1991 թուականի Սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին պատմական որոշումը: Նոյն թուականի Դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքուէի արդիւնքներով եւ 1992 թուականի Յունուարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» հռչակագրով կազմաւորուեց հայկական երկրորդ հանրապետութիւնը:
Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ատրպէյճանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով եւ արդիւնաւէտօրէն գործող պետական ու ժողովրդավարական հաստատութիւններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետութեան զարգացումը` փորձելով դառնալ պետութիւնների համաշխարհային ընտանիքի մաս:
Արցախահայութեան համար այս ծանրագոյն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան Ազգային ժողովը, առաջնորդուելով ժողովրդի կողմից իրեն վստահուած լիազօրութեամբ եւ նրա ապագայի նկատմամբ պատասխանատուութեամբ, արձանագրում է.
. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ժողովուրդը իր ինքնորոշման իրաւունքն իրացրել է միջազգային իրաւունքի բոլոր կանոններին համապատասխան` որեւէ առնչութիւն չունենալով Ատրպէյճանական Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան հետ:
. Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս Լեռնային Ղարաբաղի Հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրից բխող պարտաւորութիւնները, շրջանցելով Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992 թուականի Յուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ատրպէյճանի կազմում:
. Ատրպէյճանական Հանրապետութիւնը, որպէս Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան ժողովրդի նկատմամբ ցեղասպանութիւն իրականացրած պետութիւն, խաղաղութեան մասին բարձրագոչ յայտարարութիւններով մոլորեցնելով միջազգային հանրութեանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու` պատմամշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու քաղաքականութիւն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
. Ռուսաստանի Դաշնութիւնը, որպէս ռուսական կայսրութեան եւ Խորհրդային Միութեան իրաւայաջորդ, հանդիսանալով 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կողմ եւ երաշխաւոր, իր փաստացի ներկայութեան պայմաններում չի կանխել Ատրպէյճանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:
. ԵԱՀԿ Մինսքի խումբը` ի դէմս համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնութեան, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի` որպէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միակ օրինական լիազօրութիւն ունեցող կառոյց, վճռական կեցուածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում: Ատրպէյճանն այդ ամէնը գնահատեց որպէս թուլութիւն եւ, արհամարհելով միջազգային հանրութեան կողմից ընդունուած ուժի չկիրառման մօտեցումները, 2020 թուականի եւ 2023 թուականի պատերազմական գործողութիւնների եւ ցեղասպանական քաղաքականութեան միջոցով բռնազաւթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարեան բնօրրաններից մէկը` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան տարածքը:
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ներկայացուցչական մարմինը, արտայայտելով Արցախի ժողովրդի կամքը, կոչ է անում.
Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին`
– Միջազգային ատեաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ժողովրդի` հայրենիք հաւաքական կերպով վերադառնալու իրաւունքի հարցը:
ԵԱՀԿ Մինսքի խմբի երկրներին`
. Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրայ շարունակել միջնորդական առաքելութիւնն Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու իրաւունքի իրացման նպատակով:
ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին`
. Միջազգայնօրէն ստանձնած լիազօրութեան, պարտաւորութիւնների եւ միջնորդութիւնների շրջանակում միջազգային հանրայայտ կանոնների եւ սկզբունքների, ինչպէս նաեւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան հռչակման իրաւա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրուած ներկայացուցիչների հետ գործակցութեամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ժողովրդի` իրենց մշտական բնակութեան վայրեր վերադարձն ու այլ հաւասար եւ անկապտելի իրաւունքների իրացումը` որպէս ազատութեան, արդարութեան եւ համընդհանուր խաղաղութեան հիմք:
Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի եւ պետականակերտման ճանապարհին իրենց կեանքը նուիրաբերած հերոսներին:
ԵՐԵՒԱՆ
2 Սեպտեմբեր 2024