100 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ
Բոլոր նրանք, ովքեր, ներառեալ երկրիս վարչապետը, դժգոհում են, որ հայերս պետականութեան գիտակցումն ու ձգտումը չունենք, պէտք է ծանօթանան ճիշդ 100 տարի առաջ, օրերի տարբերութեամբ, Կիլիկիայի ոչ պաշտօնական մայրաքաղաք Ատանայում, 275 հազար հայերի, ասորիների, յոյների, կաթոլիկ սիրիացիների եւ քաղդիացիների անունից 1920 թ. Օգոստոսի 4-ին հրապարակուած Անկախութեան հռչակագրին, որը արտատպում ենք մեր թերթի ներկայ համարում: Անշուշտ դա միակ փաստը չէ մեր ժողովրդի պետականութեան ձգտման: Մեր նախորդ համարներում փրօֆէսօր Սուրէն Սարգսեանը եւ ակատեմիկոս Նիկոլայ Յովհաննիսեանը մասնագիտօրէն եւ հանգամանալից անդրադարձել են հայ ժողովրդի պետականաստեղծման դարաւոր պատմութեանը՝ սկսած Վանի թագաւորութիւնից մինչեւ Հայաստանի Հանրապետութեան ծնունդը: Սակայն տեղի սղութեան պատճառով չեն անդրադարձել 100 տարի առաջ կրկին Կիլիկիայում, ֆրանսական հոգատարութեան տակ անկախ պետականութիւն ստեղծելու հայերիս փորձին, որը, ոչ մեր մեղքով, ձախողուեց ի դժբախտութիւն ոչ միայն մեր եւ քրիստոնեայ միւս ժողովուրդների, այլեւ ողջ տարածաշրջանի, որը մինչեւ օրս կրում է այդ ձախողութեան, աւելի ճիշդ՝ ձախողեցման դժնի հետեւանքները…
Մենք չենք սիրում, մեր պատմաբանների մեծամասնութիւնը նոյնպէս, ուսումնասիրել ձախողութիւնների պատմութիւնը, որոնցից նաեւ, անկախ մեր ցանկութիւնից, կազմուած է համաշխարհային պատմութիւնը, այդ թւում մեր ժողովրդի պատմութիւնը նաեւ: Այնինչ ձախողութիւնների ուսումնասիրութիւնն է միայն, որ կարող է լրիւ բացայայտել յաջողութիւնների արժէքն ու իմաստը:
100 տարուայ հեռաւորութիւնից դիտարկելով անկախութեան այդ փորձը, զարմանալի, սխրալի, սրտառուչ, ինչ-որ տեղՙ միամիտ շատ բան կայ 1920 թ. Օգոստոսի 4-ի եւ դրան յաջորդած իրադարձութիւնների մէջ: Դրանից ընդամէնը հինգ տարի առաջ ցեղասպանութեան եւ բռնագաղթի ենթարկուած մեր ժողովրդի մնացորդացը, օգտուելով ֆրանսական բանակի յաղթական արշաւանքից եւ Թուրքիայի պարտութիւնից, վերադարձել էր իր դարաւոր բնակավայրերը եւ լծուել իր տունուտեղի վերաշինութեան գործին, ժամեր ու դպրոց վերականգնել, ապրուստի միջոց ու տնտեսութիւն ստեղծել ու, միաժամանակ, Մարաշում, Հաճընում, Այնթապում, Ամանոսում եւ այլուր կռուել թուրք ելուզակների դէմ եւ ամբոխի յարձակումներից պաշտպանուել: Անհրաժեշտ էր ստեղծել պետական կառոյցներ: Մանաւանդ որ, այդ նախաձեռնութեան գլխաւոր հեղինակ Միհրան Տամատեանը, որ Փարիզում Պօղոս Նուպարի գլխաւորութեամբ գործող Ազգային պատուիրակութեան լիազօր ներկայացուցիչն էր Կիլիկիայում տեղեկացուած էր, որ ընդամէնը 6 օր յետոյ, Օգոստոսի 10-ին Սեւրում կայանալիք վեհաժողովում նպատակ կայ Կիլիկիան բաժանել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ: Տամատեանը եւ ընկերները, մեծամասամբ ռամկավար փորձառու գործիչներ, Անկախութեան ակտով ցանկանում էին «դաշնակից» պետութիւններին եւ առաջին հերթին Ֆրանսային դնել կատարուած իրողութեան առջեւ…
Յաջորդ օրը, Օգոտսոսի 5-ին, Մ. Տամատեանն ու ակտը ստորագրած ներկայացուցիչները հաւաքուեցին Ատանայի սերայում (քաղաքապետարան) եւ կազմեցին անկախ Կիլիկիայի ժամանակաւոր կառավարութիւնը՝ Տամատեանի վարչապետութեամբ: Կառավարութիւն՝ որը ապրեց ընդամէնը… մէկ ժամ: Ֆրանսական գրաւման բանակի ներկայացուցիչ գնդապետ Բրեմոնի հրամանով սենեկալցի սվինաւորների սպառնալիքի տակ նորակազմ կառավարութիւնը վռնդուեց սերայից: Այն նոյն Բրեմոնի, որը, ինչպես նախապէս եւ հետագայում էլ իր յուշերում գրում էր, որ եթէ ինքը լինէր հայերի փոխարէն՝ նոյնը արած պիտի լինէր…
Ու որպէսզի ընթերցողը, որը շատ քիչ բան գիտի այդ իրադարձութիւնների մասին (եթէ անշուշտ որեւէ բան գիտի ոչ դաշնակցականների սխրագործութիւնների մասին), ճիշդ պատկերացնի խնդրի էութիւնը, ասենք, որ կիլիկիահայերը ձեռնունայն չէին ներկայանում «դաշնակից» տէրութիւններին ու յատկապէս Ֆրանսային: Դեռեւս 1916 թուականից հազարաւոր հայ երիտասարդներ Մ. Նահանգներից, Յունաստանից, Պուլղարիայից, Ռումինիայից, Սիրիայից, Կովկասից ու Եգիպտոսից կամաւորագրուել էին «դաշնակիցների» կազմած Արեւելեան լեգեոնական բանակին, կազմել առանձինՙ Հայկական լեգեոն, անգլիական բանակի մարզիչների հսկողութեամբ երկարատեւ մարզումներ անցկացրել Կիպրոսում, մասնակցել Պաղեստինի ազատագրման կռիւներին, փառաւոր հարուած էին տուել գերմանաթուրքական բանակին Արարայի վճռորոշ ճակատամարտում եւ համարւում էին «փոքր դաշնակից»: Ահա այդ ուժերն էին, որ Կիլիկիայում ապահովելու էին հայկական այդ պետութեան սահմաններն ու անդորրը: Սակայն «մեծ դաշնակից», «ասպետական» Ֆրանսիան այլ ծրագրեր ուներ արդէն քեմալական Թուրքիայի հետ, որին ի վերջոյ յանձնեց գրեթէ ամբողջ Կիլիկիա՝ՙ բացի Ալեքսանդրէթից (այժմ՝ Հաթայ), որը կցեց Սիրիային, սակայն 21 տարի յետոյ այն էլ յանձնելով Թուրքիային, բացի Քեսապից, որը մնաց Սիրիայի կազմում՝ շնորհիւ Արշակ Չոբանեանի եւ նրա ֆրանսացի ազդեցիկ ընկերների ջանքերին:
Ահա՛, շա՛տ թռուցիկ կերպով, Հայկական Կիլիկիայի վերջին ոդիսականից սրտառուչ մի դրուագ, որը կամ որի դասերը ուսանելի են մնալու մեր նորահաս սերունդների համա՝ՙ պահել-պահպանելու, հզօրացնելու, զարգացնելու մեր անկախ միակ երկիր Հայաստանը: