Սիրելի՛ հայրենակիցներ,
106 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնը սկիզբ դրեց պատմութեան մէջ նախադէպը չունեցող ոճրագործ ծրագրի, որի արդիւնքում նահատակուեցին 1.5 միլիոն հայորդիներ` զրկուելով նախնեաց հայրենիքում ապրելու և արարելու իրաւունքից։ Այս օրը մեր համար լոկ յիշատակի օր չէ, այլև վերաիմաստաւորման, յանուն մեր նպատակների ապրելու և գործելու, հաշուետու լինելու ժամանակ։
Անխօս՝ այս տարի իւրաքանչիւրիս սրտում կորստի ցաւն աւելի ուժգին է։ 2020 թուականի արհաւիրքներն ի ցոյց դրեցին, որ մեր պայքարը ոչ միայն աւարտուած չէ, այլև շարունակում է լինել գոյաբանական։ Արցախեան պատերազմը ցաւալիօրէն փաստեց, որ վերջին հարիւրամեակի ընթացքում հայ ժողովրդի բնաջնջման թուրքական պետութեան ծրագիրը մնացել է անփոփոխ, որին այժմ յանցակից է նաև Ատրպէյճանը։
Այսօր Հայոց Ցեղասպանութիւնը յիշատակւում է աշխարհի բազմաթիւ երկրներում՝ այդ թւում Գանատայում, որը պաշտօնապէս ճանաչել ու դատապարտել է այն։ Սակայն վերջին իրադարձութիւններն եկան փաստելու, որ Թուրքիայի ցեղասպան նկրտումները զսպելու համար բաւարար չեն միայն ճանաչումն ու դատապարտումը։ Հարկաւոր են գործուն և հետեւողական քայլեր, քանզի վերջինիս հովանաւորութեամբ և մասնակցութեամբ Ատրպէյճանի սանձազերծած պատերազմն Արցախում ոչ այլ ինչ էր, քան Ցեղասպանութեան քաղաքականութեան անմիջական շարունակութիւն, հայութեանն իր հայրենիքի հերթական հատուածից բնաջնջելու փորձ։
Արցախահայութեան արդարացի իրաւունքները վերականգնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի բոլոր հատուածների միասնութիւնն ու համատեղ պայքարը։ Սակայն մինչ այդ՝ համահայկական ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ օր առաջ հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և Ատրպէյճանի կողմից իրականացուող մշակութային ցեղասպանութեան կանխումը։
Սիրելի հայրենակիցներ,
Մենք պէտք է ապրենք ամենօրեայ այն գիտակցումով, որ անմարելի պարտք ունենք Ցեղասպանութեան անմեղ զոհերի և պատերազմում ընկած քաջ հայորդիների առջև։ Պիտի իւրաքանչիւր օր գործով և հայրենիքի շէնացմամբ արժանի լինենք նրանց զոհողութեանն ու վառ պահենք յիշատակը։ Մեզնից իւրաքանչիւրի այսօրուայ ընտրութիւնն ու քայլերն են պայմանաւորում՝ թէ արդեօք կը վաստակենք մեր բնօրրանում արժանապատիւ գոյութեան մեր իրաւունքը։