«Մենք ասել ենք՝ ուզում ենք, որ ստուերի տեղ ընդհանուր դրամաշրջանառութեան մէջ չթողնենք»: Այս մասին Ազգային Ժողովին մէջ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան, անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցւոյ հարկման թեմային:
«Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնայատկութիւններ, եւ պաշտօնապէս առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք եւ հաւաքագրուած ամբողջ գումարը կը վերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եւ այս առաջարկը պաշտօնապէս եղել է, եւ ինձ համար զարմանալի է, թէ ինչու է մերժուել: Այսինքն՝ մենք ասել ենք, որ ընդամէնը թափանցիկութիւն ենք ուզում: Հայ առաքելական եկեղեցու գործունէութեան արդիւնքում ինչքան կը հաւաքուի, մենք լրիւութեամբ կը վերադարձնենք: Բայց երբ վերլուծում ենք, թէ ինչը կարող է պատճառ լինել մերժման՝ թափանցիկութեան խնդիրը, որովհետեւ, ըստ ամենայնի, ֆինանսական հոսքերի հետ կան խնդիրներ, հակառակ դէպքում թող մէկը բացատրի, թէ ինչո՞ւ պիտի այս առաջարկը մերժուի»,- ըսաւ ան: