Ազգային ժողովը ընդունեց 2017-ի պետական պիւտճէի մասին օրէնքի նախագիծը, իսկ ընդդիմութիւնը դէմ քուէարկեց

Հայաստանի Ազգային ժողովը Հինգշաբթի` 8 Դեկտեմբերին, 83 կողմ, 24 դէմ եւ 1 ձեռնպահ ձայնով ընդունեց 2017 թ պետական պիւտճէի մասին օրինագիծի լրամշակուած տարբերակը:

Նախքան քուէարկութիւնը իր խօսքին մէջ ՀԱԿ խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեան ըսաւ, որ ՀԱԿ-ը դէմ պիտի քուէարկէ պիւտճէի նախագիծին. «Սա գրաւոր ապացոյց է այն մասին, որ այս կառավարութիւնը խոստովանում է, որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»:

ՕԵԿ խմբակցութեան ղեկավար Հեղինէ Պիշարեանը եւս յայտարարեց, որ իրենք դէմ  պիտի քուէարկեն նախագիծին. «2017-ի բիւջէի նախագծում ոչ մի մմ առաջ չենք գնացել: Նոյն լրջագոյնս խնդիրներով բիւջէ ենք հաստատում, որտեղ առաջընթաց չկայ ոչ մի ոլորտում: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները սպասելիքներ չունեն, ընդհակառակը` կրճատումներ են, ինչը նշանակում է, որ արտագաղթն է մեծանալու: Մենք դէմ ենք քուէարկելու բիւջէին»,-  News.am-ի փոխանցմամբ՝ ըսած է ան:

ԲՀԿ պատգամաւոր Միքայէլ Մելքումեանը եւս նշեց, որ իրենք դէմ պիտի քուէարկեն պիւտճէի նախագիծին:

«2017-ի պետական բիւջէն ոչ մի քայլ առաջ չէ, ընդհակառակը, այն շարունակում է ՀՆԱ 400 մլրդ դրամի այսօրուայ կրճատման քաղաքականութիւնը: Սա նշանակում է, որ այս պահի դրութեամբ բիւջէն 80 մլրդ դրամի պակասորդ ունի: Այս քաղաքականութիւնը շարունակուելու է յաջորդ տարի` վարկեր վերցնելով եւ փակելով, իսկ մեր քաղաքացիներին ստիպում են վարկեր վերցնել: Ամէն ընտանիք 2 վարկ ունի, 1,4 մլն միաւոր վարկ կայ: Սա կոչւում է, որ բոլոր երկամուտները կրճատւում են, թունելի վերջում լոյս չկայ: Սա մենք համարել ենք ծրագրերի կրճատման բիւջէ: Մենք չենք կարող կիսել այդ բիւջէի կատարման քաղաքական պատասխանատուութիւնը եւ Բհկ-ի կուսակցական պատգամաւորները յստակ դէմ են քուէարկելու այս բիւջէին»,-ըսած է ան: