Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի վերակառուցումը կաւարտուի 2016-ի վերջին

Աւտոճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակւում են 2-րդ փուլով: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղուել Հեռուստամարաթոն 2013 եւ 2014-ի հանգանակութիւնները: Խոշորածաւալ ձեռնարկը աւարտին հասցնելու նպատակով միջոցներ են յատկացուել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնների կողմից: Ճանապարհի շինարարութիւնը կը շարունակուի Հիմնադրամի ռազմավարական եւ նպատակային ծրագրերին զուգահեռ, եւ կաւարտուի 2016թ.-ի վերջին:

Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհի վերակառուցումն իրականացւում է միաժամանակ 12 տեղամասով: Նախկինում դժուարանցանելի ղուրջ 116 քմ. Երկարութեամբ աւտոճանապարհն ունի 10 եւ աւելի մեթր լայնութիւն, որից 7 մեթրը կը կազմի ասֆալտապատ երթեւեկելի հատուածը: Նախորդ տարուայ ընթացքում կառուցուել են արհեստական կառուցուածքներ, այդ թւում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառոյցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպէս նաեւ վերանորոգուել են 17 մեծ ու փոքր կամուրջները: Ներկայումս ընթանում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:

Բնակավայրերով անցնող հատուածներում՝ մասնաւորապէս Գետավանում եւ Եղեգնուտում կառուցւում են մայթեր:

Նոյեմբերի 1-ի դրութեամբ ողջ ճանապարհն ունի աւելի քան 49 քմ. Ասֆալտի երկշերտ ծածկոյթ: Մնացած հատուածներում իրականացւում են ճանապարհի հիմնատակի կառուցման աշխատանքներ: Շուրջօրեայ՝ միջինը +10 ջերմութեան պայմաններում ճանապարհի կառուցման աշխատանքները կը շարունակուեն:

Ձմռան շրջանում կիրականացուեն նախապատրաստական աշխատանքներ, մասնաւորապէս խճի, աւազի, եւ այլ անհրաժեշտ նիւթերի պահեստաւորում, ինչպէս նաեւ ասֆալտպետոնէ գործարանի եւ ճանապարհաշինարարական մեքենաների եւ սարքաւորումների վերանորոգում եւ համալրում՝ գարնանը աշխատանքները վերսկսելու նպատակով:

Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հիւսիսային շրջանների միջեւ, նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիօրէն կը կրճատուի այն ժամանակահատուածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ աւտոճանապարհով մի հանրապետութիւնից միւսն ուղեւորուելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի յարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կը խթանի զբօսաշրջութիւնը՝ աշխուժացնելով մեր երկու հանրապետութիւնների սոցիալ-տնտեսական կեանքը: Ճանապարհը հնարաւորութիւն կը տայ նաեւ ծանօթանալ մեր պատմամշակութային յուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկութիւնը:

Բարեկարգ աւտոմայրուղու առկայութիւնը հնարաւորութիւն կը տայ ոչ միայն կեանքի կոչել շրջակայ համայնքների կեանքն ու կենցաղը բարելաւող սոցիալ-տնտեսական ենթակառուցուածքներ, այլեւ զարկ կը տայ պիզնէս եւ զարգացման ծրագրերին՝ գիւղացուն ապահովելով կայուն եկամտով՝ փոխելով նրա կեանքի որակը: