ու նրանց  բարձրագոչ յայտարարութիւններին ու հանրագրերին: Հիմա սեփական անգիտութեան պաշտամունքի շրջան է: Հեղինակը ցոյց է տալիս նաեւ, որ սոցցանցերում ծնւում են տաղանդաւոր դեմագոգներ եւ միջին վիճակագրական քաղաքացին հաւատում է, որ եթէ տիրապետում է  Wikipedia-ի տեղեկութիւններին, ուրեմն չի տարբերւում գիտութեան դոկտորից ու փորձառու դիւանագէտից: Թոմ Նիկոլոսը նշելով, որ որեւէ մէկի կարծիքը յարգելը չի նշանակում այդ նոյն յարգանքին արժանացնել նաեւ այդ մարդու գիտելիքը եւ չվաստակած գովասանքի խօսքերն ու կեղծ յաջողութիւններն ուսանողներին դարձնում են ամբարտաւան, եզրակացնում է, թէ «պարադոքսալ» յարակարծական է, որ տեղեկատուութեան տարածումը ստեղծել է ոչ թէ կիրթ հասարակութիւն, այլ մտաւոր ձեռքբերումները մերժողների, թերուսների ու ժխտողականների բանակ: Իսկ երբ զանգուածը սկսում է կարծել, թէ ոչ ոք չգիտի աւելին, քան միւսը, ժողովրդավարական ինստիտուտներին սկսում են փոխարինել «պոպուլիստներ»ն ժողովրդահաճ ու տեխնոկրատները: Մեծ ցաւով պիտի նշեմ, որ Հայաստանեան այսօրեայ իրականութիւնն այդ ամէնի խօսուն վկայութիւնն են:

 

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

ՊԳԴ, փրօֆէսօր

Երեւան

«Պայքար» շաբաթաթերթ