Ճակատամարտը տանուլ տուած ազգերը վերականգնւում են:
Նրանք, ովքեր յանձնւում են, անհետանում են:
Ուինսթըն Չըրչիլ
Հայոց պատմութեան մէջ վերջին արքան յիշատակւում է 1471 թ-ին, այսինքն, եթէ հաշուենք, ապա կը ստացուի, որ մենք պետականութիւն չենք ունեցել 447 տարի: Այսինքն` լիովին հիմնազուրկ է եւ յերիւրանք, որ հայերը.«հազար տարի պետութիւն չեն ունեցել»: Միշտ եւ անընդհատ պետականութիւնը վերականգնելու գաղափարն ուղեկից է եղել մեզ բոլոր ժամանակներում: Ուստի պատահական չէր, որ Հայոց պատմութեան ամենադաժան շրջանը` ցեղասպանութիւնը վերապրող հայ ժողովուրդը 1918 թ. Մայիսի 28-ին իր մէջ ուժ գտաւ, Սարդարապատի, Պաշ-ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում յաղթեց, վերականգնեց հաւատը սեփական ուժերի հանդէպ եւ այդ յաղթանակի շնորհիւ վերակերտեց իր կորսուած պետականութիւնը: Ծնուեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը: Այսինքն, մայիսի 28–ը մեր պատմութեան ամենամեծ տօնն է եւ հեռու չէ այն օրը, երբ այն կը տօնուի իբրեւ համազգային անհերքելի ամենամեծ տօն:
Գաղտնիք չի, որ անկախութիւնն ու ազատութիւնը աստուածային ու բարձրագոյն արժէքներ են: Ազատութիւնն է, որ տանում է դէպի անկախութիւն, ազատ հոգին է, որ տանում է դէպի ազատ միտք ու արժանապատւութիւն, սեփական ինքնութեան ճանաչման ու գնահատանքի: Եթէ ազատութիւնն ու անկախութիւնը սերմանուած չէ մարդու հոգում, ապա նման մարդը դատապարտուած է կամ ոչնչացման կամ էլ անարժանապատիւ գոյութեան: Միաժամանակ պէտք է նկատի ունենանք եւ հաշուի առնենք այն հանգամանքը, որ պետութիւնը կառավարւում է մէկի (կամ այդ մէկի խմբի) կողմից: Գուցէ ոչ ամենակատարեալ, բայց այնուհանդերձ` մէկի: Պետութիւնն ունի նաեւ ներքին տարրեր, որոնք, ի դէպ, մենք երբեք չենք կորցրել: Օրինակ` առանձին իշխանութիւններ գոյատեւել են ընդհուպ մինչեւ 1918 թ., իսկ Հայ Առաքելական եկեղեցին էլ, որպէս հայերի տեղական կեանքի կազմակերպիչ, իսկ երբեմն նոյնիսկ հայերի արտաքին ներկայացուցիչ, կայ մինչեւ օրս:
Բայց արի ու տես, որ ոմանք Երկիրը դարձրել են հումորի աշխարհ: Ամէն օր, ամէն ժամ, հեռուստացոյցով, ռադիօյով, թերթերում, ամսագրերում, համերգներում եւ ներկայացումներում ծաղրում են բոլորին: Երկրում ձեւաւորուել է պրոֆէսիոնալ հումորիստների եւ զուարճասէրների բանակ: Բացարձակապէս ոչ մի սրբութիւն, ոչ մի բարոյականութիւն չի մնացել: «Ցաւն այն է, ասում էր Սօս Սարգսեանը,-որ անգէտ ու անդաստիարակ լինելուց այլեւս չենք ամաչում…»: Հարկաւոր է կա’նգ առնել եւ մտածել թէ արդեօ՞ք մենք չենք քայլում անպատասխանատուութեան, անկարգապահութեան եւ եսասիրութեան միջով: Պէտք է դուրս գանք դրանից, այլապէս աղէտն անխուսափելի է: Դրա օրինակ կարող է լինել նոյնիսկ թշնամին: Այսպէս` ատրպէյճանցի լրագրող Ռահիմ Շալիեւը գրում է.«Լինել ատրպէյճանցի` նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուս գրականութիւն, ունենալ հայկական ճարտարապետութիւն, դաւանել արաբների կրօնին, նշել թալիշների տօները, գնել արեւմտեան տեխնոլոգիաներ, լսել կովկասեան երաժշտութիւն, խմել վրացական գինի, բայց վերջում պնդել, թէ այդ ամէնը քեզ է պատկանում, եւ ատել այն բոլոր ժողովուրդներին, որոնք պարգեւել են քեզ այդ ողջ գեղեցկութիւնը…»:
Ակամայ մտաբերեցի, որ նախկինում իշխանութիւնը բնութագրւում էր հետեւեալ կերպ` Մոսկուայից եկած ցանկացած բան իշխանութեան համար օրէնք ու կարգ էր: Այնքան էլ ճիշդ չեն այն մարդիկ, որոնք վարդագոյն են պատկերացնում կոմունիստական հասարակութիւնը, գովում են, թէ բժշկութիւնը, կրթութիւնը անվճար էին, մտածում են` դրախտ էր, մինչդեռ ստանդարտներով կառավարուող փակ համակարգ էր: Բարձր դիրքերի հասած անձանց մէջ էլ, որոնք այդ աստիճանին դժուար ճանապարհով էին հասել, ի հարկէ, կային ազատ մտածողութիւն եւ ազգային հայեացքներ ունեցող դէմքեր, բայց փոքրաթիւ էին:
Այժմ շատ յեղյեղուկ, անփորձ իշխանութիւն ունենք, որոշ դէպքերում` անկարող: Այն, ինչի մասին խօսում էին, իրենց գործում պէտք է երեւար, չայրէին բոլոր կամուրջներն ուժային կենտրոնների հետ, կարողանային ճիշդ կառավարում իրականացնել, հասարակութեանը համախմբել, ինչն ընդհանրապէս չտեսանք, հակառակը` եղաւ հասարակութեան բաժանում: Ժողովրդավարութեան առումով գուցէ մի քայլ առաջ են ինչ-որ հարցերում, բայց տեղեր ենք տեսնում, որ տասնեակ քայլերով հետ են: Իսկ այն ընդդիմութիւնը, որ կայ այսօր, ուղղակի նուէր է այս իշխանութեանը. իրենք իրար արժանի են: Ուստի գաղտնիք չի, որ այսօր մեզ պէտք է մէկը, ով կարող է վերցնել ողջ պատասխանատուութիւնը: Մարդ, ով կը կարողանայ համախմբել բոլորին եւ կախուած չի լինի ոչ մէկից` բացի սեփական խղճից, սեփական ժողովրդից ու պետութեան շահից:
Այսօր ամէնուր լսւում է հարցերի հարցը. կա՞յ արդեօք քաղաքական ճգնաժամ եւ իշխանափոխութեան անհրաժեշտութիւն: Ընդդիմութիւնը վստահ պնդում է, որ այո, իշխանութիւնը` ոչ: Պարզ է, որ հակառակորդ ճամբարների դիրքորոշումներն այլ կերպ չեն էլ կարող լինել: Իրականութիւնը, սակայն ոչ թէ դիրքորոշումներով եւ կարծիքներով է բացայայտւում, այլ ընդդիմութեան եւ իշխանութեան ուժերի եւ կարողութիւնների յարաբերակցութեամբ եւ յատկապէս պետութեան ղեկը պահելու եւ կառավարելու իշխող վարչախմբի քաղաքական թիմի ռեսուրսներով: Մէկ անգամ եւս յիշենք յայտնի բանաձեւը. յեղափոխական իրադրութիւն առաջանում է, երբ վերին խաւերը չեն կարող կառավարել, իսկ ստորին խաւերը չեն ուզում այլեւս հին ձեւով ապրել: Եթէ այս երկու գործօններից թէկուզ եւ մէկը բացակայում է, յեղափոխական մեթոտներով, այն է` զանգուածային բողոքական ճնշմամբ իշխանափոխութիւնը շատ դժուար է կամ անհնարին: Վերին խաւերի կառավարման ունակութիւնը դա ուժային կառոյցների` բանակի, ոստիկանութեան եւ յատուկ ծառայութիւնների կառավարելիութեան եւ ենթակայ լինելու հանգամանքն է: Մարդկութեան քաղաքական պատմութեան մէջ երբեւիցէ իշխանութիւնը ներքեւից եկող զանգուածային ճնշմամբ չի փոխուել, առանց բանակի եւ ոստիկանութեան վերաբերմունքի եւ աջակցութեան փոփոխութեան:
Այժմ փորձենք կանխատեսել ներկայ քաղաքական գործընթացների հնարաւոր զարգացումները: Երեւում է, որ իշխանութիւնը վարում է ոստիկանութեան մեծաքանակ ուժերի միջոցով շարժումը զսպելու եւ աստիճանաբար մարելու քաղաքականութիւն: Այստեղ նրա յաջողութիւնը պայմանաւորուած է շարժման ծաւալային աճի տեմպերից: Եթէ ինչ որ պահի իշխանութիւնը երերայ, կը գայ այլ լուծումներ եւ ելքեր փնտռելու ժամանակը: Ընդդիմութեան համար իտէալական տարբերակը ժամանակաւոր-անցումային կառավարութեան կազմումն է եւ ինչ որ ժամանակ անց արտահերթ ընտրութիւնների կազմակերպումը: Իշխանութեան համար լաւագոյն տարբերակը շարժումը մարելն է, կիսալաւագոյն տարբերակը արտահերթ ընտրութիւնների կազմակերպումն է, առանց այդ ժամանակաւոր-անցումային կառավարութեան: Կարող է եւ լինել փոխադարձ համաձայնութեամբ անկուսակցական-արհեստավարժ մասնագէտների կառավարութեան կազմումը, որն իմ կարծիքով փրկութիւն կը լինի պետականութեան փլուզման կանխման համար, բայց դա հայկական մարտնչող իշխանատենչութեան մթնոլորտում անհնար է իրականացնել: Եթէ նկատեցիք, առաջին երկու տարբերակներում վճռորոշը ընտրութիւնների կազմակերպման եւ ղեկավարման գերխնդիրն է: Ինչպէս ամէնուր, այնպէս էլ Հայաստանում, լաւ գիտակցում են, որ յաղթում է նա, ով տիրապետում է ձայների հաշվման եւ քուէարկութեան վերահսկողութեան մեխանիզմներին: Դրա համար էլ իշխանութիւնը ծաղրում է ընդդիմութեանը, որը մանդատները վայր չի դնում արտահերթ ընտրութիւնների գործընթացին նպաստելու համար, իսկ ընդդիմութիւնն էլ նախորդ փորձից եւ յատկապէս 2021 թ. դառը պարտութեան դասերից ելնելով, հասկանում է ներկայ իշխանութիւններով նոր արտահերթ ընտրութիւնների գնալու անթոյլատրելիութիւնը: Քանզի բոլորն էլ լաւ գիտեն, որ Հայաստանում իշխանական լծակների, գործադիր եւ դատական մարմինների, վարչական ռեսուրսների օգտագործումն է ընտրութիւններում յաղթանակի գրաւականը:
Այսօր մենք ապրում ենք պատմական յոյժ կարեւոր ժամանակներում: Խիստ արդիական է Վազգէն վեհափառի «Ես այնքանով եմ քրիստոնեայ որքանով որ դա պէտք է իմ ազգին» բնորոշումը: Հետեւաբար միմեանց օգնելն է իմ կարծիքով օրուայ հրամայականը: «Ազգային-ազատագրական» պայքարի դուրս եկած թիմի պայքարում բացակայում են երկու կարեւորագոյն` քաղաքական եւ սոցիալական բաղադրիչները: Կարելի է ենթադրել, որ այսպիսի ռազմավարութեամբ թմրեցնում են գործող իշխանութիւններից հիասթափուած եւ յուսախաբ մարդկանց զգօնութիւնը: Ի հարկէ, հրապարակ դուրս եկած մարդկանց շարքերում կան բազմաթիւ ազնիւ ու պարկեշտ մարդիկ, որոնք օր առաջ ցանկանում են պատժուած տեսնել միակողմանի զիջումներով քաղաքականութիւն վարող վարչախմբին: Ակնյայտ է նաեւ, որ օրէցօր նօսրացող մարդկանց խմբերը գիտակցում են, որ մասնագիտական փայլուն կարիերա եւ բանասիրական շքեղ վաստակ ունեցող սրբազանը, քաղաքական ու սոցիալական ոչ մի օրակարգ առաջ չքաշելով, դատապարտուած է ձախողման, քանի որ նրա պահանջները բացառապէս պարունակում են յուզական, զգացմունքային, նուիրական ազդակներ եւ, անձնական կամ ազգային վրէժխնդրութիւնից բացի, կառուցողական ոչ մի արժէք չունեն: Այնինչ, մենք այս անգամ այլընտրանք ու նահանջի տեղ չունենք եւ պարտաւոր ենք օգտագործել Աստծոյ կողմից տրուած այս միակ հնարաւորութիւնը: Եթէ միասնական եղանք ապա` Լոյսը` կը յաղթի խաւարին, Եռագոյնը` սեւ ու սպիտակին, ճշմարիտը` ստին, Արժանապատուութիւնը` ստորացմանը: Ես` անուղղելի լաւատես, հաւատում եմ այդ լուսաւոր վերափոխութեանը, որի ամենահիմնական գրաւականը համազգային համերաշխութեան հասնելն է:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
ՊԳԴ, փրօֆէսօր
Երեւան