Շրջադարձային պահ մեր տարածաշրջանում

Յակոբ Աւետիքեան

Սիրիայից իր զօրքը դուրս բերելու նախագահ Փութինի որոշումը վստահաբար տխուր յուշեր արթնացրեց հայ ժողովրդի պատմութեանը ծանօթ մարդկանց մէջ: Ճիշդ 99 տարի առաջ, հէնց այս օրերին, Արեւմտեան Հայաստանից եւ ամբողջ Անդրկովկասից ցարական բանակների անակնկալ հեռացումը ողբերգական հետեւանքներ ունեցաւ մեր ժողովրդի համար, որի ցեղասպանութիւնից փրկուած մնացորդացի համար պոլշեւիկեան ՊՏՎՏ (դէպի տուն) կոչը համազօր էր արիւնարբու գազանի դիմաց լքուած ու մենակ մնալուն…

Վստահ եմ, սիրիացիներից շատերին ռուսական զինուժի հեռացումը լքուածութեան նոյն զգացողութիւնը առթեց, հակառակ նախագահ Ասատի վստահեցումներին, թէ կառավարական ուժերն ի վիճակի են երկրում խաղաղութիւնն ու կարգուկանոնը վերահաստատելու: Մարդիկ դժուար թէ հաւատան այդ պնդումներին, նրանց հնգամեայ տառապանքը փորձ ունի, շատ դառը փորձ: Աւելի քան 270 հազար զոհ, դրա տասնապատիկը վիրաւոր ու հաշմանդամ, 6,5 միլիոն բռնագաղթուած կամ փախստական, տնտեսապէս քայքայուած, քանդուած ենթակառոյցներով երկիր, որտեղ մոլեգնում է թալանը, կողոպուտը, ատելութիւնը: Դժուար է նման բազմատանջ ու բարոյալքուած ազգաբնակչութեանը յուսադրել:

Մանաւանդ որ երկրի շուրջ 60 տոկոսը դեռեւս գտնւում է ահաբեկիչների՝ «Իսլամական պետութիւն» կազմակերպութեան տիրապետութեան տակ, որը թէեւ վիրաւոր ու ինքնամեկուսացած, բայց այնտեղ է դեռ եւ պատրաստ միշտ օգտուելու տարածաշրջանային ու միջազգային հակասութիւններից եւ թաքուն թէ բացայայտ հակամարտութիւններից: Այնտեղ են նաեւ միւս՝ չափաւոր թէ անչափ ընդդիմադիրները՝ իրենց մեծ ու փոքր պահանջներով: Ու տակաւին այնտեղ են հազարաւոր աւազակախմբերը եւ աւազակի վերածուած հարիւր հազարաւոր անհատները, վարձկաններն ու կողոպտիչները:

Այս օրերին բազմաթիւ են Փութինի անակնկալ քայլի միջազգային մեկնաբանութիւնները, որոնց անդրադարձել է նաեւ, ներկայ համարում, մեր ռազմական մեկնաբանը 7-րդ էջում «ԱԶԳ»: Հարկ չեմ համարում անդրադառնալու այդ վերլուծութիւններին, որոնց իրաւացիութեան ճշգրտումը կը կատարուի յետոյ ըստ դէպքերի հետագայ զարգացմանը: Ինչպէս ասում են կեանքը ցոյց կտայ: Սակայն պէտք է հաստատել, աւելի ճիշդ վերահաստատել ճղճիմ ճշմարտութիւնը՝ Ռուսաստանի նախագահը ապահովեց, գոնէ այս պահի համար, իր երկրի շահը: Ժընեւեան բանակցութիւններում Մոսկուայի դիրքը այսուհետեւ լինելու է գերիշխող, եւ հետայսու տարածաշրջանային բոլոր խնդիրներում նրա խօսքը լինելու է վճռական նշանակութեան:

Ներկայ պահին, սակայն, հարցերի հարցը Սիրիա պետութեան ու սիրիացի ժողովրդի ճակատագիրն է, ի՞նչ վերապահուած այդ երկրին՝ անհետացում, մասնատո՞ւմ, թէ՞ վերականգնում: Այդ ճակատագրից է կախուած մաեւ, ինչպէս միշտ, հարեւան Յորդանանի, Իրաքի եւ առաջին հերթին Լիբանանի ապագան: Այդ եւ նման երկրների ներքին հարցերի լուծումը, ի դժբախտութիւն տուեալ ժողովուրդների, միշտ էլ ակնկալւում է դրսից՝ արտաքին միջամտութիւններից ու որոշումներից: Այդ երկրների ճակատագրից է կախուած նաեւ մերձաւորարեւելեան մեր գաղթօճախների, աւելի շուտ՝ դրանցից մնացած բեկորների ապագան, հետեւաբար, ուղղակի կամ անուղղակի կերպով, մեր երկրի ապագան:

Պահը իսկապէս շրջադարձային է: