ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԻՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՂՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՈՒԵԼ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋԸ

Օրերի հետ

Մեր ժողովրդի պատմութեան օրհասական բոլոր պահերին, բացառութեամբ դրսից թելադրուած արտառոց մի քանի շեղումների, Հայ Առաքելական եկեղեցին հանդիսացել է հայութեան վերջին, գուցէ միակ ապաւէնը թէ՛ հոգեւոր, թէ՛ քաղաքական, նոյնիսկ, ճակատագրական որոշ պահերին` ռազմաքաղաքական կռուանը, ազգային միաւորման, դիմադրողական ոգու կերտիչն ու պահապանը: Լուսաւորչի այն կանթեղը, որին նայել ու ոգեշնչուել են, ինչպէս մեր մեծագոյն բանաստեղծներ` Յովհաննէս Թումանեանն ու Վահան Թէքէեանն են վկայել, իրարայաջորդ սերունդները վերջին աւելի քան 17 դարերի ընթացքում:

Մեր ձեռքի տակ չկան տուեալներ, թէ վերջին 5 տարիներին, աւելի ճշգրիտ` 44-օրեայ պատերազմին յաջորդած ֆիզիքական ու հոգեկան տուայտանքներից յետոյ ու մինչեւ այսօր որքանո՞վ է յաճախակիացել հաւատացեալների ու ոչ հաւատացեալների շփումը Հայ եկեղեցու հետ, նրա սպասաւորների` քահանաների, աբեղաների, վարդապետների ու եպիսկոպոսների հետ: Որքա՞ն մարդ` կին, տղամարդ, երեխայ, երիտասարդներ են օրհնութիւն ու մխիթարութիւն հայցել նրանցից: Չհաշուած որդեկորոյս մայրերին, հաշմանդամ դարձած մարտիկներին, հոգեկան խաղաղութիւնը կորցրած մարդկանց, որոնց տեսնում ենք գերեզմանատներում, եկեղեցիներում, աղօթարաններում: Իմ տպաւորութեամբ, դա ոչ միայն եւ ոչ այնքան հաւատքի, որքան բարոյահոգեկան անդորրութիւնը չկորցնելու ինքնապաշտպանական ձգտման արտայայտութիւն է: Նաեւ` Ազգային եկեղեցու նկատմամբ վստահութեան դրսեւորումն է, ի հեճուկս աղանդաւորական ապազգային տարրերի, կարգալոյծ հռչակուած նախկին եկեղեցականների (աբիժնիկների) խարդաւանքների: Նաեւ, առաջին հայեացքից խիստ տարօրինակ, ի հեճուկս սեփական երկրի իշխանութեան, որը սկիզբէն եւ սակայն յատկապէս վերջին շրջանին իր պարտքը կը համարէ, հակառակ զգուշացումների, նսեմացնել Հայ եկեղեցու դերն ու կարեւորութիւնը հայ ազգի համար, վարկաբեկել եկեղեցականութեանը, անտեսել նրա պատմութիւնը, դրժել նրա ազգային-ինստիտուցիոնալ նշանակութիւնը մեր ժողովրդի, համայն հայութեան համար:

Իշխող կազմակերպութեան եւ առաջին հերթին` նրա պարագլխի շինծու ամբաստանութիւնը եղել է այն, որ Եկեղեցին քաղաքականութեամբ է զբաղւում, մինչդեռ նրա պարտականութիւնը պէտք է լինի հոգեւոր ծառայութիւնը…

Այսպիսով, իշխող վարչակազմը եւս մէկ անգամ մոռանում է Մայր օրէնքի` Սահմանադրութեան բնորոշումը Հայ Առաքելական եկեղեցու մասին` որպէս ազգային բացառիկ նշանակութիւն ունեցող կառոյցի:

Երկրորդ` մոռանում, աւելի շուտ` փորձում է մոռացնել տալ, որ Հայ եկեղեցին, ի դէմս նրա երջանկայիշատակ առաջնորդի` Վազգէն Ա. Հայրապետի, հիմնադիրներից է Հայոց նոր պետականութեան եւ առաջին մեկենաս-նուիրատուն (այս պարագան շատ-շատերը չգիտեն) նորանկախ մեր պետութեան:

Երրորդ` ազգային-պետական համակարգի փլուզման ներկայ պայմաններում Հայ եկեղեցին, յաչս մեր ժողովրդի եւ նոյնիսկ օտար պետութիւնների կայուն, լրջախոհ եւ յարգուած միակ կառոյցն է, որը արտայայտում է, անմիջականօրէն, իր հոտի` ժողովրդի կամքը:

Այդ կամքը լաւագոյնս դրսեւորւում է այս օրերին Տաւուշում, յայտնի 4 գիւղերի, յարակից ռազմակա՛ն յենակէտերի ու դիրքերի չպատճառաբանուած եւ անհեթեթ յանձնումով, բնակիչների տների ու կալուածների հաշուին, 7-րդ դարից պահպանուած Սբ. Աստուածածին եկեղեցու հաշուին: Ու տեղի բնակիչների, նոյն դաւաճանական գործարքների սպառնալիքի տակ գտնուող այլ տարածքների ու դիրքերի բնակիչների, ժողովրդի՛ կամքին ընդառաջումն է պարզապէս, որը տեսնում ենք բոլորս, ի դէմս մեր Եկեղեցու հայրերի մասնակցութեամբ, որպէս, ինչպէս ինքը` Սրբազանն է բնորոշում, իր հոգեւոր տիրոյթի պատասխանատուն, առաջնորդը:

Այդ առաջնորդութիւնը արտայայտութիւնն է նաեւ իշխանութեան նկատմամբ, նրա միայն կաշառքով աշխատող ենթակառոյցների նկատմամբ առկայ համաժողովրդային դժգոհութեան ու բողոքի, անցնող տարիների ընթացքում ընդդիմադիր այս եւ այն խմբաւորումների գործողութիւնների ձախողութեան, Ազգային ժողովի ու կառավարութեան պարտուողականութեան եւ յանձնուողականութեան, համատարած ստերի ու կեղծումների, մէկ խօսքով` արտայայտութիւնը այդ բոլորի պատճառած անզօրութեան, յուսահատութեան, դրանցից ձերբազատուելու ձգտումի: Եւ շատ բնական ու տրամաբանական է, նաեւ` 17 դարերի պատմական փորձով, իներցիոն ուժով ամրագրուած ձգտում` կառչելու, ապաւինելու, համախմբուելու Ազգային եկեղեցու շուրջը:

Բոլորն են համոզուած, որ Հայ Եկեղեցին ո՛չ ձգտում ու ո՛չ էլ փափաք ունի իշխանութիւն դառնալու կամ կրօնապետութիւն հաստատելու մեր երկրում. դա նրա գործը չէ եւ ոչ ոք չի հանդուրժի նման բան: Նրա գործը, նրա պատմական առաքելութիւնը ազգի համախմբումն է ընդդէմ անիրաւութեան, պարտուողականութեան, հայրենիքի ու նրա սահմանների շուրջ փերեզակութեան, յուսալքութեան:

Դժուարին պարտականութիւն, որը ստանձնել է մեր Եկեղեցին, հաւատարիմ` միշտ ժողովրդի կողքին ու միշտ հայրենիքի ու պետականութեան նեցուկ լինելու աստուածատուր յանձնարարութեան: Լինելու են, ինչպէս հիմա` հոգեւոր հայրերի ու Հայրապետի դէմ, անպակաս են լինելու խարդաւանքները, նենգամիտ հրահրումներն ու, նոյնիսկ, բռնարարքները:

Պահն է դիմացկունութեան, համաժողովրդային դիմադրողականութեան ծաւալումի, համախմբման: Ձախողութիւնն ու ընկրկումը բացառուած պէտք է լինեն: Դա կործանարար կը լինի մեր երկրի ու պետականութեան համար:

 

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Երեւան

«Պայքար» շաբաթաթերթ