ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեան. «Մեզ պէտք է նոր սահմանադրութիւն, որ ժողովուրդը համարէ իր ստեղծածը, իր ընդունածը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղերձ յղած է ՀՀ Սահմանադրութեան օրուան առիթով:

Ուղերձին մէջ կ’ըսուի.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ Յուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրութեան օրը: Սահմանադրութիւնն ընդունուած է կոչել նաեւ մայր օրէնք կամ հիմնական օրէնք:

Մայր օրէնք կոչում են, որովհետեւ Սահմանադրութիւն ունեցող ցանկացած երկրում օրէնքները պիտի բխեն հէնց նրանից, սնուեն, կերակրուեն Սահմանադրութեան թէզերից, հայեցակարգերից ու դրոյթներից: Սահմանադրութիւնը հիմնական օրէնք կոչում են, որովհետեւ ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրէնքներից է, որ սովորաբար ընդունւում է համաժողովրդական քուէարկութեան միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դէմ» քուէարկում օրէնքին, ժողովուրդն է քուէարկութեամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրէնքը՝ Սահմանադրութիւնը:

Այսպիսի իրաւակարգաւորումներ են գործում նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջութիւն ժողովուրդն է հանդէս գալիս սահմանադիրի դերում:

Ինչո՞ւ է այսպէս եւ ո՞րն է սրա տրամաբանութիւնը: Սահմանադրութիւն ընդունելով եւ Սահմանադրութեան օգտին քուէարկելով՝ քաղաքացին եւ քաղաքացիների հաւաքականութիւն ժողովուրդը նախ յայտարարում է, որ ստանձնում է պետութիւն ունենալու պատասխանատուութիւնը, պատրաստ է կրել այդ պատասխանատուութիւնը: Իսկ բուն Սահմանադրութեան բնագրում ժողովուրդն արտայայտում է իր պատկերացումը, թէ ինչպիսին է պատկերացնում այդ պետութիւնը, նրա կառավարումը, ինչպիսին պէտք է լինի այն ընդհանուր առմամբ եւ ինչ նախագիծ կեանքի կոչելու վրայ ենք աշխատելու բոլորով:

Եւ երրորդ, ոչ-պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրութեան բնագրում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած եւ կառուցած պետութեան մէջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետութիւն յարաբերութիւնների, քաղաքացի-օրէնք յարաբերութիւնների, քաղաքացի-քաղաքացի յարաբերութիւնների, մարդ-մարդ յարաբերութիւնների, մարդ-բնութիւն յարաբերութիւնների կանոնները: Սահմանադրութիւնը, ըստ այդմ, քաղաքացիների հաւաքական պայմանաւորուածութիւնն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրաւունքների եւ պարտականութիւնների մասին:

Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ, հէնց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տուեալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան եւ այդպէս է ոչ միայն տէ իւրէ, այլեւ 2018 թուականի Ժողովրդական, ոչ-բռնի, թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ՝ նաեւ տէ ֆաքթօ:

Եւ այս փաստի հետ է, որ խորը ընկերահոգեբանական հակամարտութեան մէջ է մեր գործող Սահմանադրութիւնը: Բոլորիս յայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրութիւնն իր ու իր հարեւանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետութեան միւս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանաւորուածութիւնն է արտայայտում:

Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախաւն է այդ բնագիրը ստեղծել, յայտարարել դրա ընդունման մասին եւ, ըստ էութեան, ներդրել այն Հայաստանում: Իմ համոզմունքը եղել եւ մնում է այն, որ սա հիմնարար խնդիր է մեր երկրի համար, եւ մեր երկրին հարկաւոր է նոր Սահմանադրութիւն, եւ տուեալ պահին խօսում եմ ոչ այնքան բնագրային նորութեան, որքան դրա ստեղծման եւ ընդունման մեթոտի նորութեան մասին:

Մեզ պէտք է նոր Սահմանադրութիւն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրուած է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետութեան եւ այդ պետութեան մէջ մարդկանց, քաղաքացիների յարաբերութիւնների մասին:

Մեզ պէտք է Սահմանադրութիւն, որն օրգանական կապով կապուած է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկւում թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղօրէն պիտի շարունակենք մեր պետութիւնը՝ Հայաստանի Հանրապետութիւնը, ուժեղացնելու, հաստատութենական, հոգեբանական ու ֆիզիքական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը:

Սա դժուար, բայց պատուաբեր ճանապարհ է ու մենք ընթանում ենք ճիշդ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պէտք է կեդրոնանալ մի յստակ խնդրի՝ Հայաստանի Հանրապետութեան պետական շահը սպասարկելու վրայ, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծել են որպէս գործիք իր միջազգայնօրէն ճանաչուած տարածքում իրենց ազատութիւնը, բարեկեցութիւնը, երջանկութիւնը, անվտանգութիւնն ապահովելու համար, արդար միջավայր ձեւաւորելու համար եւ մենք չպէտք է շեղուենք այս նպատակից:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի քաղաքացիներ,

Շնորհաւորում եմ բոլորիս Յուլիսի 5-ի՝ Սահմանադրութեան օրուայ առիթով:

Փա՛ռք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»: