«Թէքէեան» Մշակութային Միութեան հովանաւորութեամբ, Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի շրջանակներում, Նոյեմբեր 21-ին Նիւ Եորքի «Մերքին» համերգասրահում տեղի ունեցաւ համերգ` «Վերյիշում եւ Վերածնունդ» խորագրով, որուն մասնակցեցին հայրենի անուանի արուեստագէտներ` Յասմիկ Պապեանը (Վիեննա), Ալեքսանտր Չաուշեանը (Լոնտոն), Կարէն Յակոբեանը(Նիւ Եորք) :
Ներկաները ջերմութեամբ ընդունեցին անուանի երգչուհի Յասմիկ Պապեանի ելոյթը, որն աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցը` նախ որպէս ջութակահար, ապա որպէս երգիչ: Անուանի երգչուհին ելոյթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակաւոր բեմերում եւ համերգասրահներում, ինչպիսիք են` Նիւ Եորքի «Մեթրոփոլիթան»ը, «Քարնըկի Հոլ»ը, Սան Ֆրանսիսքոյի, Ուաշինկթընի, Միլանի, Փարիզի, Միւնիխի, Պերլինի եւ այլ պետական սրահներում: Յասմիկ Պապեանը հիւրախաղային ելոյթներ է ունեցել` Ա.Մ.Ն.-ում, Ճափոնում, Մեքսիքայում, Պրազիլիայում, Չիլիում, Գանատայում:
Նա կատարումներ է ունեցել աշխարհահռչակ մաէսթրոների հետ:
2004-ին Յասմիկ Պապեանը արժանացել է Հ.Հ. Ժողովրդական արուեստագէտի պատուաւոր կոչմանը, իսկ 2005-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ կողմից, Էջմիածնում պարգեւատրուել է «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանին : 2006-ին, ան թողարկուել է թուային ձայնասկաւառակ` Կոմիտասի 36 երգերով:
Հայրենի դաշնակահար եւ յօրինող Կարէն Յակոբեանի առաջին ելոյթը կայացել է 18-տարեկան հասակում Նիւ Եորքի հանրաճանաչ «Քարնըկի Հոլ» համերգասրահում: Նա համերգային բազմազան ծրագրերով հանդէս է եկել` Ա.Մ.Ն.-ում, Հայաստանում, Մեքսիքայում, Ֆրանսայում, Գերմանիայում եւ այլուր: Կարէն Յակոբեանը մասնակցել է բազմաթիւ մրցոյթների, իսկ համաշխարհային դաշնամուրային միջազգային մրցոյթին նա արժանացել է պրօնզէ մետալի: Որպէս յօրինող նրա ստեղծագործութիւններ հնչել են տարբեր մրցոյթներում:
Համերգի մասնակիցներից էր նաեւ անուանի թաւջութակահար Ալեքսանտր Չաւուշեանը, որը սովորել էր Երեւանի Չայքովսքի անուան երաժշտական դպրոցում:
12 տարեկան հասակում Իտալիայի Վերոնա քաղաքի թաւջութակահարների մրցոյթում ստացել է առաջին միջազգային պարգեւը, իսկ 13 տարեկան հասակում, արդէն որպէս միջազգային մրցոյթի դափնեկիր` 1990-ին ելոյթ է ունեցել Հայաստանի պետական նուագախմբի հետ` Լորիս Ճգնաւորեանի ղեկավարութեամբ:
Համերգի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ողջոյնի խօսք էր յղել Արեւելեան Ա.Մ.Ն.-ի Էջմիածնական Թեմի Առաջնորդ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:
Համերգին ներկայ էր նաեւ Մ.Ա.Կ.-ում Հ.Հ. մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազօր դեսպան` Զոհրապ Մնացականեանը:
Համերգը անցաւ մեծ յաջողութեամբ, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ:
ՌՈՊԵՐԹ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի