ՌԱԿ Հանրապետական Վարչութեան Առաջին Նիստը՝ Հիմնանորոգուած Գրասենեակում

Ռամկավար Ազատական կուսակցութեան «Նազար եւ Արտեմիս Նազարեան» կենտրոնի հիմնովին վերանորոգուած գրասենեակում Յունուարի 23-ին կայացաւ ՌԱԿ Հանրապետական վարչութեան առաջին նիստը Պատգամաւորական ժողովից յետոյ, կազմակերպչական հարցերով ծանրաբեռն օրակարգով:

ՌԱԿ ատենապետ Յակոբ Աւետիքեանն իր ողջոյնի խօսքում, արտայայտելով ներկայ բոլոր ժողովականների գոհունակութիւնը ի տես բարեկարգ եւ ամէն յարմարութիւններով օժտուած գրասենեակի, ասաց, որ բարեգործութեան մէջ կարեւորը ոչ այնքան ստացած գումարի չափն է, որքան այնՙ թէ ո՛վ է այդ գումարը նուիրում: Իսկ այս պարագայում վերանորոգման համար նիւթական օժանդակութիւնը բերող անձըՙ Նազար Նազարեանը, իր ողջ գերդաստանի աւելի քան 400 տարուայ պատմութեամբ իրաւ բարեգործ է, որի տարբեր նուիրատուութիւնները Սփիւռքում թէ Հայաստանում, առաւելաբար ՀԲԸՄիութեան խողովակով, հանդիսանում են նորօրեայ վկայութիւնները 400-ամեայ բարեգործ այս ընտանիքի մասին:

Ինչպէս ասուեցՙ օրակարգը ծանրաբեռնուած էր առաւելաբար կազմակերպչական հարցերով: Եւ դա բնական է: 23-րդ համագումարի պատգամաւորների միահամուռ յանձնարարութիւնն էր դաՙ հիմնովին վերակազմակերպել կուսակցութիւնը իր բոլոր ակումբներով ու շրջանային վարչութիւններով, որոնք ընդգրկում են ողջ Հայաստանի Հանրապետութիւնը, առաւել աշխուժացնել ամէնօրեայ կապը կառոյցների ու կենտրոնի միջեւ, քարոզչական եւ համապատասխան այլ նիւթերով Ռամկավար-Ազատական գաղափարախօսութիւնը մատչելի դարձնել հասարակութեան առաւել լայն շրջանակների, յատկապէս երիտասարդ սերնդից նորագիր կուսակցականներ ընդգրկել եւ ստուարացնել ՌԱԿ-ի համակիրների բանակը: Եւ այդ ամէնըՙ ոչ ինքնանպատակ, այլՙ յառաջիկայ աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին ընդառաջ:

Բազմաթիւ ելոյթներից եւ աշխոյժ քննարկումներից յետոյ Հանրապետական վարչութիւնը կայացրեց համապատասխան որոշումներ, տուեց յանձնարարութիւններ:

Որոշուեց առաջին հերթին այցելել Գիւմրիՙ որտեղ այժմ նպաստաւոր գետին կայ տեղի շրջանակը վերաշխուժացնելու, ապա Եղուարդՙ որտեղ կուսակցութիւնն ունի սեփական գրասենեակ, որն անհրաժեշտ է օժտել մշտապէս գործող անձնակազմով:

Որոշուեց արտագնայ նիստ-ստուգայցեր կազմակերպել Սիւնիքում, Վարդենիսում, Մարտունիում, Սեւանում, Լոռիում (Վանաձոր, Ստեփանավան եւ Սպիտակ), Մասիսում:

Որոշուեց յատուկ ուշադրութիւն դարձնել Տավուշի մարզին, որտեղ կուսակցական ներկայութիւնը թոյլ է: Իսկ ինչ վերաբերում է Երեւանին, որոշուեց մայրաքաղաքի տարբեր ակումբներին հրաւիրել առանձին հաւաքի, որի նպատակն է լինելու ամրացնել այդ կառոյցները եւ ստեղծել նորերը: Այդ իմաստով յատկանշական է, որ նիստի սկզբում երդմնառութեան արարողութեամբ ՌԱԿ շարքերն ընդունուեց բազմափորձ եւ լրջախոհ համակիրներից Յովիկ Օհանեանը, որին յանձնարարութիւն տրուեց Նորքի զանգուածում եւս մի նոր ակումբ ստեղծելու:

Նիստի աւարտին ՌԱԿ ատենապետը տեղեկացրեց, որ Հանրապետական վարչութիւնը օրերս հրատարակել է կուսակցութեան փոխատենապետ, էներգակիրների ոլորտի մասնագէտ Արմէն Մանվէլեանի նոր աշխատութիւնը, որի ներկայացում-քննարկումը տեղի կունենայ յառաջիկայ օրերին:

Նմանապէս հրատարակութեան է տրուել փրոֆ. Նիկոլայ Հովհաննիսեանիՙ տարածաշրջանում քրտական գործօնի եւ հայերիս հետ դրա առնչութիւններին նուիրուած գրքոյկը, մեծ տպաքանակով նորից է տպագրուելու ՌԱԿ ծրագիրն ու կանոնադրութիւնը:

ՌԱԿ մամլոյ դիւան