Հայաստան սառեցուցած է իր մասնակցութիւնը Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան աշխատանքներուն․ Հայաստանի իշխանութիւնը կ’որոշէ, թէ երբ դուրս կու գայ Հաւաքական Անվտանգութեան Կազմակերպութենէն։
«Արմէնփրէս»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ի մէջ ՀՀ կառավարութեան հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ըսած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով պատգամաւոր Ագնեսա Խամոյեանի հարցին, որը, յիշելով աւելի վաղ վարչապետի ըրած յայտարարութիւնը ՀԱՊԿ-ի մասին, խնդրեց յստակեցնել՝ Հայաստանը դո՞ւրս կու գայ ՀԱՊԿ-էն, թէ՞ դուրս չի գար։
«Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի հետ կապուած մեր դիրքորոշումը շատ յստակ է։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ում։ Եւ ես ասացի, որ մենք կ’որոշենք, թէ երբ ենք դուրս գալիս Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի կազմակերպութիւնից»,- ըսաւ Նիկոլ Փաշինեանը։
ՀԱՊԿ-ի հետ կապուած վարչապետի յայտարարութեան անդրադարձած էր նաեւ Հայաստանի արտաքին գործերու նախարար՝ Արարատ Միրզոյեանը՝ պատասխանելով պատգամաւոր Սոնա Ղազարեանի հարցումին։
«Կարճ հարց, որն առաջացաւ տելագրամեան մի գրառումից, որը հաւանաբար ֆինանսաւորում է Կրեմլի կողմի․ դա մեծ լսարան ունեցող էջ է, որը կա՛մ սխալ թարգմանութեան, կա՛մ միտումնաբար յայտարարում է, թէ Հայաստանի Հանրապետութիւնը որոշում է կայացրել ՀԱՊԿ-ից դուրս գալ: Հաւանաբար այս նիստի խօսակցութիւնը սխալ թարգմանութեամբ է տեղ հասել, խնդրում եմ սա հաստատել»,- հարցուցած էր պատգամաւորը։
Պատասխանելով պատգամաւորի հարցումին՝ Արարատ Միրզոյեանը ըսած էր․ «Յարգելի՛ տիկին Ղազարեան, բարեբախտաբար նիստը տեսագրուում է եւ ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է այդ ձայնագրութիւնը նայել եւ ստուգել՝ ով ինչ է ասել: Այն ձեւակերպումը, որը Դուք մէջբերեցիք առնուազն չի համապատասխանում իրականութեանը: Հայաստանի Հանրապետութեան վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, Հայաստանի Հանրապետութեան վարչապետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնայ: Սա է ասել, ոչ պակաս, բայց ոչ էլ աւել: Եթէ որեւէ մէկը պնդում է, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալուում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է: Կրկնում եմ նորից. վարչապետն ասել է՝ մենք կ’որոշենք, երբ դուրս գանք, բայց հետ չենք գնալու»։