Բարեւ, իմ անուշ եղբայր,
Չնայած նոր եմ խօսել քեզ հետ, լսել ձայնդ, մասամբ յագեցրել կարօտս, բայց հիմա ուզեցի գրել: Երբ հեռախօսով խօսում եմ քեզ հետ, ինձ բաւարար է թւում ձայնդ լսելը: Դրա համար էլ արցունքներս խեղդում են կոկորդս ու ոչինչ ասել չեմ կարողանում: Երբ եկար ու տեսայ քեզ, միայն քո ներկայութիւնից այնքան երջանիկ էի, որ ուղեղումս կուտակուած բոլոր հարցերը, բոլոր մտքերը մոռանում էի, դրա համար էլ յիմար կատակներ էի անում ու անիմաստ ժպտում: Իսկ այսպէս հեշտ է. վերջապէս կը գրեմ այն, ինչ Նոր Տարուայ շեմին ուզում եմ ասել քեզ, ինչ երեւի յետոյ յարմար չգտնեմ ասելու: Ես լաւ եմ. Ապերն ու Արմանչօն էլ լաւ են: Երէկ գնացել էի պապային ու մամային տեսնելու: Երեւի խօսել ես հետները: Լաւ են: Բայց առանց քեզ ինչպէս Նոր Տարի անեն: Էսօր Արմանչիկն ասում է՝ որ մեծանամ, զինուոր եմ դառնալու, քեռուս նմանուեմ: Երեւի ինքը դրդեց, որ գրիչ վերցնեմ: Մանկապարտէզում արդէն ընկերուհի ունի, որ տեսնես ոնց է ուշադիր էդ երեխայի հանդէպ, ուշքդ կը գնայ…
Առաջին Նոր Տարին է, Սերոժ ջան, որ մեզ հետ չես լինելու, որ իրար հետ բաժակ չենք բարձրացնելու, չենք համբուրուելու, որ զնգուն ծիծաղդ չեմ լսելու ու կատակներիցդ չեմ նեղանալու, մէկ-մէկ էլ՝ ջղայնանալու: Սա առաջին Նոր Տարին կը լինի, որ չենք սպասի, թէ ժամը քանիսին ընկերներիդ հետ ներս կը խուժես, ու կը սկսուի մեր իսկական տօնը: Գիտեմ, տղաները կը գնան մեր տուն: Մենք էլ կը գնանք: Բայց ես, մաման ու պապան մտքով քեզ հետ կը լինենք: Դէ, ինչպէս հասկացար, Արմանչօն արդէն քեզ հետ է: Դժուար է պատկերացնել, որ այդ պահին Նոր Տարին զէնքը ձեռքիդ սահմանին խրամատում, քո դիրքում կանգնած կը լինես: Աստուած իմ, այս ե՞րբ մեծացար… Մտքով Նոր Տարուայ գիշերը քեզ հետ կը լինեմ, մատներս քո մատների հետ աւտոմատիդ ձգանին կը լինի, որ անհրաժեշտութեան դէպքում իրար հետ կռիւ տանք: Քեզ գրկած կը լինեմ, որ յանկարծ էս ցուրտ ձմռանը չմրսես, որ եթէ թիկունքումդ կամ գլխավերեւումդ ական կամ նռնակ, կամ էլ «սնարեադ» (արկ-Խմբ.) պայթի, քեզ չկպչի: Մտքով քեզ անընդհատ կը բոթեմ, որ յանկարծ քունդ չտանի, աչքդ չկպչի, չնայած արդէն ասել ես, որ սովորել ես այդ ռեժիմին: Երանի իսկապէ՛ս կողքիդ լինէի…
Խոստանում եմ, որ տօները լաւ ենք դիմաւորելու, ուրախ, ու չեմ լացելու: Հա, պատկերացրու, չեմ լացելու, որովհետեւ արժանի պիտի լինենք նրան, ինչ անում ես դու սահմանին քո ընկերների հետ միասին: Դրա համար ես, չէ՞, անքուն գիշեր անցկացնելու, որ մեզ այստեղ հանգիստ ու ապահով զգանք: Ուրեմն չուրախանալու իրաւունք չունենք: Մամային արդէն ասել եմ, որ յանկարծ աչքին արցունք չտեսնեմ, տխրութեան հետք չտեսնեմ: Առաջին անգամ եմ երեւի սա ասում քեզ, ու դա երեւի այն պատճառով, որ նամակով եմ ասում. հպարտ եմ, որ քո նման եղբայր ունեմ, որ չես տրտնջում, որ երբ հարցնում ենք՝ ո՞նց ես, երբեք չես ասում, թէ խնդիր ունես, թէ ինչ որ բանի կարիք ունես: Անգամ երբ մեզ ասում են, որ ձեր պոստերի ուղղութեամբ կրակում են ամէն տեսակ զէնքից, երբ պապան անհանգստութիւնից տեղը չի գտնում, միեւնոյնն է՝ մեզ էնպէս ես հանգստացնում, կարծես խօսում ես կարկուտի մասին: Հպարտ եմ, որ եղբայրս ես, հպարտ եմ, որ զինուորս ես, մեր բոլորի զինուորը. այդտեղ քեզ հետ կանգնած տղաների հետ միասին: Բոլորին բարեւիր: Ես հիմա միայն քո քոյրը չեմ: Ես բոլոր այդ տղաների քոյրն եմ, որոնք պաշտպանում են քո թիկունքը, որոնց ապաւինելով վստահ կատարում ես ծառայութիւնդ: Ես իրենց հոգուն մեռնեմ: Ասա նրանց, որ բոլորի համար աղօթում եմ: Ես հաւատում եմ քեզ, հաւատում եմ հայ զինուորի խելքին ու բազկին: Դու հիմա պետութիւն ես սարքում, դու հիմա հայրենիք ես սարքում. որքան վեհ է հնչում: Դո՛ւ ես հիմա պետութիւնն էլ, հայրենիքն էլ, որը ապահովում է իմ փոքրիկի՝ իմ Արմանչիկի հանգիստ, խաղաղ քունը: Յետոյ կը գաս՝ արդէն ընտանիքդ, քո բոյնը կը սարքես: Պատկերացնում եմ՝ ոնց եմ հարսանիքիդ պարելու:
Լաւ մնայ, Սերոժ ջան: Չմոռանաս ձեռնոցներդ դնես: Ոտքերդ տաք պահիր: Եթէ բան պէտք լինի, ինձ գրիր: Շնորհաւոր քո ու այդտեղ քեզ հետ ծառայող բոլոր տղաների, իմ բոլոր եղբայրների Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը: Աստծոյ ու ձեր ծնողների օրհնութիւնը ձեզ վրայ: Սպասում եմ… սրտատրոփ…
Քո քոյր՝ Անի