Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան 16-րդ տարեդարձի առիթով կատարուեց Հայրապետական մաղթանք

Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալութեան 16-րդ տարեդարձը:

Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը: Պատարագի սրբազան արարողութեան ընթացքում, Մայր Տաճարի աւետաբեր ղօղանջների ներքոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցութեամբ Նորին Սրբազնութիւն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանութեան, թեմակալ առաջնորդների եւ Հայ Եկեղեցու բարերարների, հանդիսաւոր թափօրով առաջնորդուեց Մայր Տաճար:

Նորին Սրբութեան օծման եւ գահակալութեան 16-րդ տարեդարձի բերկրալից օրուայ առիթով` հաւատացեալների երկրպագութեան համար, Մայր Տաճար էր բերուել Մայր Աթոռում պահուող Սկեւռայի հռչակաւոր մասնատուփի կրկնօրինակը, որում ամփոփուած են համաքրիստոնէական եւ հայ 15 սրբերի մասունքներ:

Հաւարտ Պատարագի արարողութեան, Խաժակ Սրբազանն Իջման Ս. Սեղանի առջեւ քարոզ ասաց՝ անդրադառնալով օրուայ խորհրդին: «Ս. Պատարագին բերած մասնակցութեամբ մենք` Հայ Եկեղեցու զաւակներս, առիթ ենք ունենում մեր գոհաբանութիւնը, մեր երախտագիտութիւնը յայտնելու մեր Տիրոջը` իր շնորհած բոլոր բարիքների համար: Մենք այս Սրբութիւն սրբոցում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Աստծուն, որ մեզ առիթ է ընծայում հայ ժողովրդի մշակութային ժառանգութեան` Ս. Էջմիածնի` յաւէրժական ակունքի այս սրբազան խորանների առջեւ հաւաքուած` աղօթելու Ամենայն Հայոց Հայրապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Կաթողիկոսի գահակալութեան 16-րդ տարեդարձի առիթով: Ոչ միայն աղօթելու, այլեւ մեր երախտագիտութիւնը, շնորհակալութիւնն ու շնորհաւորանքները յայտնելու Վեհափառ Հայրապետին անցնող 16 տարիների ընթացքին արձանագրուած բազում-բազում իրագործումների համար, որոնց շնորհիւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին` այս օրերին առաւել զօրացած, Հայաստանում եւ ի սփիւռս աշխարհի շարունակում է իր առաքելութիւնը:

Մեր աւանդութեան մէջ հոկտեմբեր ամիսը մենք հռչակում ենք հայ մշակոյթի ամիս, քանի որ, ըստ Հայ Եկեղեցու տօնացոյցի, հոկտեմբեր ամսին տօնախմբում ենք մեր Եկեղեցու ամէնից կարեւոր տօներից մէկը` Սրբոց Թարգմանչաց տօնը: Յիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, որ այդ օրերի Կաթողիկոս Ս. Սահակի ջանքերով ու քաջալերանքով կատարեց հայոց պատմութեան ամէնից կարեւոր գիւտը` հայ այբուբենի արարումը: Ս. Մեսրոպ Մաշտոցն իր շուրջը համախմբեց երիտասարդ հայ հոգեւորականներին, վարդապետներին` թարգմանչաց այդ սքանչելի խումբը: Եւ հէնց այդ սերունդն էր, որ Աստծոյ խօսքը` Աստուածաշունչը, վերածեց հայերէնի: Այդ օրերը` 5-րդ դարի սկզբնական շրջանը, մեր պատմութեան ամենաճակատագրական, քաղաքական իմաստով ամէնից դժուարինն էին: Հայաստանը բաժանուած էր, եւ արտաքին ուժերի դէմ հայ ժողովուրդը չունէր միասնական ուժ, որ կարողանար պայքարել: Ահաւասիկ, այդպիսի ճակատագրական պահին Մեսրոպ Վարդապետը, իր շուրջը հաւաքելով թարգմանիչ վարդապետների սերունդը, ստեղծեց հայոց պատմութեան կարեւորագոյն շրջանը` Ոսկեդարը, որի միջոցով հայը ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ազգային իմաստով կարողացաւ զգալ միասնականութիւնը: Ոսկեդարի ճանապարհով հայի համար սեփական ինքնութիւնը յստակ դարձաւ` հիմնուած Քրիստոսի հաւատքի եւ ազգային կեանքի գիտակցութեան վրայ: Քրիստոս, հաւատքը, Հայրենիքը, ազգը եւ ազգային գիտակցութիւնը միաւորուելով` կազմեցին հայոց ինքնութիւնը: Այդ ոգին է, որ 5-րդ դարում ուժ տուեց Մեծ Զօրավար Վարդանին, Ղեւոնդ Քահանային եւ իրենց հետեւող հայ ժողովրդի զաւակներին պարսից հսկայական բանակային ասելու` «մեր հաւատքից ոչ մի ուժ մեզ չի կարող բաժանել»:  Այս յայտարարութեան հիմքը հայ ժողովրդի ինքնութեան գիտակցութիւնից է բխում, եւ Հայ Եկեղեցու ճանապարհով Ոսկեդարի այդ առաքելութիւնը շարունակական մնաց մեր ժողովրդի կեանքից ներս` եւ՛ Հայաստանում,  եւ՛ Սփիւռքում: Իսկ Հայ Եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ղեկավարութեամբ եւ առաջնորդութեամբ, մնաց ռահվիրան ու առաջնորդը` պահելու եւ պահպանելու այդ ոգին», – նշեց պատարագիչ Սրբազանն իր խօսքում:

Յանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան իր շնորհաւորանքի խօսքն ուղղելով Ս. Գրիգոր Լուսաւորչի Աթոռի 132-րդ գահակալին՝ Սրբազան Հայրը մասնաւորաբար յաւելեց. «Վեհափա՛ռ Տէր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք` Գրիգոր Լուսաւորչի եւ մեր երջանկայիշատակ Հայրապետների արժանաւոր յաջորդը, անցնող 16 տարիների ընթացքում շարունակում էք այդ առաքելութիւնը: Մենք տեսնում ենք, թէ ինչպէս Ձեր իմաստութեամբ, տեսիլքով ու անձանձրոյթ աշխատանքով յարատեւօրէն այստեղ` Մայր Աթոռում, Հայաստանում, Սփիւռքում ամբողջանում են այն սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիւ Մեսրոպ Մաշտոցի ոգին` ոսկեդարի հայոց ինքնութիւնը, մեր օրերում շարունակւում է հայ ժողովրդի կեանքից ներս:

…Վեհափա՛ռ Տէր, Ձեր գահակալութեան 16-րդ տարեդարձի առիթով մենք բոլորս աղօթում ենք Ձեզ համար, որպէսզի Տէրը Ձեզ ամուր եւ զօրաւոր պահի եւ Ձեր այդ յարատեւութիւնը մշտապէս մնա Ձեր մէջ, եւ այդ ոգիով շարունակէք առաջնորդել Հայ Եկեղեցին»:

Այնուհետեւ Իջման Ս. Սեղանի առջեւ, հանդիսապետութեամբ Մայր Աթոռի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքեանի, կատարուեց Հայրապետական մաղթանքի արարողութիւնը, որի ընթացքում ներկաներն աղօթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան անսասանութեան եւ պայծառութեան ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեանքի արեւշատութեան եւ արգասաւոր հովուապետութեան համար:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                                                                                                      Նոյեմբերի  8, 2015 թ.

Տեղեկատուական համակարգ