Յունուարի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալպանտեանը մասնակցեց և ելոյթ ունեցաւ Հայաստանի և Գանատայի միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի կապակցութեամբ Գանատայի դեսպանութեան կողմից կազմակերպուած միջոցառմանը:
Իր խօսքում նախարար Նալպանտեանը, մասնաւորապէս, ասաց.
«Յարգելի պարոն դեսպան Քեոր,
Տիկնայք և պարոնայք,
25 տարի առաջ՝ 1992թ. Յունուարի 31-ին, Հայաստանի Հանրապետութիւնն ու Գանատան հաստատեցին դիւանագիտական յարաբերութիւններ:
Անցած քառորդ դարի ընթացքում մենք կարողացանք մեր երկրների միջև ձևաւորել ջերմ բարեկամութեան և սերտ համագործակցութեան ամուր և կայուն յարաբերութիւններ: Հայ-Գանատական կապերն, անշուշտ, շատ աւելի հին պատմութիւն ունեն և սկիզբ են առնում Գանատայում առաջին հայերի հաստատումից:
Միջազգային ասպարէզում Գանատան այսօր յայտնի է իր լայնածաւալ մարդասիրական ծրագրերով: Սակայն քչերը գիտեն, որ ամենաառաջին այդպիսի ծրագրերից մէկով գանատական կառավարութիւնը Օնթարիօ նահանգի Ճորճթաուն քաղաքում պատսպարել և նոր կեանք սկսելու հնարաւորութիւն է տուել Հայոց ցեղասպանութիւնը վերապրած 109 հայ մանուկների:
Գանատան սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ի պաշտպանութիւն արդարութեան ու ճշմարտութեան` ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը ինչպէս օրէնսդիր, այնպէս էլ գործադիր իշխանութիւնների մակարդակով: Բարձր ենք գնահատում Գանատայի վարչապետերի կողմից ամէն տարի Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած ուղերձները:
Մենք կարևորում ենք ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման հանդէպ Գանատայի հաւասարակշռուած ու անկողմնակալ դիրքորոշումը և արժևորում ենք գանատացի այն խորհրդարանականներին, ովքեր անձամբ այցելել են Արցախ:
Հայաստանի ու Գանատայի միջև փոխայցելութիւններն ու բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը կրում են շարունակական բնոյթ: Վերընթաց զարգացում են ապրում տնտեսական յարաբերութիւնները, որոնք տարածւում են բազմաթիւ ոլորտների վրայ՝ տեղեկատուական տեխնոլոկիաներից մինչև հանքարդիւնաբերութիւն: Ամուր են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամութեան խմբեր:
Արդիւնաւէտ է մեր փոխգործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում: Յատուկ գոհունակութեամբ պէտք է նշեմ մեր սերտ համագործակցութիւնը Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութիւնում, որի գագաթաժողովը 2018թ. հիւրընկալելու պատուին արժանացաւ Հայաստանը:
Ցանկանում եմ ընդգծել այն կարևոր դերը, որ գանատահայ համայնքը խաղում է` բազմաթիւ տարաբնոյթ նախաձեռնութիւններով իրար կապելով մեր երկրները:
Օգտուելով այս առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտութեան և գովեստի խօսքեր յղել Հայաստանում արտակարգ և լիազօր դեսպան Ճոն Քեորին, որ իր անձնակազմի հետ միասին տեսանելի աշխատանք է տանում յանուն հայ-գանատական յարաբերութիւնների զարգացման:
Այսօր հայ-գանատական յարաբերութիւնները թևակոխում են նոր փուլ, նոր քառորդդարեայ շրջան: Համոզուած եմ, որ համատեղ ջանքերով բարեկամութիւնն ու գործընկերութիւնը Հայաստանի և Գանատայի միջև կը շարունակեն խորանալ և ընդլայնուել` նոր նշանակալի էջեր գրանցելով մեր յարաբերութիւնների շտեմարանում:
Շնորհաւորում եմ այս կարևոր յոբելեանի` Հայաստանի ու Գանատայի միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի առիթով»:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդէս եկան գանատացի և հայ արուեստագէտներ։