Արցախի Հանրապետութեան Անկախութեան հանրաքուէին առնչութեամբ, 10 Դեկտեմբերին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորները Արցախի Հանրապետութեան Անկախութեան հանրաքուէի, մարդու հիմնարար իրաւունքներու եւ ցեղասպանութեան կանխարգիլման միջազգային օրուան առիթով այցելած են Եռաբլուր պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակուած հայորդիներու շիրիմներուն:
Օրուան խորհուրդին շուրջ ԱՀ ԱԺ-ը հանդէս եկած է հետեւեալ յայտարարութեամբ .
«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմութեան մէջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրայ Հանրապետութեան կայացման առհաւատչեան 1991 թուականի Անկախութեան հանրաքուէն է: 1991 թուականի Անկախութեան հանրաքուէն այն հիմնաքարն էր, որի վրայ կառուցուեց Արցախի Հանրապետութիւնը և դարձաւ համայն հայութեան պարծանքն ու յաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թուականի նոյն օրը Սահմանադրութեան ընդունման հանրաքուէով մէկ անգամ ևս արտայայտեց անկախ պետութիւն ունենալու և ազատութեան համար պայքարի ուղին անշեղօրէն շարունակելու իր կամքը:
2023 թուականի Սեպտեմբերի 19-ին Ատրպէյճանի ռազմական յարձակումին հետևանքով զոհուեցին հարիւրաւոր մեր հայրենակիցներ, այդ թւում ՝ երեխաներ և կանայք, հայաթափուեց հայ ժողովրդի հազարամեայ հայրենիք Արցախը:
Անվտանգութեան և իրաւունքների իրացման անհնարինութիւնից ելնելով՝ Արցախի բնակչութիւնը դիմեց հայրենիքը լքելու ծայրայեղ քայլին։ Այս ամէնին իր գնահատականը տուեց նաև միջազգային հանրութիւնը: Ֆրանսայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարութիւնները, Գերմանիայի Պունտեսթագը, Աւստրիայի և Նիտեռլանտների խորհրդարանները, Եւրախորհրդարանը, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմքինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպէս էթնիկ զտում։
Ատրպէյճանը, հայ ժողովրդի դէմ ցեղասպանութիւն իրականացնելուց յետոյ , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպէս ռազմական գործողութիւնների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետութեան Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:
Ի սկզբանէ գիտակցելով Ատրպէյճանի կողմից պարտադրուող փաստաթղթի հակասահմանադրականութիւնը, գնահատելով խաղաղ բնակչութեանը ցեղասպանութեան ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալութիւնների հնարաւոր վտանգների առկայութիւնը՝ նախագահի կողմից ընդունուեց հրամանագիր, որով մինչև 2024 թուականի Յունուարի 1-ը պէտք է կազմալուծուէին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչութիւնը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ համարկուել Ատրպէյճանի մէջ։
Հաշուի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռուած կողմերի կատարուած և կատարուող քայլերի ինտենսիվութիւնն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր յանձնառութիւնը՝ տէր կանգնելու Արցախի ժողովրդի իրաւունքներին և յայտնում իր պատրաստակամութիւնը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրայարոյց հարցերը։
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, հաւատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտայայտման արդիւնքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարաւոր հայորդիների արիւնով ու քրտինքով իւրացուած իրաւունքներն ու ազատութիւնը»: