Ճակատագրականութեան ու հմտութիւնների բացակայութեան կործանարար համադրութիւնը

Ստորեւ կը ներկայացնենք Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանը լրատուամիջոցներուն տրամադրած յօդուածը՝ Ղարաբաղեան բանակցութիւնների ներկայ փուլի եւ Հայաստանի ընելիքների մասին.

 

Վարդան Օսկանեան

 

Թերեւս այլեւս լրացուցիչ փաստերի կարիք չունենք արձանագրելու որ Հայաստանի՝ 2018-ին ձեւաւորուած իշխանութիւնները դիւանագիտութեան ու միջազգային յարաբերութիւնների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու էին ու շարունակում են այդպիսին մնալ։ Չնայած դաւադրութիւնների տեսութիւններին՝ ես շարունակում եմ վստահ լինել, որ հենց այդ հանգամանքն է մեր ունեցած եւ դեռ շարունակուող մարդկային ու տարածքային կորուստների հիմնական պատճառը։

Նիկոլ Փաշինեանի դիւանագիտական առաջին սխալն այն էր որ նա երկրի ներսում նորաստեղծ իշխանութիւնների դիրքերը կայունացնելու և ամրացնելու համար Ալիեւի հետ առաջնագծում չկրակելու համաձայնութիւն ձեռք բերեց, ինչը ատրպէյճանական կողմը լիովին կատարեց։

Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ սա անմեղ, նոյնիսկ հնարամիտ քայլ էր։ Սակայն դա դիւանագիտական առաջին կոպիտ վրիպումն էր, որ ատրպէյճանական կողմի մօտ ձեւաւորեց սահմանին անդորրի դիմաց Հայաստանի կողմից կարճ ժամանակում զգալի զիջումների ակնկալիքներ։

Պատերազմների պատճառը մշտապէս լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետեւողական ձեւաւորումը եւ վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբաւարարումը։

Փաշինեանի երկրորդ սխալն այն էր, որ նա ամբողջութեամբ արհամարհեց մինչ այդ եղած բանակցային բոլոր փուլերը եւ համապատասխան փաստաթղթերը՝ յայտարարելով, թէ բանակցութիւններն սկսելու է իր զրօ կէտից։ Սա հենց Ատրպէյճանի ցանկութիւնն էր, ինչը հնարաւորութիւն էր ստեղծում ձերբազատուելու իր համար բանակցային փաստաթղթերում տեղ գտած անցանկալի, բայց միջնորդների կողմից ընդունուած դրոյթներից եւ հիմնարար սկզբունքներից, ինչպէս օրինակ՝ Արցախի ինքնորոշման իրաւունքից՝ միաժամանակ ի ցոյց դնելով միջնորդներին եւ աւելի լայն շրջանակի երկրներին հայկական կողմի անլրջութիւնը եւ անվստահելիութիւնը ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների նկատմամբ։

Փաշինեանի երրորդ դիւանագիտական ձախողումը նրա՝ մի կողմից Ղարաբաղեան հարցում յստակ դիրքորոշման ու քաղաքականութեան բացակայութիւնն էին, միւս կողմից՝ այդ հարցում իրարամերժ ու հակասական յայտարարութիւնները։ Սկզբում՝ անորոշ եւ քաոսային մտքեր, յետոյ՝ պնդումը, թէ հարցի լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ատրպէյճանի ժողովուրդների համար։ Եւ վերջապէս՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտայայտութիւնը։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս մտքերի խորը հակասութիւններն էին, որ Ատրպէյճանին առիթ տուեցին պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինութիւնը եւ որոշակիօրէն արդարացնելու պատերազմի հրահրումը։

 

Չկայ պատերազմ, որից հնարաւոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզօրութիւնն ու անգործութիւնն արդարացնող կեղծ ու վտանգաւոր կանխավարկած է։ Եթէ սկսուել է պատերազմ, որից մենք կ’ուզէինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարութիւնը սխալուել է քաղաքական պարզ հաշուարկներում եւ ձախողել է բանակցային գործընթացում։

Դժբախտաբար, այս միտումը եւ դիւանագիտական սխալների շքերթը շարունակւում է՝ մեզ պատճառելով նորանոր, բայց միանշանակ խուսափելի մարդկային եւ տարածքային կորուստներ։

Ոյժի առաջ անզօր լինելու ճակատագրականութիւնը եւ դիւանագիտական տարրական հմտութեան բացակայութիւնը յանգեցնում է՝ «ամէն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողութեանը։ Այլ կերպ հնարաւոր չէ բացատրել, թէ ինչպէս կարելի էր յետպատերազմեան շրջանում Ատրպէյճանի առաջարկած հետագայ բանակցային օրակարգի հինգ կէտերը միանգամից՝ վարչապետի եւ արտաքին գործոց նախարարի մակարդակով՝ առանց անգամ բանակցութիւններ սկսելու, ամբողջութեամբ ընդունելի համարել։

Մինչդեռ պատասխանը կարող էր շատ պարզ ձեւակերպուել ի շահ Հայաստանի։ Մօտաւորապէս այսպէս.

«Ձեր իրաւունքն է բանակցային օրակարգ բերել ցանկացած հարց, եւ հայկական կողմը չի խուսափելու դրանք քննարկելուց։ Ուստի ելնելով նոյն տրամաբանութիւնից եւ ունենալով նման ակնկալիք ձեզանից՝ ներկայացնում ենք հայկական կողմի օրակարգային հարցերը.

– ԼՂԻՄ-ի ապագայ կարգավիճակը։

– Շուշիի եւ Հադրութի ճակատագիրը՝ որպէս ԼՂԻՄ-ի անբաժանելի մաս։

– Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

– Ատրպէյճանական զինուած ոյժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

– Մինսքի խմբի բանակցային ձեւաչափի վերականգնման հնարաւորութիւնը։

– Ղարաբաղում տեղակայուած խաղաղապահ ոյժերի ժամկէտների հարցը

– Այլ հարցեր»։

Առաջարկուած այս օրակարգում չկայ որեւէ հարց, որը կարող է յարուցել դիւանագիտական եւ ռազմական անսպասելի հակազդեցութիւն։ Այս օրակարգը միանշանակ հասկանալի եւ ընկալելի է միջնորդ կողմերին։ Սրա բացակայութիւնն է, որ զարմանք է առաջացնում բոլոր նրանց մօտ, ովքեր դեռ չեն հաւատում, որ նոյնիսկ սա ձեւակերպելու հմտութիւն ներկայ իշխանութիւնը չունի։

Այսօր հայկական դիւանագիտութեան առաջնային խնդիրն է հաւասարակշռուած օրակարգով մտնել երկարատեւ բանակցութիւնների մէջ։

Դիւանագիտութիւնը անվերջ հնարաւորութիւնների հարթակ է։ Ամենաանյոյս իրավիճակներում անգամ հնարաւոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։

Ճակատագրականութիւնը իրական անզօրութեան հետ առնչութիւն չունի։ Դա հմտութիւնների, գիտելիքների, փորձի բացակայութեան եւ սեփական սխալները չընդունելու, խորհուրդներին ականջալուր չլինելու յամառութեան համադրութիւնն է։ Հենց սրան ենք արդէն երեք տարուց աւելի ականատես լինում, ու բացառապէս սրա արդիւնքում ենք բախւում անվերջանալի կորուստների։