Յունիսի 9-ին Գանատայի մայրաքաղաք Օթթաուա-ի կեդրոնում` Համադաշնութեան պուրակում, հայ-գանատական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի և Գանատայի Համադաշնութեան 150-ամեակի կապակցութեամբ կայացաւ Գանատահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Եուսուֆ Քարշի յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Յուշարձանի բացումը կատարեցին Գանատայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը, Գանատայի Սէնաթի նախագահ Ճորճ Ֆիուրին և յուշարձանի հեղինակ, հանրայայտ Գանատահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը:
Բացման արարողութիւնից յետոյ Օթթաուա-ի կեդրոնում գտնուող «Շաթօ Լորիէ» հիւրանոցի «Գանատական» սրահում ՀՀ դեսպանութեան կազմակերպմամբ կայացաւ պաշտօնական ընդունելութիւն, որին մասնակցում էին Սէնաթի նախագահ Ճորճ Ֆիուրին, ՀՀ-ում Գանատայի դեսպան Ճոն Քըրը, գանատացի սէնաթորներ և պատգամաւորներ, Գանատայում հաւատարմագրուած դեսպաններ, Գանատայի արտաքին գործերի և ժառանգութեան նախարարութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիւանագէտներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, հայ համայնքային կառոյցների ղեկավարներ, մեծ թուով Գանատահայեր, լրագրողներ:
Միջոցառմանն ունեցած իր ելոյթում դեսպան Եգանեանը նշեց, որ Օթթաուա-ի կեդրոնում Եուսուֆ Քարշի արձանի առկայութիւնը մշտապէս հանդիսանալու է հայ-գանատական բարեկամական յարաբերութիւնների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մէկը: Դեսպանն ընդգծեց, որ յատկանշական է արձանի բացումը Համադաշնութեան պուրակում հէնց այն տարում, երբ նշւում է Գանատայի Համադաշնութեան 150-ամեակը և հայ-գանատական դիւանագիտական յարաբերութիւնների 25-ամեակը: Իր խօսքում ՀՀ դեսպանը նաև շնորհակալութիւն յայտնեց Գանատայի կառավարութիւնը ներկայացնող պաշտօնեաներին և գանատահայ համայնքի անդամներին ու կազմակերպութիւններին, ովքեր իրենց աւանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում:
Գանատայի կառավարութեան անունից ելոյթով հանդէս եկաւ Գանատայի ժառանգութեան նախարարի խորհրդարանական քարտուղար Արիֆ Վիրանին, որ շնորհակալութիւն յայտնեց ՀՀ դեսպանութեանը և հայ համայնքին` իրականացրած մեծածաւալ աշխատանքի և Համադաշնութեան 150-ամեակի առթիւ Գանատային արուած այս բացառիկ նուէրի համար: Ձեռնարկի ընթացքում Արմէն Եգանեանը հայ-գանատական յարաբերութիւնների զարգացման գործում ունեցած մեծ աւանդի համար ՀՀ դեսպանութեան պատւոգրերով պարգևատրեց ՀՀ-ում Գանատայի դեսպան Ճոն Քըրին և Գանատայի արտաքին գործերի նախարարութեան Արևելեան Եւրոպայի և Եւրասիայի վարչութեան գլխաւոր տնօրէն Էլիսոն ԼէՔլերին: ՀՀ դեսպանութեան պատւոգրեր յանձնուեցին նաև Եուսուֆ Քարշի յուշարձանի հիմնման գործում առանձնայատուկ ներդրում ունեցած գանատահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներին: Երեկոյի ընթացքում հայկական ազգային երաժշտութիւնն ու պարարուեստը ներկայացնող կատարումներով հանդէս եկան գանատահայ համայնքի մի շարք շնորհաշատ ներկայացուցիչներ:
Տեղեկանք: Եուսուֆ Քարշը (1908-2002թթ.), ում նաև անուանում են « Օթթաուա–ի Քարշ», գանատահայ լուսանկարիչ է, որ յայտնի է հանրաճանաչ անձանց, քաղաքական և մշակութային գործիչների իր լուսանկարներով: 1965թ. Քարշը պարգևատրուել է Գանատայի Խորհրդի մետալով, իսկ 1968թ.` Գանատային մատուցած ծառայութիւնների համար պատւոյ մետալով: 1990թ. լուսանկարիչը ստացաւ Գանատայի բարձրագոյն պարգևը` Գանատայի Պատւոյ Շքանշանը: 2015թ. Գանատայում ՀՀ դեսպանի տիկին Մարիա Եգանեանը նախաձեռնել էր «Քարշ» նախագիծը: Գանատայի ժառանգութեան նախարարութեան և Մայրաքաղաքային յանձնաժողովի հետ համագործակցութեամբ բացուած Քարշի յուշարձանը նուէր է հայ ժողովրդից Գանատային` հայ-գանատական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի և Գանատայի Համադաշնութեան 150-ամեակի կապակցութեամբ: Քանդակի հեղինակը տօքթոր Մկրտիչ Տարագճեանն է: Յուշարձանի ինժեներական նախագիծը կատարուել է Սուրէն Հաճեանի կողմից: