Չորեքշաբթի՝ 19 Սեպտեմբեր 2018-ին, Երևանի Թէքէեան կենտրոնում կայացաւ գրող, հրապարակախօս, գրականագէտ, ԱՄՆ և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ, ՌԱԿ Գերագոյն խորհրդի անդամ Երուանդ Ազատեանի «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի շնորհանդէսը:
Ազատեանի թուով 6-րդ ստուարածաւալ գրքի շնորհանդէսին ներկայ էին գրականագէտներ, արուեստի ու մշակոյթի յայտնի գործիչներ, մանկավարժներ, հեղինակի գիրը բարձր գնահատող անձինք:
«Ազգ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր, ՌԱԿ Կենտրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանը հանդէս եկաւ բացման խօսքով: Հակիրճ ներկայացնելով Երուանդ Ազատեանի բեղուն ու հարուստ ստեղծագործական գործունէութիւնը՝ ինչպէս հրապարակախօսական, այնպէս էլ գրականագիտական, Աւետիքեանը նշեց. «Իր հարուստ կենսագրութեան ընթացքում նա երբեք չի եղել դիտորդ, նա եղել է մասնակից: Նա կռուող ու պայքարող է: Ազատեանի զէնքն իր գրիչն է»:
Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ատենապետ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբէն Միրզախանեանը, շնորհաւորելով Երուանդ Ազատեանին նոր գրքի լոյս ընծայման կապակցութեամբ, ընդգծեց, որ Ազատեանը Սփիւռքի խոշորագոյն մտաւորականն է: «Սա չափազանցութիւն չէ, այս ոլորտում ունեցածս գիտելիքները թոյլ են տալիս փաստելու, որ չկայ մի անուն, որը կարող ենք դնել Ազատեանի անուան կողքին: Նա այն մարդն է, որի ունեցած որակներով մենք պէտք է հպարտանանք: Այս գիրքը մեծ նուէր է հայ մտաւորականութեանը»:
Հայաստանի Գրողների Միութեան փոխնախագահ, գրականագէտ Պետրոս Դեմիրճեանը ներկայացրեց Երուանդ Ազատեան գրականագէտի ունեցած անուրանալի ներդրումը գրականագիտութեան ոլորտում, քանզի նրա ջանքերով են մոռացութիւնից փրկուել մի շարք արևմտահայ գրողների ստեղծագործութիւնները և ներկայացուել հանրութեան դատին: Ըստ Դեմիրճեանի՝ շնորհիւ Ազատեանի գործունէութեան, լոյս է սփռուել Ինդրայի, Մ. Կիւրճեանի և այլ գրողների ստեղծագործութիւնների վրայ, Ազատեանը Գրականութեան և արուեստի թանգարանին է նուիրաբերել իր մօտ պահուող Ինդրայի արխիւը՝ հնարաւորութիւն տալով մասնագէտներին ուսումնասիրել դրանք:
Դեմիրճեանը խօսեց նաև Ե. Ազատեանի նոր գրքի արժէքի մասին՝ նշելով, որ հեղինակի յօդուածների ժողովածուն ընդգրկում է վերջինիս ժամանակի ամբողջ պատկերը: Բանախօսը յատկապես ընդգծեց. «Ազատեանն այն անձանցից է, որոնց շնորհիւ պէտք է պահպանուի արևմտահայերէնը»:
Գրականագէտ, դրամատուրք և արձակագիր Ալեքսանտր Թօփչեանն էլ՝ միանալով հնչող շնորհաւորանքներին, ընդգծեց Ազատեանի դերը գրաքննադատութեան ոլորտում, նկատելով, որ նա հրաշալիօրէն կարողանում է ապահովել գրող-ընթերցող կապը: Թօփչեանը յիշատակեց նաև Ազատեանի դերը անկախութեան սերնդի գրողների հատորեակների հրապարակման գործում, ինչը 90-ականներին չափազանց բարդ ու դժուարին, սակայն դրա հետ մէկտեղ օգտաւէտ աշխատանք էր:
Երուանդ Տէր–Խաչատրեանը, որ Ազատեանի «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի կազմողն ու յառաջաբանի հեղինակն է, իր խօսքում կրկին փաստեց հեղինակի՝ գրականագիտութեան աշխարհում ունեցած հաստատուն տեղն ու նշանակութիւնը, տալով իր գնահատականը՝ Ազատեանը լայնախոհ մտաւորական է. «Նա հրաշալի գրում է արուեստի բոլոր ճիւղերի մասին՝ նկարչութիւն, կինօ, թատրոն: Նա երևոյթները տեսնում է առաւել խորն ու ընդհանրական, և դա վերաբերում է ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականութեանը: Ազատեանը սփիւռքահայ գրականութիւնը գիտէ ներսից, նա իսկապէս գիտէ սփիւռքը, լեզուն զգում է իր ողջ էութեամբ, ոգով: Մենք նրա գրածներից պէտք է սովորենք»:
Ցերեկոյթի եզրափակիչ ելոյթը վերապահուած էր հեղինակին՝ Երուանդ Ազատեանին: Վերջինս շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ շնորհանդէսին ներկայ գտնուելու համար, շնորհակալութիւն յայտնեց նաև գիրքը կազմող Երուանդ Տէր-Խաչատրեանին՝ նշելով, որ իր գրական յօդուածները միշտ ցրուած են եղել մամուլում, իսկ Տէր-Խաչատրեանին յաջողուել է դրանք հաւաքել ու մէկտեղել սոյն գրքում:
«Քո միջոցով ճանաչեցի ինքս ինձ, այնպէս, ինչպէս քո միջոցով ընթերցողը ճանաչեց ինձ: Շնորհակալ եմ»:
Երուանդ Ազատեանը խօսեց նաև արևմտահայերէնի պահպանութեան տեսանկիւնից իր գրքի ունեցած արժէքի ու դերի մասին: Արևմտահայերէնը՝ այն նոյն ճոխութեամբ, որով հանդիպում ենք Սիամանթոյի, Թէքէեանի, Վարուժանի ստեղծագործութիւններում, այլևս չենք կարող հանդիպել, նկատեց հեղինակը. «Արևմտահայերէնն ինձ մեծ ներուժ է տալիս, սակայն այն հոգեվարքի մէջ է, և ես, թերևս, վերջին զինուորներից եմ, որ պայքարում եմ յանուն արևմտահայերէնի: Ուստի, այս գիրքս հոգին աւանդող արևմտահայ լեզուի պահպանմանն ուղղուած իմ բաժին գործն է: Ինձ համար այս գիրքը երեկուայ ու այսօրուայ խօսքն է: Վաղուայ խօսքը, վաղուայ գրականութիւնը կը լինի թաւշեայ յեղափոխութեան մէջ պողպատեայ բառերով կերտուած, սիրոյ և համերաշխութեան գրականութիւն՝ Սփիւռքի և Հայաստանի միջև, կը լինի միասնական համազգային գրականութիւն: Եթէ այս գիրքը կատարի այդ դերն ու այդ նպաստը բերի, շնորհակալ կը լինեմ»:
Շնորհանդէսի հիւրերը նաև պատմեցին Ազատեանի հետ ունեցած գեղեցիկ յուշեր՝ դրանցից ամէն մէկով բացայայտելով մէկ ուրիշ Երուանդ Ազատեան, հանրութեան լայն զանգուածներին առաւել քիչ յայտնի գրականագէտին:
Ցերեկոյթը եզրափակուեց գեղեցիկ սովորոյթով՝ գրքի գինեձօնով, որն իրականացուեց Երուանդ Ազատեանի և Ռուբէն Միրզախանեանի կողմից:
Յիշեցնենք, որ բազմամեայ խմբագիր, հրապարակախօս, կուսակցական գործիչ, ԳԱԱ արտասահմանեան անդամ, Երևանի պետական համալսարանի պատուաւոր դոկտոր Երուանդ Ազատեանը վեց գրքի հեղինակ է:
ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐԵԱՆ