Աշխարհի տարբեր երկիրներու մէջ ցոյցեր սկսած են Ատրպէյճանի մէջ ապօրինաբար պահուող հայ ռազմագերիներու եւ պատանդներու անյապաղ ազատ արձակման պահանջով։ Այս մասին, Facebook-ի իր էջին վրայ գրած է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեան, նշելով․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
2024 թուականի Նոյեմբերին Ատրպէյճանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխութեան Համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ատրպէյճանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման պահանջով։
Արձագանգելով այդ ակցիաներին` սոյն թուականի Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիական Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նոյն պահանջով նամակներ են փոխանցուելու հասցէատէրերին։
Նախաձեռնութեանը միացել են ԱՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Եուրի Հայրապետեանը, Ռուբէն Մելիքեանը, Արտակ Բեգլարեանը, ինչպէս նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Արման Թաթոյեանը եւ Լարիսա Ալավերդեանը։
Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցութիւնը»: