Արցախը ոչ երազ էր, ոչ էլ պատրանք

Դոկտ. Արշաւիր Կէօնճեան ORDER OF CANADA պետական շքանշանակիր անդամ

(Հայաստանն ու Սփիւռքը պետք է ծրագրեն նրա վերականգնումը)

Այս տարուայ Սեպտեմբերի 19-ին լրացաւ Արցախի կարճատեւ, բայց փառահեղ անկախութեան ողբերգական աւարտի տխուր տարելիցը: Այս յօդուածի նպատակն է լուրջ եւ մանրամասն ծրագրուած մարտավարութեան սերմերը յայտնաբերել, որպէսզի Արցախի վերականգնումը դրուի իրական հիմքերի վրայ, օգտագործելով այն բոլոր միջոցները, որ հայկական աշխարհը կարող է հայթայթել:

Մինչ վերջին բառերն էի գրում այս յօդուածի նախնական տարբերակի, ստացայ եւ հետաքրքրութեամբ կարդացի ամենապատշաճ յօդուածը այս թեմայի մասին, որ իմ լաւ ընկերը եւ միջազգային իրաւունքի փորձագէտը` Ֆիլիփ Րաֆֆի Գալֆայեանը գրել էր «Արմինըն Միրրոր-Սփեքթէյթըր» շաբաթաթերթում` «Վերլուծելով արցախահայութեան վերադարձի օրինական տարբերակները էթնիքական զտումից մէկ տարի անց» խորագրով:

Իրաւական դաշտ մտնելու հաւակնութիւններ չունենալով՝ ուրախ էի նշմարել, որ շատ հարցերում իմ գործնական դիտարկումները որպէս համայնքային ղեկավարի, համընկնում էին Գալֆայեանի օրինական դիտարկումների հետ:

Ներկայ յօդուածս յորդորում է հայերին աւելի առաջ տանել իրենց ջանքերը։ Ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտութիւնների օրինակները յուշում են, որ սոսկ փաստական, իրաւական հաստատումները յաճախ գործնականում այնքան էլ արդարութեան վերականգնմանը չեն նպաստում:

Արցախը ոչ երազ էր, ոչ էլ պատրանք: Անկախ Արցախը վառ իրականութիւն էր, որ ձեռք էր բերուել 1994-ին: Այդ ժամանակուանից սկսած Արցախը մեզ բոլորիս, աշխարհասփիւռ հայերիս աննախադէպ կենսունակութիւն, լաւատեսութիւն, ոգեւորութիւն եւ ազգային հպարտութիւն էր պարգեւում, որը ցաւոք տեւեց ընդամէնը երեք տասնամեակ: Հայաստանի անկախութիւնից յետոյ այն դարձել էր լուսատու մի փարոս յատկապէս մոլորակի հայ պատանիների համար: Արցախի մասին բազմաթիւ հայրենասիրական երգեր, պարեր ու ոտանաւորներ տոգորեցին Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի հայկական դպրոցների լսարանները, եւ տարբեր առիթներով կազմակերպուած միջոցառումների ժամանակ ուրախութեան բազմաթիւ արցունքներ հոսեցին հազարաւոր հայերի աչքերից:

Դա դժուար ձեռք բերուած յաղթանակի, որոշ առումով՝ սրբազան պատերազմի արդիւնքն էր, որին հայերս երկար դարեր սպասել էինք: Սա կարող է իտէալիստական փառաբանում թուալ, բայց այն իսկապէս արտայայտում է անցեալ, 20-րդ դարաշրջանի իննսունական թուականների հայերի մտածելակերպը:

«Արցախը մերն է» կարգախօսն էր հնչում Հայաստանի փողոցներում ու հրապարակներում 1988-ի սկզբներին: Հարիւր-հազարաւոր հայորդիներ իրենց բռունցքներն էին յանդուգն կերպով բարձրացնում, ոգեւորուած ԽՍՀՄ-ի տարածքում ծայր առած «պերեստրոյկայի» նոր քաղաքականութեան տրամադրությունից:

Այդ տրամադրութիւնը հրդեհի նման արագ տարածում գտաւ տարբեր մայր ցամաքներում ապրող հայկական սփիւռքի համայնքներում, որին յաջորդեց Զօրի Բալայեանի նման համարձակ հայորդիների այցելութիւնները սփիւռքի հայաշատ կենտրոններ: Այս յօդուածի հեղինակը շատ լաւ յիշում է Մոնթրէալում (Գանատա) իր եւ համայնքային ու կրօնական առաջնորդների ղեկավարութեամբ եւ մասնակցութեամբ բողոքի յանդուգն ցոյցը, որ տեղի ունեցաւ ԽՍՀՄ գլխաւոր հիւպատոսարանի անհրապոյր շէնքի առաջ, որտեղ Ղարաբաղի շարժումը սովորական «խուլիգանական» արարք որակելու հիւպատոսի նախնական թոյլ ջանքերը շուտով տեղի տուեցին յանուն բազմադարեան արցախցիների արդարութեան եւ անկախութեան համար բարձրաձայնուած մեր անզիջում պահանջների առաջ:

Այդ տարիների արցախեան պատմութիւնը լաւ փաստագրուած է: Արցախում 1991 թուի Դեկտեմբերին տեղի ունեցած օրինական հանրաքուէից եւ ազատագրական յաղթական պատերազմից յետոյ, որն աւարտուեց 1994-ին յայտարարուած հրադադարով, Արցախը դարձաւ իրաւական անկախ Հանրապետութիւն:

Բայց այդ ժամամանակուայ միջազգային հասարակութիւնը խուսափեց ճանաչել այդ անկախութիւնը: Որոշ շրջանակների համար դեռեւս անհասկանալի էր մնում նաեւ այն, որ անկախութիւնը չճանաչուեց նոյնիսկ անկախ Հայաստանի Հանրապետութեան կողմից, չնայած վերջինս եղել էր Արցախի ամենանուիրեալ դաշնակիցը եւ նոյնիսկ ազատագրական պատերազմի առաջնորդը:

Այժմ ակնյայտ է, որ տարիների ընթացքում Հայաստանի յաջորդական իշխանութիւնների կողմից տրուած զգուշաւոր այդ մօտեցման բոլոր պատճառաբանութիւնները սխալ էին եւ ապարդիւն: Դրանք «ակնկալուած մարտավարական օգուտներ» չտուեցին Արցախի դատին: Ընդհակառակը, անկախութիւնը պաշտպանելու այդ տատանումն ու անվճռականութիւնը ի վերջոյ յանգեցրեց այսօրուայ դժբախտ ճակատագրին, երբ 120 հազար արցախցիներ 24 ժամուայ ընթացքում ցեղասպանական բռնի ուժով տեղահանուեցին իրենց բնօրրանից 2023 թուի Սեպտեմբերի 19-ին:

Այսօր, մէկ ամբողջ տարի այդ ողբերգութիւնից յետոյ, առկախ է մնում այն հարցը, թէ ի՞նչ է սպասում Արցախին եւ արցախահայութեանը: Ներկայ իշխանութիւնների անհասկանալի լռութիւնն ու Հայաստանում տարբեր խմբաւորումների կողմից երբեմն բարձրաձայնուած ընդվզումի փորձերը իրականում անորոշութեան եւ անկարողութեան նշաններ են վերջնական ու հիմնաւոր պատասխան տալու այս հարցին: Աւելորդ է ասել, որ ե՛ւ լռութիւնը, ե՛ւ «փոփուլիստական» պոռթկումները նման կարեւոր խնդրին չեն կարող պատշաճ լուծում տալ:

Հայերս պարտաւոր ենք դիմակայել խնդիրը, եւ նախ մշակել համապատասխան մարտավարութիւն` հաշուի առնելով խնդրի շուրջ ստեղծուած բոլոր բարդ երեւոյթները եւ յետոյ գործադրել այն առանց տատանուելու:

Ներկայիս յստակ քաղաքականութեան բացակայութիւնը երբեմն չմտածուած իրադրութիւնների պատճառ է դառնում:

Ասում են, օրինակ, թէ իշխանութեան որոշ պաշտոնական ներկայացուցիչներ, երբ հարկադրուած են լինում պատասխանել «անյարմար» հարցերին, բացայայտօրէն ասում են, թէ Արցախի հարց գոյութիւն չունի: Այն արդէն լուծուած է: «Արցախը Ատրպէյճանի մաս է կազմում»:       Նման արտայայտութիւնը վրդովեցուցիչ է: Մի քանի տարի առաջ այն մեղադրելի էր եւ համարւում էր ամենաամօթալի ու նոյնիսկ դաւաճանական անարգանք: Դժուարանում եմ հաւատալ, որ նման արտայայտութիւններ բարձրաձայնողները խորապէս հաւատում են , թէ ինչ են ասում: Դա վստահօրէն անընդունելի պոռթկում է, որի հիմքում ընկած է քաղաքական նպատակայարմարութիւնը: Նման չմտածուած արտայայտութիւններ անողներն անկասկած մի քանի տասնամեակ առաջ այն մարդկանց շարքերում էին, որոնք 1988-ին բռունցքները բարձրացրած «Արցախը մերն է» գոչում էին:

Միւս կողմից, պէտք է նշել, որ նման անարգական արտայայտութիւնների դէմ ընդվզողները, մինչ օրս վրդովմունքից բացի ոչ մի իրագործելի այլընտրանքային քայլ կամ տարբերակ չեն ներկայացրել: Եկէք արդար լինենք, ասելով, որ վրդովմունք արտայայտելը ո՛չ մարտավարութիւն է, ո՛չ էլ կարգաւորում առաջնորդող որեւէ քայլ: Հաւատացած եմ, որ ե՛ւ ներկայ իշխանութիւնները, ե՛ւ աղմկարարար ընդդիմութիւնը գիտակցում են, որ Արցախի վերաբերեալ ամենատարբեր, երբեմն իրարից անկախ պատճառներով արտայայտուած հռետորաբանութիւնները սոսկ վրդովմունքի արտայայտություններ են: Դրա փոխարէն, սակայն, մենք պէտք է իրատեսական, դէպի առաջ գնացող ծրագիր մշակենք: Բայց դրանից առաջ մենք նախ պէտք է դիմակայենք մի շարք դառը իրականութիւններ, որոնք առաջին հայեացքից կարող են թուալ անյաղթահարելի դժուարութիւններ, սակայն միեւնոյն է, անհրաժեշտ է անդրադառնալ դրանց, որպէսզի Արցախի վերադարձի հարցը դնենք ճիշդ ուղու վրայ: Գերագոյն նպատակը պէտք է լինի Արցախի վերակենդանացումը եւ բնակեցումը իր օրինական տէրերով, ինչպէս եղել է բազում դարեր շարունակ եւ վերստին յառնել երեք տասնամեակ առաջ` 1994-ին:

Առաջին դառը իրականությինն այն է, որ Հայաստանը պարտուել է Ատրպէյճանի պատերազմում: Կարծում եմ՝ պարզ է, որ պարտութեան պատճառներից գլխաւորը հայկական վատ կազմակերպուած բանակն էր, որ թշնամու դէմ կռւում էր բոլորովին անհամապատասխան զէնքերով: Երկրորդ, նոյնքան ցաւալի իրականութիւնն այն է, որ Հայաստանը ձախողել է ճիշդ քաղաքականութիւն վարել անկախութիւնից յետոյ երեք տասնամեակների ընթացքում: Չի կարողացել օրինական ամուր հիմքերի վրայ դնել Արցախցիների դատը: Չի կարողացել միջազգային հանրութեանը պատշաճ ձեւով ներկայացնել իր հարազատ հողակտորի վրայ ապրելու արտայայտութեան իրաւունքը:

Խոստումնալի մարտավարութեան առաջին եւ կարեւոր պայմանը (որի նպատակը պէտք է լինի Արցախի վերյառնումը եւ դրան յաջողութեամբ հասնելու յոյսի փայփայումը) պէտք է լինի ուղղել եւ սրբագրել վերոնշեալ երկու բացթողումները: Եկէք, ուրեմն, առաջ գնանք ճշդելու այն ճանապարհները, որոնք կարող են Հայաստանին կոնկրէտ, շօշափելի լուծումներ առաջարկել այդ հարցում:

Որպէսզի կարողանանք պարտուած պետութեանը յատուկ բարոյալքուածութեան խարանից ձերբազատուել, անհրաժեշտ է, որ հայկական բանակը էապէս բարեփոխուի ինչպէս վերակազմաւորման, այնպէս էլ ամենաարդիական պատշաճ զինատեսակներով յագեցած լինելու առումներով։ Այս պարտականութիւնը, ինչ խօսք, բացառապէս ներկայ իշխանութիւնների ուսերին է ծանրացած: Աւելորդ է ասել, որ այն ազգային անվտանգութեան եւ գաղտնապահութեան տեսանկիւնից չափազանց զգայուն հարց է, եւ մենք, իհարկէ, չենք կարող ակնկալել, որ իշխանութիւնները բացայայտեն իրենց գործողութիւնները կամ հաշուետու լինեն իրենց կատարած աշխատանքների համար: Սակայն մենք անշուշտ կողջունէինք այս կապակցութեամբ որոշակի եւ շօշափելի քայլերը նրանց կողմից: Հնդկաստանից, Ֆրանսայից եւ, ի վերջոյ, նաեւ Մ. Նահանգներից զէնք ձեռք բերելու ներկայիս յաջողութեամբ ընթացող դիվերսիֆիկացման գործընթացը գովելի է: Հաշուի առնելով Արեւելք-Արեւմուտք ներկայ անհաշտ իրավիճակը, գտնում եմ, որ նախընտրելի այլըտնտրանքը, այնուամենայնիւ, կարող է լինի Ռուսաստանը, պայմանով, որ Ռուսաստանն էլ իր հերթին եւս փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ դառնայ առաջուայ մեր պատկերացումներին համապատասխան պետութիւն: Բացի արտաքին աղբիւրներից, Հայաստանը պարտաւոր է զարգացնել զինարտադրութեան իր սեփական կարողութիւնները: Ժամանակին Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենաարդիական զինամթերքի գլխաւոր մատակարարներից էր: Որպէս օրինակ կարելի է նշել, որ ի սկզբանէ Հայաստանը առաջաւոր տեղ էր զբաղեցնում լազերային արտադրութեան բնագաւառում: Հայաստանի անկախացումից ի վեր, նրա բոլոր կառավարութիւնների աններելի ձախողումը եղել է բացարձակ անտեսումը այդ ներուժի: Պէտք է հասկանալ, որ Հայաստանի ռազմական վերակառուցումը անհրաժեշտ է ոչ միայն Արցախի վերադարձը ապահովելու մարտավարութեան համար, այլեւ բուն Հայաստանի անվտանգութիւնը երաշխաւորելու համար:

Հայաստանի երկրորդ խոշոր թերութիւնը դիւանագիտական ոլորտի հետ է առնչւում: Հայաստանը ցարդ չի կարողացել պատշաճ ազդեցութիւն ունենալ միջազգային հասարակութեան կարծիքի ձեւաւորման վրայ: Չի կարողացել պաշտպանել արցախահայութեան օրինական իրաւունքները:

Եկէք իրատես լինենք: Այժմու պարտուած Հայաստանը համառօրէն հետամուտ է լինում խաղաղութեան պայմանագիր կնքելու Ատրպէյճանի հետ եւ դրա համար ստանում է միջազգային հասարակութեան աջակցութիւնը, մենք չենք կարող ակնկալել, որ մեր պետութիւնը միաժամանակ Ատրպէյճանից պահանջի Արցախի վերադաձը իր օրինական տէրերին:

Նման դիրքորոշում, համոզիչ փաստարկներով, Հայաստանը կարող էր եւ պարտաւոր էր ստանձնել անցեալ երեսուն տարիների ընթացքում, որը, ինչպէս շատերը, նաեւ տողերիս հեղինակը, քանիցս պնդել են: Իշխանութիւնները Արցախի անկախութեան իրաւունքը համոզիչ կերպով պարտաւոր էին ներկայացնել միջազգային այնպիսի կառոյցներին, ինչպիսիք են Արդարադատութեան միջազգային դատարանը եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, օգտագործելով Քոսովոյի գերազանցապէս համահունչ նախադէպը։

Այսօր ոչինչ չի փոխուել։ Ո՛չ պատմական փաստերը, որոնք վկայում են, թէ Արցախը դարեր շարունակ եղել է բացառապէս հայաբնակ տարածք, մինչ Ատրպէյճանը գոյութիւն անգամ չի ունեցել աշխարհի քարտէզի վրայ, ո՛չ էլ Քոսովոյի հետ զուգահեռներ անցկացնելու միտումը, որին ակնկալում ենք ստանալ համազօր վերաբերմունք միջազգային ատեանների կողմից։ Հետեւաբար, արցախահայութեանը պէտք է անմիջապէս թոյլատրուի վերադառնալ իր հայրենի բնօրրանը, որին էլ պէտք է շնորհուի անկախ պետութեան բոլոր առանձնաշնորհումները։

Մեզ մնում է ամենայն պատասխանատուութեամբ եւ նրբանկատօրէն ճշդել այն կառոյցների անունները, որոնց վստահուելու է գործադրել այս օրինական, սակայն չափազանց դժուարին առաքելութիւնը։ Հայաստանի կառավարութիւնը մարտավարական առումով առնուազն ժամանակաւորապէս կարող է զգուշաւոր լինել եւ դիւանագիտական առումով ոչինչ չձեռնարկել, բայց նա պարտաւոր է այդ ամբողջ ընթացքում օժանդակել հայերին մշակելու այլնըտրանքային մի համապարփակ ծրագիր եւ այն իրականացնել ամենայն ճշգրտութեամբ։

Բոլոր դէպքերում Հայաստանը երբեք չպէտք է ժխտի, որ Արցախը հայկական տարածք է։ Ինչպէս որ Արարատն է Թուրքիայում, բայց յաւիտենական հայկական է, այնպես էլ Արցախը կարող է գտնուել Ատրպէյճանի տարածքում, բայց մնալ հայկական յաւիտեանս յաւիտենից։

Գործնական լինելու համար, սկզբնական շրջանում, Արցախի վերաբերեալ հռետորաբանութիւնը միջազգային ատեաններում պէտք է կատարուի այնպէս, որ Հայաստանի իշխանութիւնները երկրորդական դեր ստանձնեն եւ իրենց փոխարէն օրինական, մասնագիտացուած մի կառոյց, ինչպէս, օրինակ՝ «Արցախի վտարանդի կառավարութիւն» (Artsakh Government in Exile, AGE), կամ դրա նման անունով, պէտք է հիմնուի եւ սիրալիր ընդունելութեան արժանանայ Հայաստանում։ Այնուհետեւ այդ կառոյցը պէտք է պաշտօնապէս ստանձնի Արցախի դատը պաշտպանելու գործը։ «AGE»-ին պէտք է տրուի մարդուժային, օրինական եւ ֆինանսական ամէն տեսակի անհրաժեշտ օժանդակութիւն։ Եւ ամենակարեւորը՝ հայկական սփիւռքին, որ մինչ օրս գրեթէ անտեսուած է եղել, պէտք է տալ ակտիւ գործունէութիւն ծաւալելու հնարաւորութիւն։

Քանիցս նշուել է, նաեւ տողերիս հեղինակի կողմից, որ Սփիւռքը իր աշխարհագրական տարողութեամբ եւ մարդկային ու ֆինանսական ընդարձակ ռեսուրսներով լայն հնարաւորութիւններ ունի գործելու յօգուտ հայկական հարցերի, որոնցից առաջինը Արցախի վերածնունդի հարցն է։ Դա ամենաոգեւորիչն է։ Բայց նման առաքելութիւնը լուրջ հիմքերի վրայ դնելու համար անհրաժեշտ է, որ Սփիւռքը ներկայի ցրուած, չհամակարգուած վիճակից դուրս գալով՝ ստեղծի մի ամուր կառոյց, որը բացառապէս կը զբաղուի սփիւռքի ամենատարբեր կազմակերպութիւններն ու անհատ ձեռներէցները համախմբելու Հայաստանի շուրջ։ Կառոյցը պէտք է լինի փրօֆեսիոնալ, անկուսակցական, որին պէտք է սատարեն Հայաստանի կառավարութիւնն ու սփիւռքի բոլոր ճանաչուած կառոյցները։ Այս առումով խիստ անհրաժեշտ է վերականգնել Սփիւռքի նախարարութիւնը, եւ թող թոյլ տրուի ինձ առաջարկել, որ այդ նախարարութեան կից ստեղծուի նաեւ «Յանուն Հայաստանի սփիւռքի կենտրոնական կոմիտէ» (Diaspora Central Committee for Armenia), որպէսզի հնարաւոր լինի միջազգային ատեաններում գործողութիւններ ծաւալել AGE-ի եւ սփիւռքի նախարարութեան հետ համատեղ։ Սփիւռքում տեղակայուած նման մի կառոյցի առաւելութիւնն այն է, որ ամբողջովին անկախ է լինելու որեւէ օտար, դաշնակից, թէ թշնամի պետութեան շահամոլական ճնշումներից, որոնց ծանրութեան տակ կքում են ներկայիս Հայաստանի իշխանութիւնները։ Այս յօդուածի շրջանակներից դուրս է նման կառոյցների արդիւնաւէտ գործունէութիւնների եւ մարդկային ու ֆինանսական ռեսուրսների հայթայթման մանրամասնութիւնների քննարկումը։

Պարզ է, որ անկուսակցական կառոյցներ լինելով, ակնկալւում է, որ ջերմագին ընդունելութիւն եւ աջակցութիւն գտնի Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր հայկական կազմակերպութիւնների կողմից։ Գլխաւոր հարցն այն է, թէ կարո՞ղ ենք արդեօք որպէս անհատներ եւ կազմակերպութիւններ (քաղաքական, կրօնական, թէ հասարակական) արդիւնաւէտ կերպով պատասխանել հայրենասիրական այս խիստ կարեւոր եւ անհրաժեշտ կոչին։ Սա մեր առջեւ դրուած ամենամեծ մարտահրաւէրն է։ Չեմ ակնկալում, որ այս ծրագրի իրականացումը դիւրին է լինելու։ Բայց յաջորդ մարտահրաւէրը աւելի լաւ մի ծրագիր առաջարկելն է Արցախի կորստեան այս առաջին տխուր տարելիցի առթիւ։

Վստահ կարելի է ասել, որ Արցախը երազ չէր։ Բայց թողնել, որ հարցը անցեալի գիրկն անցնի, թոյլատրելի չէ մեզանից ոչ մէկին։ Եկէք չմոռանանք այն օրերը, երբ բոլորս միահամուռ մեր բռունցքները յանդուգն կերպով վեր պարզած գոչում էինք՝ «Արցախը մերն է»։ Ինչ-որ բան փոխուե՞լ է այդ օրերից այս կողմ։

Անգլ. բնագրից թարգմանեց՝

ՅԱԿՈԲ ԾՈՒԼԻԿԵԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)