Թէքէեանցիներն Այցելեցին Երեւանի, Ստեփանավանի եւ Կարբիի ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆի Անունը Կրող Դպրոցներ

Կարբիի դպրոց

Հայաստանում եւ Արցախում Վահան Թէքէեանի անուան 5 դպրոց է գործում: Թէքէեան մշակութային միութիւնն էլ արդէն 15 տարի է ուշադրութեան կենտրոնում է պահում Երեւանում, Կարբիում, Ստեփանավանում, Գիւմրիում եւ Բերձորում գործող այդ դպրոցների խնդիրներն ու դրանք լուծելուն զուգահեռ նաեւ աջակցում եւ խրախուսում դպրոցների անձնակազմին: Թէքէեան մշակութային միութեան կենտրոնական գրասենեակի (Պոստոն) նախկին տնօրէն Գեւորգ Մարաշլեանը «Ազգ»-ի հետ զրոյցում մասնաւորապէս ասաց. «Երբ այս ծրագիրը սկսեցինք, Հայաստանի ուսուցիչների սոցիալական վիճակը բաւականին ծանր էր: Եւ արդէն 15 տարի է Հայաստանում եւ Արցախում Վահան Թէքէեանի անուան դպրոցների ուսուցիչներին եւ ամբողջ աշխատակազմի համար կազմակերպւում է այս բարեգործական ակցիան»:

Ծրագրի պատասխանատուն ԹՄՄ կենտրոնական վարչութեան գանձապահ Մարօ Պետրոսեանն է: Գումարները հաւաքւում են հանգանակութեան միջոցով եւ բաշխումը կատարելուց յետոյ ուսուցիչների անուններն ու միւս տուեալները փոխանցւում են բարերարներին:

Հայաստանում ծրագիրն իրականացնում եւ գումարները բաժանում է Գայանէ Մուրատեանը, որ 15 տարի բարեխղճօրէն կատարել է այդ պատասխանատու գործը:

Միութիւնը հիմնուել է 1947թ. Պէյրութում: Իսկ Ամերիկայումՙ 1968թ. Պոստոն քաղաքում: Այնուհետեւ ընդարձակելով իր աշխարհագրութիւնը միութիւնը գրասենեակներ է ստեղծել նաեւ Գանատայում, եւրոպական ու միջինարեւելեան երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ շատ քաղաքներում:
Դեռեւս 2000թ-ից մեկնարկած «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագիրն այսօր էլ արդիական եւ սպասուած է: Նախորդ տարիների օրինակով այս տարի էլ Թէքէեան մշակութային միութեան անդամները ծրագրի շրջանակներում այցելեցին Երեւանի, Ստեփանավանի եւ Արագածոտնի մարզի Կարբի գիւղի Վ. Թէքէեանի անունը կրող դպրոցներ: Յիշեալ ծրագրով Ամերիկայի ու Գանատայի Թէքէեան մշակութային միութեան հանգանակուիւնների շնորհիւ Հայաստանում եւ Արցախում գործող Թէքէեանի անուան դպրոցների մանկավարժներն ու դպրոցների օժանդակ աշխատողներն ստանում են նուիրատուութիւն: Ծրագիրն ամէնամեա է, եւ որպէս կանոն նուիրատուութեանը մասնակցում են միութեան անդամները, համակիրները:

Photo 7«Այս բարեգործական ակցիան մի փոքրիկ օգնութիւն է ուսուցչին այս ծանր պայմաններում: Կարեւորը գնահատուած լինելն է: Սա մեզ սովորեցրեց ոչ թէ օգնութիւն ստանալ, այլ մեզ պարտաւորեցրեց ինքներս մասնակցել բարեգործական ակցիաների», ասաց Կարբի դպրոցի տնօրէն Արսէն Օհանեանը : Գիւղում բերքահաւաքը նոր էր աւարտուել, եւ ինչպէս պարզուեց մեր զրոյցից, բերքն յաջող էր եղել, եւ բոլոր ուսուցիչները միաբերան մի բան էին ասում միայն. «Օգնութիւնն աւելի քան տեղին էր»: Ճանապարհելիս էլ դպրոցի անձնակազմի անդամները գիւղացուն յատուկ ավանդոյթով նուիրեցին թոնրի գաթա…

Յաջորդ կանգառը Երեւանն էր: Այստեղի թիւ 92 աւագ դպրոցում նոյնպես գրկաբաց դիմաւորեցին հիւրերին: Բոլորն էլ երջանիկ էին, սակայն ինչպէս իրենք էին հաւաստիացնում, երջանկութեան պատճառը գումարը չէ. «Մենք ոչ թէ դրամի համար ենք ուրախանում, այլ նրա, որ այս մշակոյթն արդէն գեղեցիկ աւանդոյթի է վերածուել: Ընդհանրապէս ուսուցիչը միշտ ուրախ է իր գործերով, քանի որ երբ դասարան ես մտնում, մոռանում ես աշխատավարձի ու միւս հոգսերի մասին եւ ստանում ես հզօր էներգիա»,- ասաց պատմութեան ուսուցչուհի Մարինէ Կարապետեանը:

Իսկ դպրոցի ամենափորձառու մանկավարժ, դաստիարակութեան գծով փոխտնօրէն Սիրվարդ Հայրապետեան ասաց, որ ամէն պարագայում թէկուզ չնչին օգնութիւնը միշտ քաջալերում է ուսուցչին: Նրան շատ բան պետք չէ: Մի փոքր ուշադրութիւն, եւ ուսուցիչն անմնացորդ նուիրւում է իր գործին:

Դպրոցի տնօրէն Ծովինար Մարդանեան մասնաւորապես նշեց. «Եթէ անհատական ասպեկտից նայենք, օգնութիւնը թւում է չնչին, իսկ եթէ գլոբալ առումով, ապա այսօր մօտ 80 ընտանիքում լուծուեց մի փոքր հարց»:

Երեւանի դպրոց
Երեւանի դպրոց
Ստեփավանի դպրոց
Ստեփավանի դպրոց

Եւ վերջին կայարանը Ստեփանավանն էր: Այս դպրոցի պատմութիւնն աւելի քան յուզիչ էր:

Դպրոցի դաստիարակութեան գծով փոխտնօրէն Յասմիկ Ղազարեանը , երբ վերյիշում էր դպրոցի ստեղծման պատմութիւնը, արցունքները չկարողացաւ զսպել. «Յիշում եմ, երկրաշարժից յետոյ դասերն անցկացնում էինք տնակներում, որտեղ ոչինչ չկար: Աշխատում էինք առանց աշխատավարձի: Իսկ հիմա ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ այս բարեկարգ դպրոցը»:

Իսկ ի՞նչ են ուսուցչի համար նմանատիպ բարեգործական ակցիաները. «Մանկավարժը զգում է, որ գնահատւում է իր աշխատանքը. այնքան ֆինանսական օգնութիւնը չէՙ որքան բարոյականը»:

Սակայն բոլոր երեք դպրոցներում էլ ուսուցիչները փաստում են, որ պետական որեւէ նմանատիպ օգնութիւն երբեք չեն ստացել, եւ կը ցանկանային, որպէսզի նման ակցիաներ կազմակերպուէին նաեւ հէնց պետական մակարդակով:

Իսկ Բերձորի ու Գիւմրիի դպրոցների դրամաշնորհները կլինեն մօտ օրերս: