Սերժ Սարգսեան. «Նոր Սարդարապատ չի լինելու»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան, Շաբաթ՝ 28 Մայիս 2016-ին, Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրին մէջ շնորհաւորական ուղերձ յղած է Հանրապետութեան տօնին առթիւ:

«Այս տօնը մեզ համար առաջին հերթին փրկութեան տօն է: Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը եւ այդ հողակտորի վրայ մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականութիւնը:

«Յուսահատութեան եւ արնաքամութեան եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մէջ ուժ գտաւ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դէմ, յաղթելու եւ հետ շպրտելու նրան: Մայիսեան հերոսամարտերը եւ դրանց յաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անուանում: Մենք յաղթեցինք, մենք ապրեցինք եւ մենք ազատագրուեցինք:

«Մեր անկախութիւնն ու պետականութիւնը մեզ ոչ ոք չի նուիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերեւս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, աւելին` մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարուածների:

Sardarabad 2016-1«Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետութեան քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդէն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում` պետութիւն: Պետութիւն, որի կառուցմանը պէտք է լծուէր հէնց ինքը: Պետութիւն, որին պէտք է ծառայէր: Պետութիւն, որին պէտք է պահանջներ ներկայացնէր: Պետութիւն, որին պէտք է քննադատէր` աւելի լաւը դարձնելու ակնկալիքով: Պետութիւն, որ իր կիսամեռ ժողովրդից, որի գրեթէ կէսն էլ որբեր էին, պիտի ստանար քաղաքական ազգ: Պիտի աճեցնէր նոր սերունդ, վերածնուած սերունդ, որ ունակ է գիտական, մշակութային եւ ռազմական նոր սխրանքներ գործել: Դա պետութիւն էր, որ կանխորոշեց Խորհրդային Հայաստանի եւ այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը:

«Այս տարուայ Ապրիլի սկզբի ռազմական իրադարձութիւններն աւելի տեսանելի դարձրին մի շարք իրողութիւններ` թէ՛ լաւ, թէ՛ վատ, թէ՛ մեր ներսում, թէ՛ մեր շուրջը: Դրանց մէջ ինձ համար ամենակարեւորը մեր նոր սերունդն է` անկախութեան սերունդը, որ եւ՛ մեզ, եւ՛ բոլորին ցոյց տուեց, որ ինքն է իսկապէս տէրն ու պատասխանատուն իր երկրի: 1918 թուականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնաւոր բանակ եւ նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք:

«Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետեւ մեծ հաշուով դա յուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռուողներն արդէն չգիտէին, թէ ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդեօք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետեւ կայ պետութիւն: Կայ անկախութեան սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց եւ քայլելու է: Անկախութեան սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ եւ քայլեցնելու է: Անկախութեան սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել Մայիսի 28-ի պատգամը», – ըսած է ՀՀ նախագահը: