Ինչու աւանդական կուսակցութիւնները, բացի ՀՅԴ-ից, դուրս մնացին ընտրապայքարից.

Ընկ. Վարդան Նազիրեանի տուած հարցազրոյցը

«Ժողովուրդ» պարբերականին

 

Գալիք խորհրդարանական ընտրութիւններին ի սկզբանէ իրենց մասնակցութեան մասին յայտնեցին բոլոր աւանդական քաղաքական կուսակցութիւնները, սակայն վերջնարդիւնքում, բացի ՀՅԴ-ից, նրանք դուրս մնացին ընտրապայքարից: Թէ ինչու խորհրդարանական ընտրութիւններին չի մասնակցում ՌԱԿ-ը, եւ թէ յառաջիկային ինչ ծրագրեր ունի կուսակցութիւնը, ներկայացնում ենք ՌԱԿ գերագոյն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ հարցազրոյցում:

-Պարո՛ն Նազիրեան, շաբաթներ առաջ յայտարարել էիք, որ մասնակցելու էք ընտրութիւններին, սակայն Ձեր կուսակցութիւնն այդպէս էլ փաստաթղթերը սահմանուած ժամկէտում չներկայացրեց կենտրոնական ընտրական յանձնաժողով: Ի՞նչ տեղի ունեցաւ:

-Սկզբնական շրջանում, ինչպէս գիտէք, որոշում կար դաշինքով մասնակցել ընտրութիւններին, եւ այդ ուղղութեամբ մեծ աշխատանք տարուեց: Սակայն յայտնի պատճառներով այդ համաձայնութիւնը վերջին պահին չեղեալ յայտարարուեց: ՌԱԿ-ը փորձեց առանձին մասնակցել ընտրութիւններին, սակայն շատ քիչ ժամանակ էր յատկացուած դաշինքով մասնակցելու համար: Մինչեւ վերջնաժամկէտը մեզ մնացած ժամանակը բաւարար չէր՝ մասնակցութեան համար բաւարար թուով պաշտօնական տուեալներ պատրաստելու եւ դրանք պետական պատկան մարմինների կողմից վաւերացնելու համար: Չմոռանանք, որ պետութեան որոշ շրջանակներ եւս դէմ էին ՌԱԿ-ի մասնակցութեանը: Ինչպէս ՌԱԿ-ի Հայաստանակենտրոն կենտրոնական վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Աւետիքեանը հաստատեց՝ «1995թ.-ից սկսած՝ մեր յաջորդական իշխանութիւնները շատ հետեւողականօրէն ուղղակի փոշիացնում են մեր հաւաքած ձայները»:

-Ի՞նչ էք կարծում՝ քաղաքական մշակոյթի առումով որքանո՞վ է ընդունելի, որ երեք աւանդական կուսակցութիւններից երկուսը դուրս մնացին խորհրդարանական ընտրապայքարից:

-Աւանդական երեք կուսակցութիւններից երկուսը դարձեալ դուրս մնացին: 2016թ. Փետրուարին, երբ Դաշնակցութիւնը կոալիցիոն գործընկեր դարձաւ  Հանրապետական կուսակցութեան հետ, հաւանաբար պայմաններից մէկն էլ այն էր, որ սփիւռքը յանձնուելու էր Դաշնակցութեանը՝ Անթիլիասի Կաթողիկոսարանի գործակցութեամբ: Անտեսուել էին Էջմիածնի Թեմի կառոյցները, ՀԲԸՄ-ը, զոյգ պատրիարքարանները, Բողոքական եւ Կաթողիկէ համայնքները, այլ բազմաթիւ մշակութային եւ զանազան մարմիններ, նաեւ ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ը: Հայրենի պետութիւնը, եթէ ողջ հայութեան պետութիւնն է, եւ Հայաստանը՝ բոլոր հայերի հայրենիքը, ճիշդ ուղղութեան վրայ չէ: Բնականաբար այս երեւոյթը, այս կացութիւնը, այս իրողութիւնը անընդունելի է Սփիւռքի լայն զանգուածների կողմից:

-Վերջերս Սփիւռքի ՌԱԿ-ի ներկայացուցիչները, ասուլիս հրաւիրելով, յայտարարեցին, որ Հայաստանի ՌԱԿ-ը իրաւունք չունի հանդէս գալու Սփիւռքի ՌԱԿ-ի անունով: Արդեօ՞ք ՌԱԿ-ը Սփիւռքի ՌԱԿ-ի անունով էր հանդէս գալիս:

-Նախ ասեմ, որ այդ ասուլիսը հրաւիրողները ապօրինի, ինքնակոչ կենտրոնական վարչութեան խօսափողերն են, որոնք օրինաւոր կերպով իրաւունք անգամ չունէին Հայաստանի պետական գործերին միջամտելու: Նրանք իրաւունք անգամ չունէին ՌԱԿ անունը գործածելու: Ո՛չ, Հայաստանակենտրոն ՌԱԿ-ը Սփիւռքի ՌԱԿ-ի անունով հանդէս չի եկել: Բայց Հայաստանակենտրոն ՌԱԿ-ը իրաւունք ունէր եւ հիմա էլ ունի աշխարհասփիւռ ռամկավարների անունով եւս խօսելու, քանի որ սփիւռքի ռամկավարների նուազագոյնը 75 տոկոսը ընդունում է Հայաստանակենտրոն ՌԱԿ-ի կենտրոնական վարչութեան իրաւական հեղինակութիւնը: Բոլոր շրջաններում մենք մեծամասնութիւն ենք: ՌԱԿ-ի 9 թերթերից 7-ը ենթակայ է ՌԱԿ գերագոյն խորհուրդին (Ազգ, Պայքար, Ապագայ, Արեւ, Նոր աշխարհ, Mirror Spectator շաբաթաթերթերը եւ «Հայ ձայն» էլեկտրոնային կայքը): Մէկ անգամ եւս յիշեցնեմ, որ սփիւռքում ինքն իրեն «Կենտրոնական վարչութիւն» հռչակած խմբակը անօրինական է: ՌԱԿ-ի ծրագիր-կանոնագրի ընտրական գրեթէ բոլոր կանոնները նրանք խախտել են եւ իրենց կենտրոնական վարչութիւն անուանելու իրաւունք չունեն: Եւ ճիշդ սրա համար է, որ մեր գրեթէ բոլոր բանիմաց կուսակցական ընկերները նրանց չեն ընդունում որպէս այդպիսին:

-Կա՞յ եզր կամ դաշտ, որտեղ Դուք կարողանաք համագործակցել հակառակ կողմի հետ:

-2016-ի Հոկտեմբերին Երեւանում ՌԱԿ-ի գումարած արտահերթ պատգամաւորական ժողովին ՌԱԿ-ը վերամկրտուեց որպէս Հայաստանակենտրոն կուսակցութիւն: Այնտեղ ընտրուեց նաեւ Հայաստանակենտրոն ՌԱԿ-ի կենտրոնական վարչութիւնը: Այս արտահերթ պատգամաւորական ժողովի ընթացքում որոշուեց նաեւ կազմել «ՌԱԿ գերագոյն խորհուրդ»-ը, որը ամրագրուած է նոր ծրագիր-կանոնագրում: Ես, որպէս «ՌԱԿ գերագոյն խորհրդի» նախագահ, առաջարկեցի Սերխիօ Նահապետեանին իմ պաշտօնը՝ պայմանով, որ հաշտութիւն եւ միութիւն լինի, սակայն իրենց, այսպէս կոչուած, կենտրոնական վարչութիւնից մի շարք անդամներ շատ զօրաւոր կերպով առանց որեւէ լուրջ պատճառի դէմ կանգնեցին: Մենք պատրաստ ենք տրամաբանական զիջումներով հաշտութիւն եւ միութիւն առաջացնել: Գործակցութիւնից աւելի մենք հաշտութեան եւ միութեան կողմնակից ենք:

-Նրանք յայտարարում են նաեւ, որ Հայաստանում կուսակցութիւնը արդարադատութեան նախարարութիւնում արձանագրուել է «Կենտրոնական վարչութիւն» անուամբ: Եղե՞լ է այդպիսի բան, եւ ինչո՞ւ չի կարելի օգտագործել «Կենտրոնական վարչութիւն» արտայայտութիւնը:

-Այո՛, ՌԱԿ-ի ղեկավարութիւնը Հայաստանում արդարադատութեան նախարարութիւնում արձանագրուել է որպէս ՌԱԿ-ի Հայաստանակենտրոն կենտրոնական վարչութիւն: Մենք իրաւունք ունենք կենտրոնական վարչութիւն կոչուելու, քանի որ այս վարչութեան անդամները օրինաւոր կերպով են ընտրուել պատգամաւորական ժողովի կողմից: Հայաստանի տարբեր շրջաններից եւ ՌԱԿ ակումբներից 138 պատգամաւորներ, իսկ Սփիւռքի զանազան գաղութներից հիւրաբար (Պէյրութ, Պուէնոս Այրէս, Լոս Անճելըս, Պոսթոն, Տիթրոյթ, Մոնթրէալ, Նիւ Եորք, Նիւ Ճըրզի, Լոնտոն, Մարսէյլ, Աթէնք, Ալեքսանտրիա, Գահիրէ, Սիտնի, Իրաք, Ապու-Տհապի եւ այլն) 36 ներկայացուցիչներ մասնակցում էին այդ ժողովին: (2016-ի Ապրիլին սփիւռքից ՌԱԿ-ի 68 ներկայացուցիչների եւ Հայաստանի ՌԱԿ-ի ղեկավարութեան հետ գումարած ժողովին նոյնպէս համաձայնութիւն կայացաւ ՌԱԿ-ը Հայաստանակենտրոն կուսակցութեան վերածելու վերաբերեալ):

-Այս վերջին լարուածութիւնից յետոյ ինչպէ՞ս էք պատկերացնում Հայաստանում Ձեր գործունէութիւնը: Ի՞նչ քայլեր էք ձեռնարկում Ձեր կուսակցութեան անուան վրայ «նետուած ցեխը» մաքրելու եւ Հայաստանի քաղաքական դաշտում նոր ճանապարհ հարթելու համար:

-Մենք խօսքից աւելի գործին ենք հաւատում: Շուտով ականատեսը կը լինէք կուսակցութեան վերաաշխուժացմանը քաղաքային եւ այլ մարզերում: Արդէն իսկ յստակ աշխատանքներ են տարւում Երեւանում եւ մարզերում՝ աշխուժացնելու մշակութային, բարեգործական, կրթական, երիտասարդական, մարզական եւ կուսակցական զանազան բնագաւառների գործունէութիւնները: Որքան էլ «ցեխ նետեն» մեզ վրայ, մենք չենք աղտոտւում: Գալու է օրը, իսկ այդ օրը շատ հեռու չէ, երբ հայրենիքի եւ Սփիւռքի հայութիւնը, բարձր գնահատելով ՌԱԿ-ի ազգային քաղաքական սկզբունքներն ու գործունէութիւնը, իրենց ամբողջական զօրակցութիւնը կը յայտնի նրան: Մեր նշանաբանն է «Ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար»: Մի փոքր կ’սպասէ՞ք:

-Դուք Հայաստանում կուսակցութիւնների մասին օրէնքին համապատասխա՞ն էք գործում:

-Այո՛, մենք Հայաստանում կուսակցութիւնների մասին օրէնքին համապատասխան ենք գործում: ՌԱԿ-ը օրինական եւ օրինապահ կուսակցութիւն է, եւ դրա համար էլ երբեմն տուժել ենք, բայց ոչինչ:

-Չէ՞ք կարծում, որ Հայաստանում գործելով՝ ցանկացած կուսակցութիւն իրաւունք ունի մասնակցելու երկրի քաղաքական կեանքին:

-Անշուշտ: Հայաստանում օրինաւոր կերպով գործող ցանկացած կուսակցութիւն իրաւունք ունի եւ պարտաւոր է մասնակցելու երկրի քաղաքական դաշտի գործունէութեանը:

-Ինչպիսի՞ն են Ձեր յարաբերութիւնները հայաստանեան քաղաքական դաշտի միւս կուսակցութիւնների հետ:

-Բոլոր այն կուսակցութիւնները, որոնք հաւատում են ռամկավարական եւ ազատական սկզբունքներին, պատրաստ ենք գործակցելու նրանց հետ՝ հայրենիքի եւ հայ ժողովրդի գերագոյն շահերից ելնելով: Մեր կուսակցութեան ռահվիրաների, նախկին առաջնորդների եւ այժմեան ղեկավարութեան առաջնահերթ նպատակն է անսակարկ ծառայել հայրենիքին եւ հայ ժողովրդին: Առանց Հայաստանի հայ ժողովուրդ չկայ: Առանց հայ ժողովրդի Հայաստան չկայ:

-Ծանօթանալով ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների եւ դաշինքների ծրագրերին՝ ինչպէ՞ս էք գնահատում դրանք:

-Ընտրութիւնների նախօրէին ամէն կուսակցութիւն, ամէն թեկնածու շատ վարդագոյն ծրագրեր եւ մեծ խոստումներ է ներկայացնում ժողովրդին: Մեր գնահատականը տալու ենք, երբ այդ կուսակցութիւններից կամ թեկնածուներից «ընտրուած» անձինք սկսեն գործել: Ուզում ենք նախ գործը տեսնել, ապա արժեւորել:

-Ի՞նչ ակնկալիքներ ունէք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներից: Ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու յառաջիկայում՝ ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի:

-Ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի՝ «սքանչելի Հայաստան» ենք ունենալու յառաջիկայում… Դուք հաւատո՞ւմ էք տրուած խոստումներին: Եթէ կաշառակերութիւնն ու ֆէոտալական դրութիւնը չվերացուի, սրանից լաւը չենք կարող ունենալ: Հակառակը, ամէն օր փոքր-ինչ աւելի ետ ենք գնալու: Ամէն օր մի քանի հարիւր հայ եւս լքելու է Հայաստանը, ամէն օր մահացողների թիւը անցնելու է ծնուողների թուից: Ամէն օր աղքատների թիւն աւելանալու է: Թշնամին մի փոքր աւելի յանդուգն է լինելու: Ցանկանում էի ծիածանագոյն Հայաստան տեսնել:

-Ի՞նչ կարծիք ունէք ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի՝ Սփիւռքին ուղղուած կոչի մասին:

-Իմ անձնական ցանկութիւնն է, որ վարչապետը կատարի եւ իրականացնի իր խոստումը՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտութեամբ մեզ հայ կոչենք: Այս բոլորով հանդերձ՝ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը՝ իր Հայաստանակենտրոն կենտրոնական վարչութեամբ, իր գերագոյն խորհուրդով, իր համայն անդամակցութեամբ հայրենիքում թէ սփիւռքում պատրաստ է իր ամէն կարողականութիւններն ու կարողութիւնները՝ լինեն նիւթական, բարոյական, մտաւորական թէ հոգեւոր, ի սպաս դնել Հայաստանի եւ Արցախի ապահովութեանն ու բարգաւաճմանը: Մենք անմնացորդ նուիրուած ենք մեր հայրենիքին ու ժողովրդին:

 

Լիլիթ Աւետիսեան,

«Ժողովուրդ» օրաթերթ