Նշուեց Հայաստանի եւ Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակը

Յունուարի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալպանտեանը մասնակցեց եւ ելոյթ ունեցաւ Հայաստանի եւ Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի կապակցութեամբ Գանատայի դեսպանութեան կողմից կազմակերպուած միջոցառմանը:

Իր խօսքում նախարար Նալպանտեանը, մասնաւորապէս, ասաց. «Յարգելի պարոն դեսպան Քեոր, Տիկնայք եւ պարոնայք, 25 տարի առաջ՝ 1992թ. Յունուարի 31-ին, Հայաստանի Հանրապետութիւնն ու Գանատան հաստատեցին դիւանագիտական յարաբերութիւններ:

Անցած քառորդ դարի ընթացքում մենք կարողացանք մեր երկրների միջեւ ձեւաւորել ջերմ բարեկամութեան եւ սերտ համագործակցութեան ամուր եւ կայուն յարաբերութիւններ: Հայ-Գանատական կապերն, անշուշտ, շատ աւելի հին պատմութիւն ունեն եւ սկիզբ են առնում Գանատայում առաջին հայերի հաստատումից: Միջազգային ասպարէզում Գանատան այսօր յայտնի է իր լայնածաւալ մարդասիրական ծրագրերով: Սակայն քչերը գիտեն, որ ամենաառաջին այդպիսի ծրագրերից մէկով գանատական կառավարութիւնը Օնթարիօ նահանգի Ճորճթաուն քաղաքում պատսպարել եւ նոր կեանք սկսելու հնարաւորութիւն է տուել Հայոց ցեղասպանութիւնը վերապրած 109 հայ մանուկների:

Գանատան սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ի պաշտպանութիւն արդարութեան ու ճշմարտութեան` ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը ինչպէս օրէնսդիր, այնպէս էլ գործադիր իշխանութիւնների մակարդակով: Բարձր ենք գնահատում Գանատայի վարչապետերի կողմից ամէն տարի Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած ուղերձները:

Մենք կարեւորում ենք ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման հանդէպ Գանատայի հաւասարակշռուած ու անկողմնակալ դիրքորոշումը եւ արժեւորում ենք գանատացի այն խորհրդարանականներին, ովքեր անձամբ այցելել են Արցախ:

Հայաստանի ու Գանատայի միջեւ փոխ այցելութիւններն ու բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը կրում են շարունակական բնոյթ: Վերընթաց զարգացում են ապրում տնտեսական յարաբերութիւնները, որոնք տարածւում են բազմաթիւ ոլորտների վրայ՝ տեղեկատուական տեխնոլոկիաներից մինչեւ հանքարդիւնաբերութիւն: Ամուր են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամութեան խմբեր:

Արդիւնաւէտ է մեր փոխգործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում: Յատուկ գոհունակութեամբ պէտք է նշեմ մեր սերտ համագործակցութիւնը Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութիւնում, որի գագաթաժողովը 2018թ. հիւրընկալելու պատուին արժանացաւ Հայաստանը:

Ցանկանում եմ ընդգծել այն կարեւոր դերը, որ գանատահայ համայնքը խաղում է` բազմաթիւ տարաբնոյթ նախաձեռնութիւններով իրար կապելով մեր երկրները:
Օգտուելով այս առիթից՝ ցանկանում եմ նաեւ երախտագիտութեան եւ գովեստի խօսքեր յղել Հայաստանում արտակարգ եւ լիազօր դեսպան Ճոն Քեորին, որ իր անձնակազմի հետ միասին տեսանելի աշխատանք է տանում յանուն հայ-գանատական յարաբերութիւնների զարգացման:

Այսօր հայ-գանատական յարաբերութիւնները թեւակոխում են նոր փուլ, նոր քառորդդարեայ շրջան: Համոզուած եմ, որ համատեղ ջանքերով բարեկամութիւնն ու գործընկերութիւնը Հայաստանի եւ Գանատայի միջեւ կը շարունակեն խորանալ եւ ընդլայնուել` նոր նշանակալի էջեր գրանցելով մեր յարաբերութիւնների շտեմարանում:
Շնորհաւորում եմ այս կարեւոր յոբելեանի` Հայաստանի ու Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի առիթով»:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդէս եկան գանատացի եւ հայ արուեստագէտներ։