Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը.
Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետութիւնում առկայ քաղաքական ճգնաժամը յաղթահարելու նպատակով երեկուայ ընթացքում տարբեր մակարդակներով յագեցած քննարկումներից յետոյ ներգրաւուած քաղաքական ուժերը հանդէս եկան յայտարարութիւններով, որով տրամաբանական աւարտին են հասցւում երկրում ծաւալուած ժողովրդավարական զարգացումները:
Այս կապակցութեամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան, Բարգաւաճ Հայաստանի, Ելք դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցուածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակայ շահերից և դուռ բացում ազգային համերաշխութեան:
Սրանով մեր ժողովուրդը կրկին անգամ ցոյց տուեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբուելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու:
Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձութիւնների միջով և վստահ եմ, որ Մայիսի 8-ին կամրագրուեն յանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մէջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատուածները Հայաստանում, Արցախում թէ Սփիւռքում:
Այն կը բարձրացնի մեր հեղինակութիւնը և վարկն աշխարհում:
Այս ամէնի մէջ ուզում եմ յատկապէս բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդութեան ներգրաւուածութիւնը և վճռորոշ դերը: Երիտասարդութիւն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացութեամբ եւ հանդուրժողականութեամբ այս բախտորոշ օրերին ամէնուր սփռում էր լոյս, համերաշխութիւն, սէր և հաւատ:
Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականութեամբ և համերաշխութեամբ: Հաւատացած եմ և տեսնում եմ, որ արդէն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դէպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զաւակներին, իր մէջ կուտակելու և իւրացնելու է նրանց տաղանդը, ձեռներէցութիւնը և եռանդը: